Պերսի Ջեքսոնը և վերջին օլիմպիացին (վեպ)
Պերսի Ջեքսոնը և վերջին օլիմպիացին անգլ.՝ The Last Olympian | |
---|---|
Հեղինակ | Ռիք Ռիորդան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային, young adult fiction? և ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Պերսի Ջեքսոն, Աննաբեթ Չեյզ, Grover Underwood?, Luke Castellan?, Rachel Elizabeth Dare?, Clarisse La Rue? և Nico di Angelo? |
Շարք | Պերսի Ջեքսոն և օլիմպիացիներ |
Կազմի հեղինակ | Ջոն Ռոկկո |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Disney Publishing Worldwide |
Հրատարակման տարեթիվ | մայիսի 5, 2009 |
OCLC | 299578184 |
Կայք | rickriordan.com/book/the-last-olympian/(անգլ.) |
«Պերսի Ջեքսոնը և վերջին օլիմպիացին», Ռիք Ռիորդանի ֆանտաստիկ արկածային վեպը՝ հիմնված Հունական դիցաբանության վրա։ Հրատարակվել է 2009 թվականի մայիսի 5-ին[1]։ Սա «Պերսի Ջեքսոնը և օլիմպիացիները» վիպաշարի հինգերորդ և վերջին վեպն է, համարվում է «Պերսի Ջեքսոնը և մահվան լաբիրինթոսը» վեպի շարունակությունը[1]։ Վեպում պատմվում է Պոսեյդոնի որդու՝ դեռահաս կիսաստված Պերսի Ջեքսոնի արկածների մասին։
Հրատարակվելուց հետո տարբեր քննադատների կողմից գիրքն արժանացել է դրական կարծքների։ Այն եղել է «USA Today»-ի, «Wall Street Journal»-ի և «Los Angeles Times»-ի համար 1 բեսթսելլերը[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիտանների տիրակալ Կռոնոսը բանակ է հավաքում և պատրաստվում գրոհել Օլիմպոսը։ Աստվածներն ու հերոսները հավաքում են իրենց ուժերը, որպեսզի հետ շպրտեն հարձակումը։ Պերսի Ջեքսոնը և Հեփեստոսի որդին՝ Չարլզ Բեքենդորֆը, ձեռնարկում են հուսահատ արշավ դեպի «Արքայադուստր Անդրոմեդա» նավատորմ, որտեղ Կռոնոսը տեղակայել էր իր շտաբը։ Բայց ոչինչ չի ընթանում նախագծած ձևով. Կռոնոսը ճամբարում գտնվող իր լրտեսից տեղեկանում է կիսաստվածների մտադրության մասին և պատրաստվում հերոսների այցին։ Ընկնելով տիտանի խորամանկ թակարդը՝ Բեքենդորֆը զոհվում է, բայց մահվանից առաջ նրան հաջողվում է պայթեցնել «Արքայադուստր Անդրոմեդան»։ Օվկիանոսի պաշտպանության շնորհիվ Պերսիին հրաշքով հաջողվում է ողջ մնալ։ Պոսեյդոնի ստորջրյա թագավորությունում, ուր ընկնում է Պերսին պայթյունից հետո, գործերն ավելի վատ են. ծովերի տիրակալը ստիպված է պաշտպանել իր տունը Օվկիանոսի տիտանից, որը Կռոնոսի հրամանով պատերազմում է Պոսեյդոնի դեմ։ Ծովի խորքում անզիջում պայքար է տեղի ունենում հրեշների ու տրիտոնների միջև։ Նույն ժամանակ Կռոնոսը ազատում է Տարտարոսից բոլոր հրեշների հորը՝ հսկայական Տիֆոնին, ով սպառնում է ոչնչացնել Միացյալ Նահանգները՝ շարժվելով դեպի Նյու Յորք և ավերելով ճանապարհին գտնվող քաղաքները։ Տիֆոնի դեմ կռվի են դուրս գալիս օլիմպիական բոլոր աստվածները, և Պերսի Ջեքսոնը հասկանում է, որ Օլիմպոսը անպաշտպան է մնում Կռոնոսի առջև։ Կիսաստվածների առջև դժվարին խնդիր է դրված. պաշտպանել Օլիմպոսը իրենց աստվածային ծնողների փոխարեն։
Կռոնոսի դեմ պատերազմ է սկսվում, իսկ Պերսի Ջեքսոնը նոր դառնում է տասնվեց տարեկան։ Իսկ դա նշանակում է, որ ուժի մեջ է մտնում Դելփյան պատգամախոսի ասած մեծ կանխագուշակությունը։ Պերսին վերջապես իմանում է դրա ամբողջ բովանդակությունը։
ՄԵծ կանխագուշակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի հինավուրց աստվածների կիսաստվածը.
