Էլիզաբեթ Ֆորբս
Էլիզաբեթ Ֆորբս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1859[1][2] |
Ծննդավայր | Կինգստոն, Ֆրոնտենակ, Օնտարիո, Կանադա |
Վախճանվել է | մարտի 16, 1912 (52 տարեկան) |
Մահվան վայր | Newlyn, Կոռնուոլ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Արվեստի արքայական քոլեջ և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Աշակերտներ | Eleanor Hughes?[3] |
Ներշնչվել է | Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր |
Ամուսին | Ստենհոուպ Ֆորբս |
Elizabeth Adela Forbes Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Ադելա Ֆորբս (անգլ.՝ Elizabeth Adela Forbes, ծննդյան անունը` Ադելա Արմսթրոնգ, դեկտեմբերի 29, 1859[1][2], Կինգստոն, Ֆրոնտենակ, Օնտարիո, Կանադա - մարտի 16, 1912, Newlyn, Կոռնուոլ), կանադացի նկարչուհի-պոստիմպրեսիոնիստ, Մեծ Բրիտանիայում Նյուլինյան դպրոցի խոշոր ներկայացուցիչ[4]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթ Ֆորբսը ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Քինգստոն քաղաքում, պաշտոնյայի ընտանիքում: Եղել է ընտանիքի միակ դուստրը և ամենափոքր երեխան: Գեղանկարչությամբ զբաղվելը Էլիզաբեթի ծնողների կողմից խրախուսվում էր դեռ վաղ մանկությունից: Աղջկա կարողությունների հետագա զարգացման նպատակով նրան ուղարկում են Անգլիա գեղարվեստական դասընթացների: Նա մոր հետ մեկնում է Լոնդոն և բնակություն հաստատում քեռի Չելսիի տանը[5]: Էլիզաբեթ Արմսթրոնգն այլևս չտեսավ հորը, քանի որ մի քանի ամիս անց նա մահացավ ուղեղի կաթվածից: 1878 թվականին Էլիզաբեթ Արմսթրոնգը վերադառնում է Կանադա Նյու Յորքով, որտեղ ծանոթանում է տեղի «Արվեստի ուսանողական լիգայի» (Art Students League) նկարիչների հետ: Հետագա երեք տարիների ընթացքում նա դասեր է ստանում «Ուսանողական լիգայում»` այստեղ ծանոթանալով ժամանակակից եվրոպական գեղանկարչության հետ (Միլե, Բաստեն-Լեպաժ և այլն): Նրան դասավանդող Վիլյամ Չեյզի խորհրդով, Էլիզաբեթը 1881-1882 թվականներին հինգ ամիս դասընթացներ է անցնում Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, Ֆրենկ Դյուվենեկի մոտ: 1882 թվականին երիտասարդ արվեստագետը, կրկին իր «լիգայի» ընկերների խորհրդով, մոր հետ գալիս է Բրետան, Պոնտ-Ավեն[6], որպեսզի շփվի տեղական գաղութի գեղանկարիչների հետ: Նկարելով տեղի բնակիչների դիմանկարները` Էլիզաբեթն այնուհետև դրանք ցուցադրության է ուղարկում Լոնդոնի գեղանկարիչների ինստիտուտին: Ցուցադրության առաջին օրն արդեն բոլոր աշխատանքները վաճառվում են: 1883 թվականին նկարչուհին մեկնում է Լոնդոն, իսկ 1884 թվականին հոլանդական Զանդվորտ, որտեղ էլ նկարում է իր լավագույն գործերից մեկը «Ձկնորսը Զանդվորտից»: Նույն թվականի աշնանը վերադառնալով Լոնդոն, Էլիզաբեթը սկսում է ուսումնասիրել գրաֆիկայի արվեստը, այնպիսի վարպետների ղեկավարությամբ ինչպիսիք են Ուոլթեր Սիկերտը և Ջեյմս Ուիսթլերը: Նա նկարիչ-փորագրողների Թագավորական ընկերության անդամ էր, իր գրաֆիկական աշխատանքները ցուցադրում էր Գրոսվենորի պատկերասրահում և Ջրանկարիչների թագավորական ինստիտուտում:
1885 թվականին նկարչուհին այցելում է Նյուլին և այնտեղ բնակվող գեղանկարիչների գաղութ (Նյուլինյան դպրոց): Այստեղ նա ծանոթանում է իր ապագա ամուսնու նկարիչ Ստենհոուպ Ֆորբսի հետ: 1886 թվականից էլիզաբեթը բնակվում է Նյուլինում Ստենհոուպի հետ: 1889 թվականին նրանք ամուսնանում են տեղական եկեղեցում: Նույն թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ցուցադրվում է Ֆորբսի լավագույն կտավներից մեկը` «Դպրոցից հետո»: 1891 թվականին նկարչուհու ստեղծագործությունները մեդալի են արժանանում Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում: 1893 թվականին ծնվում է Էլիզաբեթի և Ստենհոուպի միակ երեխան` Ալեքսը (զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ): Այն բանից հետո, երբ 19-րդ դարի վերջին գաղութի նկարիչների մի մասը հեռանում են Նյուլինից, Էլիզաբեթն ու նրա ամուսինը 1899 թվականին բացում են « Գեղարվեստի Նյուլինյան դպրոցը», որտեղ դասավանդում են ուսանողներին և ծանոթներին, որպեսզի պահպանեն Նյուլինի գեղարվեստական ավանդույթները: 1900 թվականին Էլիզաբեթ Ֆորբսը դառնում է