Միքայել Ագրիկոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Ագրիկոլա
Դիմանկար
Ծնվել էմոտ. 1510[1]
ԾննդավայրPernå, Ֆինլանդիա[1]
Մահացել էապրիլի 9, 1557(1557-04-09)[2][3][4][…]
Մահվան վայրՊիոներսկոե
ԳերեզմանՎիբորգ
ՔաղաքացիությունՖինլանդիա
ԱզգությունՖիննական առածներ
Կրոնլյութերականություն
ԿրթությունՀալլե-Վիտենբերգի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, քահանա, թարգմանիչ, աստվածաբան, բանաստեղծ, աստվածաշնչի թարգմանիչ և հոգևորական
Mikael Agricola Վիքիպահեստում

Միքայել Ագրիկոլա (ֆին.՝ Mikael Agricola, մոտ. 1510[1], Pernå, Ֆինլանդիա[1] - ապրիլի 9, 1557(1557-04-09)[2][3][4][…], Պիոներսկոե), շվեդական ծագմամբ ֆինն հումանիստ և ռեֆորմացիայի գործիչ: Ֆինլանդիայի առաջին լյութերական եպիսկոպոս, լուսավորիչ և Աստվածաշնչի ֆիններեն առաջին թարգմանիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Օլայը ծնվել է մոտավորապես 1510 թվականին (որոշ ուսումնասիրություններով՝ 1507[5]) Նյուլանդի գավառի Պերնայա (շվեդերեն՝ Pernå) համայնքի Տորսբյու (շվեդերեն՝ Torsby) գյուղում, ունևոր գյուղացու ընտանիքում: Երեխային անվանակոչել են գավառական եկեղեցու հովանավոր սրբի անունով: Միքայելը ունեցել է երեք քույր: Ուսուցիչները նկատել են Միքայելի լեզուների հանեպ ունեցած ընդունակությունը և ուղարկել են նրան սովորելու Վիբորգի լատինական դպրոցում:

Այդ տարիներին ժամանակակից Ֆինլանդիան Շվեդիայի մաս է կազմել, որն էլ եղել է Կալմարյան միության մեջ: 1518-1520-ականների սկզբին Շվեդիայում սկսել են քարոզել Մարտին Լյութերի առաջին հետևորդները: 1523 թվականին Գուստավ Վազան դարձել է Շվեդիայի թագավոր: Սկզբում նոր թագավորը բացասաբար է արձագանքել նոր վարդապետության քարոզին, բայց ներքաղաքական բարդ իրավիճակը ստիպել է նրան որոնել նոր դաշնակիցներ երկրի ներսում: 1524 թվականին թագավորի և Կղեմես VII պապի միջև հակասություն է ծագել նոր արքեպիսկոպոս ընտրելու շուրջ, որի արդյունքում պապական իշխանության հետ հարաբերությունները վերջնականապես ընդհատվել են:

Եկեղեցու բարեփոխումները Շվեդիայում իրականացվել են աստիճանաբար: 1525 թվականից ժամերգության ծառայությունները սկսեցել են իրականացվել շվեդերենով, 1526 թվականին լույս է տեսել Նոր Կտակարանը, իսկ 1541 թվականին՝ ամբողջ Աստվածաշունչը, և թագավորը հրամայել է բոլոր եկեղեցիներին գնել նոր գրքեր[6]:

Ուսանողական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգում սովորելու ընթացքում Միքայելը վերցրել է «Ագրիկոլա» (այսինքն՝ «հողագործ») ազգանունը: Այդ ժամանակ հայրերի զբաղմունքի հետ կապված ազգանունները հաճախ հանդիպել են առաջին սերնդի գիտնականների շրջանում: Հավանաբար, հենց Վիբորգում էր, որ Ագրիկոլան առաջին անգամ առնչվել է ռեֆորմացիայի և հումանիզմի գաղափարների հետ: Այդ ժամանակ Վիբորգի ամրոցի պարետը գերմանացի կոմս Յոհանն էր, որը ծառայել է Շվեդիայի թագավոր Գուստավ Վազային: Կոմսը բարեփոխումների կողմնակից էր և ամրոցում արդեն անցկացվել են լյութերական ժամերգություններ:

1527 թվականին Վեստերոսկի ռիկսդագում եկեղեցու ղեկավար է հռչակվել թագավորը, իսկ վանքերի ունեցվածքը բռնագրավվել է հօգուտ արքունիքի: Եկեղեցու գործերը սկսել են ղեկավարել արքայի կողմից նշանակված աշխարհիկ անձինք:

Տուրկուի տաճարը

1528 թվականին Միքայելը տեղափոխվել է Տուրկու (Աբո), որն այդ ժամանակ Շվեդիայի ֆիննական տարածքների և կաթոլիկ թեմի փաստացի կենտրոնն էր, որտեղ նա ծառայության է անցել եպիսկոպոս Մարտին Սկյուտտեի գրասենյակում, որը նույնպես նոր էր ստանձնել այս պաշտոնը:

Հենց Տուրկուում էլ Ագրիկոլան հանդիպել է Մարտին Լյութերի առաջին ֆինն ուսանող Պիտեր Սյարկիլահտիին, որը կրքոտ կերպով քարոզել է ռեֆորմացիայի գաղափարները (մասնավորապես, որ Աստվածաշունչը հասանելի լիներ մարդկանց իրենց մայրենի լեզվով): 1529 թվականին Սյարկիլահտիի մահից հետո Ագրիկոլան շարունակել է նրա աշխատանքը:

Քահանա, ուսումը Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1531 թվականին Ագրիկոլան ձեռնադրվել է քահանա: 1536 թվականին Տուրկուի եպիսկոպոսը նրան ուղարկել է ուսման Գերմանիայի Վիթթենբերգ քաղաքում, որտեղ Ագրիկոլան հաճախել է Ֆիլիպ Մելանհտոնի դասախոսություններին, ով հիանալի տիրապետել է հունարենին: Այստեղ էլ նա ծանոթացել է Լյութերի հետ: Երեք տարի անց՝ 1539 թվականի ամռանը, Ագրիկոլան ավարտել է ուսումը, ազատական արվեստի մագիստրոսի կոչումով[7]: Բարեփոխիչ երկու քահանաներն էլ նրան հանձնարարական նամակներ են տվել՝ ուղղված թագավոր Գուստավ Վազային: Այդ նամակների շնորհիվ կրթաթոշակ ստանալով՝ Ագրիկոլան գնել է գրքեր և ձեռնամուխ եղել հիմնական գրքերի ֆիններեն թարգմանությանը: Նա իր առաջին ֆիններեն գիրքը` «ABC-kiria» այբբենարանը հրատարակել է 1543 թվականին: Այսօր 1543 թվականը համարվել է ֆիննական գրերի ստեղծման տարի:

Abckiria (1543)

1548 թվականին Միքայել Ագրիկոլան ավարտել է Նոր Կտակարանի թարգմանությունը: Ողջ տպաքանակը հրատարակվել է Ստոկհոլմում՝ պետական միջոցներով: Նոր Կտակարանի ֆիններեն թարգմանությունն Ագրիկոլան սկսել էր դեռևս Վիտտենբերգում: Բացի այդ, նա ֆիններեն (որը դեռ գրական լեզու չէր) էր թարգմանել Հին Կտակարանի որոշ մասեր և ուսանելի շատ ստեղծագործություններ: Ագրիկոլան կիրթ անձնավորություն էր, հումանիստ: Նրա անձնական գրադարանում են գտնվել Արիստոտելի, Դիոգենեսի, Լաերտսկու, Ստրաբոնի, Պլավտայի և Տերենցիայի ստեղծագործությունները: Այս գրքերում պահպանվել են շվեդերեն նրա անձնական գրառումները: Նա ծանոթ է եղել Օվիդիոսի, Վիրգիլիոսի, Ցիցերոնի, Տակիտոսի, Էրազմ Ռոտերդամցու ստեղծագործություններին, վերջինիս, ի տարբերություն շատ կաթոլիկ և բողոքական աստվածաբանների, հարգանքով է վերաբերվել և ազատորեն մեջբերում է կատարել նրանից: Ագրիկոլայի ստեղծագործություններում հանդիպում են տեղեկություններ լատիներեն լեզվով աստղագուշակությունից և բժշկությունից, ինչպես նաև Վյայնիմյոնենի, Իլմարայնենի Կալեվիպոեգի մասին առաջին հիշատակումները: Տուրկուի եպիսկոպոսի համար էպոսների այս հերոսները հեթանոսության վերապրուկներ էին, որոնց նկատմամբ նա բացասական վերաբերմունք ուներ:

Ֆինլանդիայի առաջին լյութերական եպիսկոպոսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Աբոյի մայր տաճարի դպրոցի տնօրենն էր և կանոնականը, իսկ 1550 թվականից՝ եպիսկոպոսը:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1556 թվականին Ագրիկոլան, Գուստավ I Վազայի դեսպանության անդամների կազմում, մեկնել է Մոսկվա՝ ռուս-շվեդական պատերազմի ավարտի հետ կապված հաշտության պայմանագիր կնքելու համար: Վերադարձի ճանապարհին նա հիվանդացել է և 1557 թվականի ապրիլի 9-ին մահացել Կուոլեմայարվիում (ներկայիս Պիոներսկոե, ժամանակակից Պրիմորսկի մոտակայքում), Կիրենեմիի հրվանդանի Օզերկի գյուղից 10 կիլոմետր հյուսիս-արևմուտք (Պետերբուրգից Պրիմորսկոյե մայրուղով մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա) կա նշան, որը ցույց է տալիս նրա մահվան և հուշարձանի վայրը): Միքայել Ագրիկոլային հուղարկավորել են 1557 թվականի ապրիլի 12-ին Վիբորգում:

Ագրիկոլան Ֆինլանդիայի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիններեն լեզվի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միքայել Ագրիկոլայի օրը» կամ «Ֆիննական լեզվի օրը» Ֆինլանդիայում նշվում է ամեն տարի ապրիլի 9-ին՝ Ագրիկոլայի մահվան օրը: Ի պատիվ ֆիննական գրերի ստեղծողի, այդ օրը Ֆինլանդիայում բարձրացվում է ազգային դրոշը[8]:

Դրամատուրգիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդացի դրամատուրգ Պաավո Հաավիկկոյի, Agricola ja kettu-ի (Ագրիկոլան և աղվեսը) պիեսում, որի պրեմիերան կայացել է Հելսինկիում 1968 թվականին, Ագրիկոլան մասնակցել է ժամանակի միջազգային քաղաքական խարդավանքներին: Ռուսաստանի և Շվեդիայի միջև հակամարտությունը, որի մաս է կազմել նաև Ֆինլանդիան, ընկալվել է որպես պայքար Արևելքի և Արևմուտքի միջև: Բեմադրության ռեժիսորն էր Կալլե Հոլմբերգը, և պիեսը արդիականացնելու համար նա Իվան Ահեղ ցարին հագցրել էր Իոսիֆ Ստալինի հագուստը:

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել Ագրիկոլայի հուշարձանը Վիբորգում, Ռուսաստան: Այն ի սկզբնե տեղադրվել է 1908 թվականի հունիսի 21-ին Նոր Մայր տաճարի մուտքի մոտ: Դա իրենից ներկայացրել է Ագրիկոլայի կիսանդրին բարձր պատվանդանի վրա, որի ստորին հատվածում տեղադրվել է քանդակագործական խումբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տաճարը ավերվել է, հուշարձանը վերաձուլվել: 2009 թվականի հունիսի 27-ին Ագրիկոլայի նոր ձուլված կիսանդրին տեղադրվել է մասամբ պահպանված հին պատվանդանի վրա (պատվանդանը և քանդակագործական խումբը, որը զգալիորեն վնասվել էր, չի վերականգնվել) և տեղակայվել Պողոս Պետրոս լյութերական տաճարի մոտ[9]:

Վիբորգում գտնվող Ագրիկոլայի կիսանդրու կրկնօրինակները տեղադրվել են Ֆինլանդիայի հետևյալ քաղաքներում սովորական պատվանդանների վրա`

  • Տուրկույում՝ մայր տաճարի սրահում:
  • Պերնայայում՝ Սուրբ Միքայել եկեղեցու մոտ, որտեղ մկրտվել է Ագրիկոլան:
  • Լահտիում:
  • Տուրկուում՝ Մայր տաճարի դիմաց, տեղադրվել է Ագրիկոլայի մեկ այլ հուշարձան, որտեղ պատկերված է եպիսկոպոսը ամբողջ հասակով:
  • Հելսինկիում եկեղեցին անվանակոչվել է Ագրիկոլայի անունով, իսկ նրա արձանը զարդարել է Մայր տաճարը:
  • Հուշարձան է տեղադրվել նաև Ագրիկոլայի մահվան վայրում՝ Ֆիննական ծոցի ափին: Այն տեղակայվել է Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգից Պրիմորսկոյե մայրուղով 100 կիլոմետր հեռավորության վրա, Պիոներսկոյե ավանի մոտակայքում: Դա մահարձանի տիպի շիմաքար է շրջապատված չուգուն ցանկապատով, որը տեղադրվել է 1900 թվականին: Խորհրդային տարիներին հուշարձանը պատվիրել են ապամոնտաժել, բայց Վիբորգի թանգարանի աշխատակիցները պահպանել են քարը՝ այն տեղափոխել են գավառագիտական թանգարանի ֆոնդին: 2000 թվականին հուշարձանը վերականգնվել է իր նախկին տեղում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  2. 2,0 2,1 2,2 Michael Olavi Agricola (швед.) — 1917.
  3. 3,0 3,1 3,2 Store norske leksikon(նորվ.) — 1978.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Anna Perälä (2008) Mikael Agricola. Det kungliga boktryckeriets mest betydande kund., Biblis, nr.43, sid:3-23, ISSN 1403-3313
  6. Murray R. Svenska kyrkans historia. Stockholm, 1978, р.26
  7. Макаров, 2007
  8. День Микаэля Агриколы (День финского языка) — 9 апреля. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
  9. «Открытие памятника Микаэлю Агриколе, 27 июня 2009»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-30-ին։ Վերցված է 2009-06-28 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[фин.] // Kansallisbiografia-verkkojulkaisu. Studia Biographica 4. — Helsinki : Suomalaisen Kirjallisuuden Seura, 1997. — 16 syyskuun. — Дата обращения: 11.02.2018. — ISSN 1799-4349.