Նա կապրի մինչև տասնվեցամյակը...
Աշխարհը կընկղմվի քնի մեջ հարբածի պես,
Հերոսի հոգին կվերցնի անիծված սուրը։
Եվ սպասում է նրան ավարտը, երբ նա կանի ընտրությունը՝
Փրկելով Օլիմպոսը կամ դատապարտվելով մահվան։
Նիկո դի Անջելոյի պլան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսին թվում է, թե այդ կանխագուշակության համաձայն՝ ինքն անխուսափելիորեն պետք է մահանա՝ փրկելով Օլիմպոսը, և դա նրան վստահություն է ներշնչում։ Նա ավելի հաճախ է սկսում մտածել՝ արդյոք օլիմպիական աստվածներն արժանի չեն այն ճակատագրին, որին դատապարտում է նրանց Կռոնոսը։
Ճամբարում Պերսին հանդիպում է Հադեսի որդուն՝ Նիկո դի Անջելոյին, ով արդեն որերորդ անգամ խնդրում է Պերսիին համաձայնվել իր պլանի իրագործմանը։ Դրա շնորհիվ Պերսին կարող էր իր ուժով համեմատվել Կռոնոսի հետ։ Բայց Նիկոյի ծրագիրը Պերսիին դուր չէր գալիս։ Երկարատև վեճերից հետո ի վերջո նա համաձայնվում է, և միասին ուղևորվում են Լուկայի մոր՝ Մեյ Կաստելլանի մոտ։ Հադեսի որդու կարծիքով Կռոնոսին հաղթելու համար անհրաժեշտ գիտելիքները ստանալու նպատակով Պերսին պետք է հասկանա Լուկայի անցյալը։ Պարզվում է, որ Մեյ Կաստելլանը՝ Հերմեսի մահկանացու կինը, ժամանակին խելագարվել է, երբ նրան սկսել են տեսիլքներ երևալ որդու ճակատագրի մասին։ Դրանից վախենալով՝ Լուկան փախել է տանից՝ որոշելով, որ ի դեմս մոր՝ կորցրել է իր ընտանիքի մնացորդները։ Պերսին իմանում է նաև, որ Լուկան լողացել է Ստիքսի ջրերում և ձեռք բերել անխոցելիություն, որից էլ օգտվել է Կռոնոսը կիսաստծո մարմնի մեջ մտնելու համար։
Հասնելով Մեռյալների արքայություն՝ Հադեսը Նիկոյին խաբեությամբ ստիպում է իր մոտ բերել Պերսիին և հերոսին բանտարկում է իր խցում։ Խաբված Պերսին ամեն ինչում մեղադրում է Նիկոյին, բայց Հադեսի որդու համար հոր գործողությունները նույնպես անսպասելի էին։ Նա կազմակերպում է ընկերոջ փախուստը։ Նրանք վազելով հասնում են Ստիքս գետի մոտ։ Նիկոյի պլանի համաձայն՝ Պերսին պետք է սուզվի Ստիքսի ջրերում, ինչպես դա անտիկ ժամանակներում արել է Աքիլլեսը, և ստանա անխոցելիություն։ Ափի մոտ Պերսին հանդիպում է Աքիլլեսի հոգուն, որը նրան զգուշացնում է, որ դա շատ վտանգավոր է. Աքիլլեսի անխոցելիությունը չէր տարածվել նրա գարշապարի վրա, որի վնասվածքից էլ նա մահացավ։ Չնայած դրան՝ Պերսին համաձայնվեց վտանգավոր փորձարկմանը և սուզվեց Ստիքսի մեջ։ Միայն մեծ կամքի ուժն ու Աննաբեթի մասին մտքերը թույլ չտվեցին Պերսիին անհետանալ ստորգետնյա սև ջրերում։ Այդուհանդերձ, նա ստացավ անխոցելիություն և թույլ տեղ՝ գոտկատեղի շրջանում։ Հադեսը կիսաստվածների հետևից հետապնդողներ է ուղարկում և ինքն էլ նրանց գլուխ կանգնում։ Այստեղ Պերսին ստիպված օգտագործում է իր անխոցելիությունը և միայնակ ճեղքում Հադեսի զորքը՝ հարվածելով նաև աստծո ոտքին։ Այդ պահին հասկանում է այն առավելությունը, որը ստացել է Ստիքսի ջրերի շնորհիվ։
Կռոնոսի՝ Նյու Յորք ներխուժելուց քիչ ժամանակ է մնում։ Աստվածները շարունակում են պայքարել Տիֆոնի դեմ, որը սարսափելի փոթորկի տեսք ընդունելով՝ դատարկում էր նահանգը նահանգի հետևից։ Շուտով նա կհասնի Նյու Յորք, և այդ ժամանակ Օլիմպոսը կընկնի։ Բացի այդ, քաղաքը պատված է Կռոնոսի ժամանակավոր կախարդանքով, իսկ Նյու Յորքի բոլոր բնակիչները քնում են տիտանների կողմն անցած Մորփեոսի ազդեցության տակ։ Կիսաստվածները դիմադրություն են կազմակերպում և պաշտպանական ջոկատներ կառուցում քաղաքի բոլոր մուտքերի մոտ։ Քաղաքի բոլոր արձանները կյանքի են կոչվում՝ դառնալով Դեդալոսի ավտոմատոններ։ Միայն Արեսի երեխաները չեն մասնակցում պաշտպանությանը, այն բանից հետո, երբ Ապոլլոնի երեխաների կողմից վիրավորված Կլարիսսա Լա Ռուն հրաժարվեց մասնակցել պատերազմին։
Կռոնոսն ու նրա հրեշների բանակն արդեն մոտենում են քաղաքին, և կիսաստվածները ձեռնամուխ են լինում հուսահատ պայքարի։ Նյու Յորքը բոցի մեջ է. հերոսները, հետ շպրտելով հրեշների հարձակումները, զուգահեռ փորձում են փրկել քնած մահկանացուներին։ Ուիլյամսբերգ կամրջի վրա Կռոնոսն ու իր ջոկատը հանդիպում են Պերսիի գլխավորած դիմադրությանը։ Պերսին մենամարտի մեջ է մտնում Մինոտավրոսի հետ, որին արդեն մի անգամ հաղթել էր տասներկու տարեկան հասակում։ Այս անգամ ևս մինոտավրոսը պարտություն է կրում, և հերթը Կռոնոսինն է։ Մարտի ընթացքում կամուրջը քանդվում է՝ փակելով հարձակվող ուժերի ճանապարհը դեպի քաղաք։
Պրոմեթևսի այցը Կիսաստվածների ճամբար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ Նյու Յորքը գտնվում էր պատերազմի մեջ, Պերսիի ընկերուհին՝ Էլիզաբեթ Դեր Ռեյչելը ընդհատում է հանգիստը ընտանիքի հետ և որոշում օգնության հասնել ընկերոջը։ Նա զգում էր, որ այս պատերազմում ինքը ևս կարևոր դեր ունի և ուզում է մոտ լինել, երբ իր օգնության կարիքը կլինի։ Իսկ Նյու Յորքի՝ կենդանի կիսաստվածների կողմից քանդված ճամբար է գալիս Կռոնոսի դեսպանը՝ ապստամբ տիտան Պրոմեթևսը։ Նա առաջարկում է Պերսիին հանձնվել ու խոստանում, որ այդ դեպքում իր տիրակալը ձեռք չի տա քաղաքին։ Պերսին հրաժարվում է և տիտանի կողմից նվեր ստանում Պանդորայի արկղը՝ կուժը։ Դրանից մի ժամանակ Պանդորան բաց էր թողել ամբողջ աշխարհի դժբախտությունները։ Կուժի մեջ մնացել էր միայն Հույսը, և Պրոմեթևսը ասում է Պերսիին, որ հենց նա բաց թողնի Հույսը, Կռոնոսը կիմանա, որ հերոսը հանձնվել է։
