Ժա Ժա Գաբոր
Ժա Ժա Գաբոր | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 6, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանի թիվ՝ | դեկտեմբերի 18, 2016[5][1][6][…] (99 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, ԱՄՆ[5][4] |
Քաղաքացիություն՝ | Հունգարիայի Թագավորություն![]() |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, բարձրաշխարհիկ հեղինակություն, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001248 |
Ժա Ժա Գաբոր (անգլ.` Zsa Zsa Gabor, իրական անունը` Շարի Գաբոր (հունգար.` Gábor Sári), ծնվ. 1917 թ. փետրվարի 6, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - մահ. 2016 թ. դեկտեմբերի 18, Լոս Անջելես, ԱՄՆ), հունգարական ծագումով ամերիկյան դերասանուհի, ով ձեռք էր բերել աշխարհիկ տիկնոջ համբավ։
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժա Ժա Գաբորը ծնվել է Բուդապեշտում, Վիլմոշ և Ջոլի Գաբորների ընտանիքում։ Նրա քույրերը` Մագդան և Էվան, հետագայում նույնպես դարձել են դերասանուհիներ։ Իր Շարի անունը (Սառա անվան հունգարական տարբերակն է) նա ստացել էր ի պատիվ հունգար դերասանուհի Շարի Ֆեդակի և քանի որ մանուկ հասակում չէր կարողանում այն արտասանել, ուստի մայրը նրան կոչում էր ինչպես ինքը` Ժա Ժա։
1936 թվականին Ժա Ժա Գաբորը հաղթանակ է տարել «Միս Հունգարիա» գեղեցկության մրցույթում, սակայն որակազրկվել է` իր տարիքը խաբելու համար[7]։ Նույն թվականին ուղևորվել է Վիեննա, որտեղ նրան նկատել է երգիչ Ռիխարդ Տաուբերը և հրավիրել երգելու աղախնու դերը իր նոր «Der singende Traum» («Երգող երազանք») օպերետում։ 1941 թվականին, հետևելով իր քրոջը, մեկնել է Հոլիվուդ։
Կինոյում նրա դեբյուտը կայացել է 1952 թվականին` «Մենք ամուսնացած չենք» կինոնկարում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Ջինջեր Ռոջերսը։ Նույն թվականին թողարկվել է նաև Ջոն Հյուսթոնի «Մուլեն Ռուժ» կինոնկարը, որտեղ Ժա Ժա Գաբորը հանդես է եկել հայտնի պարուհի Ժաննա Ավրիլի դերում։ Հետագա տարիներին նա առավելապես ակտիվ էր հեռուստատեսությունում և ֆիլմերում հանդես էր գալիս կամ էպիզոդիկ դերերով, կամ` ինքն իր դերը կատարելով։ Այդպիսի ֆիլմերից էին «Մղձավանջ Թեղիների փողոցում 3. Երազի մարտիկները» (1987 թ.), «Մերկ ատրճանակ 2½. Վախի բույրը» (1991 թ.), «Ռամիկը Բևեռլի Հիլզում» (1992 թ.), «Բրեդիի ընտանիքը 2» (1996 թ.) և այլն։
Բացի կինոնկարներում, հեռուստահաղորդումներում և բազմաթիվ ժամանցային ներկայացումներում մասնակցելուց, նա դարձել էր աշխարհիկ կյանքի ամենանշանակալից աստղերից մեկը։ Նրա հումորի զգացումը, տարօրինակությունն ու սկանդալային և ցնցող իրադարձությունների կիզակետում հայտնվելու հակումները, թույլ տվեցին պահպանել իր հանրաճանաչությունը` անկախ իր կինոկարիերայում տեղ գտած բարդություններից։
Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին Ժա Ժա Գաբորը Բևեռլի Հիլզում ապտակել էր ոստիկան Փոլ Կրամերին, երբ վերջինս կանգնեցրել էր նրան` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար[8]։ Դատարանում նա իր գործողությունները արդարացնում էր նրանով, թե իբր ոստիկանը չարաշահել էր իր ծառայողական պարտականությունները և իրեն կոպիտ էր պահում։ Արդյունքում Ժա Ժա Գաբորը մեղավոր ճանաչվեց` ոստիկանի վրա հարձակվելու համար և դատապարտվեց 72 ժամ ուղղիչ աշխատանքների, ինչպես նաև 13 հազար դոլարի չափով տուգանքի։ Հետագայում նա հումորով էր վերաբերվում այդ միջադեպին։
Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին Ժա Ժա Գաբորը ավտովթարի հետևանքով հայտնվել էր հիվանդանոցում։ Վթարի պահին նա ապահովագրված էր և արդյունքում ստացել է երկու միլիոն դոլար ապահովագրական գումար։ 2005 թվականին կաթված է տարել, որը մեծ վտանգ էր ներկայացնում նրա կյանքի համար։ Վիրահատվելուց հետո դուրս է գրվել և 2007 թվականին կրկին բուժման կուրս անցել։
2010 թվականին, մահճակալից անհաջող կերպով վայր ընկնելու պատճառով կրկին հայտնվել է հիվանդանոցում, քանի որ ստացել էր կոնքազդրային հոդի կոտրվածքներ[9]։ Նույն թվականի օգոստոսին, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր և նրա հնարավոր մահվան հանգամանքը հաշվի առնելով, ստիպված քահանա էին հրավիրել հիվանդասենյակ` հատուկ ծիսակարգ կատարելու համար[10]։ Օգոստոսի վերջերին Ժա Ժա Գաբորը հրաժարվեց հետագա բուժումներից և մեկնեց տուն, որոշելով իր կյանքի վերջին օրերն անցկացնել հարազատների հետ[11]։ Նոյեմբերին ոտքի թրոմբի պատճառով, կրկին հայտնվել է հիվանդանոցում[12]։ Հետազոտելով, 93-ամյա դերասանուհու մոտ հայտնաբերել են գանգրենա և որոշում են կայացրել ծնկից ներքև անդամահատել ստորին վերջույթը[13]։
2011 թվականի մարտին, Ժա Ժա Գաբորը հրաժարվել է երկրորդ ոտքի անդամահատումից, որից հետո բժիշկները նրա ապրելու հնարավորությունը` գոնե մեկ տարի, գնահատել են 50%։ Մարտի 23-ին, իմանալով իր հին ընկերուհու` Էլիզաբեթ Թեյլորի մահվան մասին, Գաբորը կրկին հոսպիտալացվել է[14]։ 2011 թվականի մայիսին դերասանուհին նորից հոսպիտալացվել է, այս անգամ թոքաբորբի ծանր բարդացումների պատճառով և մեկ շաբաթ անց է կացրել կոմայի մեջ[15][16][17]։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժա Ժա Գաբորն ամուսնացած է եղել 9 անգամ։ Յոթ անգամ ամուսնալուծվել է, իսկ ամուսնություններից մեկը չեղյալ է հայտարարվել։
- Թուրք դիվանագետ Բուրհան Ասաֆ Բելգե (1937-1941 թթ.)
- Գործարար Կոնրադ Հիլթոն (1942-1947 թթ.)
- Դերասան Ջորջ Սանդերս (1949-1954 թթ.)
- Փաստաբան Հերբերտ Հատներ (1962-1966 թթ.)
- Ջոշուա Ս. Կոսդեն-կրտսեր (1966-1967 թթ.)
- Դիզայներ Ջեք Ռայան (1975-1976 թթ.)
- Դերասան Մայքլ Օ'Հարա (1976-1982 թթ.)
