Մայր աստվածուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայր աստվածուհի
Brooklyn NY Nov-2005 0023 7.jpg
աշխարհի տարբեր կրոններում, առասպելներում և դիցաբանություններում համարվում է գլխավոր աստվածուհին
Տեսակաստվածուհի
Ենթատեսակաստվածուհի
Դիցաբանությունհունական, հռոմեական, հայկական, սլավոնական, կելտական, արաբական, շումերաաքադական, ինկերի, մայաների, Օվկիանիա
Սեռիգական
Կյանքի ժամանակաշրջանՎերին քարի դաիրց մինչ օրս
Հունական գրաձևΜητέρα θεά
Լատինական գրաձևdeam Mater
Անունը այլ լեզուներովՄայր աստվածուհի(հայերեն), Богиня-мать(ռուսերեն), Madre de Dios(իսպաներեն), إلهة الأم(արաբերեն), الهه مادر(պարսկերեն)
Commons-logo.svg Mother Goddess Վիքիպահեստում

Մայր աստվածուհի, աշխարհի տարբեր կրոններում, առասպելներում և դիցաբանություններում համարվում է գլխավոր աստվածուհին[1].

Մոր-կնոջ կերպարի երկրպագությունը համարվում է շատ հին և վերագրվում է դեռևս պալեոլիթի ժամանակաշրջանին։ Դա բացատրվում է նրանով, որ կնոջ կերպարը նույնացնում էին կենսատու ուժի, բնության արարողի, կյանքի շարունակականությունն ապահովողի և ցեղի գոյության գաղափարի հետ։ Հետագայում՝ նեոլիթյան դարաշրջանում, հողագործության զարգացմանը զուգահեռ ձևավորվեց ընտանիքին սնուցող-կերակրող կնոջ կերպարը։ Ժամանակի ընթացքում այդ դերն ավելի ամրապնդվեց, քանի որ հիմնականում կանայք էին զբաղվում հողագործությամբ։ Չնայած ժամանակի ընթացքում կնոջ ազդեցությունը որոշակիորեն նվազել է, սակայն կնոջ՝ որպես մոր կերպարը, մինչ օրս ունի մշակութային, կրոնական և բարոյական մեծ ազդեցություն[2]։

Առասպելական սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

պալեոլիթյան արձանիկ, Լեսպյուգ, Ֆրանսիա

Հաճախ Մայր աստվածուհին նույնացվում է Երկրի հետ, նա կանացի ստեղծագործական կերպարի ամբողջական մարմնացումն է, գոյի սկիզբը։ Այն ծագել է դեռևս կրոնների զարգացման նախապատմական փուլում և տարբեր ազգերի մոտ ներկայացվել է տարբեր մարմնավորմամբ[3]։

պալեոլիթյան վեներա

Մոր պաշտամունքը առավել համատարած բնույթ էր կրում քարի դարում, ինչի ապացույցն են Պիրենեյան թերակղզուց մինչև Սիբիր ընկած գոտու հնագիտական պեղումների գտածոները։ Հին Պաղեստինի, Հին Հնդկաստանի, Փյունիկիայի և Շումերական տարածքներում հայտնաբերված արձանիկները քանդակել են ոսկորից կամ քարից։ Նման արձանիկները կոչվում են «պալեոլիթյան վեներաներ»։ Դրանց բոլորին բնորոշ են մեծ կուրծքը, լայն կոնքերը, ազդրերը և մեծ փորը։ Ձեռքերը և ոտքերը կամ պատկերված չեն կամ բացակայում են։

մայր աստվածուհու արձանիկ, գտել են Կոստենկովից, ՌԴ

Պալեոլիթում աստվածությունների դերի և երբեմն նույնիսկ սեռի հստակ դասակարգում չի կարող կատարվել, քանի որ դրանք ներկայացվել են նախնական, ընդհանուր, սինկրետիկ պատկերացումներով ստեղծված արձանիկներով, իսկ Նեոլիթում արդեն «Մեծ մոր» կերպարը ներկայացնող արձանիկների առանձնացման հարցում մասնագիտական գրականության մեջ տարակարծություններ գրեթե չեն հանդիպում։ Փոքր Ասիայում տարածված նեոլիթյան «Նախամայր-մեծ մոր» կերպարը հանդես էր գալիս որպես անտառների, որսի, բուսականության, կենդանիների հովանավոր աստվածուհի, պտղաբերության և ծննդաբերության խորհրդանիշ[4]։ Հիմնվելով Է. Նոյմանի, Է. Ֆրոմի, Կ. Յունգի աշխատությունների վրա, նեոլիթյան քանդակների մեջ հստակ կարելի է առանձնացնել «Մայր աստվածուհուն» խորհրդանշող արձանիկների մի ստվար խումբ, որոնք դիտարկում են որպես «Մեծ մոր նախատիպ»՝ իր բազմակի դրսևորումներով։ Նեոլիթի վաղ փուլերից սկսած՝ «Մեծ մոր» կերպավորումներով հանդես եկող բազմաթիվ մանրաքանդակների ու հարթաքանդակների պատկերագրական և ոճական առանձնահատկությունները ցույց են տալիս, որ Մայր աստվածուհու կերպարը և նրա հետագա պատկերագրումը զարգացման երկար ճանապարհ են անցել մինչև նեոլիթյան «Մեծ մոր» կերպարի առանձնացումը։