Մարտի դաշտում իրադարձություններն ավելի սպառնալից են դառնում։ Կռոնոսը անընդհատ հրեշներ է ուղարկում հերոսների դեմ, կիսաստվածները կորուստներ են կրում, բայց շարունակում են արիաբար պայքարել։ Կռվին միանում են նաև որոշ մահկանացուներ՝ արթնացած Մորփեոսի քնից։ Անսպասելի օգնության են հասնում Արեսի զավակները, որոնց, հակառակ սպասումներին, առաջնորդում է ոչ թե Կլարիսսան, այլ Աֆրոդիտեի դուստր և զոհված Բեքենդորֆի ընկերուհի Սիլենա Բորգարդը։ Սիլենան հուսահատորեն փորձում է հաղթել Լիդիական օձին, բայց պարտվում է և զոհվում։ Մահից առաջ աղջիկը խոստովանում է, որ ճաբարում եղել է Կռոնոսի լրտեսը և զղջում է։ Կիսաստվածները ներում են նրան և թաղում որպես հերոս։
Տիֆոնը արդեն գրեթե Նյու Յորքի ափին է, իսկ աստվածների ուժերը վերջանում են։ Հադեսը նստած է իր ստորգետնյա թագավորությունում՝ կարծելով, թե աստվածները ստանում են իրենց հասանելիք պատիժը․ նրանք նվաստացրել էին իրեն՝ ուղարկելով իշխել մահացածների վրա։ Նրա հետ են կինը՝ Պերսեփոնեն և զոքանչը՝ Դեմետրան։ Նիկոն ապարդյուն փորձում է հորը խելքի բերել և համոզել օգնել եղբայր-աստվածներին։ Երբ Հադեսը հրաժարվում է, Նիկոն ինքն է մտնում պայքարի մեջ՝ կանչելով մահացածների լեգեոնին։ Օգնության է գալիս Խիրոնը՝ կենտավրոսների զորքով, և ուժերի առավելությունն անցնում է կիսաստվածների կողմը։ Երբ համաձայնվում է օգնել նաև Հադեսը, հերոսները հասկանում են, որ հաղթանակն իրենց կողմում է։
Պայքարի թեժ պահին Կռոնոսին հաջողվում է ճեղքելով հասնել Էմփայր Սթեյթ Բիլդինգ, և բարձրանալ երկնաքերի վեց հարյուրերորդ հարկը, որտեղ տեղակայված էր Օլիմպոսը։ Աստվածների բնակատեղին ցավալի վիճակում էր։ Տիֆոնի հետ մարտում պարտություն կրած աստվածները թուլացել էին, և Օլիմպոսը ոչնչացման եզրին էր։ Կռոնոսը և Էֆան Նակամուրան՝ բանականության աստված Նեմեզիդայի որդին, որը շարունակում էր հավատարմորեն ծառայել տիտանին, ավերում են աստվածների տաճարները՝ դրանով թուլացնելով նրանց իշխանությունը։ Պերսին, Աննաբեթը, Գրոուվերը և Թալիան շտապում են նրա ետևից, որպեսզի վերջին պայքարի մեջ մտնեն տիտանների տիրակալի հետ։ Իսկ Պերսին հասկանում է, որ շուտով կանխագուշակությունը կիրականանա։
Եզրափակիչ մենամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրափակիչ մենամարտը Կռոնոսի՝ Լուկայի մարմնում, և Պերսի Ջեքսոնի միջև տեղի է ունենում Օլիմպոսի գլխավոր տաճարի գահասենյակում։ Պատերազմի վերջին րոպեներին իր մասին է տեղեկացնում Հեստիան՝ տնային օջախի պահապանը, կրտսեր աստվածուհին ու վերջին օլիմպիացին, ումից կախված էր ավելին, քան ինչ-որ մեկը կարող էր պատկերացնել։ Կռոնոսը թվում է գրեթե անխոցելի, բայց Աննաբեթը հասկանում է, որ Լուկայի գիտակցությունը դեռ պայքարում է տիտանի գիտակցության դեմ։ Աղջիկը դիմում է ընկերոջը՝ հիշեցնելով, որ նա խոստացել է դառնալ Աննաբեթի ընտանիքը և դրժել է խոստումը։ Լուկային հաջողվում է գերազանցել Կռոնոսին։ Նա հասկանում է, թե որքան դժբախտություններ է հարուցել իր վախկոտության ու զայրույթի պատճառով։ Նա Պերսիին խնդրում է ևս մեկ հնարավորություն տալ իրեն՝ ամեն ինչ կարգավորելու։ Պերսին Լուկային է տալիս Աննաբեթի մարտական դանակը, և Հերմեսի որդին այն խրում է սեփական թևատակը, որը նրա խոցելի տեղն էր։ Դրանով կանխագուշակությունն իրականանում է։ Կռոնոսին սպանում է հենց Լուկան՝ սեփական կյանքի գնով։ Տիֆոնին տապալում է Օվկիանոսի հետ պայքարից հետո եղբայրներին օգնության հասած Պոսեյդոնը։ Կենդանի մնացած Կռոնոսի հրեշները փախուստի են դիմում։ Նյու Յորքի վրա տարածված կախարդանքը ցրվում է[3]։
