Ընտանեկան առասպելներ
Ընտանեկան առասպելներ, սոցիալ-հոգեբանական ֆենոմեն, որն իրենից ներկայացնում է ընտանիքի անդամների՝ միմյանց և ընդհանրապես ընտանիքի մասին խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող պատկերացումներ։ Այդ ընտանիքի ներսում դրանք համաձայնեցված են ենթագիտակցական մակարդակում, չեն ենթարկվում կասկածանքի և թույլ են տալիս նրա յուրաքանչյուր անդամի կառուցել իր սեփական հոգեբանական պաշտպանությունը շրջապատող մարդկանց հետ և ընտանիքի ներսում։ Ընտանեկան առասպելը, այսպիսով, մի խմբակային ինքնատիպ պաշտպանական մեխանիզմ է, որն օգնում է պահպանել ընտանեկան համակարգի ամբողջականությունը։ Դրա հիմքում ընկած են անգիտակցական հույզերը՝ մեղավորություն, հուզական մերժում, ընտանեկան որոշակի դերում հանդես գալու պատասխանատվության վախ[1]։
Հասկացության հոմանիշներ[2]։
- անհամազոր «ընտանիքի կերպար» կամ ««Մենք» կերպար»[3]։
- «Պարզամիտ–հոգեբանական տեսություններ»[4]։
- «Ընտանեկան մշակութային հայեցակարգ»[5]։
- ընտանիքի ներսում միջանձնային փոխգործակցության ոչ կառուցողական կարծրատիպեր[6]։
Ընտանեկան առասպելի բանաձևն է «Մենք՝ դա...»[7]։ Այն որպես կանոն հնչում է գրավիչ։
- «Մենք համերաշխ ընտանիք ենք», «Մենք բոլորս հավասար ենք», «Մենք հերոսներ ենք»։
Սակայն, նման «ճիշտ» հնչողության մեջ առավել հաճախ թաքնված է կոնկրետ խնդիր։ Խնդրահարույց կողմը իդեալականացվում է և դառնում է այդ առասպելի կենտրոնը։ Ընտանիքի անդամները գտնվում են նրա ներսում, ապրում են նրա կանոններով և իրականությունը տեսնում առասպելի կատեգորիաների մեջ[7]։
Երբեմն դա անհրաժեշտ է լինում, և այդ ժամանակ առասպելը կատարում է կոնկրետ գործառույթներ։ Օրինակ՝ «Մենք համերաշխ ընտանիք ենք» ընտանեկան առասպելը գործում է կյանքի դժվար կամ վտանգավոր պայմաններում. մարդկանց թվում է, որ նրանք կարող են գոյատևել միայն միասին, և միասնության մեջ է նրանց ուժը։ Առասպելը դառնում է դիսֆունկցիոնալ, երբ այդպիսի համադրություն այլևս անհրաժեշտ չէ[8]։
Այս դեպքում դրա վրա կառուցված ընտանեկան հարաբերություններն էլ համարվում են դիսֆունկցիոնալ։
Ֆենոմենի ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն միտքը, որ մարդկային կյանքը հետևում է առասպելների, լեգենդների և հեքիաթների հայտնի նմուշներին, արտահայտել է Ժոզեֆ Քեմպբելը[9]։ Նա հիմնավորում է իր հոգեբանական մտորումները Յունգի և Ֆրոյդի աշխատությունների մեջ։ Ընդհանուր առմամբ, հենց Յունգն է դրդել մտածել առասպելների և հեքիաթների մասին․ նրա ամենահայտնի միտքը՝ հնէաբանության և անհատականության միջև կապը[10]։
Տերմինը ի սկզբանե առաջարկել է Անտոնիո Ֆերեյրին[11] որոշակի պաշտպանության մեխանիզմներ նշելու համար, որոնք պահպանում են միասնությունը դիսֆունկցիոնալ ընտանիքներում։ Նա կարծում էր, որ ընտանեկան առասպելը դերերի որոշակի հավաքածու է, որոնք բաժանվում են ընտանիքի բոլոր անդամների միջև։ Ավելի ուշ նրա հետազոտությունները շարունակվել են Ջոն Բինգ Հոլի աշխատանքներում[12]։ Երկու հոգեբույժներն էլ ընտանեկան թերապիան հանգեցրել են այն առասպելի ոչնչացումը, որն արդեն ճեղք էր տվել և նորի կառուցմանը։
