Դավիթ Թրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թրյանց ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Թրյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1840[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 20, 1898[1][2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Արևելյան թատրոն[1] և Վարդովյան թատրոն[1] |
Երեխա(ներ) | Հայկանուշ Թրյանց |
Դավիթ Կարապետի Թրյան (Դավիթ Թրյանց, Թուրյան, օգոստոսի 26, 1840[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - օգոստոսի 20, 1898[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]), հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Մխիթարյանների վարժարանում։ 1858 թվականին մեկնել է Վենետիկ, ուսումը շարունակել Մխիթարյանների Մուրադ-Ռափայելյան վարժարանում, սակայն հիվանդանալով, առանց ուսման շրջանն ավարտելու, վերադարձել է ծննդավայր։
Կարճ ժամանակ հետևել է նկարչության։
Բեմական գործունեությունն սկսել է Կ. Պոլսի «Արևելյան թատրոնում», 1861 թվականին (առաջին դերը՝ Գուստավ, Ռոթայի «Երկու հիսնապետներ» մելոդրամայում)։ 1862-1864 թվականների թատերաշրջաններում ճանաչվել է որպես էպիզոդային «փոքր դերերի» վարպետ։ 1868-1878 թվականներին խաղացել է Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոն»-ում, 1872-1873 թվականներին թատերաշրջանում՝ Պետրոս Մաղաքյանի թատերախմբում, 1878-1883 թվականներին՝ Սերովբե Պենկլյան ի օպերետային և Թովմաս Ֆասուլաճյանի՝ հյուրախաղերով շրջող խմբերում, 1883 թվականին՝ Թիֆլիսի, 1898 թվականին՝ Բաքվի հայկական թատերախմբերում։ Թրյանցը եղել է խարակտերային և կատակերգական նուրբ կերպարանագծումների դերասան, համարվել դասական կատակերգության, հատկապես Մոլիերի ամենաինքնատիպ մեկնաբանը XIX դարի հայ թատրոնում[3]։
1868 թվականին որպես նկարիչ աշխատել է ճարտարապետ Սարգիս Բալյանի մոտ, նկարազարդել նրա նախագծերով կառուցվող արքայական պալատների ձեղունները։ 1869-1870 թատերաշրջանում մասնակցել է Նոր Նախիջևանում Ֆասուլաճյանի կազմակերպած ներկայացումներին՝ Պետրոս Ադամյանի, Մարի Նվարդի, Խ. Փափազյանի և ուրիշների հետ, 1872 թվականին խաղացել է Պետրոս Մաղաքյանի թատերախմբում, իսկ 1873-1878 թվականներին՝ Վարդովյանի խմբում։ Մեծ հաջողությամբ է հանդես եկել Մոլիերի պիեսներում, ինչպես Արգան («Երևակայական հիվանդ»), Սգանարել («Բռնի ամուսնություն»), Ժորժ Դանտեն, Պարոն Բորսունյակ և այլն։
1882 թվականին մեկնել է Բուլղարիա։ 1883 թվականին եկել է Թիֆլիս, մասնակցել Թիֆլիսի դրամատիկ խմբի ներկայացումներին, ապա Պենկլյանի խմբի հետ շրջել է Զմյուռնիայում, Եգիպտոսում՝ հանդես գալով օպերետային ներկայացումներում։ Այնուհետև երկար տարիներ թափառել է քաղաքից քաղաք։ 1898 թվականին Բաքվում բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» և «Պաղտասար աղբարը», ապա անցել է Թիֆլիս, որտեղ մահացել է կաթվածից[4]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգան՝ Մոլիերի «Երևակայական հիվանդը»
- Ժորժ Դանդեն՝ «Ժորժ Դանդեն»
- Փուրսոնյակ՝ «Պարոն դը Փուրսոնյակ»
- Սկապեն՝ «Սկապենի արարքները»
- Հարպագոն՝ «Ագահ»
- Տարտյուֆ՝ «Տարտյուֆ»
- Դոն Գրեգորիո՝ Գոլդոնիի «Դոն Գրեգորիո»
- Սերոբ՝ Ա. Երիցյանի «Սխալ հաշիվ»
- Աբիսողոմ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»
- Պաղտասար՝ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 376-377.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Թրյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 228)։ |