Կհաջուրահո
Բնակավայր | ||
---|---|---|
Կհաջուրահո | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 282 մետր | |
Բնակչություն | 24 481 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 7686 | |
Փոստային ինդեքսներ | 471606 | |
| ||
Կհաջուրահո (հինդի՝ खजुराहो), միջնադարյան Չանդելա արքայատոհմի (IX-XIII դդ.) մայրաքաղաքը, որը գտնվում է Կենտրոնական Հնդկաստանում (ներկայիս Մադհյա Պրադեշ նահանգ): Երբեմնի քաղաքի տարածքում պահպանվել են մի խումբ հինավուրց տաճարներ, որոնք 1986 թվականից ընդգրկվել են Հնդկաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2][3]:
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցյալում Կհաջուրահոն մեծ քաղաք էր և ներկայիս նրա ավերակները զբաղեցնում են մոտավորապես 14² կմ տարածք: Կհաջուրահոյի տաճարները կառուցվել են Չանդելա արքայատոհմի ժամանակներում, որոնք կառավարել են 650-1150 թվականներին: Քաղաքը նրանց մշակութային և կրոնական մայրաքաղաքն էր: Տաճարների մեծամասնությունը կառուցվել են 950 և 1100 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:
85 տաճարներից պահպանվել են միայն 20-ը, որոնք կազմում են երեք խումբ և պատկանում են երկու տարբեր կրոնական ուղղությունների՝ հինդուիզմին և ջայնիզմին, այդպիսով վեր հանելով ճարտարապետական ձևերի և քանդակների միջև եղած օրգանական զուգակցումը: Կհաջուրահոյի աշխարհիկ կառույցները չեն պահպանվել, իսկ տաճարները պահպանել են հյուսիսում գտնվող հնդարիական տիպի տաճարների հետ ունեցած ոճային ընդհանրությունները: Այստեղ ներկայացված հյուսիսհնդկական «նագարա» ոճին բնորոշ են երեք տարրեր՝ քառակուսի սրբարանը, մեկ կամ երկու շարք տրանսեպտներն ու շիկհարաները, որոնք պսակում են տաճարը[4]:
Չանդելա արքյատոհմի անկումից հետո քաղաքը մասնակիորեն ավերվել է և մուսուլմանների կառավարման ժամանակաընթացքում կորսվել ջունգլիներում: 1838 թվականին տեղացի ուղեցույցները անգլիական բանակի սպա Տ. Ս. Բերտին ուղեկցել են կորուսյալ տաճարների մոտ, որի շնորհիվ էլ նրանք կրկին հառնեցին հասարակական լայն շրջանակների առջև[5][6]:
Հնդկական հնագիտության հիմնադիր Ալեքսանդր Կանինգհեմի հաղորդմամբ, տաճարների երկրորդ հայտնաբերումից հետո, դրանք հինդուսների և յոգերի կողմից գաղտնի կերպով օգտագործվում էին հոգևոր գործունեություն ծավալելու համար: Գլխավոր տոնակատարությունների ժամանակ այցելում էին ուխտավորներ: Այդպիսի տոներից էր նաև Շիվա աստծուն նվիրված Մահաշիվարատրին: 1850 թվականին հնդկագետ Ֆրեդերիկ Մեյսին, առաջին անգամ սկսեց մատիտով ուրվագծել Կհաջուրահոյի ճարտարապետական տարրերը[7]:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կհաջուրահոյի համալիրը իրենից ներկայացնում է հյուսիսային Հնդկաստանի միջնադարյան ճարտարապետության զարգացման գագաթնակետը: Տաճարները նվիրված են շիվաիզմի, վայշնավիզմի և ջայնիզմի աստվածություններին: Գրեթե բոլոր տաճարները կառուցված են բաց դարչնագույն ավազաքարից: Առավել աչքի ընկնողը արևմտյան խմբին պատկանող տաճարներն են: Դրանցից հատկապես առանձնանում է Չաուսաթ Յոգինի տաճարը, որն ամենահին տաճարներից մեկն է և նվիրված է Կալի աստվածուհուն: Ամենախոշորը նույն խմբին պատկանող Կանդարյա Մահադևա տաճարն է՝ նվիրված Շիվային և կառուցվել է Վիդյադհարա թագավորի օրոք՝ 1025-1050 թվականներին[8]: Վերջինս դրանով ցանկանում էր իր գոհունակությունը արտահայտել Շիվային՝ Մահմուդ Ղազնևիի դեմ տարած հաղթանակի համար: Տաճարի ներսում առկա են երեք սրահներ, որոնք տարածքային առումով ըստ հերթականության մեծանում են: Առաջին սրահը նվիրված է Շիվային, երկրորդը նրա կնոջը՝ Փարվատիին, իսկ երրորդ սրահում, որը սրբարանն էր, գտնվում էր Շիվայի խորհրդանիշ Լինգամը[9]:
Տաճարների պատերը ծածկված են դիցաբանական տարբեր հերոսների, կենդանիների, երաժիշտների, պարողների և սիրահարների քանդակներով[4]: Ընդհանուր առմամբ, 22 տաճարներից առավելապես հայտնի են արևմտյան խմբին պատկանող հինգ տաճարներ, որոնք ամեն տարի դեպի իրենց են ձգում հազարավոր զբոսաշրջիկների[10]: Տաճարներից երեքը կառուցված են գրանիտից, իսկ մնացածը՝ ավազաքարից: Հիմնականում շինանյութը հայթայթել են Կեն գետի արևելյան ափին գտնվող Պաննա քաղաքից[11]:
Քանդակների կոմպոզիցիան[խմբագրել | խմբագրել կոդը]
Կհաջուրահոյի տաճարների քանդակագործության ակունքների մոտ կանգնած է Օրիսայի (Օդիշա) միջնադարյան դպրոցը և գերազանցում է նրան պատկերների վայելչագեղությամբ: Համալիրի քանդակների ամբողջությունը կարելի է բաժանել հինգ կարգերի[12].
- Այն աստվածության քանդակները, որին նվիրված է տաճարը:
- Աստվածությունների արբանյակների քանդակներ, որոնց թվին են պատկանում նաև աստվածությունների կանայք՝ Լաքշմին և Փարվատին:
- Կիսաստվածներ և հոգիներ: Դրանց թվին են պատկանում ապսարաները, գանդհարվաները և սուրասունդարիները (երկնային գեղեցկուհիները):
- Աշխարհիկ կերպարներ: Դրանց են պատկանում թագավորներն ու նրանց ընտանիքների անդամները, մարդկանց կենցաղը պատկերող քանդակները և այլն:
- Կենդանիների քանդակներ (փղեր, ձիեր, կապիկներ, շներ, թռչուններ և այլն):
Էրոտիզմը Կհաջուրահոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կհաջուրահոն դարձել է էրոտիկ բնույթի քանդակագործության խորհրդանիշը: Վայելչագեղ կանայք (սուրասունդարիները) և նրանց ուղեկիցները ներկայացված են բնական իրավիճակներում: Էրոտիկ քանդակները թույլ են տալիս պատկերացում կազմել Հին Հնդկաստանում սեռական կյանքի վերաբերյալ: Հինդուիստական փիլիսոփայության մեջ սեքսի երեք նպատակներից (սերնդի շարունակություն, հաճույք և կրթություն)՝ էրոտիկ տեսարաններում ներկայացված է միայն հաճույքը: Այդ բոլոր էրոտիկ պատկերները քանդակված են տաճարների արտաքին պատերին և դրանցից ոչ մեկը ներսում չի քանդակված:
Որոշ հնդկագետների կարծիքով, էրոտիկ տեսարանները պատկերում են տանտրիզմի ուսմունքը: Կամասուտրան 8-րդ գլխի երրորդ մասում հիշատակում է մի շարք հոմոսեքսուալ դիրքեր և Կհաջուրահոյում ներկայացված են համապատասխան մի քանի տեսարան: Նման տեսարաններ հանդիպում են նաև Կոնարկ քաղաքի և Պուրի շրջանի տաճարների քանդակներում, ինչպես նաև Ինդոնեզիայի Բորոբուդուր բուդդայական ստուպայում[13]:
Կհաջուրահոյի քանդակագործության մեջ էրոտիզմի առկայության վերաբերյալ հնդկագետները առաջ են քաշում մի քանի բացատրություն: Առաջին հերթին, սեքսի թեման Հին Հնդկաստանում կարող էր լինել հասանելի բոլորի համար և այն արգելված չի եղել: Երկրորդ. Քանդակները Կամասուտրայի նկարազարդումներն են և զուտ ծիսակարգային խորհրդանիշներ են: Յոգայի (մարմնի և զգացմունքների կառավարման ունակություն) և բհոգայի (ֆիզիկական հաճույք) միավորման մեջ հինդուսները տեսնում էին ազատության հասնելու ուղին: Երրորդ. Էրոտիկ քանդակները տաճարների պատերի ներքևի հատվածներում պատկերելը՝ ուներ մեկ նպատակ, ցույց տալ սեռական հարաբերությունների տեղը մարդկային արժեքների աստիճանահարթակում: Վերևի հատվածներում գտնվում են միայն աստվածներն ու կիսաստվածները:
Հարկ է նշել, որ Հին Հնդկաստանում հանդիպում են սիրահար զույգերի առավել վաղ արված պատկերներ: Դրանց թվին են պատկանում Շունգայի ժամանակաշրջանի տերակոտային քանդակները, ինչպես նաև Ամրավատի և Մաթհուրա քաղաքների ավելի ուշ շրջանի քանդակները: Ընդհանուր առմամբ, Կհաջուրահոյի տաճարային համալիրի էրոտիզմը հաճախ չափազանցվում է: Հնդկագետների գնահատականներով, արևմտյան խմբին պատկանող տաճարները զարդարող քանդակների միայն 2-3%-ն է համարվում էրոտիկ բնույթ ունեցող[10]:
Տաճարային համալիրի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կհաջուրահոյի համալիրի կազմում ընդգրկված են հետևյալ տաճարները[14].