Հերոսների պարգևատրում Օլիմպոսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսները հավաքվում են Օլիմպոսում։ Աստվածները պարգևատրում են Պերսիին ու նրա ընկերներին։ Աննաբեթը դառնում է Օլիմպոսի գլխավոր ճարտարապետը։ Գրոուվերը տեղ է ստանում Այծոտանիների Խորհրդում և դառնում Պան աստծո իրավահաջորդը։ Իսկ Պերսին անմահ աստված դառնալու առաջարկ է ստանում, որից հրաժարվում է (հանուն Աննաբեթի)։ Դրա փոխարեն նա այլ խնդրանք է հայտնում, և աստվածները համաձայնվում են այն կատարել։ Այսուհետ բոլոր աստվածները կընդունեն իրենց զավակներին, որտեղ էլ որ նրանք լինեն։ Նրանք կհանդիպեն և կօգնեն միմյանց, և բոլոր կիսաստվածները, ովքեր միայնության էին դատապարտվել առանց իրենց աստվածային ծնողների, կտեղափոխվեն Կիսաստվածների ճամբար։ Աստվածները, թեկուզ և չուզենալով, բայց համաձայնվում են։ Այդպես աստվածները սկսում են ընդունել իրենց երեխաներին և հաշվի նստել նրանց հետ։ Լուկային թաղում են հերոսի պես, որովհետև իր կյանքի վերջին պահին նա քավեց իր մեղքը և հերոսություն կատարեց՝ սպանելով Կռոնոսին։
Ռեյչել էլիզաբեթ Դերի կանխագուշակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի ուշ Կիսաստվածների ճամբարում Ռեյչել էլիզաբեթ Դերն իր վրա է վերցնում նոր պատգամախոսի պարտականությունները և ասում նոր կանխագուշակությունը։
Կանչին կպատասխանի յոթ կիսաստված,
Կրակի ու փոթորկի մեջ կրկին կմեռնի աշխարհը։
Գերեզմանի եզրին խոստումդ պահիր,
Մահվան դարպասների մոտ են գալիս թշնամու ուժերը։
Ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում նոր մարգարեությունը և երբ է իրականանալու։ Բայց նաև ոչ ոք չի ցանկանում իմանալ դա, քանի որ կիսաստվածների կյանքը վերջապես հունի մեջ է ընկել։ Ճամբար են գալիս աստվածների նոր երեխաները։ Պերսի Ջեքսոնը սկսել է հանդիպել Աննաբեթ Չեյզի հետ, և ամեն ինչ կրկին ընկել է իր տեղը։
Հիմնական հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պերսի Ջեքսոն - 16 տարեկան, գլխավոր հերոսը, կիսաստված, Պոսեյդոնի որդին։ Կանխագուշակության հերոսը, փրկեց Օլիմպոսը կործանումից։ Պայքարել է Կռոնոսի դեմ։ Սիրահարված է Աննաբեթին, գրքի վերջում նրանք սկսում են հանդիպել։
- Աննաբեթ Չեյզ - 16 տարեկան, կիսաստված, Աթենասի դուստրը, սիրահարված է Պերսիին։ Ավելի ուշ դառնում է նրա ընկերուհին։ Մասնակցել է Մանհեթենի մարտին, Պերսիի հետ միասին փրկել է Օլիմպոսը՝ Լուկային հիշեցնելով մի ընտանիք լինելու իր խոստումը։ Գրքի վերջում, որպես մրցանակ, նրան առաջարկում են դառնալ Օլիմպոսի պաշտոնական ճարտարապետը։
