Լյուդվիգ Էրհարդ
Լյուդվիգ Վիլհելմ Էրհարդ (գերմ.՝ Ludwig Wilhelm Erhard, փետրվարի 4, 1897[1][2][3][…], Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 5, 1977[4][1][2][…], Բոն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), արևմտագերմանական տնտեսագետ, քաղաքական գործիչ: 1963-1966 թվականներին եղել է ԳՖՀ-ի կանցլեր: 1966 թվականի մարտից մինչև 1967 թվականի մայիսը եղել է քրիստոնեական-դեմոկրատական միության քարտուղար:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդվիգ Էրհարդը ծնվել է Բավարիայում` մանր ձեռնարկատիրոջ ընտանիքում: Հայրը եղել է կաթոլիկ, իսկ մայրը` բողոքական-ավետարանական: Հայրը թույլ է տվել, որ մայրը երեխաներին դաստիարակի իր հավատով: Արդյունքում Էրհարդը, մնալով բողոքական, քրիստոնեա-դեմոկրատական շրջանականերում հրաշալի համագործակցել է կաթոլիկների հետ[5]:
Էրհարդը միջնակարգ կրթությունը ստացել է Ֆյուրտում և Նյուրնբերգում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարտնչել է հաուբիցային հրետանու կազմում: 1918 թվականին վիրավորվել է ձախ ուսի հատվածում: Յոթ վիրահատությունից հետո նրան ֆիզիկական աշխատանքի անկարողության ախտորոշում է տրվել: Դա հիմնական գործոնն է եղել, որ խոչընդոտել է Էրհարդին մոտակա ժամանակաշրջանում հոր ձեռնարկությունում աշխատելուն: Վիրավորումը Էրհարդի առողջությանը հասցված երկրորդ ծանր հարվածն էր. երեք տարեկան հասակում նա հիվանդացել էր պոլիոմիելիտով, ինչից հետո ողջ կյանքի ընթացքում պահպանվել էր աջ ոտքի դեֆորմացիան:
Էրհարդը տնտեսագիտություն է ուսանել Նյուրնբերգի Բարձրագույն առևտրական դպրոցում: 1922 թվականին ավարտելով դպրոցը` ընդունվել է Ֆրանկֆուրտի համալսարան[6]: Էրհարդը հետագայում հիշել է, որ այստեղ ուսանելու տարիներին եղել է կատարյալ միայնակ: Որպեսզի չմոռանա սեփական ձայնի տոնը, նա գնացել է զբոսայգի և բարձրաձայն երկար խոսել ինքն իր հետ: Սակայն նա հաղթահարել է իր միայնակությունը` դառնալով իր ժամանակի` հասարակությանն ամենից շատ ինտեգրված գերմանացիներից մեկը: Դառնալով ուսանող և առնչվելով Ֆրանկֆուրտի համալսարանում տնտեսագիտության դասավանդման ցածր մակարդակին` Էրհարդը մտել է դեկանատ և համարձակություն հավաքելով` հարցրել, թե որտեղ կարելի է այնուամենայնիվ գիտելիք ստանալ: Նրան պատասխանել են, որ կա մի մարդ` Ֆրանց Օպենհայմեր անունով: Էրհարդը գնացել է նրա մոտ և դրանից հետո Օպենհայմերին համարել գերմանացի լավագույն տնտեսագետ-գիտնականներից մեկը, մի մարդ, որ Գերմանիայում ազատական աշխարհայացքի հիմքն է դրել:
1925 թվականին ատենախոսություն պաշտպանելուց հետո սկսել է աշխատել Նյուրնբերգի` Տնտեսական հետազոտությունների ինստիտուտում[6]: Այնուհետև զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: 1942 թվականին նացիստների հետ տարաձայնություն ունենալու պատճառով լքել է ինստիտուտը: 1943 թվականից Էրհարդը դարձել է հետազոտական ոչ մեծ կենտրոնի ղեկավար, որը ձևավորվել էր Արդյունաբերողների կայսերական միության հովանու տակ: Այստեղ հիմնական ուշադրություն էր հատկացվում տնտեսական բարեփոխումների մշակմանը, որը պետք է եկել նացիստական ռեժիմի փլուզումից հետո:
Օկուպացված արևմտյան տարածքների կառավարման մարմիններում[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականի սեպտեմբերին Էրհարդը դարձել է Բավարիայի տնտեսության պետական նախարար, ապա դրամավարկային հարցերի հատուկ բաժանմունքի ղեկավար, իսկ 1948 թվականի մարտին` Բիզոնիայի տնտեսական կառավարման տնօրեն:
Արդեն 1946 թվականին, զբաղեցնելով Բավարիայի տնտեսության նախարարի պաշտոնը, Էրհարդը ակտիվորեն պնդել է բարեփոխումների անցկացման անհրաժեշտության գաղափարը: Բարեփոխումները հռչակվել են 1948 թվականի հունիսի 18-20-ին, ընդ որում, Էրհարդն իրականացրել է գերմանական տնտեսության ազատականացման իր սեփական գործողությունները: Ամերիկյան տարբերակը ենթադրում էր ռայխսմարկի փոխարեն (Վայմարի հանրապետության և Երրորդ Ռայխի դրամական միավոր) կայուն արժույթ ներմուծել (բարեփոխման ընթացքում ներմուծված գերմանական մարկը կիրառվել է մինչև եվրոյին անցումը): Էրհարդը սրա հետ մեկտեղ հրաժարվել է պետական պլանավորումից և ապրանքների գնագոյացման կենտրոնացված եղանակից` գերմանացի արտադրողներին ընձեռելով գործունեության լիակատար ազատություն: Էրհարդը շարունակել է աջակցել ազատական դիրքորոշմանը և ելույթ է ունեցել ֆինանսական կայունության օգտին` չնայած 1948-1949 թվականների ահռելի դժվարություններին և սոցիալ-դեմոկրատների կոշտ ընդդիմությանը:
Գերմանիայի կառավարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ձևավորումից հետո Էրհարդը դառնում է քրիստոնեա-դեմոկրատ և Կոնրադ Ադենաուերի կառավարությունում (1949-1963) զբաղեցնում տնտեսության նախարարի պաշտոնը` հետագայում նրան փոխարինելով դաշնային կանցլերի պաշտոնում: Նա շատ բան է արել գերմանական տնտեսական հրաշքի համար[7]:
Բարեփոխումների ճակատագիրը վճռվել է Կորեական պատերազմի սկսվելուց հետո: Հումքի գինը, որն արտահանում էր գերմանական տնտեսությունը, աճել էր մոտ 67 %-ով, մինչդեռ երկրից արտահանվող ապրանքի գինը` միայն 17 %-ով: Տնտեսական արագ աճ կարելի էր ապահովել միայն արտաքին շուկայի և այնտեղից մրցակիցների դուրս մղման շնորհիվ: Եթե տնտեսությունն այդ ժամանակ մրցունակ չլիներ, ճգնաժամը կարող էր խորացնել տնտեսության վիճակը: Նոր գլոբալ պատերազմի հետ կապված խուճապը առաջացնում է գնման խառնաշփոթ: Կանցլեր Ադենաուերի և տնտեսության նախարարի միջև սուր կոնֆլիկտ է ծագում, որը դուրս է գալիս կուսակցական ղեկավարության նեղ շրջանակից: Ստիպված փոխզիջումներ են լինում, որոնք արտաքին տնտեսական ոլորտում սահմանափակումներ են թույլ տալիս: Դա թույլ է տալիս ժամանակ շահել: Այնուհետև պատերազմը սկսում է աշխատել հօգուտ Գերմանիայի: Էժան աշխատուժով կայուն տնտեսությունը սկսում է լցնել համաշխարհային շուկան, որն ապրանքի խիստ կարիք ուներ: Շնորհիվ ցածր հարկերի` գերմանական համախառն ներքին արդյունքը 1950-ական թվականներին ամենաբարձրն էր զարգացած երկրների շրջանում, իսկ գների աճը` ամենից ցածրը:
Էրհարդն ամբողջությամբ հրաժարվում է կարգավորման մեքենայություններից, որ շատ տարածված էին արևելքում և ակտիվորեն օգտագործվում էին նրա նախորդների կողմից: Նա Գերմանիան բնորոշել է որպես արևմտյան մշակույթի և շուկայական տնտեսության երկիր` այն դարձնելով «ընդհանուր շուկայի» հենասյուներից մեկը:
1963 թվականին, երբ Ադենաուերն անցել է թոշակի, Էրհարդը փոխարինել է նրան կանցլերի պաշտոնում: Սակայն Էրհարդի ուղղագիծ կառավարումը, որ շատ լավ աշխատում էր սուր կոնֆլիկտների տարիներին, պիտանի չէր նոր դարաշրջանի տնտեսական հիմնական կուրսը դառնալու համար: 1966 թվականին նրա կողմնակիցները նրան փաստացի ստիպում են թողնել պաշտոնը: Ընդհուպ իր մահը 1977 թվականին Էրհարդը մնացել է Բունդեսթագի պատգամավոր[8]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրհարդի կինը` Լուիզան (1893-1975, օրիորդական ազգանունը` Լոտտեր), եղել է տնտեսագետ: Նա 1914 թվականին ամուսնացել էր փաստաբան Ֆրիդրիծ Շուստերի հետ, ով մեկ տարի անց մահացել էր ռազմաճակատում: Առաջին ամուսնությունից նա ունեցել է դուստր` Էլյանորա անունով: 1923 թվականին ամուսնացել է Լյուդվիգ Էրհարդի հետ, ում քույրը եղել է իր ընկերուհին: Էրհարդն ու Լուիզան ունեցել են ընդհանուր դուստր` Էլիզաբեթ անունով:
