Jump to content

Ղասան Կանաֆանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղասան Կանաֆանի
արաբ․՝ غسّان كنفانيّ‎‎
Ծնվել էապրիլի 9, 1936(1936-04-09)[1][2][3]
ԾննդավայրAcre Subdistrict, Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էհուլիսի 8, 1972(1972-07-08)[1][2][4][…] (36 տարեկան)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, վիպասան, լրագրող, գրող և գրական քննադատ
Քաղաքացիություն Մանդատային Պաղեստին
Ուշագրավ աշխատանքներUmm Saʻd?, Men in the Sun? և Return to Haifa?
ԿուսակցությունՊաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատ և Arab Nationalist Movement?
Պարգևներ
ԶավակներFayez Kanafani?
Կայքghassankanafani.com
 Ghassan Kanafani Վիքիպահեստում

Ղասան Կանաֆանի (ապրիլի 9, 1936(1936-04-09)[1][2][3], Acre Subdistrict, Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն - հուլիսի 8, 1972(1972-07-08)[1][2][4][…], Բեյրութ, Լիբանան), պաղեստինցի գրող և քաղաքական գործիչ, Պաղեստինի ազատագրության Ժողովրդական ճակատի ղեկավարության անդամ (ՊԱԺՃ-ի ծրագրի հեղինակն է, որտեղ նշմարվում է ճակատի անցումը մարքսիստական դիրքորոշմանը), որն ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Իսրայելում ճանաչված էր որպես ահաբեկչական կազմակերպություն։

Ղասան Կանաֆանին իր ստեղծագործություններով լայնորեն հայտնի է ոչ միայն արաբական աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս։ Բացի պատմվածքներ, վեպեր և պիեսներ գրելուց, նա հայտնի է իր լրագրողական և քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Նա ինքը նշում էր իր քաղաքական հայացքների և ստեղծագործական գործունեության անբաժանելիությունը[5]։

Կանաֆանիի շնորհիվ 20-րդ դարի 60-ական թվականներից ի հայտ եկավ «դիմադրության գրականություն» տերմինը։ Այս հասկացությունը վերաբերվում էր պաղեստինցի գրողների այն ստեղծագործություններին, որոնք ստեղծվեցին Իսրայել պետության կազմավորումից հետո։ Նրանց ստեղծագործությունների գլխավոր թեման պայքարն էր Պաղեստինի «սիոնիստական գաղութացման» և Պաղեստինի ժողովրդի տառապանքների դեմ, պայքարը սեփական պետության ստեղծման և «զավթիչների» արտաքսման համար։

Ինքը Հասան Կանաֆանին դիմադրության շարժման ակտիվ մասնակիցներից և գաղափարախոսներից մեկն էր։ Քաղաքական կուսակցություններում իր գործունեությամբ և իր գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով գրողը նպաստում էր զանգվածների մեջ հայրենասիրության աճի և ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։ Կանաֆանիի ստեղծագործությունների ամենակարևոր առանձնահատկություններից էր համարվում իրական քաղաքական և պատմական իրադարձությունների և գեղարվեստական գրական ստեղծագործությունների միջև փոխադարձ կապը։ Գրողի բոլոր պատմվածքներում և վեպերում գերակշռում է ռեալիստական ուղղությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասան Կանաֆանիի կյանքն ու ստեղծագործական ուղին բնորոշ է մշակույթի և գրականության բազմաթիվ պաղեստինցի գործիչների։ Նա ծնվել է Ակկո քաղաքում միջին եկամուտ ունեցող սուննի իսլամականի ընտանիքում։ Կանաֆանին հաճախել է ֆրանսիական միսիոներական դպրոց, սակայն 1948 թվականին ստիպված է եղել ընտանիքի հետ լքել Պաղեստինն առաջին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ։ Նրա ընտանիքը որոշ ժամանակ մնաց Լիբանանում, այնուհետև տեղափոխվեց Դամասկոս, որտեղ ապագա գրողն ավարտեց դպրոցը և 1952 թվականին ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունից ստացավ ուսուցչի վկայական։ Նույն թվականին Հասան Կանաֆանին ընդունվում է Դամասկոսի համալսարանի արաբական գրականության բաժինը, սակայն չի ավարտում դասընթացը, 1955 թվականին նրան հեռացնում են «Արաբական ազգայնական շարժման» կազմակերպությանը անդամակցելու համար։