- Գրոուվեր Ունդերվուդ - սատիր, Պերսիի լավագույն ընկերը։
- Ռեյչել Էլիզաբեթ Դեր - 16 տարեկան, մահկանացու, կարողանում է տեսնել մշուշի մեջ։ Այս գրքում դելփյան նոր պատգամախոսն է։
- Թայսոն - ցիկլոպ, Պերսիի՝ հայրական կողմից եղբայրը։
- Լուկա Կաստելլան - 24 տարեկան, կիսաստված, Հերմեսի որդին։ Կռոնոսի բանակի հրամանատարն է։ Ստիքս գետում լողալուց հետո անխոցելի է, բայց օլիմպիացիներին փրկելու համար ինքնասպան է լինում։
- Նիկո դի Անջելո - 12 տարեկան, կիսաստված, Հադեսի որդին։
- Կլարիսսա Լա Ռու - 18 տարեկան, կիսաստված, Արեսի դուստրը։ Մանհեթենի մարտի ժամանակ հաղթել է Օձին։
- Քոնոր Սթոուլ (ավագ եղբայր) - կիսաստված, Հերմեսի որդին։
- Թրեվիս Սթոուլ (կրտսեր եղբայր) - կիսաստված, Հերմեսի որդին։ Եղբոր հետ միասին համարվում է ճամբարի գլխավոր կատակասերն ու խաբելու վարպետը։
- Սելենա Բորգարդ - կիսաստված, Ափրոդիտեի դուստրը, Բեքենդորֆի սիրելին։ Լրտեսություն է անում Լուկայի համար, բայց հետո մահանում է՝ Կլարիսսայի փոխարեն փորձելով սպանել Լիդիական Օձին։
- Չարլի Բեքենդորֆ - կիսաստված, Հեփեսոսի որդին, հմուտ դարբին։ Մահանում է «Արքայադուստր Անդրոմեդայի» պայթյունի ժամանակ՝ իր կյանքը զոհելով հանուն Պերսիի։
- Մայքլ Յու - կիսաստված, Ապոլլոնի որդին, մահացել է Բրուքլինի կամրջի փլուզման ժամանակ։
- Կատի Գարդներ - կիսաստված, Դեմետրայի դուստրը։ Ատելությամբ է լցված Սթոուլ եղբայրների նկատմամբ։
- Թալիա Գրեյս - կիսաստված, Զևսի դուստրը, Արտեմիդայի գլխավոր որսորդը։
- Պոլլուքս - կիսաստված, Դիոնիսոսի որդին։
- Ջեյք Մեյսոն - կիսաստված, Հեփեսոսի որդին, Բեքենդորֆի մահից հետո դարձավ Հեփեսոսի տնակի ավագը։
Կանխագուշակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր կանխագուշակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի հինավուրց աստվածների կիսաստվածը,
Նա կապրի մինչև տասնվեցամյակը...
Աշխարհը կընկղմվի քնի մեջ հարբածի պես,
Հերոսի հոգին կվերցնի անիծված սուրը։
Եվ սպասում է նրան ավարտը, երբ նա կանի ընտրությունը,
Փրկելով Օլիմպոսը կամ դատապարտվելով մահվան։
Բացատրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերջին դատաստանի օրվա» իրադարձությունները կատարվում են Պերսիի՝ գլխավոր աստվածներից մեկի որդու տասնվեցամյակի օրը։
- Ամբողջ Նյու Յորքը քնում է Մորփեոսի ազդեցության տակ։
- Լուկան խոցում է իրեն «Անիծված սրով». անիծված, քանի որ նա դավաճանել է սեփական ընկերներին՝ փորձելով օգնել տիտաններին։
- Լուկան մեռնում է, քանի որ հավատարիմ մնաց աստվածներին։
Նոր կանխագուշակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելփյան նոր պատգամախոսի՝ Ռեյչել Էլիզաբեթ Դերի արտասանած առաջին կանխագուշակությունը.
