Թուլում (մայաներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Թուլում
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ԲԾՄ12 մետր
Պաշտոնական կայքinah.gob.mx/zonas/99-zona-arqueologica-de-tulum(իսպ.)
Թուլում (մայաներ) (Մեքսիկա)##
Թուլում (մայաներ) (Մեքսիկա)

Թուլում (յուկատեք. Tulu'um, իսպ.՝ Tulum)՝  մայաների քաղաքակրթության մինչկոլումբոսյան քաղաք։ Հանդիսացել է Կոբա քաղաքի նավահանգիստը[1]։

Ավերակները տեղակայված են Յուկատան թերակղզու Կինտանա-Ռոո մեքսիկական նահանգի արևելյան ափի տասներկու մետրանոց ժայռերի վրա։ Թուլումը հանդիսանում է մայաների՝ համեմատաբար ավելի լավ պահպանված ափամերձ քաղաքներից մեկը։ Ներկայումս այն բավականին հայտնի է զբոսաշրջիկների շրջանում[1]։

Հետազոտությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլումը նախկինում հայտնի էր Սամա անվամբ, ինչը նշանակում է «արևածագի քաղաք»։ «tulúm» բառը յուկատերենից թարգմանաբար նշանակում է «ցանկապատ» կամ «պատնեշ»[1]։ Քաղաքի շուրջ գտնվող պատերը թույլ են տալիս պաշտպանել այն հարձակումներից։ Հաշվի առնելով «Իջնող աստծո» բազմաթիվ պատկերները (այդ թվում նաև ֆրեսկոների վրայի)՝ կարելի է ենթադրել, որ Թուլումը եղել է այդ աստծուն երկրպագելու կարևոր կենտրոն[1]։

Թուլումի հիմնական տաճարը, Կետերվուդի լուսանկարը

Այս քաղաքի մասին առաջինը հիշատակել է կոնկիստադոր  Խուան Դիասը, ով Խուան դե Գրիխալվայի արշավախմբի հետ այնտեղ էր այցելել 1518 թվականին[1]։ Քաղաքի ավերակների մասին առաջին մանրամասն նկարագրությունը հրապարակվել է 1843 թվականին ամերիկացի ճանապարհորդ Ջոն Լլոիդ Ստեֆենսի և անգլիացի   ճանապարհորդ Ֆրեդերիկ Կետերվուդի «Ակնթարթներ դեպի Յուկատան ճանապարհորդությունից» գրքում (անգլ.՝ Incidents of Travel in Yucatan):

Առաջին շինությունը, որը նրանք տեսել էին և որը խիստ տպավորիչ էր նրանց համար, հավանաբար եղել է Կաստիլյոն (իսպ.՝ Castillo— «ամրություն»)։ Նրանք կազմեցին հին քաղաքի ճշգրիտ քարտեզը և լուսանկարչական ճշգրտությամբ ուրվագծեցին նրա կառուցվածքը։ Բացի այդ՝ Ստեֆենսն ու Կետերվուդը գտան մի ստելա (ուղղանկյունաձև կանգնեցված սալաքար), որը թվագրվում է դասական  դարաշրջանի  սկզբով։ Այդ ստելայի վրա արված էր 564 թվական նշումը և հավանաբար այն բերվել էր հարևան քաղաքից։ Հետազոտական աշխատանքները շարունակվել են 1913 թվականի սկզբին Սիլվանուս Մորլիի և Ջորջ Հուվեի կողմից, իսկ այնուհետև Կարնեգիի ինստիտուտի կողմից 1916-1924 թվականներին։ Հետագա հետազոտությունները թույլ են տալիս Թուլումի հիմնադրումը տանել մինչև ուշ հետդասական շրջան՝ մոտավորապես 1200 թվական։ Քաղաքը գոյատևել է մինչև իսպանացիների հետ առաջին շփումը 16-րդ դարի սկզբին, որից հետո սկսել է աստիճանաբար դատարկվել և լքվել է 16-րդ դարի վերջին[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆրեսկոների տաճարը»

Թուլումի ճարտարապետությունը բնորոշ է մայաների թերակղզու արևելյան ափամերձ շրջանի քաղաքներին։ Շինություններն ունեն աստիճաններ, որոնք տեղադրված են ոչ բարձր պատվանդանի վրա։ Դռան բացվածքները, որպես կանոն, նեղ են։ Եթե շինությունը մեծ էր, այն հենվում էր սյուների վրա։ Տանիքի մոտ, որպես կանոն, տեղակայված են երկու ծեփվածքներ։ Սենյակները սովորաբար ունեն մեկ կամ երկու ոչ մեծ պատուհան և զոհասեղան՝ ետին պատի վրա։ Տանիքը պատրաստված էր բաժանող պատերով կամ պահոցներով[3]։ Ճարտարապետության նման ոճն օգտագործվել է ոչ հեռու գտնվող Չիչեն-Իցա քաղաքում, ավելի մեծ մասշտաբներով[2]։