Աշխատանքի որոնման նպատակով 1955 թվականին մեկնում է Քուվեյթ, որտեղ հետագա յոթ տարիների ընթացքում աշխատում է տարրական դպրոցում, որպես ուսուցիչ և «Արաբական ազգայնական շարժման» «ար-Ռայ» («Կարծիք») թերթի խմբագիր։ Քուվեյթում նա գրում է իր առաջին պատմվածքները և զբաղվում է մարքսիզմի ուսումնասիրությամբ։ 1960 թվականին Կանաֆանին տեղափոխվում է Բեյրութ, որտեղ դառնում է «ալ-Հուրրիյա» («Ազատություն») թերթի աշխատակից, սակայն 1962 թվականին նա ստիպված է լինում թողնել այդ աշխատանքն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Կանաֆանին դառնում է «ալ-Մուհարրիր» («Ազատարար») թերթի և նրա շաբաթական հավելված «Պաղեստին»-ի գլխավոր խմբագիր։ 1963 թվականին հրատարակվում է նրա հանրահայտ «Մարդիկ արևի տակ» վիպակը, որը թարգմանվում է մի շարք օտար լեզուներով։

Արաբական գրականության մեջ ունեցած կարևոր ներդրման, իրականության և հերոսների ներաշխարհի գերազանց արտացոլման համար 1966 թվականին նա արժանանում է գրականության մեջ Լիբանանյան մրցանակի, իսկ 1975 թվականին հետմահու Լոտոսի մրցանակին, որը սահմանել է Աֆրոասիական գրողների համաժողովը։ Հենց նա առաջինը օգտագործեց «դիմադրության գրականություն» տերմինը 1966-1968 թվականներին լույս տեսած իսրայելական օկուպացիայի ժամանակաշրջանի իր ստեղծագործություններում։

1967 թվականին Կանաֆանին մասնակցում է «Պաղեստինի ազատագրության ազգային ճակատի» կազմավորմանը, որը հանդես եկավ որպես արմատական մարքսիստական ուղղություն և փոխարինեց այդ ժամանակ տապալված «Արաբական ազգայնական շարժում » կազմակերպությանը։ 1969 թվականին Կանաֆանին հիմնեց «ալ-Խադիֆ» («Նպատակ») նոր կազմակերպության տպագիր օրգանը և դարձավ նրա գլխավոր խմբագիրը։ Համարվելով «Ժողովրդական ճակատի» պաշտոնական ներկայացուցիչ և քաղբյուրոյի անդամ, գրողը բազմիցս հայտարարել էր «Պաղեստինի գործին» իր նվիրվածության մասին և ակտիվորեն մասնակցում էր հասարակական աշխատանքներին։

Հասան Կանաֆանին զոհվել է 1972 թվականի հուլիսի 9-ին իր սեփական մեքենայում տեղադրված ականի պայթյունից[6] : Նրա մահվան պատճառների վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ։ Դրանցից ամենատարածվածի համաձայն, նա մահացել է Մոսադի գործակալների կազմակերպած պայթյունից, այն տեղի է ունեցել «Ճապոնիայի կարմիր բանակի» ահաբեկիչների և ՊԱԺՃ-ի կողմից 1972 թվականի մայիսի 30-ին իրականացված «Լոդ օդանավակայանի սպանդից » հետո։ Օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում սպանվեցին 24 մարդ, որոնցից «16 կաթոլիկ ուխտավորներ Պուերտո Ռիկոյից և 7 իսրայելցիներ։ Եվս 78 մարդ վիրավորվեցին, ցավոք սրտի դրանց մեջ էր նրա 17-ամյա բարեկամուհին»[7]։ Գոյություն ունեն նաև այլ վարկածներ, որոնց համաձայն նրա մահվան պատճառ կարող էր լինել պաղեստինյան ընդդիմադիր խմբակցությունների միջև եղած հակամարտությունը, կամ էլ նրա կողմից Իսրայել ուղարկվող պայթուցիկ ծրարի պատահական պայթյունը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասան Կանաֆանիի գրչին են պատկանում պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնցից ամենահայտնիներն են, «Մահը համար տասներկու մահճակալին» (1961), «Տխուր նարնջի երկիրը» (1963), « Մարդկանց և զենքերի մասին» (1968) և «Աշխարհը մեզ համար չէ» (1970)։ Կանաֆանիի «Պաղեստինի երեխաները» պատմվածքի ներածականում Ջ. Հայարը գրում է «այս հեղինակի փոքր արձակի ստեղծագործությունները արտահայտում են պաղեստինցիների տեսակետը Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ։ Տասնամյակների աքսորի և պայքարի արդյունքները ուղղակի և անուղղակի ձևով մարմնավորվում են պատմվածքներում խորհրդանիշերի համակարգի միջոցով»։ Քաղաքական և պատմական իրադարձությունների և գրական գեղարվեստական ստեղծագործությունների միջև փոխադարձ կապն էլ հանդիսանում է Կանաֆանիի պատմվածքների առանձնահատկությունը։ Փոքր ժանրի ստեղծագործությունները հնարավորություն են տալիս բացահայտելու նրա ստեղծագործական ձեռագրի կարևոր առանձնահատկություններից մեկը, ստեղծագործության կառուցվածքին լարված ուշադրություն դարձնելն է, իրադարձությունների անսպասելի շրջադարձի և արտակարգ պատահարների հմուտ նկարագրությունը[8]։