Կանչին կպատասխանի յոթ կիսաստված,
Կրակի ու փոթորկի մեջ կրկին կմեռնի աշխարհը,
Գերեզմանի եզրին խոստումդ պահիր,
Մահվան դարպասների մոտ են գալիս թշնամու ուժերը։
Բացատրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոթ կիսաստվածները (Պերսի Ջեքսոն, Ջեյսոն Գրեյս, Աննաբեթ Չեյզ, Լեո Վալդես, Փայփեր Մաքլին, Ֆրենկ Չան, Հեյզել Լեվեսկ) միասին կհավաքվեն «Աթենասի նշան»–ում։
- Լեո Վալդեսը «Աթենասի նշան»–ում արտահայտում է իր անհանգստությունը, թե փոթորիկը Պերսին է և/կամ Ջեյսոնը, իսկ կրակը՝ հենց ինքը (Լեոն՝ Հեփեսոսի որդին, կարողանում է կառավարել կրակը)։
- Լեոն խոստանում է, որ կվերադառնա Կալիպսոյի հետևից, Պերսին խոստացել է Աննաբեթին, որ իրենք ընդմիշտ միասին են լինելու, իսկ Ջեյսոնը խոսք է տվել, որ յոթնյակից բոլորը ողջ կմնան և կվերադառնան տուն։
- Տարտարոսում գտնվելու ժամանակ Աննաբեթը գլխի է ընկնում, որ չորրորդ տողը նշանակում է, որ մահվան դարպասներին պետք է մոտենան կիսաստվածները (Պերսի և Աննաբեթ), տիտանը (Բոբ-Յապեթ) և հսկան (Դամասեն)։ Նրանք բոլորը «թշնամու ուժեր» են։ Եվ նրանցից մեկը սեփական կյանքի գնով պետք է փակի Մահվան Դարպասները։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարունակությունը նույնպես կլինի կիսաստվածների ճամբարի և հունական դիցաբանության հիման վրա. ծրագրված է, որ Մեծ կանխագուշակությունից հետո Պերսի Ջեքսոնն ու իր ընկերները կուղևորվեն նոր որոնումների, իսկ նոր թշնամիները կլինեն ավելի վտանգավոր և ուժեղ։
Ռիք Ռիորդանը հաստատել է, որ գրում է նոր շարք։ Առաջին գրքի թողարկումը պլանավորվել է 2010 թվականի հոկտեմբերի 12-ին։
«Վերջին Օլիմպիացին» գրքի վերջում Ռիորդանը նաև գրել է. «Այստեղ ավարտվում է կիսաստվածների ճամբարի մասին պատմության առաջին մասը»[4]։ Նա նաև ավելացրել է, որ բնօրինակ շարքի կերպարները վերադառնալու են, բայց չեն լինելու գլխավոր հերոսներ։ Նոր շարքը բաղկացած է լինելու հինգ գրքից, բայց գրքերը կունենան ավելի շատ էջեր։ Շարքը կկոչվի «Օլիմպոսի հերոսները», իսկ առաջին գիրքը կթողարկվի «Անհետացած հերոսը» (The Lost Hero)[5] վերնագրով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Percy Jackson children's book series ending next year». The Seattle Times. 2008 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «USA Today Best-Selling Books list». USA Today. 2009 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Riordan, Rick (2009 թ․ մայիսի 5). The Last Olympian. Percy Jackson & the Olympians. Disney Hyperion. ISBN 1-4231-0147-2. OCLC 299578184.
- ↑ Myth & Mystery: Camp Half-Blood Austin and other news
- ↑ Amazon.com: The Heroes of Olympus, Book One: The Lost Hero (9781423113393): Rick Riordan: Books
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիք Ռիորդանի պաշտոնական կայք
- Գրքերի շարքի պաշտոնական կայք (Մեծ Բրիտանիա)
- Գրքերի շարքի պաշտոնական կայք (ԱՄՆ)
- Rick Riordan Internet Speculative Fiction Database-ում
|