Jump to content

Մարզերի երեխաները մարզերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարզերի երեխաները մարզերում (ՄԵՄ)
ՏիպՍոցիալ-կրթական ՀԿ
Հիմնադրված2019 թվական
ՀիմնադիրներՄայիս Մարգարյան, Արման Յարալյան, Մայա Շահումյան, Արմեն Մարտիրոսյան, Քրիստինե Ասատրյան, Կարապետ Թոմիկյան, Աիդա Ջանջուղազյան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան
գործունեության որլորտՄարզեցի երեխաների և գյուղական համայնքների զարգացում
Կայք[1]

Մարզերի երեխաները մարզերում, տարածված հապավումը` ՄԵՄ (անգլ.՝ Children of Regions), սոցիալական ծրագիր, որի միջոցով մարզերի երեխաները այցերի միջոցով ծանոթանում են Հայաստանի տարածքին, շփվում և ընկերանում իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև մարզեցիների համար բազմոլորտ գիտելիքների ստանում և դրանց միջոցով աշխատանքի ընդուման հնարավարություններ ստեղծում։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԵՄ-ը հիմնադրվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին։ ՄԵՄ-ի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերի երեխաներն ու պատանիները հնարավորություն են ստանում ծանոթանալու իրենց բնակավայրից դուրս գտնվող Հայաստանին[1]։ Երեխաներն այցելում են իրենց մարզից բնակլիմայական պայմաններով ու մշակույթով տարբերվող մարզեր։ Նախագծի շրջանակներում կազմակերպվում են քայլարշավներ, կինոդիտումներ, խաղեր, խարույկի շուրջ երգ ու պար և այլն` կախված այդ բնակավայրի առանձնահատկություններից և տեսարժան վայրերից։ Ձեռք բերված կապերն ու ծանոթությունները հետագայում ամրապնդվում են բազմաբնույթ համագործակցություններին, ոչ ֆորմալ կրթության[2] ու տարբեր ենթանախագծերին ներգրավման ճանապարհներով։

2020 թվականին համաճարակային պայմաններից ելնելով՝ ՄԵՄ-ն անցել է առցանց ռեժիմի։ Արդյունքում կազմակերպվել են 10 դասընթացներ, 5 միջոցառումներ։ 2021 թվականին տեղի են ունեցել 17 արշավներ, 1 ճամբար, տարվա ամփոփիչ 1 հանդիպում, և իրականացվել են 10 համայնքային ծրագրեր։

Հայաստանում համաճարակի տարածման սկզբից մինչև Հայ-ադրբեջանական պատերազմի օրերը հեռավար, ոչ ֆորմալ կրթական համակարգում ներառված 10 մարզեցի երեխաները ապահովվել են աշխատանքով՝ նույնքան աշխատատեղ ստեղծելով մարզերում։ Զինադադարից հետո, Սփյուռքի գործուն մասնակցությամբ, 1.5 ամսում շուրջ 15 երեխաներ աշխատանքի են տեղավորվել։ Ու պրոցեսը շարունակական է։

2022 թվականի դրությամբ աշխատանքի անցած մարզեցիների թիվը հասնում է 75-ի, իսկ երեխաների հետ աշխատող մենթորիների թիվը՝ 190-ի։

Մենթորների հետ երիտասարդները ուսումնասիրել են և հմտացել հետևյալ ոլորտներում՝

Կարանտինյան ՄԵՄ-ում ներգրավվել են 100-ից ավելի մարզեցիներ (Գեղարքունիք, Տավուշ, Կոտայք, Լոռի, Շիրակ, Արագածոտն, Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք, Արցախ, Ջավախք, Սփյուռք)։ Վերջիններս մասնակցել են վերոնշյալ դասընթացներին, միջոցառումներին, վճարովի և կամավորական աշխատանքներին։

Օնլայն հարթակում այս պահին ՄԵՄ-ում գործում են նաև լեզուների ակումբներ՝ գրականություն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, գերմաներեն։ Ակումբների շրջանակներում երիտասարդները զարգացնում են խոսակցական և բանավոր խոսքի հմտությունները։

