Jump to content

Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգա (անգլ.՝ Art Students League of New York), գեղարվեստական ուսումնական հաստատություն (դպրոց) ԱՄՆում, գտնվում է Նյու Յորքի Արևմտյան 57-րդ փողոցում։ Ավելի քան 100 տարի դպրոցը պահպանել է ինչպես պրոֆեսիոնալ նկարիչների, այնպես էլ` սիրողական մակարդակի ուսուցման ավանդույթները մատչելի գներով, սովորողներին հարմար գրաֆիկով, ընդգրկելով ուսանողների հասարակության բոլոր շերտերից։ Դպրոցի ուսուցիչների ու շրջանավարտների մեջ եղել են համաշխարհային արվեստի տարբեր ուղղությունների հայտնի նկարիչներ։ Դպրոցն ունի ուսանողների և ուսուցիչների աշխատանքներից կազմված մշտական նշանակալի ցուցադրություն, այն հրատարակում է նաև սեփական LINEA անվանումով օնլայն ամսագիրը[1]։

Դպրոցի շենքը, 2009 թվական

Հիմնադրվել է 1875 թվականին, Դիզայնի ազգային ակադեմիայի ունկնդիրների ու շրջանավարտների կողմից, որոնց դուր չէին գալիս Ակադեմիայի ուսուցման սկզբունքները։ Ի սկզբանե տեղակայված էր 16-րդ փողոցի և Հինգերորդ պողոտայի հատման կետում գտնվող վարձով շենքում։ 1877 թվականին, երբ Ակադեմիայի ուսուցումը դառնում է այնպիսի, ինչպիսին ցանկանում էին տեսնել նոր դպրոցի կազմակերպիչները, ուսանողները որոշում են քվեարկել իրենց նոր ծրագրի ուսուցման պահպանման համար, և դպրոցը գրանցվում է 1878 թվականին։ Տնօրենների խորհրդի կազմի ազդեցիկ անդամներից էին նկարիչ Թոմաս Իկինսը և քանդակագործ Օգաստես Սենթ Գոդենսը։ Ուսանողների շարքերն աճում էին, և դպրոցն զբաղեցնում էր շենքի ավելի մեծ տարածություններ։ 1889 թվականին Ամերիկացի նկարիչների միության և Նյու Յորքի ճարտարապետական լիգայի հետ համատեղ դպրոցը մասնակցել է Գեղեցիկ արվեստների ամերիկյան ընկերության ստեղծմանը։ Այդ ընկերությունը գտնվում է 215-րդ փողոցում և համատեղ սենյակ է զբաղեցնում Նյու Յորքի ուսանող-նկարիչների լիգայի հետ, սկսած 1892 թվականից[2]։ Այն մտնում է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանի մեջ և կառուցված է ֆրանսիական Վերածննդի ոճով, ընկերության հիմնադիրներից մեկի` ճարտարապետ Հենրի Ջեյնուեյ Հարդենբերգի կողմից։ 1890-ականների վերջին և 1900-ականների սկզբին լիգայում սովորելու են եկել մեծ թվով կին նկարիչներ, նրանցից մի քանիսը մնացել են աշխատելու դպրոցում։ 1920-1930-ականներին լիգան ղեկավարել է նկարիչ Թոմաս Հարթ Բենթոնը, ում աշակերտների թվում է եղել Ջեքսոն Պոլլոքը, մի նկարիչ, ով համարվում է աբստրակտ էքսպրեսիոնիզմի գաղափարախոսն ու մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի արվեստի զարգացման վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լիգան շարունակել է աշխատել, և այստեղից դուրս են եկել շատ հայտնի նկարիչներ։ 1906-1922 և 1947-1979 թվականներին լիգայում գործել է գեղարվեստի ամառային դպրոց։ 1995 թվականին լիգայի մեջ է մտել Vytlacil campus կամպուսը[3]։ Ներկայումս ևս լիգան համարվում է նյույորքյան գեղարվեստական կյանքի կարևոր բաղադրիչ մասը։ Այն գրավում է ամենատարբեր ոճերով աշխատող նոր նկարիչների` շարունակելով իր առաջնային առաքելությունը, այն է` գեղարվեստական շրջանակներում տեղ տալ բոլոր ցանկացողներին` անկախ նրանց ֆինանսական հնարավորություններից կամ կրթությունից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգա» հոդվածին։