Հակոբ Մկրտումի Հովնաթանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովնաթանյան (այլ կիրառումներ)
Հակոբ Մկրտումի Հովնաթանյան
Ծնվել է1806[1][2][3][…]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել է1881[1][2][3][…]
Մահվան վայրԹեհրան, Իրան[4]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ղաջարական Պարսկաստան
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և գեղանկարչություն
ՈւսուցիչՄկրտում Հովնաթանյան
ՀայրՄկրտում Հովնաթանյան[4]
Հակոբ Մկրտումի Հովնաթանյան Վիքիդարանում
 Hakob Hovnatanian Վիքիպահեստում

Հակոբ Մկրտումի Հովնաթանյան (1806[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] - 1881[1][2][3][…], Թեհրան, Իրան[4]), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է հոր՝ Մկրտում Հովնաթանյանի մոտ, որի հետ նկարազարդել ու վերանորոգել է Թիֆլիսի եկեղեցիների (Սիոնի կաթողիկե, Սուրբ Նշան, Նորաշեն և այլն) ներքին հարդարանքը, ստեղծել է դիմանկարներ (Եփրեմ կաթողիկոսի դիմանկարը)։ 1841 թվականին Հովնաթանյանը Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի խորհրդին է ներկայացրել Կովկասի քաղաքացիական վարչության կառավարիչ Ե. Ա. Գոլովինի դիմանկարը և ստացել «Ոչ դասական նկարչի» կոչում։ Արժանացել է ոսկե մեդալի և 14-րդ դասի աստիճանավորի կոչման (1842)։

Հովնաթանյանի աշխատանքների զգալի մասը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Վրաստանի արվեստի թանգարանում (Թբիլիսի), Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում (Մոսկվա) և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործական շրջանը Իրանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1865 թվականից տեղափոխվել է Իրան, ապրել ու ստեղծագործել Թավրիզում, ապա՝ Թեհրանում։ Եղել է շահի պալատական նկարիչը, կրել «Նաղըշ բաշի» (նկարիչների գլխավոր) տիտղոսը, արժանացել «Էլմի» (գիտություն) շքանշանի։ Հովնաթանյանը հիմնականում դիմանկարիչ էր՝ զարգացրել է դիմանկարի Հովնաթանյան այն տեսակը, որը հիմնավորվել էր դեռևս պապի՝ Հովնաթան Հովնաթանյանի ժամանակ։ Նրա պատվիրատուները Թիֆլիսի մոքալաքները (տոհմիկ քաղաքացիներ), գիմնազիստները, վաճառականները, աստիճանավորներն ու նրանց կանայք էին։ Հովնաթանյանի կտավները փոքրաչափ են։ Պահպանելով բնորդի արտաքին, վավերական գծերը՝ նկարիչը զգալի տեղ է հատկացրել պատկերվողի տարազին, նրա գունային և դեկորատիվ հնչեղությանը, նա հեռացել է կերպավորման հարթապատկերային սկզբունքներից, որին ապավինում էին նրա նախորդները, ձգտել ծավալաձևերի մոդելավորման, նյութականության, պատկերվողի հոգեբանական գծերի շեշտադրման։ Հովնաթանյանի արվեստն ամփոփելով տոհմի գեղանկարչական նորամուծությունները, տեղի գեղագիտական պահանջները միահյուսել է Արևելքի (հատկապես Իրանի) գեղարվեստական ըմբռնումներին, որակական նոր աստիճանի բարձրացրել գեղանկարչության ազգային մտածողությունը։ Այն նոր երևույթ էր Կովկասի մշակութային կյանքում և երկար ժամանակ իշխող է եղել տեղական արվեստի ձևավորման ընթացքում։ Հովնաթանյանի կանացի դիմանկարներին բնորոշ են դեմքի երկարավուն, օվալաձև գծանկարը, նշաձև թախծոտ աչքերը։ Պատկերվողի դեմքն ու ձեռքերը, գրաֆիկական խիստ ուրվագծով շեշտված ֆիգուրների եզրագծերը կերպավորված են պլաստիկական արտահայտչականումթյամբ։ Տղամարդկանց դիմանկարները հիմնականում կառուցված են սևի, ճերմակի, կանաչի և կարմրի նրբագեղ համադրումներով։ 1840-1850-ական թվականներին դիմանկարներում բացառիկ շքեղությամբ է դրսևորվել Հովնաթանյանի վարպետությունը։ Դասակարգային տարբեր շերտավորումների և սոցիալական խավերի տիպական առանձնահատկությունների հոգեբանական վերհանումը Հովնաթանյանի դիմանկարների կարևոր առանձնահատկություններից է։ Դիմանկարների պարզ և մատչելի թվացող կոմպոզիցիոն կառուցվածքը, տարածության մեջ «փոքրացված» մարմինները, միատարր լուսավորությունը հովնաթանյանական կոլորիտի հստակության ու նրբագեղության շնորհիվ նպաստել են կերպարների որոշակիությանն ու վավերական ստուգությանը։ Մարտիրոս Օրբելյանի, Թովմաս Թովմասյանի, Դե Կորմիկի դիմանկարների գունային կառուցվածքն ու ձևերի ամուր ներդաշնակությունը համահնչուն են Հովնաթանյանի լավագույն ստեղծագործություններից մեկին՝ Ներսես Աշտարակեցու դիմանկարին, որտեղ սևը (փարաջան) և հագեցված կարմիրը (կրծքի շքանշանների ժապավենը) ընդգծում են բնորդի ծերունական իմաստությամբ բնութագրվող դեմքը։ Իրանական շրջանի գործերում (դրանց թիվն անցնում է 10-ից) փոփոխություն են կրել դիմանկարի կառուցման հովնաթանյանական սկզբունքները։ Նկարները դարձել են որոշակիորեն շքերթային, էկլեկտիկ։ Հովնաթանյանի արվեստը խոր հետք է թողել իր ժամանակի գեղանկարչության զարգացման վրա։ Դրա վկայություններն են այն բազմաթիվ դիմանկարները, որոնք գրականության մեջ հայտնի են «Հովնաթանյանի դպրոց» կամ «19-րդ դարի 1-ին կեսի Թիֆլիսյան դպրոց» անվան տակ։ Սրանց ֆոնի վրա Հովնաթանյանի աշխատանքներն աչքի են ընկնում պրոֆեսիոնալ բարձր վարպետությամբ, հմայիչ գեղանկարով, կերպարային մտածողության կատարելությամբ, խորը մարդասիրությամբ։ Հովնաթանյան ընտանիքի վերջին, տաղանդավոր նկարիչ Հակոբ Հովնաթանյանը ավարտել ու նոր որակ է հաղորդել 17-18-րդ դարերի ձևավորված հայ նոր գեղանկարչությանը և հետագայում ուղենիշ է եղել ազգային արվեստի զարգացման ընթացքում։ Հովնաթանյանի ստեղծագործությունը հայ-վրացական մշակութային կապերի փայլուն էջերից է։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովնաթանյանը մահացել է 1881 թվականին Թեհրանում։ Թաղված է Թեհրանի Դարվազիե Ղազվին թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտիկյան Ե., Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 1, Երևան, 1971
  • Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը XVII—XYIII դարերում, Երևան, 1974
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մկրտումի Հովնաթանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մկրտումի Հովնաթանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։