Շումերական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շումերական քաղաք-պետությունների զարգացման ժամանակաշրջանը համարվում է շումերական քաղաքակրթության գագաթնակետը։ Առաջինը շումերներն են պատրաստել ոսկե իրեր ու զենք, ոսկին օգտագործել արծաթի ու բրոնզի հետ զուգակցված, հայտնագործել գունավոր ապակին ու բրոնզը, անիվն ու սեպագիրը, կազմել առաջին օրենսգիրքը, հայտնագործել թվաբանությունը։Համմուրաբիի օրենքների ժողովածուն օրենսդրության հնագույն հուշարձանն է Միջագետքի՝ իրավական ու սոցիալ-տնտեսական կառույցի մասին (սեպագիրը՝ 9-մ-անոց բազալտե սյան վրա, հայտնաբերվել է Էլամի Շոշ մայրաքաղաքում, 1901–02 թթ-ին)։Շումերներն առաջինն են փորձ արել բարոյապես հաղթահարել մահը և այն դիտել որպես դեպի հավերժություն տանող վիճակ։ Շումերական դիցաբանության մեջ եղել են ոսկեդարի և դրախտային կյանքի պատկերացումները, որոնք հետագայում փոխանցվել են Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների ու ներառվել աստվածաշնչյան սյուժեներում։ Քրմերը կարողացել են ճշգրտությամբ որոշել տարվա տևողությունը՝ 365 օր 6 ժամ 15 րոպե 41 վայրկյան։ Նրանք իմացել են Արեգակի ու աստղերի շարժման օրենքները և կանխագուշակել պետության կյանքի կարևոր իրադարձությունները։ Շումերական ճարտարապետությունն ու քանդակագործությունն աչքի են ընկնում գեղարվեստական հղկվածությամբ։ Կառուցվել են տաճարային համալիրներ՝ զիկկուրատներ, որոնք ոչ միայն հոգևոր կյանքի, այլև գիտամշակութային կենտրոններ էին։ Շումերում է ստեղծվել աշխարհում առաջին՝ «Գիլգամեշ» էպոսը, նաև Համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելը, որը հետագայում հին հրեաները շարադրել են Աստվածաշնչում, որտեղ Զիուսուդրա արքայի փոխարեն հանդես է գալիս Նոյը։Բաբելոնական, քաղդեական և ասորական քաղաքակրթությունները հիմնականում եղել են շումերական քաղաքակրթության շարունակությունը։ Ասորեստանի Աշուրբանիպալ (մ. թ. ա. 669–633 թթ.) թագավորը Նինվեում հավաքել է տասնյակհազարավոր պատմական, կրոնական և այլ բնագրեր՝ մոտ 30 հզ. կավե սալիկների վրա, ստեղծել է առաջին գրադարանը. հայտնի է որպես Աշուրբանիպալի գրադարան (հայտնաբերվել է Նինվեի պեղումների ժամանակ՝ 1949–54 թթ-ին)։ Բարձրաքանդակներով և որմնանկարներով է զարդարվել հատկապես Ասորեստանի Սարգոն II արքայի պալատը։ Միջագետքում է ստեղծվել սեպագիրը, որը մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին Առաջավոր Ասիայում վերածվել է միջազգային գրի համակարգի. սեպագիրն ստեղծել են շումերները, նրանցից փոխանցվել է բաբելոնացիներին ու աքքադացիներին։ Սեպագիր արձանագրությունների 1 մլն-ից ավելի նմուշներ պահպանվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում։ Սեպագիր արձանագրություններ են թողել աքքադները, բաբելոնացիները, էլամցիները, խեթերը, ասորեստանցիները, ուրարտացիները և ուրիշներ։ Բաբելոնացիներից սեպագիրը փոխառել են պարսիկները, կատարելագործել այն՝ հարյուրավոր գրանշանների փոխարեն օգտագործելով ընդամենը 40-ը, որոնք նշանակել են վանկեր ու տառեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png