Ռոնալդ Լեյգը[13] օգտագործել է «քողարկված հաղորդակցություն» հասկացությունը կամ միստիֆիկացիան նկարագրելու համար նույն երևույթները, ինչ Ֆերեյրան։ Իր աշխատանքներում նա խոսել է հաղորդակցության հատուկ միջոցների մասին, որոնց առկայության դեպքում ներընտանեկան կոնֆլիկտները հանգում են քողարկման և սքողման՝ ընտանիքում նորմալ փոխհարաբերությունների տեսանելիությունը պահպանելու համար։
Էրիկ Բերնն իր «Խաղեր, որոնցում խաղում են մարդիկ»[14] գրքում անուղղակիորեն դիտարկում է նույն երևույթները՝ ընտանեկան առասպելներն անվանելով պատրանքներ[15][16], համեմատելով դրանք ոչ ֆորմալ, գաղտնի կոդեքսների հետ, որոնք հատուկ են յուրաքանչյուր ընտանիքի։ Իր հետազոտության մեջ նկարագրել է ընտանիքի տարբեր անդամների կողմից իրենց նպատակների համար հաղորդակցության գործընթացի (չարաշահումների) օգտագործման օրինակներ (հաճախ թաքնված նույնիսկ իրենց կողմից)։
Ընտանիքի համակարգային մոտեցման շրջանակներում ընտանեկան առասպելը դիտվում էր ընտանեկան կանոնների, ընտանեկան դերերի, ընտանեկան գաղտնիքների, ընտանեկան ծեսերի հետ անխզելի միասնության մեջ։ Այս մոտեցման առաջին հետևորդների թվում էին «Միլանի խմբի» իտալական համակարգային ընտանեկան հոգեթերապևտներ Մարա Սելվինի Պալացցոլին, Ջուլիանա Պրաթան, Ջանֆրանկո Չեկինը և Լուիջի Բոսկոլոն։ Իրենց «Պարադոքս և հակապարադոքս» գրքում[17] նրանք խոսել են «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» առասպելի ծագման և զարգացման մասին՝ օգտագործելով իրենց պրակտիկայից մի օրինակ։
Ռուսաստանում, մասնավորապես, ընտանեկան առասպելների հարցով զբաղվել է Տ.Մ. Միշինան[18]։ Խնդիրը նկարագրելու համար նա առաջին անգամ ներկայացրել և օգտագործել է «ընտանիքի կերպար» կամ «մենք» կերպար» հասկացությունը՝ նկատի ունենալով ընտանեկան ամբողջական ինքնագիտակցությունը։ «Մենք»-ի համարժեք կերպարը պատասխանատու էր առողջ ընտանիքի կենսակերպի համար, իսկ անհամազոր կերպարը խորհրդանշում էր հարաբերությունները դիսֆունկցիոնալ ընտանիքներում՝ ստեղծելով ընտանեկան առասպել։
Ընտանեկան առասպելների առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանեկան առասպելները, որպես օրենք, ձևավորվում են ոչ թե առաջին սերնդում, այլ մոտավորապես երեք սերնդի ընթացքում։ Դրանում մեծ դեր են խաղում հասարակական միջավայրը (այն, որում ապրել և դաստիարակվել է ընտանիքի յուրաքանչյուր անդամ, այսինքն, որում ապրել են դեռ պապիկներն ու տատիկները, և այն, որում տվյալ պահին գտնվում են նրանք), ովքեր են եղել նրանց ծնողները, ինչպիսի արժեքներ են ներարկել նրանցից յուրաքանչյուրի մեջ և թե ընտանիքի ինչպիսի կերպար է ստացվել արդյունքում։