- Մեքսիկացի դերասան Ֆիլիպե դե Ալբա (1983 թ. ամուսնությունը չեղյալ է հայտարարվել)
- Գերմանացի գործարար Ֆրեդերիկ ֆոն Անհալտ (1986 թ-ից մինչ կյանքի վերջը)
Ժա Ժա Գաբորը իր քույրերից միակն էր, որ երեխա է ունեցել։ Համաձայն նրանց «One Lifetime Is Not Enough» կենսագրական գրքի, նրա հղիությունը Կոնրադ Հիլթոնի կողմից բռնաբարության արդյունք էր։ Նրա դուստրը` Ֆրանչեսկա Հիլթոնը, ծնվել էր 1947 թվականին, իր ծնողների ամուսնալուծությունից հետո։ 2005 թվականին Ժա Ժա Գաբորի անունից Կալիֆոռնիայի դատարան հայց էր ներկայացվել ընդդեմ Ֆրանչեսկայի, որում վերջինս մեղադրվում էր գողության և խարդախության մեջ[18]։ Հայցը նախաձեռնել էր Գաբորի ամուսինը` Ֆրեդերիկ ֆոն Անհալտը, որը սակայն մերժվել էր` Գաբորի դատարան չներկայանալու պատճառով։
Ֆրանչեսկան մահացել է 2015 թվականին` կաթվածից, 67 տարեկանում։ Ժա Ժա Գաբորը այդպես էլ մինչ իր մահը, չիմացավ դստեր մահվան մասին։ Նրա ամուսինը թաքցրել էր դստեր մահվան փաստը նրանից, վախենալով Ժա Ժա Գաբորի հոգեկան և ֆիզիկական վիճակից։
Ժա Ժա Գաբորը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 18-ին, 99 տարեկանում, Լոս Անջելեսի Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոնում[19]։ Նրա աճյունը թաղվել է Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Վեսթվուդյան գերեզմանոցում[20]։
Հայտնի արտահայտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժա Ժա Գաբորը հայտնի էր իր սրամիտ արտահայտություններով[21]։ Իր նախկին ամուսինների մասին նա արտահայտվել է հետևյալ կերպ.
- Ես նրանց վրա երբեք չեմ զայրացել այն աստիճան, որ վերադարձնեմ ադամանդները։
Իսկ ամուսնալուծությունների մասին ասել է.
- Ես հիանալի տանտիրուհի եմ։ Յուրաքանչյուր բաժանումից հետո` տանտիրուհին մնացել եմ ես։
Նրա հայտնի արտահայտություններից են նաև.
- Տղամարդիկ սիրում են աչքերով, իսկ կանայք` ականջներով։
- Ես ոչինչ չգիտեմ սեքսի մասին, քանի որ մշտապես ամուսնացած եմ եղել։
Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1952 | Մենք ամուսնացած չենք | We're Not Married! | Իվ Մելռոուզ |
1952 | Դա գեղեցիկ տեսք ունի | Lovely to Look at | Ժա Ժա |
1952 | Մուլեն Ռուժ | Moulin Rouge | Ջեյն Ավրիլ |
1953 | Սիրո երեք պատմություններ | The Story of Three Loves | պչրուհի |
1953 | Լիլի | Lili | Ռոզալիա |
1953-1965 | Տեղ ազատեք հայրիկի համար | Make Room for Daddy | Լիզա |
1953 | Հասարակության թիվ 1 թշնամին | L'ennemi public n° 1 | Լոլա լա Բլոնդե |
1954 | Կրկես` երեք արենայով | 3 Ring Circus | Սադիա |
1955-1958 | Առավոտյան թատրոն | Matinee Theatre | Էուժենիա |
1956 | Սրիկայի մահը | Death of a Scoundrel | միսիս Ռայան |
1957 | Աղջիկը Կրեմլում | The Girl in the Kremlin | Լիլի Գրիշենկո, Գրետա Գրիշենկո |
1958 | Մարդը, ով չէր կարող խոսել | The Man Who Wouldn't Talk | Եվա Տրենտ |
1958 | Չարի կնիքը | Touch of Evil | սթրիփ ակումբի սեփականատեր |
1958 | Տիեզերքի թագուհին | Queen of Outer Space | Տալիա |
1959 | Մեծ սիրո սերենադը | For the First Time | Գլորիա Դե Վադնուց |
1960 | Նինոչկա | Ninotchka | - |
1960 | Մեքսիկացին Հոլիվուդում | Pepe | Ժա Ժա Գաբոր |
1962 | Ճանապարհ դեպի Հոնկոնգ | The Road to Hong Kong | կամեո |
1962 | Տղաները ուղևորվում են զբոսնելու | Boys' Night Out | - |
1964-1967 | Գիլլիգանի կղզին | Gilligan's Island | Էրիկա Տիֆանի-Սմիթ |
1966-1968 | Բեթմեն | Batman | Միներվա |
1966 | Մեռած մոր նկարը | Picture Mommy Dead | Ջեսիկա Ֆլագմոր Շելլի |
1966 | Որ դու սատկես, թանկագինս | Drop Dead Darling | Ժիժի |
1967 | Ադամանդե Ջեկը | Jack of Diamonds | Ժա Ժա Գաբոր |
