Լեդի Գագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդի Գագա
Tony Bennett & Lady GaGa, Cheek to Cheek Tour 06 edited.jpg
Լեդի Գագան Cheek to Cheek շրջագայության ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Lady Gaga
Ի ծնե անուն Ստեֆանի Ջոան ԱնջելինաՋերմանոթա
Ծնվել է մարտի 28, 1986
Նյու Յորք, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[1]
Նյու Յորք[2]
Երկիր ամերիկացի և իտալացի
Ժանրեր Փոփ, էլեկտրոնիկա, էլեկտրոնիկ պարային երաժշտություն, ռոք
Մասնագիտություն Երգչուհի, երգահան, պարուհի, ակտիվիստ, պրոդյուսեր, պարուհի, դերասանուհի, դիզայներ, բարերար, բիզնեսլեյդի
Գործիքներ Վոկալ • Դաշնամուր •Գիտար
Գործունեություն 2006 - ներկա
Լեյբլ Interscope, Streamline, Kon Live, Cherrytree, Def Jam
Կայք ladygaga.com
Ստորագրություն
Ստորագրություն

Լեդի Գագան (անգլերեն՝ Lady Gaga) (իրական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա[3], մարտի 28, 1986 Նյու Յորք, ԱՄՆ[4]) ամերիկացի երգչուհի է, երգահան, ակտիվիստ, պրոդյուսեր, պարուհի, դերասանուհի, դիզայներ, բարերար, բիզնես լեդի: Ազգությամբ իտալուհի է: Ծնվել և մեծացել է Նյու Յորքում, որտեղ էլ ապրում է: Ուսում է ստացել «Սուրբ սրտի մենաստան» կաթոլիկ դպրոցում, ապա որոշ ժամանակ ուսուցանել է Նյու Յորքի համալսարանի արվեստի դպրոցում, սակայն այն լքել է՝ իր կարիերայի վրա կենտրոնանալու նպատակով: Շուտով սկսել է ելույթ ունենալ Մանհեթանի երաժշտական բեմերում: Մինչ 2007-ը պրոդյուսեր Վինսենթ Հերբերթը Գագային գրանցում է իր «Streamline Records» լեյբլում: Այստեղ Գագան որոշ ժամանակ աշխատում է որպես երգերի հեղինակ, սակայն նրա վոկալային տվյալները գրավում են երգիչ Էյքոնին, ով Գագային գրանցում է իր «Kon Live Distribution» լեյբլում:

Գագան հանրաճանաչ է դառնում 2008-ին թողարկված իր առաջին՝ «The Fame» ալբոմի շնորհիվ, որը ունենում է կրիտիկական և կոմերցիոն մեծ հաջողություն: Այն իր մեջ ներառում էր «Just Dance» և «Poker Face» հիթերը: 2009-ի նոյեմբերին ալբոմը վերաթողարկվում է «The Fame Monster» անունով, որի մեջ էին «Bad Romance», «Alejandro» և «Telephone» հիթերը: Դրան հաջորդած «The Monster Ball Tour» շրջագայությունը դարձավ բոլոր ժամանակների ամենաշահութաբեր համերգային շրջագայություններից մեկը: Գագայի երկրորդ՝ «Born This Way» ալբոմը թողարկվեց 2011-ի մայիսին և գլխավորեց երաժշտական ամենամեծ կենտրոնների չարտերը: Դրա ամենահաջողված սինգլներն էին «Born This Way», «Judas» և «The Edge of Glory» երգերը: 2013-ի փետրվարին համերգային շրջագայության ժամանակ ստացած կոնքի վնասվածքի հետևանքով Գագան վիրահատվեց և որոշ ժամանակ անցնում էր վերականգնողական կուրսեր: Դրան հաջորդեց նոյեմբերին թողարկված «Artpop» ալբոմը, որը դարձավ Գագայի երկրորդ համար մեկ ալբոմը ԱՄՆ-ում: Ալբոմից թողարկցեցին «Applause» և «Do What U Want» սինգլերը:

Գագան հայտնի է իր համարձակ և տարատեսակ ներդրումներով երաժշտական աշխարհում իր նորաձևության, ելույթների և երաժշտական հոլովակների միջոցով: 2013-ի նոյեմբերի տվյալներով Գագան վաճառել է 24 միլիոնից ավել ալբոմ և 125 միլիոնից ավել սինգլ: Իր նվաճումները ներառում են հինգ Գրեմի և տասներեք MTV Video Music Awards մրցանակներ: «Billboard» ամսագիրը մի քանի անգամ Գագային կոչել է «տարվա արտիստ», VH1-ը նրան ներառել է «Երաժշտական աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում՝ 4-րդ հորիզոնականում: 2010-2013 թվականներին «Forbes» ամսագիրը Գագային ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանանց ցուցակում: «Times»-ը Գագային անվանել է «փոփի թագուհի»:[5][6]

