Կլարա Բաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Կլարա Բաթ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1872(1872-02-01)[1][2]
ԾննդավայրSouthwick, Adur, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էհունվարի 23, 1936(1936-01-23)[1][2] (63 տարեկան)
Մահվան վայրՕքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԵրաժշտության թագավորական քոլեջ
Մասնագիտությունօպերային երգչուհի և երգչուհի
ԱմուսինKennerley Rumford?
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Clara Butt Վիքիպահեստում
«Հույսի ու փառքի երկիր», երգում է Կլարա Բաթը 1911 թվականին

Բրիտանական կայսրության շքանշանակիր տիկին Կլարա Էլեն Բաթ (փետրվարի 1, 1872(1872-02-01)[1][2], Southwick, Adur, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հունվարի 23, 1936(1936-01-23)[1][2], Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կոնտրալտո։ Գլխավորապես հանդես է եկել մենահամերգներով ու որպես համերգային կատարող։ Հզոր ու խոր ձայնը տպավորել է ժամանակակից այնպիսի երգահանների, ինչպիսիք են Քամիլ Սեն-Սանսը և Էդուարդ Էլգարը․ վերջինս հատուկ Կլարայի համար երգաշարք է գրել։

Հանդես է եկել միայն երկու օպերային ներկայացման մեջ, երկու անգամ էլ՝ Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայում։ Կարիերայի ընթացքում ամուսնու՝ բարիտոն Քեններլի Ռամֆորդի հետ հաճախ է հանդես եկել մենահամերգներով։ Բազմաթիվ ձայնագրություններ է արել գրամոֆոնի համար։

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սասեքսի Սաութվիք քաղաքում և նավապետ Հենրի Ալբերտ Բաթի ու վերջինիս կնոջ՝ Կլարայի ավագ դուստրն էր[4]։ 1880 թվականին ընտանիքը տեղափոխվել է Անգլիայի Բրիստոլ քաղաքը, որտեղի ավագ դպրոցում Կլարան կրթություն է ստացել, բացահայտվել է երգելու նրա կարողությունն ու կատարողի նրա տաղանդը խրախուսվել է։ Տնօրենուհու խնդրանքով բաս Դանիել Ռուտեմը սկսել է զբաղվել նրա հետ ու նրան ընդունել իր ղեկավարած Բրիստոլի փառատոնային երգչախմբի կազմում[4]։

1890 թվականի հունվարին արժանացել է կրթաթոշակի, որը նրան հնարավորություն էր տալիս սովորել թագավորական երաժշտական քոլեջում։ Նրա վոկալի ուսուցիչներն էին Ջոն Հենրի Բլոուերն[5] ու Ալբերտ Վիզետտին[6], դաշնամուրի ուսուցիչը՝ Մարմադյուկ Բարտոնը[7]։ Քոլեջի չորրորդ կուրսում Վիկտորյա թագուհու ֆինանսավորմամբ երեք ամիս ուսանել է Փարիզում։ Սովորել է նաև Բեռլինում և Իտալիայում[4]։

Կատարողական դեբյուտով հանդես է եկել 1892 թվականի դեկտեմբերի 7-ին Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահում Արթուր Սալլիվանի «Ոսկե լեգենդ» կանտատում։ Երեք օր անց Լիցեում թատրոնում կատարել է Օրփեոսի դերը Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայում[5]։ Բեռնարդ Շոուն, որն այն ժամանակ «Աշխարհ» շաբաթաթերթի երաժշտական քննադատն էր, գրել է, որ նա «միանգամայն գերազանցեց այն առավելագույն սպասումները, որոնք կարող էին ողջամտորեն ակնկալվել» և նրա համար կանխատեսել է հաջողակ կարիերա[8]։

Բաթը վերադարձել է Փարիզ ու սկսել ուսումնառությունը Ժակ Բուիի մոտ (որը միջազգային հեղինակություն ունեցող նշանավոր կոնտրալտոներ Լուիզ Հոմերի ու Լուիզ Քիրքբի Լանի ուսուցիչն էր)։ Հետագայում հմտությունները կատարելագործել է Բեռլինում՝ հանրահայտ սոպրանո Էտելկա Գերստերի ղեկավարությամբ[4]։ Ֆրանսիացի երգահան Քամիլ Սեն-Սանսը լսել է նրան ու առաջարկել ուսումնասիրել իր «Սամսոն և Դալիլա» օպերան, բայց այդ ժամանակ բրիտանական բեմում արգելված էր աստվածաշնչյան թեմաների բեմադրումը, հետևաբար համագործակցությունը չի ստացվել[9]։ Երբ օրենքը փոխվել է, և 1909 թվականին օպերան բեմադրվել է Կովենտ գարդեն արքունական թատրոնում, ի հիասթափություն Բաթի՝ Դալիլայի դերը կատարել է Լանը[10]։