Պատմվածքներից բացի Կանաֆանին գրել է վեպեր, պիեսներ և գրաքննադատական աշխատություններ` 1948-1968 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանի պաղեստինյան դիմադրության գրականություն», «Դիմադրության գրականությունը օկուպացված Պաղեստինում» և «Սիոնիստական գրականություն», որի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1966 թվականին։ Նա հայրենիքում հայտնի է նաև որպես արաբական աշխարհի իրադրությանը նվիրված հոդվածների հեղինակ։ Նրան ժողովրդականություն և համբավ բերած ամենահայտնի վեպերից են `«Մարդիկ արևի տակ» (1963), «Ինչ մնաց ձեզ» (1966), «Ումմ Սաադ» (1969) և «Վերադարձ Հայֆա» (1970)։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման, իր հայրենիքում, Պաղեստինում տեղի ունեցող իրադարձություններն են։ Նրա պատմվածքների գլխավոր հերոսներն են դառնում առանձին պաղեստինցիներ, կամ ամբողջական ընտանիքներ։ Գրողը նկարագրում է պաղեստինյան ժողովրդի պրոբլեմները, հայրենիքից փախուստը կամ ստիպված հեռանալը, փախստականների վիճակը արաբական երկրներում, որտեղ նրանք այդպես էլ չեն կարողանում ապաստան կամ նոր տուն գտնել։

«Մարդիկ արևի տակ» վեպում հեղինակը անդրադառնում է փախստականների թեմային, որոնք հեռացել են Պաղեստինից 1948 թվականին և ձգտում են իրենց տեղը գտնել նոր միջավայրում։ Վեպում ծավալվող իրադարձությունների կենտրոնում երեք պաղեստինցիներ են, որոնք ցանկանում են անօրինական կերպով անցնել Իրաքի և Քուվեյթի միջև սահմանը, ինչպես նաև պաղեստինցի վարորդը, ով համաձայնվել է նրանց տեղափոխել իր բեռնատարով։ Սահմանին ստուգումների ժամանակ վարորդը իր ուղևորներին թաքցնում է արևի տակ տաքացած դատարկ ցիստեռնի մեջ։ Խաբեությունը աշխատում է միայն առաջին անցակետում, որտեղ ստուգումը տևում է մի քանի րոպե, հետագա անցակետերում վարորդն ավելի երկար է կանգնում, որի արդյունքում էլ ցիստեռնում թաքնված մարդիկ շոգից ու օդի պակասից շնչահեղձ են լինում և մահանում։ Վարորդը դիակները նետում է աղբավայր` նրանց մոտից վերցնելով փողերն ու փաստաթղթերը։