Օրինակ՝ ցեղասպանություն կամ շատ լուրջ ճգնաժամ վերապրած յուրաքանչյուր ազգ համարում է, որ վերապրել կարելի է միայն միասին (համերաշխ ընտանիքի մասին առասպել)։ Իսկ այն երկրներում, որտեղ 200 տարի ոչ մի պատերազմ չի եղել, այս առասպելը գոյություն չունի, այնտեղ չի նկատվում սերունդների ամուր կապ[7]։
Ընտանիքի կերպարի ձևավորման գլխավոր աղբյուրներն են համատեղ գործունեությունը և ներընտանեկան շփումը։ Ընտանիքի համաչափ զարգացման դեպքում ձևավորվում է համապատասխան «Մենք» կերպարը և ընտանեկան առասպելների ստեղծման կարիք չի լինում։ Ընտանիքի դիսֆունկցիայի և միջանձնային հաղորդակցության խանգարումների դեպքում նրա անդամների միջև ձևավորվում է «Մենք» անհամազոր կերպարը։ Այդ ժամանակ ընտանիքում տիրող համերաշխության ու համաձայնության պատրանքի պահպանման համար ձևավորվում են ընտանեկան առասպելներ[19]։ Վերջիններս անհրաժեշտ են այն ժամանակ, երբ ընտանիքի սահմանները վտանգված են։
Ընտանեկան առասպելների ստեղծման ժամանակ առանձնանում են ընտանիքների կողմից օգտագործվող մի քանի պաշտպանական մեխանիզմներ[18]․
- պրոյեկցիա՝ իրենց մեջ մերժվող սոցիալական միջավայրի կարիքների, շարժառիթների, ձգտումների պրոեկտումը։
Օրինակ՝ «Մենք մաքուր, կատարյալ մարդիկ ենք» առասպելը ենթադրում է, որ մնացածին կարելի է համարել «կեղտոտ» և «սանձարձակ»։ Նման դիրքորոշումը հանգեցնում է այսպես կոչված «ընտանիք-ամրոցների» ձևավորմանը։
- եսի մասնատում՝ իրենց մեջ մերժված որակների արմատավորումը զուգընկերոջ մոտ։
Օրինակ՝ Իր մեջ ագրեսիան խեղդող կինը կոնֆլիկտի ժամանակ փոխանցում է այն ամուսնուն։ Այստեղից առաջանում է «տառապյալ կնոջ» մասին առասպելը։ Հենց վերը նկարագրված տարբեր պաշտպանական մեխանիզմների համադրությունն է ստեղծում առասպելների ամբողջ բազմազանությունը։ Յուրաքանչյուր առասպելից բխում են իրենց կանոնները։
Ընտանեկան առասպելների օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» կամ «Մենք համերաշխ ընտանիք ենք» առասպել
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման ընտանիքում չեն կարող լինել բաց կոնֆլիկտներ, առավել ևս՝ երեխաների ներկայությամբ, դրանք քողարկված են։ Վեճը տան սահմաններից երբեք դուրս չի գալիս։ Հարաբերությունները չեն պարզվում։ Համերաշխ ընտանիքում ընդունված է զգալ միայն սեր, քնքշանք, գորովանք, խղճահարություն և երախտագիտություն։ Մնացած զգացմունքները՝ վիրավորվածություն, զայրույթ, հիասթափություն և այլն, անտեսվում են կամ դուրս մղվում որպես անընդունելի։ Քանի որ ամուսնությունը հիմնված է անհամապատասխանությունները չնկատելու փոխադարձ պայմանավորվածության վրա, ամուսինները վրդովվում են, եթե դրանք մատնանշվում են[10]։
Խնդիրներ առաջանում են այն դեպքերում, երբ ընտանիքի անդամներից ինչ-որ մեկն անընդունակ է լինում անտեսել իր բնական և անխուսափելի բացասական զգացմունքները հարազատների նկատմամբ։ Նա սկսում է խղճի խայթ զգալ այն բանի համար, որ չի կատարում «ընտանեկան առասպելի կանոնները», սկսում է իրեն համարել աննորմալ, ոչ ադեկվատ և դառնում է, այսպես ասած, «նույնականացված պացիենտ»[20]։ Սա արտահայտվում է բնորոշ խնդիրներով՝ տագնապային-դեպրեսիվ խանգարումներով, ագրեսիվ պահվածքով և անորեքսիայով։