2022 թվականի Օգոստոս ամսի դրությամբ ՀԿ-ում մարզեցիների թիվը կազմել է 970։

  • Մարզերում բնակվող երեխաներին տալ հնարավորություն բացահայտելու իրենց հայրենիքը և ճանաչել դրանում առկա մշակույթները։
  • Մարզաբնակ երեխաների միջև ստեղծել ընկերական ցանց, որը կնպաստի ապագա գործընկերային հարաբերությունների ձևավորմանն ու առաջխաղացմանը։
  • Նպաստել երեխաների աշխարհայացքի ընդլայմանն ու կրթամակարդակի բարձրացմանը` էքսկուրսիաների, ոչ ֆորմալ կրթական և այլ գործիքների միջոցով։
  • Հայրենիքի բոլոր բնակավայրերում ապրող մարդկանց կենցաղին, մշակույթին և մտածողությանը ծանոթացնելու միջոցով զարգացնել պետական մտածողությունը և քաղաքացիական իրավագիտակցությունը` մարզաբնակ երեխաների մոտ։
  • Նպաստել Հայաստանի զարգացման ապակենտրոնացմանը` մարզաբնակ երեխաների շփման ակտիվացման և կարողությունների բացահայտման միջոցով։
  • Նպաստել մարզաբնակ երեխաների հմտությունների զարգացմանն և ապահովել նրանց աշխատանքներով։
  • Օգտագործել Սփյուռքի ներուժը ու ամրապնդել կապերը, Սփյուռքից ստեղծել հեռավար աշխատատեղեր ու բերել ներդրումներ, անել համատեղ միջոցառումներ։
  • Մարզեցի երեխաներին ապահովել ժամանակակից տեխնիկայով։

ՄԵՄ-ի ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհը փոխող կամավորներ (ԱՓԿ)։ Իր շուրջն է համախմբել գաղափարակից անձանց` անկախ տարիքից, կոտրում է կարծրատիպեր և անում անհնարինը` տալով բազում հնարավորություններ։ Յուրահատուկ առողջ միջավայր է ու համայնք, ուր երեխաները միտված են միասին աճելու, թիմային աշխատելու, համայնքի զարգացմանը նպաստելու։

CreaTeam։ SMM ընկերություն, մատուցում են թվային մարքեթինգի, թարգմանությունների ու դիզայներական աշխատանքների ծառայություններ։ Ստեղծվել է 2020թ գարնանը։ Թիմի կազմում այս պահին կա 12 անդամ (բոլորը մարզեցիներ են)։ Ունեցել են ավելի քան 15 գործատու։ Նախագիծը հաճախորդներ է ունեցել և ունի ԱՄՆ-ից, Դանիայից, Ռուսաստանից և այլն։

IT's a village։ Օնլայն խանութ, որը վաճառում է գյուղերի և փոքր համայնքների ԱՐՄԱԹ ինժեներական լաբերի սաների SS աշխատանքները։

Հայաստանը Հենց Հիմա/Real Time Armenia։ Նախագիծն ստեղծվել է 2020թ մարտի 26-ին։ Ֆեյսբուքյան խումբ, որի նպատակն է ցուցադրել Հայաստանը իրական ժամանակում։ Խմբում կարելի է տեղադրել համայնքներից լուսանկարներ, կամ մասնակցել հատուկ թեմատիկայով չելլենջների։

Լիներ հեռու մի անկյուն/If there were a distant corner։ Ֆեյսբուքյան էջ, որը հանդիսանում է միջնորդ` գյուղական տների, հյուրատների և դրանցում հանգստացողների միջև` օգնելով հանգիստը դարձնել հաճելի, հարմար և անմոռանալի։ Միևնույն ժամանակ ներկայացնում են գյուղական կոլորիտային տներ` փոխանցելով գյուղական շունչ։

Բառ ու բան։ Հայերենի առցանց ուսուցման հարթակ, որը նպատակ ունի սփյուռքի հայրենակիցներին օգնել չմոռանալ իրենց լեզուն՝ հնարավորություն տալով սովորել հայերեն զրոյից։

Թվային թափառական։ Ծրագիրը ստեղծվել է մի մարդու կողմից, ով քաղաքից տեղափոխվել է գյուղ՝ այնտեղ ապրելու և օնլայն աշխատելու համար։ Ներկայացվում է գյուղում ապրելու, օնլայն աշխատելու և շրջագայելու մասին։

Թվային Սերունդ։ Ծրագիրը ստեղծվել է մարզեցի երեխաների կողմից։ Թվային գործիքները կարևոր նշանականություն ունեն թե՛ բիզնեսում, թե՛ ուսուցման ժամանակ, և մեր նպատակներից է սերնդին բազային թվային գիտելիքով «զինելը»։

Գոյատևման հմտություններ։ Նախատեսված է գոյատևման հմտությունների վերաբերյալ օգտակար նյութեր ներկայացնելու համար՝ հաշվի առնելով հայ իրականությունն ու մեր անպատրաստավածությունը։