«Ինչ մնաց ձեզ» վեպում պատմվում է Ղազայի հատվածում պաղեստինյան փախստականների ճամբարում բնակվող եղբոր և քրոջ ողբերգական ճակատագրի մասին։ Տասնվեցամյա պատանի Համիդը տեղեկանում է, որ քույրը, Միրիամը հղի է Զաքարիայից, ով ամուսնացած է և հինգ երեխաների հայր։ Նա խորը հիասթափություն է ապրում, քանի որ քույրը արատավորել է «ընտանիքի պատիվը», իսկ նրա սիրեցյալը դավաճան է, ով մատնել է տեղական դիմադրության շարժման առաջնորդին, իսրայելցի զինվորներին։ Գլխավոր հերոսը մեկնում է Հորդանան` հույս ունենալով այնտեղ հանդիպել մորը, ում տարիներ առաջ կորցրել է Յաֆֆայից փախուստի ընթացքում։ Անապատում Համիդը մոլորվում է և կորցնում ճանապարհը, պատահականորեն հանդիպում իսրայելցի զինվորի և նրան գերի վերցնում։ Նա չի կարողանում համաձայնության գալ հրեայի հետ, քանի որ նրանցից ոչ մեկը մյուսի լեզուն չի հասկանում։ Գազայում մնացած Միրիամը անքուն գիշեր է անցկացնում, Համիդից լուրի սպասելով։ Ամուսինը չի կիսում նրա անհանգստությունը, պահանջում է, որ նա ազատվի երեխայից, նրան սպառնալով ամուսնալուծությամբ։ Մոլեգնած Միրիամը սպանում է ամուսնուն։

Զաքարիայի դավաճանության միջոցով հեղինակը բացահայտում է պաղեստինյան շարժման պարտության պատճառներից մեկը, մասնավորապես առանձին մարդկանց վախկոտությունն ու փոքրոգությունը, միասնության բացակայությունը արաբների շրջանում, ինչը հանգեցնում է անդառնալի հետևանքների։ Այս վեպի համար Հասան Կանաֆանին 1966 թվականին արժանացել է Լիբանանյան գրականության մրցանակի։

Գրողի հայտնի ստեղծագործություններից է «Վերդարձ Հայֆա» նովելը։ Այն պատմություն է արաբ ընտանիքի մասին, որը 1948 թվականի ռազմական գործողությունների ժամանակ ստիպված է լինում հեռանալ Հայֆայից, հանգամանքների բերումով, այնտեղ թողնելով նորածին որդուն։ Քսան տարի անց հերոսները հնարավորություն են ունենում վերադառնալ հայրենիք և տեսնել իրենց տունը։ Նրանց որդին կենդանի է, նրան ապաստան է տվել այն լեհ փախստականների ընտանիքը, որոնց հատկացվել էր տունը տեղի իշխանությունների կողմից, սեփականատերերի փախուստից հետո։ Նա կանգնում է ցնցված ծնողների առաջ իսրայելական սպայի արտահագուստով։ Նա նոր անվամբ է հանդես գալիս, Դով, նախկին արաբական Խալդունի փոխարեն։ Նա դաստիարակվել է հրեական ընտանիքում, հրեական ավանդույթներով և հուդայական հավատքով։ Մի պահ մայրը հույսեր է փայփայում որդու վերադարձի մասին, բայց հայրը գիտակցում է, որ դա անհնար է։ Նա ասում է.- «Այլևս Խալդունը չկա, մենք կորցրել ենք նրան» և երազում է, որ Հորդանան գետի արևմտյան ափին մնացած երկրորդ որդին Խալեդը միանա «պարտիզանական ջոկատին»։

Հասան Կանաֆանին թողել է երեք անավարտ վեպեր` «Սիրեցյալը» (սկսել է 1966 թվականին), «Կույր և խուլ» (վերաբերվում է մինչև 1970 թվականի ժամանակաշրջանին) և «Ապրիլյան հողմածաղիկ» (հավանաբար սկսել է մահից առաջ)։ Անհրաժեշտ է նշել, որ «Սիրեցյալը» անավարտ վեպը թեմատիկ և ոճական առոմով հիշեցնում է «Ինչ է ձեզ մնացել» ստեղծագործությունը։ Ճանաչողական նմանությունը դրսևորվում է սյուժեի մակարդակով, գործողությունները տեղի են ունենում Պաղեստինի լեռներում գյուղական շրջանում, 1930- ական թվականներին և ծավալվում Բրիտանական մանդատի զինված ուժերից փախուստի դիմած երիտասարդի շուրջը։ Որպեսզի հաջողությամբ քողարկվի փախստականը բազմիցս փոխում է անունը և կենսագրությունը և եթե իշխանությունների հետ նախնական առճակատումը ներկայացվում է քաղաքականապես հիմնավորված, ապա հետագայում գլխավոր հերոսի գործողությունները կրում են բախտախնդրական բնույթ։ Սիրային խարդավանքները, սպանությունները, այս բոլորը գլխավոր հերոսի կերպարին տալիս են կենսական արժանահավատություն և խորություն[8]։