«Մենք հերոսներ ենք» առասպել
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանում է զգացմունքայնության և աշխարհընկալման որոշակի չափանիշ։ Իրական «հերոսներ» գոյություն ունեն միայն ողբերգության բարձր ժանրում, և նրանց վայել է զգալ շատ ուժեղ զգացմունքներ․ ոչ թե սեր, այլ ճակատագրական կիրք, ոչ թե տխրություն, այլ անտանելի վիշտ։ Ընտանիքն, որն ապրում է այդպիսի առասպելների կանոններով, մասամբ պահպանում է նախնիների հերոսական արարքների պատմությունները. այնտեղ հանդիպում են հին բոլշևիկներ, պարտիզաններ, սովը վերապրածներ, հալածանքների ենթարկվածներ, ծանր պայմաններում երեխաներին մեծացրածներ, այլ կերպ ասած՝ լուրջ խոչընդոտներ հաղթահարած և արդյունքների հասած մարդիկ։ Այս ընտանիքի անդամների համար անհրաժեշտ են դժվարություններ և դրանց հաղթահարումներ, նրանք պետք է ամեն ինչի համար պայքարեն։ Նման հաղթահարումների ապրումը նրանց հատուկ զգացմունքն է։ Այսպիսի ընտանիքներում հաճախ ասում են, որ իրենց կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում։ Նրանք տարիներով կարող են վիճել, չխոսել, չներել և հպարտանալ դրանով որպես սկզբունքայնության և տոկունության դրսևորում։ «Հերոսների» ընտանիքում երեխային դաստիարակում են խիստ, որպես պատիժ զրկում են հաճույքներից, հաճախ ծեծում են։
Առասպել «վերապրողների» մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա մասնավոր դեպք է հերոսական առասպելից։ Քանի դեռ կյանքը իսկապես դժվար է, գոյատևման հմտությունները չեն կազմում առասպելի հիմքը, այլ դառնում են անհրաժեշտություն։ Իսկ երբ այդ անհրաժեշտությունը վերանում է, իսկ մարդիկ, չիմանալով, թե ինչ անել նոր պայմաններում, ուզում են ապրել հին ձևով, առաջանում է «վերապրողների» մասին առասպելը։ Դրա գլխավոր նշանը ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ հաջողության գագաթնակետին դեպրեսիայի առաջացումն է, քանի որ նրա՝ որպես «վերապրածի» երազանքն է «կորցնել ամեն ինչ և սկսել նորից»։ Բայց անհաջողության վախը, հաջող երկրորդ փորձի համար ուժի բացակայությունը ստիպում է նրան իր երազանքին հակառակ պահել բիզնեսը, ռիսկի չդիմել և ապրել հերոսի դաժան կյանքով։ Այդ ամենին նա հասնում է իր ընտանիքի օգնությամբ։ Մշտական ընտանեկան կոնֆլիկտները, վեճերը, մանրախնդրություններն ավելացնում են «վերապրողի» գոյության համար անհրաժեշտ դժվարությունները և տառապանքները։