Ժամանակակից անվանում | Տաճարների խումբ | Կրոն | Աստվածություն | Պատկեր |
---|---|---|---|---|
Չաունսատ Յոգայի տաճար | արևմտյան | հինդուիզմ | Կալի և 64 յոգաներ | |
Լալգուն Մահադևի տաճար | արևմտյան | հինդուիզմ | Շիվա | |
Բրահմայի տաճար | արևելյան | հինդուիզմ | Վիշնու | |
Լակշմանի տաճար | արևմտյան | հինդուիզմ | Վայկունթհա Չատուրմուրթհի | |
Վարահայի տաճար | արևմտյան | հինդուիզմ | Վարահա | |
Պարշվանաթհի տաճար | արևելյան | ջայնիզմ | Պարշվանաթհ | |
Գանատայի տաճար | արևելյան | ջայնիզմ | Ռիշաբհա | |
Վիշվանաթհի տաճար | արևմտյան | հինդուիզմ | Շիվա | |
Նանդիի տաճար (մանդապա) | արևմտյան | հինդուիզմ | Նանդին | |
Փարվատիի տաճար | արևմտյան | հինդուիզմ | Փարվատի | |
Մատանգեշվարայի տաճար | արևմտյան | հինդուիզմ | Շիվա | |
Դևի Ջագադամբիի տաճար | արևմտյան | հինդուիզմ | Փարվատի | |
Չիտրագուպտայի տաճար | արևմտյան | հինդուիզմ | Չիտրագուպտա | |
Ադինաթհի տաճար | արևելյան | ջայնիզմ | Ադինաթհ | |
Շանտինաթհի տաճար | արևելյան | ջայնիզմ | Շանտինաթհ | |
Կանդարյա Մահադևայի տաճար | արևմտյան | հինդուիզմ | Շիվա | |
Մահադևայի տաճար | արևմտյան | հինդուիզմ | Շիվա | |
Վամանայի տաճար | արևելյան | հինդուիզմ | Վամանա | |
Յավարայի տաճար | արևելյան | հինդուիզմ | Վիշնու | |
Չատուրբհուջայի տաճար | հարավային | հինդուիզմ | Վիշնու | |
Դուլադևի տաճար | հարավային | հինդուիզմ | Շիվա |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կհաջուրահո
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.census2011.co.in/data/town/802141-khajuraho-madhya-pradesh.html
- ↑ «World Heritage Day: Five must-visit sites in India»
- ↑ Khajuraho Group of Monuments UNESCO World Heritage Site
- ↑ 4,0 4,1 Альбедиль, 1996
- ↑ «T. S. Burt (british officer)»։ Encyclopædia Britannica։ 2018
- ↑ Nicholson, 1985, էջ 70—74
- ↑ Maisey, Frederick Charles (1825-1892) (մարտի 26, 2009)։ «Architectural details, Khajuraho»։ The British Library
- ↑ Devangana Desai, 2005, էջ 10
- ↑ Suresh, 1999, էջ 11—20
- ↑ 10,0 10,1 Chib S. Comment on Ichaporia's Tourism at Khajuraho: An Indian Enigma // Annals of Tourism Research. — 1984. — Т. 11. — № 3. — С. 507.
- ↑ Жуковский, Копцева, 2005, էջ 319
- ↑ Жуковский, Копцева, 2005, էջ 298
- ↑ Swati S. (հոկտեմբերի 20, 2011)։ «Societal Attitude Towards Homosexuality»։ SSRN
- ↑ «Monuments of Chhatarpur»։ Archaeological Survey of India, Bhopal Circle։ Govt of India, Ministry of Culture։ 2018
|