Պատմական դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ Էրհարդը առաջինն էր աշխարհում նոր տիպի լիբերալ բարեփոխումների առումով: Նա աշխատել է այնպիսի պայմաններում, երբ պետության միջամտությունը տնտեսության մեջ իրականություն էր:
Նա հասկացել էր, որ սոցիալիստական գաղափարների զգալի ազդեցության պայմաններում հնարավոր չէ չձեռնարկել բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված լայն միջոցառումներ: Սակայն Էրհարդի համար կարևոր էին տնտեսության ազատության ու ֆինանսական կայունության հարցերը: Կենտրոնացվածությունն ու գնաճը նրա գլխավոր թշնամիներն էին: Էրհարդը ձգտում էր նվազագույնի հասցնել էտատիզմի դրսևորումները, սակայն չպայքարել այն ուժերի դեմ, որոնց ցանկանում էր տեսնել իր կողքին: Սա նրա ռազմավարությունն էր, որը ստացել է «սոցիալական շուկայական տնտեսություն» անվանումը: Նա շեշտը դնում էր շուկայականի և ոչ ամենևին սոցիալական ապահովության վրա: Էրհարդը միշտ փորձում էր ժողովրդին բացատրել իր վարած կուրսի առանձնահատկությունը: «Ես պատրաստ եմ,— նշում էր նա,— գերմանացի ամեն քաղաքացու առանձին համոզել այնքան ժամանակ, մինչև նա չամաչի, որ արտարժույթի կայունության ուղղությամբ ջանք չի գործադրում»:
«Բավական է Լյուդվիգ Էրհարդը անդրադառնար իր սիրելի զավակին` շուկայական տնտեսությանը, և նրա մեջ արթնանում էր փայլուն հռետորը, որ իր ոգևորությամբ վարակում էր ունկնդիրներին.... Նա տիրապետում էր համոզելու արվեստին` իր նկատմամբ վստահություն ներշնչելով»,— ասել է քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Ֆրանց Յոզեֆ Շտրաուսը:
Էրհարդը պարգևատրվել է Մեծ խաչի շքանշանով Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար[9]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կեսդարյա մտորումներ, հոդվածներ ու ճառեր — Ордынка, Наука, 1993. — 608 с.
- Բարեկեցություն բոլորի համար — М: Дело, 2001. — 352 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Эрхард Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 30 : Экслибрис — Яя. — С. 245.
- ↑ Травин Д., Маргания О. Европейская модернизация
- ↑ 6,0 6,1 Творец «экономического чуда» Людвиг Эрхард // Патрушев А. И. Германские канцлеры от Бисмарка до Меркель. — М.: Издательство Московского университета, 2009.
- ↑ Александр Смирнов Людвиг Эрхард. Возрождение Германии и немецкое экономическое чудо
- ↑ Травин Д. Людвиг Эрхард. Drang nach Westen
- ↑ Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana S.E. Prof. Dott. Ludwig Erhard, Ministro dell’Economia della Repubblica Federale Tedesca(իտալ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուդվիգ Էրհարդ կատեգորիայում։ |
|
- Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության անդամներ
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Մայիսի 5 մահեր
- 1977 մահեր
- Բոնն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի տնտեսագետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Գերմանացի հակակոմունիստներ