Թուլումը մի կողմից պաշտպանում էին ծովի մեջ մխրճվող ժայռերը, իսկ մյուս կողմից՝ ցամաքից, 3-5 մետր բարձրությամբ պատերը։ Բերդի պատերն ունեին գրեթե 8 մետր հաստություն և 400 մետր երկարություն՝ ծովափին զուգահեռ:Պատերի կողմնային մասերից յուրաքանչյուրն ուներ 170 մետր երկարություն։ Այսպիսով՝ մոնումենտալ ամրությունները խոսում են այն մասին, որ քաղաքը մեծ նշանակություն ուներ մայաների համար։ Հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան անկյուններում տեղակայված են շինություններ, որոնք հավանաբար օգտագործվել են որպես պահակակետային աշտարակներ։ Երկու նեղ անցուղիներ տեղակայված էին հյուսիսային և հարավային կողմերում և ևս մեկը գտնվում էր արևմտյան պատի մոտ։ Հյուսիսային պատի մոտ գտնվող ոչ մեծ սենոտը (բնական հոր, փոս) թարմ ջուր էր տալիս քաղաքի բնակիչներին։ Այդ ոգեշնչող պաշտպանական պատը Թուլումը դարձնում էր մայաների ամենաամրացված քաղաքներից մեկը[4]։

Քաղաքի մյուս շինությունների կողքին առանձնանում է ֆրեսկոների տաճարը, որի կազմի մեջ մտնում են երկու ոչ մեծ պատկերասրահներ՝ առաջին և երկրորդ հարկերում։ Մայաների «Իջնող աստծո» պատկերով արձանները տեղակայված են տաճարի ճակատային մասում։ Նույն աստծո պատկերն առկա է նաև «Իջնող աստծո» կենտրոնական տաճարում։ Նրա արևմտյան տաղավարի մուտքի վերևում պահպանվել է աստծո ծեփակերտ արձանը։ Ֆրեսկոներ են պահպանվել նաև արևելյան պատին, որոնք կառուցված էին «միշտեկա-պուեբլա» ոճին նման ձևով։ Այս ոճը հայտնի էր Մեքսիկայի բարձրադիր վայրերում։ Քաղաքի կենտրոնական հատվածներում ևս տեղակայված է Կաստիլյո (ամրոց), որն ունի 7,5 մետր բարձրություն։ Ամրոցը կառուցվել է ավելի հին շինության վրա, որի տանիքը պահվում էր սյուների վրա։ Փոքրիկ սրբավայրը, ամենայն հավանականությամբ,, օգտագործվել է որպես փարոս՝ մոտակայքում նավարկող նավերի համար։ Այս շինությունն արգելապատնեշի դեր է կատարում, որն անցնում է ծովափի եզերքով։ Նույն վայրում տեղակայված էր ոչ մեծ նավահանգիստ, լողափ՝ նախատեսված առևտրական նավերի կայանման համար։ Հավանաբար, աշխարհագրական յուրահատկությունների նման առավելություններն էլ Թուլումի հիմնադրման պատճառ են հանդիսացել։ Թուլումը մայաների համար դարձել է ուշ դասական դարաշրջանի կարևոր նավահանգիստ[2]։

Քաղաքի և նրա շրջակա պատերի ավերակները

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլումի նավահանգիստը

Քաղաքից և նրա շրջակայքից հայտնաբերված արտեֆակտները հավանաբար վկայում են այն մասին, որ Կենտրոնական Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայիցցամաքային և ջրային առևտրական ճանապարհները խաչվում էին Թուլումում։ Մեքսիկական բարձրադիր վայրերից հայտնաբերվել են պղնձից, կերամիկայից, ոսկուց պատրաստված իրեր, որոնք ստեղծվել էին Յուկատան թերակղզու տարբեր մասերում։ Աղ և տեքստիլ Թուլում էին հասնում ծովով, այնուհետև տարածվում ամբողջ թերակղզով։ Թերակղզու տարբեր մասերից էլ բերվում էին արտահանվող պղնձյա իրեր ու փետուրներ:Ապրանքները ծովով հասցնում էին մինչև գետաբերանները (ինչպիսին էր Ռիո-Մոտագունան կամ Ուսումասինտան) և ոչ մեծ նավակներով գետերի հոսանքի ուղղությամբ վեր բարձրացնում։