Ջրանկարիչների թագավորական ընկերության անդամ: 1904 թվականին նա գրում է «Արթուր արքայի անտառը» (King Arthur’s Wood) գիրքը, որտեղ տեղ են գտնում նրա պրեռաֆայելյան ոճի նկարազարդումները: 1907 թվականից նկարչուհին մասնակցում է տեղական գեղարվեստական ընկերության կողմից հրատարակվող Paperchase թերթի ձևավորման աշխատանքներին: Նա եղել է Պերսի Ռոբերտ Կրաֆտի կողմից ղեկավարվող Նյուլիտյան գեղարվեստական դրամատիկական ընկերության (Newlyn Artists' Dramatic Society) անդամ: Ֆորբսն իր աշխատաքների ստեղծման ժամանակ օգտագործում էր ինչպես ջրաներկ, յուղաներկ, այնպես էլ գունամատիտներ: Վաղաժամ մահվան մահախոսականում նրան անվանել են «Նյուլինի թագուհի»:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթ Ֆորբսի ստեղծագործությունների մասնակի ցանկը ներառում է[4][7]՝
- «Երազանքի արքայադուստր», 1897, Կոռնուոլի թագավորական թանգարան, Տրուրո
- «Պոնտ-Ավենի ծեր տիկինը», չոր ասեղ/օֆորտ, ցուցանմուշ Փենլի և Բրիտանական թանգարաններից
- «Նյուլինյան օրիորդ», կտավ/յուղաներկ, Փենլի թանգարան
- «Սայլակով տղաները», չոր ասեղ/օֆորտ, ցուցանմուշ Փենլի թանգարանից
- «Սոխ մաքրող աղջիկը», չոր ասեղ/օֆորտ, ցուցանմուշ Փենլի և Բրիտանական թանգարաններից
- «Սոխ մաքրող աղջիկը», կտավ/յուղաներկ, Փենլի թանգարան
- «Portrait of Cicely Jesse, charcoal», Փենլի թանգարան
- «Նկարչի դիմանկար», չոր ասեղ/օֆորտ, ցուցանմուշ Փենլի թանգարանից
- «School is Out», 1889, կտավ/յուղաներկ, Փենլի թանգարան
- «Կոռնիական կարկանդակ», չոր ասեղ/օֆորտ, ցուցանմուշ Փենլի թանգարանից
- «Քննադատները», 1886 կամ 1887
- «Մենուենտ», կտավ/յուղաներկ, Փենլի թանգարան
- «The Pied Piper», խառը տխնիկա/թուղթ, Փենլի թանգարան
- «Զանդվոորտի ձկնորսուհին», 1884, կտավ/յուղաներկ, Փենլի թանգարան. On loan from Newlyn Art Gallery.
«School is Out» և «Զանդվոորտի ձկնորսուհին» ստեղծագործությունները Ֆորբսի ամենահայտնի ստեղծագործություններն են[8]:
Էլիզաբեթ Ֆորբսի ստեղծագործությունները ցուցադրվում են Կանադայի ազգային պատկերասրահում, Վաշինգտոնի Կանացի արվեստի ազգային թանգարան, Կոռնուոլի թագավորական թանգարանում, Փենլի թանգարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Արևմտյան Կոռնուոլի արվեստի արխիվում և Լիվերպուլի, Լոնդոնի ու Մանչեստրի թանգարաններում:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Carrington, Fitz Roy; Campbell Dodgson. The Print Collector's Quarterly. Catalogue of Dry Points by Elizabeth Adela Forbes ed. 1922. p. 90–100.
- Cook, Judith, Melissa Hardie. Singing from the walls: the life and art of Elizabeth Forbes (Bristol: Sansom, 2000) reprints Sabin and adds 5 more prints along with 59 book illustrations.
- Fox, Caroline. Stanhope Forbes and the Newlyn School, David & Charles, 1993
- Sabin, Arthur K. The Dry-Points of Elizabeth Adela Forbes, formerly E. A. Armstrong (1859–1912) The Print Collector’s Quarterly 1922 Feb Vol 9, No. 1, p75 with a Catalogue of 41 Dry-Points.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Volendam, Holland, from the Zuidende, հավանաբար 1895 թ., փայտ/յուղաներկ, Թեյթ պատկերասրահ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists
- ↑ 2,0 2,1 Elizabeth Adela Forbes — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://cornwallartists.org/cornwall-artists/eleanor-hughes
- ↑ 4,0 4,1 Elizabeth Forbes. Penlee House
- ↑ Elizabeth Armstrong Forbes. Canadian Woman Artists History Initiative
- ↑ Elizabeth Adela Stanhope Forbes. National Museum of Women in the Arts
- ↑ Mrs. Lionel Birch. Stanhope A. Forbes, A. R. A., and Elizabeth Stanhope Forbes, A. R. W. S.. Cassell and Company, Limited; 1906. pp. 36.
- ↑ Elizabeth Adela Forbes. Cornwall Artists
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Elizabeth Stanhope Forbes
- Sabin catalogue of 41 prints
- Archival papers held at University of Toronto Archives and Records Management Services
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլիզաբեթ Ֆորբս կատեգորիայում։ |