Կրոնը և եկեղեցին Արցախում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից




Կրոնն Արցախում (2015)[1]      Հայ Առաքելական (98.03%)     Ավետարանականներ (0.37%)     Եհովայի վկաներ (0.23%)     Ռուս Ուղղափառ (0.15%)     Այլ (0.14%)     Անկրոնություն (0.43%)     Ոչ կրոնական հոգևորություն (0.41%)     Անորոշ (0.24%)

Արցախում հոգևոր սպասավորությունն իրականացնում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմը, որը կազմավորվել է 1989 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը Շուշիի Սբ․ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին է (1868-1887), թեմի առաջնորդը՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը (1989 թվականից)։ Արցախ-Ղարաբաղ աշխարհում քրիստոնեության առաջին քարոզիչների՝ Թադեոս առաքյալի աշակերտներ Դադոյի (Դադի) և Եղիշեի նահատակության վայրերում հետագայում կառուցել են Դադիվանքն ու Սուրբ Եղիշե առաքյալի վանքը։ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301) հետո Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լոաավորիչը IV դարի սկգբին Ամարաս ավանում հիմնել է առաջին վանքը, որի կառուցումն ավարտել է նրա թոռը՝ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը (թաղված է նույն վանքում)։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրում ստեղծված թեմերը, նվիրապետ, աթոռները (կաթողիկոսություն, մետրոպոլիտություն) մշտապես վարչականորեն և «ի հոգևորս» ենթարկվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն ու ընդունել հայոց կաթողիկոսության գահերեցությունը։ Հայոց Արշակունիների հարստության անկումից (428) հետո Արցախն ու Ուտիքը (461 թվականից, երբ մտել են Աղվանից մարզպանության մեջ) Լփինքի, Բաղասականի և Մազքթաց աշխարհի հետ կազմել են Հայ եկեղեցու վեհապետական իրավունքները ճանաչող Աղվանից կաթողիկոսությունը՝ Կապաղակ, Պարտավ, ապա՝ Ամարաս, Չարեքավանք (Բերդակուր, ամառային նստավայր), Խամշի վանք, Գանձակ կենտրոններով։ XIV դարից, երբ կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է կոչվել Գանձասարի կաթողիկոսություն։ XVII դարի կեսից Խաչենի Երից մանկանց վանքում ստեղծվել է հակաթոռ կաթողիկոսություն, որը երկփեղկել է Գանձասարի կաթողիկոսությունը մինչև XIX դարը։ XVIII դարի վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736, XIX դարի սկգբին՝ 1311 գործող եկեղեցիներ ու վանքեր։ Վանքերին (Հոռեկա, Երից մանկանց, Հակոբավանք և այլն) կից գործել են դպրանոցներ։ Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսությունը տնօրինել է բուն Աղվանքի (Կապաղակ, Շաքի, Բաղախատ), Աղվանից մարզպանության հյուսիսային հատվածի (Ձող, Ցիր) և Մեծ Հայքի «Արևելից կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարղման, Հաշու, Գանձասար, Բաղասական) թեմերը։ քաղաքական հանգամանքների բերումով թեմերի թիվը մշտապես փոխվել է։ Գանձասարի կաթողիկոսությունը, հոգևոր բնագավառից բացի, գործուն մասնակցություն է ունեցել Արցախ-Ղարաբաղի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում։ Հատկապես Հասան-Ջալալյանների հայրապետության տարիներին եղել է Արցախում հաստատված իսլամադավան խաների բռնակալության դեմ մելիքների պայքարի և XVIII դարի 1-ին քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչը, ոգեշնչողը, հոգևոր ու քաղաքական կենտրոնը։ 1815 թվականին ցարական կառավարությունը լուծարել է Գանձասարի կաթողիկոսությունը՝ փոխարենը հաստատելով մետրոպոլիտություն՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա Ղարաբաղի և Շամախու առաջնորդ, թեմերով, 1 հաջորդական վիճակով։ Այդ բաժանումը վերահաստատվել է «Պոլոժենիե»-ով (1836)։ Շուշիի կամ Արցախ-Ղարաբաղի թեմի (կենտրոնը՝ Շուշի) մեջ մտել են Դիզակ, Վարանդա, Բերդաձոր, Խաչեն, Ջրաբերդ, Գյուլիստան, Շաքի, Կապաղակ, Հաջի, Խենի, Կամբեճան, Արաշ (Արեշ), Լենքորան (Լանքարան) գավառները։ Շամախու (Շիրվանի) թեմը (կենտրոնը՝ Շամախի) ընդգրկել է Դերբենդի, Ղուբայի, Շամախու, Բաքվի, Սարլյանի և հարևան գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Գանձակի հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ (Ելիզավետպոլ) քաղաքը, որին ենթարկվել են Գարդման, Փառիսոս, Զավե գավառները։ 1830-ական թվականներին Արցախի թեմում գործել են 25, 1860-1870-ական թվականներին՝ 30 եկեղեցական-ծխական դպրոցներ։ 1914 թվականին թեմն ունեցել է 222 գործող եկեղեցիներ ու վանքեր, 180 հոգևորական։ 1930 թվականին թեմը դադարել է գործելուց, փակվել են բոլոր վանքերն ու եկեղեցիները, աքսորվել և գնդակահարվել են բազմաթիվ հոգևորականներ։ Արցախի թեմի տարածքում են հոգևոր աթոռանիստ կենտրոնը՝ Գանձասարի վանքը (IV-XIII դարեր), Ամարասի վանքը (IV դար), Հոռեկավանքը, Մեծառանից Սուրբ Հակոբավանքը (երկուսն էլ՝ V դար), Կատարավանքը (X դար), Եղիշե առաքյալի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գտչավանքը (չորսն էլ՝ XIII դար), Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ, 1818, վերանորոգվել է 2011 թվականին) եկեղեցին և այլն։ Թեմի տարածքում գործում են Ամարասի Սուրբ Գրիգորիս (IV դար), Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (IV դար, նորոգվել է 2002 թվականին), Դադիվանքի՝ չորս (IV-XIII դարեր), Թալիշի Սուրբ Աստվածածին (XV դար) եկեղեցիները, Մսմանայի Շոշկավանքը (XVI դար), Ավետարանոցի, Խնածախի (երկուսն էլ՝ XVIII դար), Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին, Աստղաշենի Սուրբ Աստվածածին, Այգեստանի Սուրբ Աստվածածին, Խաչենի Սուրբ Ստեփանոս, Պադարայի Սուրբ Ստեփանոս, Խաչմաչի Սուրբ Ստեփանոս, Աշանի Սուրբ Աստվածածին, Կաղարծիի Սուրբ Թարգմանչաց, Ննգիի Սուրբ Աստվածածին, Հադրութի Սուրբ Հարություն (բոլորը՝ XIX դար), Բերձորի Սուրբ Համբարձման (1997), Աղավնո Սուրբ Նահատակաց (2005), Ստեփանակերտի Սուրբ Հակոբ (2007) եկեղեցիները։ ԼՂՀ-ում կառուցվել են նաև Ասկերանի Սուրբ Աստվածածին (2002), Եղցահողի Սուրբ Սարգիս (2005), Մարտունիի Սուրբ Ներսես, Վաղուհասի Սուրբ Աստվածածին (երկուսն էլ՝ 2006), Մեծշենի Սուրբ Գևորգ, Ձագլիկի Սուրբ Անտոն (երկուսն էլ՝ 2007) եկեղեցիները։ ԼՂՀ ՊԲ-ի զորամասերում կառուցվել է 7 մատուռ։ 1990-1995 թվականներին թեմի հովանու ներքո բացվել են «Գթություն» բարեգործական միությունը և ծերանոց։ 1990 թվականից գործում է «Եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը, 1991 թվականին Երևանում հիմնադրվել է «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։