«Ումմ Սաադ» վեպում և «Թխվածք կամրջի վրա» պատմվածքում Կանաֆանին նկարագրում է հարևան արաբական երկրներում փախստականների ճամբարների առօրյա կյանքն ու կենցաղը։ Կեղտոտությունը, աղքատությունը, տարրական կենցաղային պայմանների բացակայությունը, կյանքի նորմա են դարձել հարյուր հազարավոր մարդկանց համար։ Աշխատանք գտնելու անհնարինությունը, ձանձրույթը, ձմռան ցուրտը, այս ամենը մարդկանց կատաղության են հասցնում, երիտասարդությանը ստիպում են անցնել ընդհատակ և անդամակցել ռազմականացվաած կազմակերպություններին։ Հուսահատությունը, կենցաղային հողի վրա ողբերգությունները տարեց մարդկանց հասցնում են խելագարության, իսկ երեխաները գումար վաստակելու համար ստիպված են լինում վաղ տարիքից զբաղվել փողոցային առևտրով։

Կանաֆանիի ստեղծագործություններում հաճախ ի հայտ է գալիս պաղեստինյան ճամբարի ներքին պառակտման թեման։ «Միշտ ինձ հետ պատմվածքում» պատմվածքում հեղինակը գրում է «Այդ ժամանակ բոլոր մարդիկ բաժանվում էին երեք խմբի, մի մասը մարտիկների, մյուսները պասիվ սպասողների, մնացածը դավաճանների»։ «Նամակ Տիրից» պատմվածքի հերոսը դիմում է պաղեստինյան շարժման ղեկավարներին, նրանց մեղադրելով այն բանում, որ այդ «նրանք կորցրեցին Պաղեստինը» և ստիպեցին մարդկանց լքել հայրենիքը։ «Նրանք չգիտեն ինչպես ղեկավարել զորքերին», ասում է հերոսը, նշելով, որ արաբական բանակի պարտության ողջ պատասխանատվությունը ընկած է դրանց հրամանատարների վրա։ «Մարդ, ով չի մահացել» պատմվածքում Կանաֆանին նկարագրում է այն իրադարձությունները, որոնց շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել Իսրայել պետությունը, դա արաբ սեփականատերերի կողմից հողերի վաճառքն էր հրեա ներգաղթյալներին։ Ստեղծագործության սյուժեն հստակ ցույց է տալիս, որ Իսրայելի կազմավորումը հենց պաղեստինցիների չհամաձայնեցված և անպատասխանատու գործողությունների արդյունք է։

Արաբերեն ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթ.: որոշ անվանումներ անհարթ են թարգմանված
  • mawt sarir raqam 12, 1961 (موت سرير رقم 12, A Death in Bed No. 12)
  • ard al-burtuqal al-hazin, 1963 (أرض البرتقال الحزين, The Land of Sad Oranges)
  • rijal fi ash-shams, 1963 (رجال في الشمس, Մարդն արևի տակ)
  • al-bab, 1964 (الباب, Դուռը)
  • 'aalam laysa lana, 1965 (عالمٌ ليس لنا, Աշխարհը, որը մերը չէ)
  • 'adab al-muqawamah fi filastin al-muhtalla 1948-1966, 1966 (أدب المقاومة في فلسطين المحتلة 1948-1966, Literature of Resistance in Occupied Palestine)
  • ma tabaqqa lakum, 1966 (ما تبقّى لكم, Ամենը, ինչ Ձեզ է մնացել)
  • fi al-adab al-sahyuni, 1967 (في الأدب الصهيوني, On Zionist Literature)
  • al-adab al-filastini al-muqawim that al-ihtilal: 1948-1968, 1968 (الأدب الفلسطيني المقاوم تحت الاحتلال 1948-1968, Palestinian Resistance Literature under the Occupation 1948-1968)
  • 'an ar-rijal wa-l-banadiq, 1968 (عن الرجال والبنادق, Տղամարդկանց և հրացանների մասին)
  • umm sa'd, 1969 (أم سعد, Umm Sa'd)
  • a'id ila Hayfa, 1970 (عائد إلى حيفا, Վերադարձ դեպի Հայֆա)
  • al-a'ma wa-al-atrash, 1972 (الأعمى والأطرش, Կույրեր և խուլեր)
  • Barquq Naysan, 1972 (برقوق نيسان, Ապրիլյան ծիրանը)
  • al-qubba'ah wa-l-nabi, 1973 (القبعة والنبي, Գդակն ու մարգարեն) անավարտ
  • thawra 1936-39 fi filastin, 1974 (ثورة 1936-39 في فلسطين, 1936-39 թթ. հեղափոխություն Պաղեստինում)
  • jisr ila-al-abad, 1978 (جسر إلى الأبد, Հավերժության կամուրջ)
  • al-qamis al-masruq wa-qisas ukhra, 1982 (القميص المسروق وقصص أخرى, Գողացված շապիկ և այլ պատմություններ)
  • «Ֆորտ ստրուկը» արաբական կարճ պատմվածքներում, 1983 (թարգմանիչ` Դենիս Ջոնսո-Դեյվիս)
  • Ֆարիս Ֆարիս, 1996 (فارس فارس, Knight Knight)