Առասպել փրկիչների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ի՞նչ կանեինք մենք առանց նրա», ընտանիքում անպայման պետք է լինի մեկը, որը պահում է ողջ ընտանիքը։ «Փրկիչը» կարող է լինել բարոյական և ֆիզիկական հիպոստաս, կամ երկուսն էլ։ Բայց որպեսզի բոլորին օգնի, հարկավոր է, որ լինեն նրանք, ում պետք է փրկել, այլապես «փրկիչն» իրեն ինչպես պետք է «փրկիչ» զգա։ Այսպիսով, բարոյական «փրկիչը» մեղավորների կարիք ունի, հետևաբար, նրա ընտանիքը պետք է բաղկացած լինի մարդկանցից, որոնք հաճախ ինչ–որ վատ բան են անում՝ խմում են, գողանում, հայտնվում կեղտոտ պատմության մեջ։ «Փրկիչը» փորձանքից ազատում է, իսկ մեղավորները շնորհակալություն են հայտնում, խոստանում են ուղղվել և ... նորից մեղանչում են։ Ֆիզիկական «փրկիչը» խնամում է, բուժում, կերակրում, բերում է մթերքներ և այլն։ Դրա համար էլ նրա ընտանիքը կազմված է հիվանդներից, անօգնականներից և հաշմանդամներից։ Նման առասպելի վառ օրինակ է հարբեցողների ընտանիքը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Э. Г. Эйдемиллер, И. М. Никольская. Семейный диагноз и семейная психотерапия. Учебное пособие для врачей и психологов. Изд. 2-е, испр. и доп. — СПб.: Речь, 2006
- ↑ Психотерапевтическая энциклопедия. — С.-Пб.: Питер. Б. Д. Карвасарский. 2000
- ↑ Т. М. Мишина
- ↑ Э. Г. Эйдемиллер, В. Юстицкис
- ↑ Е. Е. Сапогова
- ↑ С. А. Петрулевич
- ↑ 7,0 7,1 7,2 А. Я. Варга. Системная семейная психотерапия. Краткий лекционный курс, СПб.: «Речь», 2001
- ↑ А. Я. Варга. Журнал практической психологии и психоанализа, 2001, № 1-2
- ↑ Joseph Campbell, The Hero with a Thousand Faces, 1949
- ↑ 10,0 10,1 Eric Berne. Games People Play. — Grove Press, 1964
- ↑ Antonio J. Ferreira. Family Myth and Homeostasis. Arch Gen Psychiatry. 1963
- ↑ Byng-Hall J. Family Myths used as Defence in Conjoint Family Therapy, British Journal of Psychology, ,1973.
- ↑ Laing, R.D. The Politics of the Family and Other Essays. London: Tavistock Publications,1971
- ↑ Eric Berne, Games People Play. — Grove Press, 1964
- ↑ «Иллюзии — это те самые „если только…“ и „когда-нибудь…“, на которых большинство людей строят своё существование»
- ↑ «Иллюзии привлекательнее реальности, и даже самая привлекательная реальность может быть отброшена ради самой маловероятной и непрочной иллюзии»
- ↑ Selvini Palazzoli M., Boscolo L., Cecchin G., Pratta G. 1978
- ↑ 18,0 18,1 Т. М. Мишина. Семейная психотерапия и динамика «образа семьи» / Психогигиена и психопрофилактика / Под ред. В. К. Мягер и др. Л., 1983
- ↑ Энциклопедический словарь по психологии и педагогике, 2013
- ↑ «Идентифицированный пациент» — член семьи, клинико-психологические и поведенческие проблемы которого заставляют родственников объединиться и обратиться за психологической помощью
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пегги Пэпп. Семейная терапия и её парадоксы. М, Независимая фирма «Класс», 1998
- Эйдемиллер Э. Г., Юстицкий В. В. Психология и психотерапия семьи. СПб., 1999
- Сатир В. Как строить себя и свою семью. М., 1992