Բրիտանիայում Բաթը հեղինակություն է ձեռք բերել իր ձայնային տվյալների ու արտաքին տեսքի շնորհիվ․ ունեցել է 1․88 հասակ[5]։ Ձայնապնակների վրա ձայնագրություններ է կատարել, որոնցում հաճախ նրան նվագակցել է դաշնակահար Լիլիան Բրայանտը։ Ձայնագրությունների թվում են Սալլիվանի «Կորուսյալ ակորդը» երգի մի քանի կատարումները[11]։ Հիմնականում հանդես է եկել համերգներով, միայն երկու անգամ է երգել օպերայում, այն էլ՝ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի երկու բեմադրություններում։ Այդ ժամանակի առաջատար բրիտանացի երգահան Էդուարդ Էլգարը նրա համար ստեղծել է «Ծովային պատկերներ» երգաշարը, որը նա կատարել է 1899 թվականի հոկտեմբերի 5-ին Նորիջի փառատոնի ժամանակ երգահանի դիրիժորությամբ։ Երգաշարքի միակ ձայնագրությունը «Որտեղ են գտնվում կորալները» երգն է։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Բաթն իր ամուսնու՝ Քեններլի Ռամֆորդի հետ

1900 թվականի հունիսի 26-ին ամուսնացել է բարիտոն Քեններլի Ռամֆորդի հետ, որից հետո հաճախ է նրա հետ համերգներով հանդես եկել[5]։ Ունեցել են երկու որդի և մեկ դուստր[4]։ Բացի բազմաթիվ կարևոր փառատոններում ու համերգներում հանդես գալը, արքայական հրամաններով ելույթներ է ունեցել Վիկտորյա թագուհու, թագավորներ Էդուարդ VII-ի ու Գեորգ V-ի համար։ Շրջագայություններով հանդես է եկել Ավստրալիայում, Ճապոնիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք քաղաքներում[4]։

Առաջին աշխարհամարտի տարիներին կազմակերպել ու ելույթներ է ունեցել մի շարք բարեգործական համերգներում, որի համար 1920 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[4]։ Նույն տարում Միրիամ Լիսետեի հետ Կովենտ գարդենում երգել է Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի չորս բեմադրություններում[12], որն օպերային բեմում նրա միակ ելույթն է եղել[13]։

110 անգամ հանդես է եկել Ալբերտ թագավորական սրահում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կազմակերպելով բարեգործական նպատակներով կարևոր ֆոնդահավաք համերգներ[14]։

Բաթի երեք քույրերը նույնպես երգչուհիներ էին։

Կյանքի վերջին շրջանում Բաթը ողբերգություններ է ապրել․ ավագ որդին դեռևս դպրոցական հասակում մահացել է մենինգիտից, իսկ կրտսերը՝ ինքնասպանություն գործել[4]։ 1920-ական թվականներին ինքն է լրջորեն հիվանդացել ողնաշարի քաղցկեղով։ Հետագա ձայնագրությունների մեծ մասն արել է անվասայլակին նստած։ Մահացել է 1936 թվականին 63 տարեկանում Օքսֆորդշիրի Նորթ Ստրոք գյուղի իր տանը։ Հուղարկավորվել է գյուղի սուրբ Մարիամ եկեղեցու գերեզմանատանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Kennedy, Michael. "Butt, Dame Clara Ellen (1872–1936)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004. Online edition, January 2011. Retrieved 24 March 2013 (subscription or UK public library membership required)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Fuller Maitland J A, et al. "Butt, Dame Clara", Grove Music Online, Oxford Music Online. Oxford University Press. Retrieved 24 March 2013 Կաղապար:Subscription
  6. Maurice Leonard, Hope and Glory: A Life of Dame Clara Butt, Victorian Secrets Limited (2012), p. 32
  7. Leonard, p. 33
  8. Shaw, p. 765
  9. Leonard, pp. 66–67
  10. Leonard, p. 67
  11. Buckley, Jack. "In Search of The Lost Chord". MusicWeb International. Retrieved 2 September 2010
  12. "Dame Clara Butt in Opera", The Times, 2 July 1920, p. 10
  13. "Dame Clara Butt", The Times, 24 January 1936, p. 16
  14. Royal Albert Hall Archives, http://catalogue.royalalberthall.com/Advanced.aspx?src=CalmView.Performance

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ainger Michael (2002)։ Gilbert and Sullivan – A Dual Biography։ Oxford: Oxford University Press։ ISBN 0195147693 
  • Leonard Maurice (2012)։ Hope and Glory: a life of Dame Clara Butt։ Brighton: Victorian Secrets։ ISBN 1906469385 
  • Mackie David (2006)։ Arthur Sullivan and The Royal Society of Musicians։ London: The Royal Society of Musicians of Great Britain։ ISBN 0950948136 
  • Shaw Bernard (1898)։ Dan H Laurence, ed.։ Shaw's Music – The Complete Music Criticism of Bernard Shaw, Volume 2։ London: The Bodley Head։ ISBN 0370312716 

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]