Կոնգոյի պաշտամունքային այս քանդակը օգտագործվում էր այն կանանց պահպանելու համար, ովքեր կորցրել էին իրենց երեխաներին՝ վիժելու պատճառով:

Դեռևս նեոլիթյան հուշարձաններից հայտնաբերված մարդու պատկերաքանդակները և արձանիկները գերազանցապես ներկայացնում են կանանց կերպարներ՝ հաճախ ընդգծված պտղաբերության հատկանիշներով։ Այս հանգամանքն ինքնին թույլ է տալիս ենթադրել, որ կնոջ կերպարն առանցքային տեղ էր զբաղեցնում հնագույն հասարակությունների կրոնական հավատալիքներում, ծեսերում և առասպելներում։ Առաջավոր Ասիայում հայտնաբերված նեոլիթյան շրջանի կանացի արձանիկները շատ արժեքավոր են ավելի ուշ շրջանի արձանիկների պատկերագրական տիպերի և նշանակության վերլուծության համար։ Հատկանշական է, որ նրանք բոլորն էլ բերրիության, պտղաբերության և բարեկեցության խորհրդանիշներ են, հայտնաբերվել են ամբարներից, օջախներից և պաշտամունքային հատուկ խորշերից։

Տարբեր մշակույթներում Մայր աստվածուհու պաշտամունքը կապված է եղել քարանձավների հետ, որոնք ներկայացվում էին որպես աստվածուհու խորշ։ Նաև կապում էին ջրային տարերքի, բուսականության, տիեզերական մարմինների հետ, ինչը ցույց էր տալիս պաշտամունքի տարածվածությունն ու կարևորությունը։ Չնայած, որ բոլոր կրոններում Մայր աստվածուհու կերպարի ամենակարևոր հատկանիշը պտղաբերությունն է, այնուամենայնիվ հին դիցաբանության մեջ մայր աստվածուհին ոչ միայն կյանք է տվել, այլև՝ խլել։ Հետևաբար, նա հաճախ նաև ներկայացվում է որպես անդրաշխարհի աստվածուհի։ Նեոլիթի դարաշրջանում Մայր աստվածուհին հանդես է եկել որպես բնության տարրերի ու էակների հովանավոր, որպես տիրակալ։ Բնապաշտական պատկերացումների ձևավորման ընթացքում ստեղծվել են գաղափարական կանոններ, որոնցով էլ սկսել են պատկերվել գերբնական, հետագայում արդեն աստվածային հատկանիշներով օժտված կանանց կերպարները։

Մայր աստվածուհին ցուլերի և խոյերի գկուխներ ծնելիս, Չաթալ - Հույուկ, Անթալիա

Մայր աստվածուհու կերպարը հասուն կնոջ կյանքի «պրոյեկցիան» է, ի տարբերություն մյուս երկուսի՝ երիտասարդ Սուրբ Կույսի և ծեր Նախամոր կերպարների։ Այդ պատճառով նեոլիթյան արվեստում Մայր աստվածուհին երբեմն պատկերվել է երեխային գրկած կամ ծննդաբերող կնոջ տեսքով, իսկ, օրինակ, Անատոլական Չաթալ-Հույուքում գտնված արձանիկը նրան պատկերում է ցուլերի և խոյերի գլուխներ ծնելիս։ «Պտղաբերության աստվածուհու ժեստը», «Մոր և մանկան», «Մերկ դիցուհու», «Ադորանտի» պատկերագրական տիպերում բերրիության խորհրդանիշների գերակայությունը և հենց դրանց կատարման պայմանական հարթաքանդակային ոճը գաղափարապաշտամունքային կանոնի համապատասխան հատկանիշներ էին։ Սրա հետ միասին հնագույն քանդակագործները իրենց արձանիկներում միաժամանակ պատկերել են իրական բնորդներին՝ նրանց կերպարներում ներկայացնելով բազմազան ոգիների և աստվածությունների մասին պատկերացումները։