2013 թվականին Rimal Publications-ի (Կիպրոս) հրատարակած նոր ստեղծագործություններ Արաբերեն թողարկում)։

Novels:

  • Տղամարդիկ արևի տակ | رجال في الشمس (9789963610853, Rimal Publications, 2013)
  • Ամենը, ինչ քեզ է մնացել | ماتبقى لكم (9789963610945, Rimal Publications, 2013)
  • Ում Սաադ | أم سعد (9789963610938, Rimal Publications, 2013)
  • Սիրեկանը | العاشق (9789963610860, Rimal Publications, 2013)
  • Վերադարձ դեպի Հայֆա | عائد الى حيفا (9789963610914, Rimal Publications, 2013)
  • Այլ բաներ (Ո՞վ է սպանել Լայա Հայեկին) | الشيء الآخر (9789963610884, Rimal Publications, 2013)

Կարճ պատմվածքներ

  • Մահը 12-րդ մահճակալում | موت سرير رقم ١٢ (9789963610822, Rimal Publications, 2013)
  • Սադի նարինջների երկիր | ارض البرتقال الحزين (9789963610808, Rimal Publications, 2013)
  • Աշխարհը մեր սեփականը չէ | عالم ليس لنا (9789963610952, Rimal Publications, 2013)
  • Տղամարդկանց և հրացանների մասին | الرجال والبنادق (9789963610877, Rimal Publications, 2013)
  • Գողացված վերնաշապիկը | القميص المسروق (9789963610921, Rimal Publications, 2013)

Պիեսներ

  • Հավերժության կամուրջ | جسر إلى الأبد (9789963610815, Rimal Publications, 2013)
  • Դուռը | الباب (9789963610839, Rimal Publications, 2013)
  • Գդակն ու մարգարեն | القبعه والنبي (9789963610846, Rimal Publications, 2013)


Ուսումնասիրություններ

  • Resistance Literature in Occupied Palestine 1948 -1966 | أدب المقاومة في فلسطين المحتلة ١٩٤٨-١٩٦٦ (9789963610907, Rimal Publications, 2013)
  • Palestinian Literature of Resistance Under Occupation 1948 - 1968 | الأدب الفلسطيني المقاوم تحت الإحتلال ١٩٤٨ - ١٩٦٨ (9789963610891, Rimal Publications, 2013)
  • In Zionist Literature | في الأدب الصهيوني (9789963610983, Rimal Publications, 2013)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  5. Вестник ВГУ. Серия Гуманитарные науки, 2004. - № 1. - с. 125; http://www.vestnik.vsu.ru/pdf/hyman/2004/01/murad.pdf
  6. Pedahzur 2009, էջեր. 39–40.
  7. Константин Капитонов Израиль. История Моссада и спецназа. — Москва: АСТ, 2005. — С. 17-39. — 446 с. — (Воюющая страна). — 5000 экз. — ISBN 5-17-02-8779-8
  8. 8,0 8,1 Вестник ВГУ. Серия Гуманитарные науки, 2004. - № 1. - с. 126-127; http://www.vestnik.vsu.ru/pdf/hyman/2004/01/murad.pdf

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղասան Կանաֆանի» հոդվածին։