Armenian Youtubers:Նախագիծը ստեղծվել է 2021թ հունվարին։ Ալիքը նախատեսված է նպաստել հայկական YouTube-ում որակյալ հայալեզու կրթական նյութերի տարածմանը և հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացմանը։ Նախգիծն աշխատում է Youtube-ում և Facebook-ում։ Յութուբյան հարթակում ալիքն ունի 630-ից ավելի բաժանորդ, ովքեր ստանում են թվային գիտելիքներ։ Armenian Youtubers-ի և մեկ այլ նախագծի համագործակցության արդյունքում հնարավորություն է տրվում մի շարք աշակերտների ստանալ կայուն թվով թվային գիտելիքներ

Անգլերենը բոլորի համար։ Նախագիծը ստեղծվել են 2021թ գարնանը։ Այն հնարավորություն է տալիս մարզեցի երեխաներին (և ոչ միայն) ըստ իրենց մակարդակի սիմվոլիկ գումարով, առցանց անգլերեն սովորել՝ կամավոր դասավանդող մասնագետների կողմից։ Թիմում կա 9 հոգի (բոլորը մարզեցիներ են)։ Նախագիծն ունեցել է ավելի քան 100 մասնակից, 20 խումբ։

Նեթվորք արշավներ։ Նեթվորք արշավը շփման, համագործակցության, փորձի փոխանակման պլատֆորմ է՝ ակտիվ ապրելակերպով բիզնեսմենների, մասնագետների, ամբիցիոզ անձանց համար։ Արշավի այս ֆորմատը նաև յուրօրինակ պլատֆորմ է քաղաք-գյուղ նեթվորքի համար։

Համակարգիչ +։ Նախագծի նպատակը մարզերի երեխաներին տեխնիկայով զինելն է։ Նախագծի անդամները տարբեր վայրերից հայթաթում են համակարգիչներ, հեռախոսներ, նոթբուքներ, պլանշետներ, որոնք տրվում են այն մարզեցիներին, որոնք ցանկանում են փոխել աշխարհը Հայաստանի միջոցով։ 2021 թվականից մինչև այսօր նախագծի շրջանակներում 115 երեխա զինվել է համակարգչով, որոնցից 58-ը անցել է հեռավար աշխատանքի[3]։։

Ճանաչիր թշնամուդ։ Նախագիծը ռազմակրթական նախաձեռնություն է, որի գլխավոր նպատակն է մարզեցի պատանիներին սովորեցնել թշնամու լեզուն՝ ադրբեջաներեն և թուրքերեն, որն էլ հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել թշնամուն։

Problem Soloving: Ծրագիրը օգնում է գործատուներին գտնել անհրաժեշտ կադրեր մարզերի երեխաներից, իսկ երեխաներին` գործատուներ՝ հանդիսանալով կապող օղակ գործատուների և «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի միջև։

Կապը Սփյուռքի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԵՄ-ի շրջանակներում սկսվել է «Ես փոխող եմ» նախագիծը, որի միջոցով Սփյուռքին ներգրավելով մարզաբնակ երեխաներին օնլայն աշխատանքներով, ներդրումներով ապահովելն է` մինչ այդ մարզաբնակ այդ երեխաներին դասավանդողների և մենթորների աջակցությամբ վերապատրաստելով, նոր ոլորտների բացահայտմամբ (օրինակ՝ եռաչափ մոդելավորում, գրաֆիկական դիզայն)։

«Ես փոխող եմ» նախագծի շրջանակներում հավաքվում են Հայաստանից և Սփյուռքից մենթորներ, որոնք իրենց մասնագիտացված համապատասխան ոլորտում կուրսեր են անցկացնում երեխաների համար։ Այդ կուրսերը ամբողջությամբ կատարվում են «Ես փոխող եմ» նախագծի մենթորների շնորհիվ, իսկ վերջում աշխատանքի տեղավորում իրենց արդարացրած երեխաներին։

Նախագծի շրջանակներում մենթորներն աջակցում են մարզեցի երեխաներին նաև առկա ենթանախագծերի զարգացման հարցում` ուղղորդելով և մասնագիտական խորհուրդներ տալով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Մարզերի երեխաները մարզերում». սոցիալական ծրագիր՝ բացահայտելու ու զարգացնելու մարզաբնակ երեխաների ներուժը».
  2. «Մարզերի երեխաները մարզերում». www.course.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Համակարգիչ + նախագիծը ReArmenia ծրագրիի կայքէջում».


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]