Միջերկրածովյան ավազան, Սարդինիա կղզի

Առաջին աստվածությունները հանդես են գալիս կին աստվածուհիների կերպարներով, որպես ծննդաբերողների, արգասավորության, հողի և բուսականության խորհրդանիշ։ Մեզ հայտնի առաջին աստվածուհիներն ունեն հնագույն արմատներ, որոնք Ռ. Բրիֆֆոյի կարծիքով կարելի է բաժանել աստվածուհիների չորս հիմնական նախատիպերի՝

  1. բոլոր աստվածների և ամեն գոյի նախամայր-աստվածուհի
  2. կենդանիների մայր-աստվածուհի
  3. «մայր-հացահատիկ», բերքի, պտղաբերության հովանավորուհի
  4. «մայր-հող» կամ «մայր-երկիր»։

Չնայած այն հանգամանքին, որ նախապատմական և վաղ պատմական ժամանակներից հայտնի են տարբեր անուններով ու գործառույթներով բազմաթիվ «աստվածուհիներ», կարելի է ասել, որ վերը թվարկված հատկանիշները աստվածուհիների միջև հստակորեն բաժանված չէին։

Սուրբ Սերնին աստվածուհուն նվիրված մենհիր, Ռոդեզներ

Մայր աստվածուհու պաշտամունքը գոյատևել է մինչև նոր ժամանակներ՝ Մերձավոր Արևելքի և Հունահռոմեական դիցաբանության մեջ ներկայանալով Մեծ մոր հավաքական կերպարով։ Պաշտամունքի կրոնական շարունակականությունը հստակ արտահայտվում է այնպիսի հայտնի աստվածուհիների պատկերներում, ինչպիսիք են Իսիսը, Նութը և Մաաթը Եգիպտոսում, Իշտարը, Աստրարան և Լիլիթը Միջագետքում, Դեմետրան, Պերսեփոնեն և Հերան Հունաստանում, Ատարգատիսը, Ցերերան և Կիբելան Հռոմում[5]։

Դիցաբանություններում Մայր աստվածուհու կերպարի երկակի բնույթի ներկայացման արդյունքում ձևավորվեցին նրա երկու հակադիր՝ բարի և չար, դրական և բացասական կերպարները և պատկերատիպերը։ Օրինակ՝ Մայր աստվածուհին չունի իրեն համազոր ամուսին, սակայն ինքը կարող է ծնել ամուսնուն, ամուսնանալ, ապա՝ կործանել, ինչպես Գեան՝ Ուրանին (Հունական դիցաբանություն)։ Կամ, ըստ Եգիպական դիցաբանության, Նուտը՝ Մայր աստվածուհին, կուլ է տալիս իր երեխային և հղիանում նրանից։

քնած կնոջ արձանիկ, մ.թ.ա 4-րդ հազարամյակ, Մալթա կղզի

Պետական կազմավորումների կայացմանը զուգահեռ, երբ կարևորվում է պատերազմի միջոցով հարուստ ավար ձեռք բերելը և սահմանների համար պայքարը, պետք է ձևավորվեր նաև կին աստվածության՝ որպես ռազմի և պատերազմի հովանավորի դերը։ Հաճախ պատկերագրության մեջ այս կանացի արձանիկները կրում են նույն ռազմական հանդերձանքը, ինչ արական աստվածությունները։ Մյուս կողմից, առևտրի և քաղաքների զարգացմանը զուգահեռ, ձևավորվեց նոր կին աստվածություն՝ առևտրի հովանավորի գործառույթով։ Սիրո, գեղեցկության և տարփանքի դիցուհու ծագումը, նույնպես կապված էր դասակարգային հասարակարգի ձևավորման հետ՝ բնորոշելով մարդկային բարքերը և թուլությունները։ Սակայն այս ամենի արդյունքում աստվածուհիները կորցրեցին իրենց վաղեմի գերակա դերը՝ տեղը զիջելով աստվածներին։

Մայր աստվածուհի, տերակոտա, Ազգային հնագիտական թանգարան, Ֆրանսիա

Ըստ որոշ մասնագետների, Մայր աստվածուհու կերպարն արտացոլվել է Երկնային տիրուհու, կաբալիստական Շեհինայի և քրիստոնեական Աստվածամոր կերպարներում ևս[6]։

Մայր աստվածուհին տարբեր դիցարաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անահիտ, Մայր աստվածուհի, պտղաբերության և սիրո աստվածուհի

Աֆրիկյան դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինոհա աստվածուհի

Հին հունական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին արաբական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալլաթ

Հին եգիպտական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսիդա, կանացիության և մայրության աստվածուհի
  • Հաթոր, սիրո և երկնքի աստվածուհի

Զրադաշտական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անահիտա, մաքրության և անաղարտության աստվածուհի

Հնդկական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադիթի, Հնդկաստանի արիացիների աստվածուհին
  • Բահուչարա Մաթա
  • Դեվի
  • Մաթրի, Մայր աստվածուհի
  • Շաքթի կամ Պարվաթի, մայրության աստվածուհի, Տիեզերական մայր
  • Ռադհա, վայշնավիզմի տիեզերական մայրերից
  • Դուրգա, հինդուիզմի մայր աստվածուհին

Կելտական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անու (Անա), Դանա, իռլանդական աստվածների մայրը
  • Բրիգիտա
  • Էրնմաս

Գալլական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորի, Լուսնի աստվածուհին

Փոքրասիական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամմա, Ֆրիգիական աստվածուհի
  • Մա, կապադովկիական աստվածուհի
  • Կիբելա

Կովկասյան դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական Ամերիկայի դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեյբա, մայաների Մայր աստվածուհին
  • Ատլատոնին, ացտեկների Մայր աստվածուհին

Հարավային Ամերիկայի դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաչամամա, Երկրի մայրը, Անդերի ազգերի հովանավոր աստվածուհին

Հին հռոմեական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավոնական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայր Հող, մարդու, կենդանիների և բույսերի նախամայրը
  • Մոկոշ կամ Մոկա, ամուսնության, ծննդաբերության, ճակատագրի, անվերջ մանում է կյանքի թելը
  • Ռոժանիցի, բերքատվության, ծծնդաբերության, ընտանիքի և ընտանեկան օջախի աստվածուհի

Թյուրքական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ումայ
  • Իդուկ Յեր-Սուբ

Շումերա-Աքադական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նամմի, Մայր աստվածուհի, աստվածների մայրը, մասնակցել է կավից առաջին մարդկանց ստեղծելուն
  • Ինաննա, պտղաբերության և սիրո շումերական աստվածուհին
  • Իշտար, պատերազմի և սիրո աքադական աստվածուհի, նման էԻնաննիին
  • Նինհուրսագ կամ Կի, Մայր աստվածուհի, Երկրի աստվածուհին
  • Թիամաթ, աստվածների նախամայրը, աղի ջրերի աստվածուհին

Էլամական դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պինիկիր կամ Պինեկիր, Հյուսիսային Էլամի Մայր աստվածուհին, պանթեոնում գլխավորն է[7][8].
  • Կիրիրիշա, Էլամի հարավ-արևելյան շրջանների Մայր աստվածուհին, մ.թ.ա 2-րդ հազարամյակից համարվել է պանթեոնի գլծավոր աստվածուհիներից մեկը, աստվածների մայրը։ Իսկ մ.թ.ա 2-րդ հազարամյակի կեսերից համարվել է գերագույն աստված Հումպանի կինը

Այլ դիցաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չակսիրակսի, կանարյան գուանչիների Մայր աստվածուհին
  • Կունապիպի, Կադյարի կամ Կլիարին-Կլիարի, Օվկիանիայի հյուսիսային կղզիների բերքատվության, ծննդաբերության աստվածուհին, պատկերվել է ծեր կնոջ տեսքով։

Մոդեռն դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիաննա, սիմվոլիկա
  • Մայր հայրենիք

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. С. Никольский։ Основы религиоведения (ռուսերեն)։ МГИУ։ էջ 65։ ISBN 978-5-276-01023-6։ «Богиня-Мать — главное женское божество в большинстве религий, соотносимое с женским творческим началом в природе.» 
  2. «БОГИНЯ-МАТЬ - это... Что такое БОГИНЯ-МАТЬ?»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-15 
  3. Горшунова О. В. Священные деревья Ходжи Барора. Фитолатрия и культ женского божества в Средней Азии // Этнографическое обозрение. 2008, № 1. Сс.71-82.
  4. Горшунова О. В. Идея двух начал в культе плодородия у народов Средней Азии // Среднеазиатский этнографический сборник. Ред. В. И. Бушков. Москва: Наука, 2001. Сс. 219—231.
  5. «Inanna»։ World History Encyclopedia (անգլերեն)։ Վերցված է 2021-08-16 
  6. Горшунова О. В. Женское божество в системе религиозно-мировоззренческих представлений народов Средней Азии. М.: ИЭА РАН, 2007. — С. 380.
  7. Edwards, I.E.S.; Hammond, N. G. L. The Cambridge Ancient History Volume 1, Part 2: Early History of the Middle East / C. J. Gadd. — 3. — Cambridge University Press, 1971. — ISBN 978-0-521-07791-0
  8. Lurker, Manfred The Routledge dictionary of gods and goddesses, devils and demons. — 2nd. — 2004. — С. 2. — ISBN 978-0-415-34018-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

հայերեն

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ռուսերեն

այլ լեզուներով