Jump to content

Գեղարվեստական կերպար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոն Կիխոտ

Գեղարվեստական կերպար, գրական-գեղարվեստական երկի մեջ հանդես եկող անձնավորություն, որն ունի բնավորության և վարքագծի որոշակի հատկանիշներ։ Գեղարվեստական կերպարի ստեղծումը արվեստագետի կարևորագույն խնդիրն է։ Կերպարը պատկերի հիմնական տեսակն է։ Պատկերի մյուս ձևերը (բնության և առարկայական աշխարհի տեսարաններ, դեպքերի նկարագրություն և այլն) ծառայում են մարդկային վարքագծի ավելի լրիվ ցուցադրմանը։ Գեղարվեստական կերպարի հիմնական յուրահատկությունը մարդուն բնորոշ եզակի գծերի և անհատականության զուգակցումն է ընդհանուրի և տիպականի հետ։ Արվեստի տեսակներում (գրականություն, թատրոն, կինո, կերպարվեստ, երաժշտություն) ու ենթատեսակներում գեղարվեստական կերպարը մարմնավորվում է արվեստի տվյալ ձևին հատուկ միջոցներով։ Գեղարվեստական կերպարի բնույթը կապված է գեղարվեստական մեթոդի և ուղղության հետ։

Ռեալիստական գեղարվեստական կերպար ամենից ավելի մոտ է արտացոլվող կյանքին։ Մյուս գեղարվեստական մեթոդներով (կլասիցիզմ, ռոմանտիզմ, նատուրալիզմ և այլն) ստեղծած կերպարները մեծ մասամբ միակողմանի են և հաճախ չեն համապատասխանում շրջապատող կենսական միջավայրին։ Գեղարվեստական կերպարներն իրենց բնույթով լինում են դրական և բացասական, գլխավոր և երկրորդական։ Գեղարվեստական կերպարի համար կան նաև մի շարք այլ տերմիններ՝ գործող անձ, բնավորություն, հերոս, տիպական բնավորություն, տիպ և այլն։ «Երկի մեջ հանդես եկող ամեն մի գործող անձ, եթե այն օժտված է բնավորության և գործողությունների որոշակիությամբ, ինքնին նաև գեղարվեստական մի պատկեր է, մարդկային անհատականության, մտածողության և վարքագծի մի կոնկրետ մարմնացում...»[1]:

Գեղարվեստական արտացոլման գլխավոր առարկան

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գեղարվեստական արտացոլման գլխավոր առարկան հասարակական մարդն է, որի ճակատագրի, զգացմունքների ու գործողությունների պատկերման միջոցով գրողը մարմնավորում է որոշակի դարաշրջանի և սոցիալական միջավայրի բնորոշ գծերը։ Ահա թե ինչու կերպարների, մարդկային կյանքի պատկերների ստեղծումը գրականության հիմնական և անփոխարինելի խնդիրն է»[2]։ Մարդը գեղարվեստական ստեղծագործությունում տարբեր ձևերով է ի հայտ գալիս, մի դեպքում կերպարը պատմող-հեղինակն է, մյուս դեպքում՝ քնարական հերոսը և այլն։ Գեղարվեստական պատկերները ծառայում են մի նպատակի՝ կերպարակերտմանը, իսկ ամեն կերպարի հիմքում մարդն է։ Գործող անձ՝ «Persona» բառը վերցված է ֆրանսերենից և ունի լատինական ծագում։ Այսպես էին հին հռոմեացիները անվանում դիմակը, որ օգտագործում էր դերասանը թատերական ներկայացման ժամանակ, իսկ հետագայում գրականության մեջ ստացել է երես, դեմք իմաստը։

Կերպարի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարները կամ ընթերցողի երևակայության արդյունքն են լինում. Գուլիվեր, լիլիպուտներ, կամ իրապես գոյություն ունեցած մարդկանց վերարտադրումներ. պատմական անձինք, գրողին ծանոթ մարդիկ, հաճախ հենց ինքը՝ գրողը, կամ էլ գրականության պատմությանը արդեն հայտնի կերպարների ձևափոխված, նորովի իմաստավորված վերարտադրություններ կարող են լինել. Դոն Ժուան, Ֆաուստ։ Անհատական կերպարների կողքին մեծ դեր են կատարում նաև հավաքական կերպարները. ժողովուրդ, ամբոխ, բանակ[3]։ Կերպավորման հարցում մեծ է գործողության դերը։ Լևոն-Զավեն Սյուրմելյանը գրում է. «Երբ կերպարներն իրենց բացահայտում են զարգացող գործողության միջոցով, նրանք հեղինակային լուսաբանում բոլորովին չեն պահանջում, կամ քիչ են պահանջում, քանի որ սյուժեն ինքն է բացահայտում կերպարը։ Ընթերցողին թույլ է տրվում նրանց մասին սեփական կարծիք կազմել` դատելով այն բանից, թե նրանք ինչ են անում, ասում, մտածում և զգում, կամ ուրիշներն ինչ են անում, ասում կամ մտածում նրանց մասին»[4]։ Պատկերի շատ տեսակներ կան՝ բնության տեսարաններն ու առարկայական աշխարհի նկարագրությունները, սիմվոլիկ, այլաբանական նկարագրությունները և այլն, սակայն դրանք բոլորը ծառայում են մի կարևոր նպատակի՝ մարդու բացահայտմանը և դրա համար էլ պատկեր-կերպարը պատկերի հիմնական տեսակն է համարվում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էդ. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Եր., 1980, էջ 120։
  2. Տե՛ս Էդ. Ջրբաշյան, Նշվ. աշխատություն, էջ 107։
  3. Տե՛ս Теория литературы, М., 1962 С 121:
  4. Լ.Զ. Սյուրմելյան, Արձակի տեխնիկա չափ և խենթություն, Եր. 2008, էջ 204։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 394
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստական կերպար» հոդվածին։

ժ