Էմփայր Սթեյթ Բիլդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմփայր Սթեյթ Բիլդինգ
Empire State Building
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք
Կառուցման ժամանակ 1929–1931
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 103
Տարածքը շինության մեջ 208,879 քառ․ մ
Ճարտարապետ Shreve, Lamb & Harmon
Կառուցող Homer Gage Balcom
Էմփայր Սթեյթ Բիլդինգ (ԱՄՆ)##
Էմփայր Սթեյթ Բիլդինգ (ԱՄՆ)
Էմփայր Սթեյթ Բիլդինգ (Նյու Յորք)##
Էմփայր Սթեյթ Բիլդինգ (Նյու Յորք)

Տեղեկություններ Emporis կայքում
Վիքիպահեստում

Էմփայր Սթեյթ Բիլդինգ (անգլ.՝ Empire State Building), 102 հարկանի երկնաքեր, գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն կղզում։ Կառուցվել է 1929 թվականից մինչև 1931 թվականը։ Համաշխարհային Առևտրի Կենտրոնը համարվում էր աշխարհի խոշորագույն երկնաքերներից մեկը։ Երբ 2001 թվականին փլուզվեցին երկվորյակ աշտարակները, Էմփայր Սթեյթ Բիլդինգը կրկին դարձավ Նյու Յորքի ամենաբարձր երկնաքերը և մնաց այդպես մինչև 2012 թվականը։ Ճարտարապետության առումով շենքը պատկանում է ար-դեկո ոճին։

1986 թվականին Էմփայր Սթեյթ Բիլդինգը մտավ ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցուցակը։ 2008 թվականին Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտի կողմից համարվեց ամերիկյան ճարտարապետության լավագույն լուծումը[1]։ Շինության սեփականատերը W&H Properties ընկերությունն է[2]։ Գտնվում է 5-րդ պողոտայում։ Էմփայր Սթեյթ Բիլդինգը ներկա պահին բարձրությամբ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում և 22-րդը աշխարհում։ Այժմ կատարվում է վերանորոգում ավելի քան 550 միլիոն դոլար արժողությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ծագել է Նյու Յորք նահանգի ալտերնատիվ անվանումից (Կայսերական նահանգ, Empire State)։ Նախագիծն իրագործել է Shreve, Lamb and Harmon ճարտարապետական ընկերությունը։ Գլխավոր ճարտարապետն էր Վիլլիամ Լամբը։ Ֆինանսավորումն ապահովել են Ջոն Ռասկոբը և Պիեռ Դյուպոնը։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները սկսվեցին 1930 թվականին։ Շինարարությանը մասնակցել է 3400 աշխատող, որոնք հիմնականում Եվրոպայից եկած էմիգրանտներ էին և մոհաք ցեղի ներկայացուցիչներ։ Աշխատանքների ընթացքում գրանցվել է 5 մահվան դեպք[3]։ Էմփայր Սթեյթ Բիլդինգի շինարարությունը տևեց ընդամենը 410 օր։ Մեկ շաբաթում կառուցվում էր 4.5 հարկ, իսկ երբեմն 10 օրում՝ 14 հարկ։ Բացումը տեղի է ունեցել 1931 թվականի մայիսի 1-ին, երբ նախագահ Հերբերտ Գուվերը Վաշինգտոնից միացրեց շինության լույսերը։ Վերին հարկերի լույսերն առաջին անգամ օգտագործվեցին 1932 թվականի նոյեմբերին, Ռուզվելտի նախագահ ընտրվելու տոնակատարության ժամանակ[4]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի հուլիսի 28-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչը ուժեղ մառախուղի պայմաններում մտնում է 79-րդ և 80-րդ հարկերի միջև։ Միջադեպի արդյունքում մահանում է 14 մարդ[5], սակայն հաջորդ օրը գրասենյակների մեծամասնությունը շարունակում է ամենօրյա աշխատանքը։ Շենքի գոյության ընթացքում գրանցվել է ինքնասպանության 30 դեպք[6]։ Առաջինը բացումից մի քանի օր անց, աշխատանքից ազատված աշխատողի կողմից։ 1979 թվականին Էլվիտա Ադամս անունով մի կնոջ ինքնասպանության փորձը անհաջող է լինում։ Ուժեղ քամու պատճառով նա 86-րդ հարկից ցատելուց հետո ընկնում է 85-րդ հարկ և ընդամենը ստանում կոնքի կոտրվածք։

Բարձրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանհեթենի տեսքը Էմփայր Սթեյթ Բիլդինգ

Շենքի բարձրությունը սրաձողի հետ միասին կազմում է 443.2 մ, իսկ առանց սրաձողի՝ 381.3 մ։ 41 տարվա ընթացքում եղել է Նյու Յորքի բարձրագույն շենքը, իսկ 23 տարվա ընթացքում աշխարհի ամենաբարձր կառույցը։ 1972 թ-ին տեղը զիջում է Համաշխարհային առևտրի կենտրոնին։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո կրկին դառնում է Նյու Յորքի ամենաբարձր շենքը։ Համարվում է Մանհեթենի 10 ամենագեղեցիկ շենքերից մեկը։

Լուսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին տեղադրվում է լուսարձակների համակարգ, վերին մասը տարբեր թեմատիկայով լուսավորելու համար։ Ամեն օրվան համապատասխանում է որևէ գույն։ Գունային գամման փոխվում է նաև սպորտային միջոցառումներին համապատասխան։ US Open-ի անցկացման ժամանակ լույսերը դեղին են՝ թենիսի գնդակի պես։ Եղիսաբեթ 2-ի հոբելյանի ժամանակ, 2002 թ. հունիսին լույսերը դարձան մանուշակագույն և ոսկեգույն՝ Վինդզորների արքայատոհմի գույներով։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնաքերի տեսքը փողոցից

Էմփայր Սթեյթ Բիլդինգը առաջին 100-ից ավելի հարկ ունեցող շենքն էր՝ 102։ Բարձրությունը սրաձողի հետ միասին կազմում է 443.2 մ, իսկ առանց սրաձողի՝ 381.3 մ։ Հիմքում լայնությունը հասնում է 140 մետրի։ Առևտրային տարածքը գրավում է երկնաքերի 85 հարկերը (257211 մ2)։ 102-րդ հարկում գտնվում է դիտահարթակ։ Երկնաքերն ունի 6500 պատուհան և 73 վերելակ։ Շինության քաշը 331000 տոննա է, որը հիմնվում է երկհարկանի հիմքի վրա և պահվում է 54400 տոննա քաշ ունեցող երկաթե կառույցներով։ Շինարարության ընթացքում օգտագործվել է 10 միլիոն աղյուս և 700 կմ մալուխ։ Աստիճանավանդակը կազմված է 1860 աստիճանից։ Այստեղ տարին մեկ անգամ անց է կացվում արագ բարձրանալու մրցույթ։ Գրասենյակներում տեղավորվում է 15000 մարդ, իսկ վերելակները մեկ ժամում կարող են տեղափոխել 10000 մարդ։ Աշտարակի ավելի քան 1000 գրասենյակներում աշխատում է 21000 աշխատակից։ Էմփայր Սթեյթ Բիլդինգի խողովակների ընդհանուր երկարությունը հասնում է 113 կմ-ի, իսկ էլ. մալուխներինը՝ 760 կմ[7]։ Նախասրահի պաննոյի վրա, 30 մետր երկարությամբ, պատկերված են աշխարհի 7 հրաշալիքները և 8-րդը՝ հենց Էմփայր Սթեյթ Բիլդինգը։

Դիտահարթակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմփայր Սթեյթ Բիլդինգի տեսահարթակները ամենամարդաշատն են աշխարհում։ Դրանք այցելել է արդեն 110 միլիոն մարդ։ 86-րդ հարկի տեսահարթակը ունի 360 աստիճանի տեսադաշտ։

Ատրակցիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին զբոսաշրջիկների համար բացվում է New York Skyride Նյու Յորքի վրայով օդային ճանապարհորդության իմիտատոր։ Ճանապարհորդության տևողությունը 25 րոպե է։

2001 թվականի ահաբեկչությունից հետո ՀԱԿ-ի շենքերը դուրս են հանվում պատկերներից, ինչպես նաև փոխվում է օդաչուի տեսքը։

Էմփայր Սթեյթ Բիլդինգը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1933 թվականին դուրս է եկել «Քինգ-Քոնգ» կինոֆիլմի պրեմիերան, որում հսկա գորիլայի դեմ պայքարը տեղի է ունեցել հենց Էմփայր Սթեյթ Բիլդինգի տանիքին։ Շենքի պատերը տպավորվել է միլիոնավոր դիտողների գիտակցության մեջ․ նրա պատերով վեր էր բարձրանում մի հրեշ, որի վրա վերևից հարձակվել էին բազմաթիվ ինքնաթիռներ։ 1983 թվականին՝ ֆիլմի հեռարձակման 50-ամյակին, շենքի տանիքին տեղադրվել է փչովի Կինգ Կոնգը՝ իրական չափերին համապատասխան։ 2005 թ․ վերանկարահանվել է 30-ականների կուլտային կինոնկարը, որում վերջնական տեսարանը նույնպես տեղի է ունենում Էմփայր Սթեյթ Բիլդինգի տանիքին։
  • 1964 թվականին նկարահանվել է Էնդի Ուորհոլի «Կայսրություն» փաստագրական ֆիլմը։ Ֆիլմի տևողությունը 8 ժամ և 5 րոպե է, այն ներկայացնում է Էմփայր Սթեյթ Բիլդինգի ֆիքսված նկարահանումը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. White, Norval & Willensky, Elliot; AIA Guide to New York City, 4th Edition; New York Chapter, American Institute of Architects; Crown Publishers. 2000. p.226.
  2. W&H Properties - Empire State Building(անգլ.)
  3. about.com Էմփայր Սթեյթ Բիլդինգի մասին հետաքրքիր փաստեր Արխիվացված 2017-01-17 Wayback Machine(անգլ.)
  4. История освещения здания Արխիվացված 2003-07-31 Wayback Machine(անգլ.)
  5. «Empire State Building Withstood Airplane Impact» Արխիվացված 2014-08-08 Wayback Machine(անգլ.)
  6. «iht.com». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 21-ին.
  7. Պաշտոնական կայքը Արխիվացված 2009-09-18 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]