1976 | Վոն Տոն Տոն - շունը, որ փրկեց Հոլիվուդը | Won Ton Ton։ The Dog Who Saved Hollywood | - |
1977-1987 | Սիրո մակույկը | The Love Boat | Աննետ |
1978 | Յուրաքանչյուր աղջիկ ունի իր հնարավորությունը | Every Girl Should Have One | Օլիվիա Ուայն |
1979 | Սուպերգնացք | Supertrain | Օդրի |
1984 | Տիլլին, մեծն Ֆրանկենշտեյնի մորաքույրը | Frankenstein's Great Aunt Tillie | Կլարա |
1987 | Մղձավանջ Թեղիների փողոցում 3. Երազի մարտիկները | A Nightmare on Elm Street 3։ Dream Warriors | Ժա Ժա Գաբոր |
1987 | Յոհան Շտրաուս. Չթագադրված արքա | Johann Strauss - Der König ohne Krone | - |
1988 | Ծննդյան տոների հատուկ թողարկում | Christmas at Pee Wee's Playhouse | արքայադուստր Ժա Ժա |
1990-1996 | Արքայազնը Բևեռլի Հիլզից | The Fresh Prince of Bel-Air | Սոնյա Լամոր |
1991 | Մերկ ատրճանակ 2½. Վախի բույրը | The Naked Gun 2½։ The Smell Of Fear | Ժա Ժա Գաբոր |
1992 | Մերկ ճշմարտություն | The Naked Truth | ուղեկցորդուհի |
1993 | Ռամիկը Բևեռլի Հիլզում | The Beverly Hillbillies | Ժա Ժա Գաբոր |
1996 | Բրեդիի ընտանիքը | A Very Brady Sequel | Ժա Ժա Գաբոր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Sari Gabor — 2000.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 https://www.lemonde.fr/culture/article/2016/12/19/zsa-zsa-gabor-est-decedee_5050926_3246.html
- ↑ 5,0 5,1 http://www.nytimes.com/2016/12/18/movies/zsa-zsa-gabor-often-married-actress-known-for-glamour-dies.html
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ «Hollywood legend Zsa Zsa Gabor dies at 99», BBC, 19.12.2016
- ↑ http://www.mugshots.net/zsa_zsa_gabor/ Archived 2007-06-09 at the Wayback Machine. Mugshots.net Опубликовано 18-04-2007
- ↑ «Actress Zsa Zsa Gabor hospitalized in a 'bad condition' after fall at home»։ BNO News։ հուլիսի 17, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է հուլիսի 18, 2010
- ↑ «Zsa Zsa Gabor asks for 'last rites' from priest»։ CNN։ օգոստոսի 15, 2010
- ↑ «Ailing Zsa Zsa Gabor to spend final days at home»։ Reuters։ օգոստոսի 16, 2010։ Արխիվացված օրիգինալից 2010-08-18-ին։ Վերցված է օգոստոսի 16, 2010
- ↑ bio at imdb.com
- ↑ Раиса Мурашкина (2011-01-03)։ «Актрисе Жа Жа Габор ампутируют правую ногу»։ Комсомольская Правда։ Արխիվացված օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2011-01-03
- ↑ Жа Жа Габор слегла после смерти Тейлор. Дарья Буянова, Life News Online
- ↑ Жа Жа Габор госпитализирована в серьёзном состоянии
- ↑ «Zsa Zsa Gabor is unresponsive, hospitalized, husband says»։ CNN.com։ Արխիվացված օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է մայիսի 19, 2011
- ↑ «Zsa Zsa Gabor emerges from coma»։ thaindian.com։ Արխիվացված օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է մայիսի 23, 2011
- ↑ «Zsa Zsa says daughter stole $2m: News24: Entertainment: Off Beat»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-16-ին։ Վերցված է 2017-05-04
- ↑ «Умерла голливудская актриса Жа Жа Габор»։ Lenta.ru։ 2016-12-19։ Վերցված է 2016-12-19
- ↑ Joi=Marie McKenzie (դեկտեմբերի 30, 2016)։ «Inside Zsa Zsa Gabor's Funeral in Beverly Hills, 'Farewell My Love'»։ ABC News։ Վերցված է հունվարի 2, 2016
- ↑ «Zsa Zsa Gabor in her own words», BBC, 19.12.2016
|
- Փետրվարի 6 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 2016 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Թատրոնի դերասանուհիներ