Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ, Արամ Մերանգուլյանի անվան, պետական, կազմակերպվել է 1926 թվականին Երևանում, որպես ռադիոյի ժողգործիքների նվագախումբ, 1957-1996 թվականին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ժողգործիքների անսամբլ։ Առաջին գեղարվեստական ղեկավար՝ Արամ Մերանգուլյան (1927-1967), 1967-1971 թվականին՝ Ստեփան Ջրբաշյան, 1971-1973 թվականին՝ Արմեն Մանդակունյան, 1974-1993 թվականին՝ Մանվել Բեգլարյան, 1996 թվականից՝ Ռուբեն Մաթևոսյան, դիրիժորներ՝ Մանվել Բեգլարյան, Ա. Պետրոսյան։ 1956 թվականից՝ վաստակավոր կոլեկտիվ։ 1967 թվականից՝ Արամ Մերանգուլյանի անվան։ Կատարողացանկը ընդգրկում է հայկական ժողովրդական, աշուղական և գուսանական երաժշտության, հայ և այլազգի պրոֆեսիոնալ ու ինքնուս կոմպոզիտորների, ԱՊՀ երկրների ժողովուրդների ժողովրդական ստեղծագործություններ։ Անսամբլի տարբեր տարիների մենակատարներից են դուդուկահարներ Մարգար Մարգարյանը, Լևոն Մադոյանը, Վաչե Հովսեփյանը, Ս. Կարապետյանը, Ա. Գրիգորյանը, Հ. Հովսեփյանը, թառահարներ Ս. Սեյրանյանը, Ա. Գասպարյանը, Ա. Նիկողոսյանը, Հ. Դարբինյանը, քանոնահարներ Ա. Ֆիրջուլյանը, Զավեն Տերմենջյանը, Ն. Ոպյանը, Անժելա Աթաբեկյանը, Ա. Կիրակոսյանը, քամանչահարներ Արտեմ Մեջինյանը, Ն. Հովհաննիսյանը, Խ. Ներսիսյանը, ուդահարներ Ս. Ալթունյանը, Կ. Արիստակեսյանը, Մ. Դեմիրճյանը, Ա. Սարգսյանը, թմբկահար Հ. Կարապետյանը, երգչուհիներ Արաքսյա Գյուլզադյանը, Շողիկ Մկրտչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Վարդուհի Խաչատրյանը, Ֆլորա Խորենյանը, երգիչներ Ա. Տեր-Աբրահամյանը, Գ. Գալոյանը, Հովհաննես Բադալյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Նորայր Մնացականյանը,  Րաֆֆի Հովհաննիսյանը և ուրիշներ։ Բացի ՀՀ ռադիոյով և հեռուստատեսությամբ հաղորդվող համերգներից ու բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններից, համույթը ելույթներ է ունեցել նաև ՀՀ, արտասահմանյան քաղաքներում։ 1997 թվականին անսամբլի նվագարանային խումբը Բելգիայում մասնակցել է ֆոլկլորային երաժշտության «Դրանուտեր» միջազգային փառատոնին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png