Ռիո- Մոտագուան սկիզբ է առնում Գվատեմալայի բարձունքներից և թափվում Կարիբյան ծով, իսկ Ուսումասինտայի գետային համակարգը պատկանում է Մեքսիկական նեղուցի ջրավազանին։ Հնարավոր է, որ դրանք այն առաջին նավակներն էին, որոնց հանդիպեց Կոլումբոսը Բեյ- Այլենդսի ( անգլ.՝ Bay Islands) ափերին (Հոնդուրաս)[5]։

Նեֆրիտը և օբսիդիանը ավելի հայտնի հանքանյութեր էին, քանի որ Գվատեմալայի հյուսիսային շրջանում՝ Իշտեպեկե քաղաքում, գտնվել են օբսիդիանի հանքավայրեր, որոնք Թուլումից 700 կմ հեռավորության վրա են գտնվում։ Այդ մեծ հեռավորությունը վկայում է Թուլումի՝ որպես օբսիդիանի առևտրի խոշոր կենտրոն լինելու մասին[6]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաչ-Ուինիկի տունը Թուլումում

Մայաների մյուս քաղաքների հետ համեմատած՝ հնագիտական պեղումների տարածքը Թուլումում այնքան էլ մեծ չէ։ Թուլումի լավ պահպանվածությունը և ժամանակակից զբոսաշրջային օբյեկտներին մոտ գտնվելը՝ տեղակայված Կարիբյան ծովի երկայնքով, քաղաքը դարձնում են հայտնի՝ զբոսաշրջային ուղղվածությամբ։ Ամեն ժամ Թուլում են գալիս ավտոբուսներ, որոնք սպասարկում են զբոսաշրջիկների մշտական հոսքին։ Թուլումի ավերակները ամենաշատ այցելվող հնագիտական տեղանքներից են Մեքսիկայում (Կանկունի հարավում գտնվող Ռիվյերա-Մայա զբոսաշրջային գոտի)՝ Տեոտիուական և Չիչեն-Իցա քաղաքների հետ միասին։

Թուլումի տարածքում տեղակայված են մեծ թվով քարանձավներ և սենոտներ, ինչպիսիք են Մայա-Բլյուն, Նաարոնը, Ճակատագրի տաճարը, Տորտուգան, Վակաան, Մեծ-սենոտը, Աբեխասը, Նոոչ-Կիինը և Կարվոշը։

Զբոսաշրջային գոտին բաժանվում է երեք հիմնական մասի. հնագիտական տարածաշրջանը, Թուլում քաղաքը և հյուրանոցային գոտին։

Թուլումի մոտ գտնվում է նաև Սակ Ակտունը՝ ստորերկրյա գետերի հայտնի համակարգը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուլումը հայտնվում է Assassin’s Creed IV: Black Flag խաղում և կարևոր տեղ է զբաղեցնում նրա սյուժեում՝ հանդիսանալով Կարիբյան լողավազանի Ասսասինների գլխավոր բազան։
  • Ժամանակակից մայաների շրջանում կա մի առասպել այն մասին, որ վաղ շամանակներում Թուլումը միաված է եղել Չիչեն- Իցա և Ուշմալ քաղաքների հետ «կուշան- սան»-ի օգնությամբ, որն օդում կախված ճանապարհ էր։ Այդ առասպելն ունի իրական հիմք. հնագետներն ապացուցել են, որ այդ քաղաքներն իրար էին միացված քարածածկ ճանապարհով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Maya sites in Quintana Roo: Tulúm» (history), Athena Review Vol.2, no.1, 2003, webpage: AthenaPub-Tulum Արխիվացված 2006-07-08 Wayback Machine.
  2. 2,0 2,1 2,2 «The Ancient Maya», Robert J. Sharer and Loa P. Traxler, Published by Stanford University Press 2006. pp 608—611
  3. Muyil-Quintana Roo-Mexico. Last revised Wednesday April 2, 2008. Walter R. T. Witschey. September 17, 2008. («Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն))
  4. Lowland Maya Fortifications, David Webster, Proceedings of the American Philosophical Society, Vol. 120, No. 5 (Oct. 15, 1976), pp. 361—371, Published by: American Philosophical Society
  5. The Peoples of the Caribbean: An Encyclopedia of Archeology and Traditional Culture, Nicholas J. Saunders, Published by ABC-CLIO, 2005. pp 299
  6. Classic Maya Obsidian Trade, Raymond V. Sidrys, American Antiquity, Vol. 41, No. 4 (Oct., 1976), pp. 449—464, Published by: Society for American Archaeology
  7. «meksika.info».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]