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-2004: Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտան ծնվել է Նյու Յորքում 1986թ․ մարտի 28-ին[1] Ջոսեֆ Էնթոնի Ջո Ջերմանոթայի և Սինթիա Բիսեթի ընտանիքում[7]: Գագան ունի իտալական և հեռավոր ֆրանսիական արմատներ: Ունի փոքր քույր՝ Նատալին: Նրա ծնողները ցածր եկամուտ ունեին, այդ պատճառով աշխատում էին «ութից ութը», որպեսզի կարողանան ապահովել երեխաներին որակյալ կրթությամբ: Գագան և նրա ընտանիքը կաթոլիկ են: Տասնմեկ տարեկանից Գագան հաճախել է «Սուրբ սրտի մենաստան» կաթոլիկ դպրոցը աղջիկների համար: Նա իր դպրոցական տարիները բնութագրում է որպես «նվիրված, կարգապահ, ուսումնառատ և մի փոքր խենթ շրջան»: «Ինձ հաճախ ծաղրում էին չափից շատ պրովոկացիոն կամ էքսցենտրիկ լինելու համար, այդ պատճառով ես ինձ ավելորդ և ֆրիկ էի զգում»: Նրա դասընկերները կարծում էին, որ նա չի համապատասխանում իրենց դպրոցին: Գագան սկսել է դաշնամուր նվագել չորս տարեկանում, գրել է իր առաջին բալադը տասներեք տարեկանում և սկսել է ելույթներ ունենալ մինչ տասնչորս տարեկան դառնալը: Դպրոցական ներկայացնումներին գլխավոր դերեր էր խաղում: Նյու Յորքում շոուների համար լսումները անցնում են նրա համար առանց որևէ հաջողության: Ավագ դպրոցն ավարտելուց հետո նրա մայրը նրան համոզում է ընդունելության դիմում ներկայացնել Նյու Յորքի համալսարանի արվեստի դպրոցի երաժշտա-թատերական կոնսերվատորիայի բաժինը: Մինչ տասնյոթ տարեկան դառնալը Գագան դառնում է մեկը քսան դիմորդներից, որ ժամանակից շուտ է ընդունվում համալսարան: Գագան տեղափոխվում է Նյու Յորքի կենտրոն:

2005-2007: Երաժշտական կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Գագան և Լեդի Սթարլայթը «Lollapalooza 2007»-ին

19 տարեկանում Գագան լքում է Նյու Յորքի համալսարանը և որոշում կենտրոնանանալ երաժշտական կարիերայի վրա: Նրա հայրը առաջարկում է մուծել ուսման մեկ տարվա վարձը, եթե նա վերադառնա համալսարան: «Ես լքեցի իմ ողջ ընտանիքը և տեղափոխվեցի ամենաէժան բնակարանը, որ կարողացա գտնել»: 2005-ին տեղափոխվելով Rivington Street-ի վրա գտնվող մի փոքրիկ բնակարան՝ Գագան մի քանի ընկերների հետ ձևավորեց Stefani Germanotta Band-ը (SGBand): Խումբը ելույթ էր ունենում տարբեր բարերում և երկրպագուներ էր ձեռք բերել: Դա գրավեց երաժշտական պրոդյուսեր Ջո Վալփիսին (Joe Vulpis), ում շնորհիվ խումբը ձայնագրեց «Words» և «Red and Blue» ալբոմները և սկսեց վաճառել դրանք Նյու Յորքում ելույթների ժամանակ: Երաժշտական մրցույթներից մեկի ժամանակ Գագան գրավեց երաժշտական պրոդյուսեր Ռոբ Ֆուսարիի ուշադրությունը: SGBAnd-ը կազմալուծվեց, իսկ Գագան սկսեց երգեր գրել Ֆուսարիի հետ և աշխատել դրանց վրա:

Ֆուսարին պնդում է, որ վերցրել է «Lady Gaga» բեմական անունը Queen խմբի «Radio Ga Ga» երգից: «Ամեն օր Ստեֆը գալիս էր ստուդիա, և բարևելու փոխարեն ես սկսում էի երգել «Radio Ga Ga»-ն: Մի օր, երբ Գագան մտածում էր բեմական անուն ընտրելու մասին, ես նրան հաղորդագրություն ուղարկեցի. «Lady Gaga»: Նա պատասխանեց․ «Դա հենց այն է, ինչ պետք է: Այսուհետ ինձ Ստեֆանի չասեք»»: The New York Post-ը, այնուամենայնիվ, պնդում է, որ անունը որոշվել է մարկետինգային հանդիպման արդյունքում:

Գագան և Ֆուսարին ուղարկում են իրենց գրած երգերի ձայնագրությունները տարբեր լեյբլերի: «Def Jam Recordings»-ում հավանում են Գագայի ոչ սովորական և պրովոկացիոն էլեկտրոփոփ երգերը և պայմանագիր ստորագրում նրա հետ՝ պայմանով, որ նա ինը ամսում պետք է ալբոմ ձայնագրի: Սակայն ընդամենը երեք ամսից լեբլը խզում պայմանագիրը: Սա Գագայի համար կյանքի դժվարին ժամանակաշրջան էր, որը հետագայում արտացոլվում է 2011թ․-ին նկարահանված «Marry The Night» տեսահոլովակում: Գագան վերադառնում է ընտանիքի մոտ և սկսում ելույթ ունենալ ակումբներում: Այս ժամանակաշրջանում Գագան ամեն կերպ փորձում էր ուշադրություն գրավել իր նեո-բուրլեսք շոուներով, գո-գո պարերով, կիսամերկ հանդերձանքով: Բացի այդ Գագան սկսում է թմրադեղեր օգտագործել: Այս ամենը զայրցնում են Գագայի հորը, ով մի քանի ամիս չի խոսում դստեր հետ:

Գագան հանդիպում է Լեդի Սթարլայթին, ով օգնում է ձևավորել նրա բեմական կերպարը: Նրանք միասին սկսում են ելույթ ունենալ ակումբներում: 2007-ին նրանց հրավիրում են ելույթ ունենալու «Lollapalooza Music Festival»-ին: Նրանց ելույթը բավական դրական արձագանքներ է ունենում:

Այս ընթացքում Ռոբ Ֆուսարին շարունակում է աշխատել իր և Գագայի ստեղծած երգերի վրա: Նա այդ երգերը ուղարկում է պրոդյուսեր Վինսենթ Հերբերթին, ով միանգամից գրանցում է Գագային «Streamline Records» լեյբլին, որը «Interscope Records»-ի ճյուղերից է: Գագան արդեն ուներ պայմանագիր Sony/ATV-ի հետ՝ որպես երգերի հեղինակ, սակայն նա վերջապես կնքում է պայմանագիր նաև երգերի ձայնագրման համար: Գագային ծանոթացնում են երգերի հեղինակ և պրոդյուսեր RedOne-ի հետ: Նրանց համատեղ գրած առաջին երգը «Boys Boys Boys»-ն էր: Գագան ստուդիայում շարունակում է աշխտանքը RedOne-ի հետ իր դեբյուտային ալբոմի վրա:

2008-2010: «The Fame» և «The Fame Monster»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Գագան «The Fame Ball Tour»-ի ժամանակ, 2009թ․

Մինչ 2008թ․ Գագան արդեն տեղափոխվել էր Լոս Անջելես՝ իր դեբյուտային ալբոմի ձայնագրությունները ավարտելու, և ձևավորել էր իր ստեղծագործական խումբը` «Haus of Gaga»-ն: The Fame-ը թողարկվեց 2008թ․-ի օգոստոսի 19-ին: Գագան այն գովազդելու համար ելույթներ էր ունենում Եվրոպայում և ԱՄՆ-ի փոքր գեյ ակումբներում, ինչպես նաև New Kids on the Block-ի համերգաշարի ընթացքում: «Just Dance»-ը թողարկվել էր ալբոմի թողարկումից չորս ամիս առաջ, սակայն ներխուժեց միջազգային չարտեր միայն 2009թ․-ի հունվարին՝ ապահովելով ալբոմի հաջողությունը, Գրեմի մրցանակ «Լավագույն պարային երգ» անվանակարգում և դառնալով աշխարհի ամենավաճառված սինգլերից մեկը: Գագան ավելի մեծ հաջողություն ունեցավ, երբ թողարկվեց ալբոմի երկրորդ սինգլը՝ «Poker Face», որը գլխավորեց հիմնական երաժշտական կենտրոնների չարտերը և վաճառվեց 9,8 միլիոն օրինակով: Այս երգը նույնպես ստացավ Գրեմի «Լավագույն պարային երգի» համար:

«The Fame» ալբոմը նոմինացված էր Գրեմիի «Տարվա ալբոմ» անվանակարգում: Նույն միջոցառմանը այն հաղթեց «Լավագույն պարային/էլեկտրոնիկ ալբոմ» անվանակարգում: Ալբոմը գլխավորեց Ավստրիայի, Կանադայի, Գորմանիայի, Իռլանդիայի, Շվեցարիայի և Միացյալ Թագավորության երաժշտական չարտերը, հայտնվեց Ավստրալիայի, ԱՄՆ-ի և 15 այլ երկրների չարտերի լավագույն հնգյակում: Այն նաև գլխավորեց «Dance/Electronic Albums» չարտը 106 հաջորդական շաբաթների ընթացքում, և մինչ օրս վաճառվել է 12 միլիոն օրինակով: Ալբոմը 2009թ․-ին Գագային բերեց մի շարք հաղթանակներ՝ ներառյալ «Billboard»-ի «Ծագող աստղը» և «MTV Video Music Awards»-ում 9 անվանակարգերից 3-ը: Ի հավելումն «Pussycat Dolls' Doll Domination Tour» համերգային շրջագայության համերգները բացելուն՝ Գագան Եվրոպայում իր սեփական համերգային շրջագայությունը՝ «The Fame Ball Tour»-ը սկսեց, որը մեկնարկեց 2009թ․-ի մարտին և տևեց 6 ամիս:

Լեդի Գագան «The Monster Ball Tour»-ի ժամանակ, 2010թ․

Ճանապարհորդելու ընթացքում նա գրեց «The Fame Monster»-ը՝ ութ երգերով մինի ալբոմ, որը թողարկվեց 2009թ․ նոյեմբերին: Դրա առաջին սինգլ «Bad Romance»-ը գլխավորեց երաժշտական չարտերը 18 երկրներում, հասավ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի չարտերի 2-րդ հորիզոնականներին, հաղթանակ տարավ Գրեմիի «Լավագույն փոփ վոկալ» և «Լավագույն կարճամետրաժ տեսահոլովակ» անվանակարգերում: Երկրորդ սինգլ «Telephone»-ը, որը դուետ էր Բիյոնսեի (Beyonce) հետ, առաջադրվեց Գրեմիի «Լավագույն փոփ համագործակցություն» անվանակարգում և դարձավ Գագայի 4-րդ հ․1 սինգլը Միացյալ Թագավորությունում: Դրան հաջորդած սինգլ «Alejandro»-ի տեահոլովակը Գագայի և լուսանկարիչ Սթիվեն Քլայնի (Steven Klein) համագործակցության առիթ դարձավ: Չնայած տեսահոլովակի հասցեին հնչած մի շարք քննադատություններին, այն օգնեց Գագային դառնալ առաջին արտիստը, ով ունեցավ մեկ միլիարդից ավել ընդհանուր դիտումներ «YouTube»-ում: «2010 MTV Video Music Awards»-ին Գագան հաղթանակ տարավ 13 անվանակարգերից 8-ում, ներառյալ «Տարվա տեսահոլովակ»-ում «Bad Romance»-ի համար: Նույն անվանակարգում ներկայացված էր նաև «Telephone»-ի տեսահոլովակը, և այսպիսով Գագան դարձավ մրցանակաբաշխության նույն անվանակարգում կրկնակի նոմինացված առաջին կին արտիստը երբևէ: «The Fame Monster»-ը ներկայացվեց Գրեմիի 6 անվանակարգերում, հաղթեց «Լավագույն փոփ վոկալային ալբոմ»-ում:

«The Fame Monster»-ի հաջողությունը թույլ տվեց Գագային սկսել իր երկրորդ համերգային շրջագայությունը՝ «The Monster Ball Tour»-ը, ալբոմի թողարկումից ընդամենը մի քանի շաբաթ և «The Fame Ball Tour»-ը ավարտելուց մի քանի ամիս անց: Շրջագայությունը, որը տևեց մոտ մեկուկես տարի, բերեց 227,4 միլիոն դոլար եկամուտ՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաշահութաբեր համերգային շրջգայություններից մեկը: Գագային նաև հրավիրել էին բացելու Մայքլ Ջեքսոնի (Michael Jackson) «This Is It» շրջագայության համերգները: Ցավոք, փոփ արքայի մահվան պատճառով դա տեղի չունեցավ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lady Gaga: ready for her close-up(անգլ.), Times Online (22.2.09) В интервью в программе Джея Лено опровергла слухи о рождении в городе Йонкерс штата Нью-Йорк.
  2. Record #135898838 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  3. (գերմ.) «Lady Gaga»։ marco-schueler.de։ Վերցված է դեկտեմբերի 3 2009 
  4. Lady GaGa - Biography(անգլ.)
  5. Caulfield, Keith (2010-09-12)։ «Lady Gaga Is Billboard's 2010 Artist of the Year, Ke$ha Takes Top New Act»։ Billboard 
  6. «Lady Gaga Profile»։ Forbes։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-20-ին։ Վերցված է 2010-10-08 
  7. «Where are Lady Gaga's parents from?» (անգլերեն)։ www.chacha.com։ Վերցված է 2009-11-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]