Ստուպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստուպա

Ստուպա (սանսկր., स्तूप, stūpa), գմբեթաձև շինություն, որտեղ պահպանվում են բուդդայական մասունքներ, մասնավորապես մահացածների մոխիրը։ Այս տեղն օգտագործվում է մեդիտացիայի համար։

Stūpa բառը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է գագաթ։ Այն իրենից ներկայացնում է գնդաձև շինություն առանց ներսում տարածքի։ Ճարտարապետությունը կարող է տարբերվել երկրից երկիր, սակայն հիմնական մասերը մնում են անփոփոխ. Հիմք, աստիճան, գմբեթ, սայր, տանիք։ Ընդ որում դրանց մեկնաբանությունը տարբեր է լինում։ Համաձայն մեկի դրանք նույնացվում են տարերքների հետ (հող, ջուր, կրակ, օդ)։ Նաև հայտնի է մեկնաբանություն, համաձայն որի այդ մասերը ներկայացնում են հոգևոր մաքրվածության աստիճանը. հիմքը դա մթագնած ուղեղն է, հաջորդ աստիճանը ճանապարհի սկիզբն է, սայրը բոդհիսատվայի վիճակն է (մարդու որոշումը դառնալ Բուդդա հանուն մարդկության բարօրության), իսկ գմբեթը` մաքրության գերագույն մակարդակը` Բուդդայի վիճակը։

Պատմություն[խմբագրել]

Երկրային կյանքի ավարտից հետո Բուդդայի մարմինն այրվեց ու բաժանվեց 8 մասերի, որոնք ուղարկվեցին տարբեր երկրներ որպես մասունք։ Մ.թ.ա. III դարում Սանչի գյուղում կառուցվեց աշխարհում առաջին ստուպան (մասունքների դամբարանը)։ Մ.թ.ա. II դարում Աշոկ արքայի օրոք մոխիրի 8 մասերը վերաբաժանվեցին ավելի փոքր մասնիկների, ու ևս 84 հազար ստուպաներ կառուցվեցին։ Հնդկաստանում ստուպան հայտնի է «պագոդա» անվամբ, իսկ Շրի Լանկայում` դագոբա։

Դագոբան բուդդայականության կարևորագույն խորհրդանիշերից է. նրա աղյուսե հիմքը նույնացվում է աշխարհի առանցքի կամ Մերու լեռան հետ։ Նրա կենտրոնում հախճապակյա անոթի մեջ պահվում են Բուդդայի մասունքները։ Գմբեթն ասոցացվում է երկնային տարածության հետ։ Դագոբաները կառուցվում էին այն տեղերում, որտեղ տարածված էին ժողովրդական հավաքները։ Դրանք զարդարած էին քանդակներով ու զարդանախշերով։ Ամենատարածված պատկերների շարքում առավել տարածված էին նրանք, որ պատկերում էին Գաուտամայի ծնունդը, նրա վերածնունդը Բուդդայի տեսքով, աշխարհով թափառելու տեսարանները և «բացահայտման ծառը» (որի տակ Գաուտաման առաջին անգամ գիտակցեց իր նշանակությունը)։

Վաղ բուդդիստական մշակույթում ընդունված չէր պատկերել Բուդդայի դեմքը, ինչի պատճառով գեղանկարիչները դիմում էին տարբեր հնարքների։ Միայն մ.թ. 1 դարում Հնդկաստանում, Միջին ու Կենտրոնական Ասիայում հայտնվեց շենքերի կամ նկարների վրա Բուդդային պատկերելու ավանդույթը։ Ըստ որոշ աղբյուրների` այս ավանդույթն իրենց հետ բերեցին հույն գեղանկարիչները, որոնք տարածաշրջանում հայտնվել էին Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ։

Տարբեր դագոբաների վրա կարելի է հանդիպել Բուդդային երեք տեսքով` նստած, կանգնած ու պառկած։ Նստած Բուդդան մարմնավորում է մեդիտացիան ու լուսավորության վիճակը։ Կանգնած Բուդդան գիտելիք ու լուսավորություն է տանում մարդկանց։ Պառկած դիրքը ներկայացնում է մահամերձ Բուդդային` կողքի վրա պառկած, ձեռքը գլխի տակ։ Նրա մահիճը շրջապատում են բազմաթիվ վանականներ ու աշխարհիկ դեմքեր։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg