Դիցաբանության արտացոլումը հին հայկական դրամներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրեբունի, առյուծ, որմնանկար

Հայոց դրամանիշների պատմությունը հարուստ է, քանի որ, պատմական Հայաստանը գտնվել է առաջին անգամ անտիկ դրամներ հատող վայրերի հարևանությամբ։ Դրամահատությունը սկսվել է մ․թ․ա VIII-VII դարերի սահմանագլխին, ըստ հույն պատմիչ Հերոդոտոսի վկայման՝ Փոքր Ասիայի արևմտյան մասում գտնվող Լիդիա երկրում, որտեղ զարգացած է մանր առևտուրը, և որտեղ հատել են արթածե և ոսկե դրամներ (Տմոլա գետը ոսկե ավազ է բերում ջրերով[1])։ Դիցաբանական պատկերները հին հայկական դրամների վրա դրոշմվել են ընդգծելու դրամը հատող միապետի հզորությունը, այդ իսկ պատճառով պատկերվել են հիմնականում գերագույն աստվածը, մայր աստվածուհին, հաղթանակի թևավոր դիցուհին։ Առասպելական թեմաների առկայությունը դրամների վրա հիմքում ունեցել է պատկերացումներ, որոնցից հատկապես նշելի են արքայական տոհմի աստվածային ծագման, աստվածների կողմից արքայի գործունեության հովանավորմանն առնչվող գաղափարները, որոնք հատուկ էին Հին Աշխարհի ժողովուրդների դիցամտածողությանը։ Հին Հայաստանում, որտեղ դրամաշրջանառությունը զարգացման տարբեր փուլեր է անցել, դիցաբանական թեմաները մշտապես ուղեկցել են արքայական պատկերներին, ուրույն երանգ հաղորդելով դրամների պատկերագրությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները մ․թ․ա VI-V դարերից են, գտնվել են Աքեմենյան, Միլեթյան և Աթենական արծաթե դրամներ։ Հայտնի է նաև, որ դեռևս մ․թ․ա․ IV դարում Հայաստանի Աքեմենյան սատրապներ Տիրիբազոսը և Օրոնտեսը իրենց դիմապատկերներով դրամներ են հատել։ Մետաղադրամները Հայաստանում մեծ տարածում են գտել հելլենիստական դարաշրջանի սկզբից, այսինքն՝ մ․թ․ա․ IV դարի երկրորդ կեսից։ Միջազգային առևտրի շնորհիվ Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամները Փոքր Ասիայից և Միջագետքից թափանցել են հայկական շուկա։ Հելլենիստական ժամանակաշրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանիշներ և արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով[2]։

Արտաշես Բ-ի հատած դրամները՝ հունարեն մակագրությամբ։

Հին Հայաստանում շրջանառվող շատ դրամների վրա առկա են դիցաբանական պատկերներ, հայկական արքայատների՝ Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների ժամանակաշրջանների ոսկե, արծաթե, պղնձե դրամների վրա։ Դիցաբանական թեմաներն, ըստ բովանդակության․ հիմնականում դրսևորված են աստվածների, դիցուհիների և այլն առասպելական կերպարների պատկերներով, որոնք հաճախ դարձերեսին են, երբեմն էլ ուղեկցում են դիմերեսի հիմնական պատկերը[3]։

Դիցաբանական թեմատիկան առկա է Էրեբունյան դրամներում, որի օրինակներից են ամեհի առյուծների դիմաքանդակները մ․թ․ա․ 6-րդ դարի արծաթե դրամների վրա։ Առյուծը աստվածների ու դիցարանների ձևավորումից շատ ավելի վաղ ժամանակներում պատկերվել է Հայաստանի ժայռապատկերներում։

Առյուծ, ժայռապատկեր
Արծիվ
Ձի, ժայռապատկեր

Հայոց դիցաբանական պատկերացումներում առյուծը, ինչպես և արծիվն ու ձին, հնուց ի վեր արքայական զորության խորհրդանիշ են եղել։ Արքայական իշխանությունը համարվել է աստծուց տրված շնորհ, մասնավորապես` Արև-աստծուց։ (Եգիպտոսում, օրինակ, շատ փարավոնների անվան հետ դրվել են նաև արևային աստված Ամոն-Ռայի անունը)։ Վանի թագավորությունում (Բիայնա, Ուրարտու, Արարատ) արքայական իշխանությունն ու զենքը գերագույն աստված Հալդին էր շնորհում, որն ինքն էլ հաճախ պատկերվել է առյուծի վրա փառահեղորեն կանգնած։ Արքաների և արքայական նախնիների պաշտամունքը Հայաստանում, ինչպես և Հին Աշխարհի մյուս երկրներում, մեծապես տարածված է եղել։ Ինչ վերաբերում է կենդանիների ու թռչունների արքաներին` առյուծին ու արծվին, ապա դրանք, քարե արձանների տեսքով, առկա են նաև Անտիոքոս Երվանդունու՝ Կոմմագենեի Նեմրութ լեռան արևելյան և արևմտյան լանջերին կառուցած դամբարանադաշտում։ Կոմմագենյան հնավայրը, ինչպես հայտնի է, հին հայոց արևապաշտության վկաներից է, որում առյուծի ու արծվի արձանները աստվածների և արքայի կողքին են՝ որպես արքայական իշխանության ցուցիչներ[4][5]։

Երվանդունիների ժամանակաշրջանի (մ.թ.ա. VI-III դդ.) դրամների վրա հանդիպում են Արամազդի, Անահիտի, Վահագնի, նրանց հունական զուգահեռների՝ Զևսի, Աթենասի, Հերակլեսի և այլոց պատկերները։ Աստվածների պատկերները հիմնականում դարձերեսին են, իսկ դիմերեսին տվյալ ժամանակաշրջանի գահակալ արքայի կամ սատրապի պատկերն է։

Դիցուհի Անահիտ, Արտաշատ

Արևի խորհրդանիշներից ձին նշանակալի դեր է խաղացել նաև ծիսական կյանքում։ Հույն պատ­միչ Քսե­նո­փո­նի վկայ­մամբ՝ Հա­յաս­տա­նում եղել է սո­վո­րույթ Արևի աստված Միհր­ի տո­նե­րին մտրուկ­ներ զոհա­բե­րել, և նա իր ձին նույնպես տվել է գյուղապետին՝ որպես նվիրատվություն ընդհանուր զոհաբերական արարողությանը[6]։ Երվանդ արքայի (IV դարի սկիզբ) այս ոսկեդրամի դարձերեսին երևում է ձիու պատկերը, որը նույնպես արքայական իշխանության խորհրդանիշ Հին Աշխարհում։ Մ.թ.ա. III դարի երկրորդ կեսից Ծոփքի հայ արքաները՝ Արշամը (Արսամես), Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ են հատել։ Յուրահատուկ դրսևորում է գտել Արարատ սարի պատկերը Ծոփքի Արշամ Բ թագավորին վերագրվող (մ.թ.ա. 230 թ.) դրամի վրա, որում դեռևս նախաքրիստոնեական ժամանակներում սրբազան համարվող լեռան կատարին շողշողացող աստղեր են դրոշմված։ Թեև Ծոփքից Մասիսները տեսանելի չեն, բայց այստեղ էլ ազգային պաշտամունքի կարևոր մաս են կազմել, խորհրդանշելով ողջ երկիրը, ընդ որում, սարերը երիզված են Կենաց ծառ հիշեցնող զարդանախշով։ Ծոփք-Կոմագենեի Քսերքսես Երվանդունի արքայի (220-212 թթ.) դրամներին դրոշմված է առասպելական արարած, որը հիշեցնում է հաղթության թևավոր դիցուհի Նիկե-Վիկտորիային, որի պատկերը հաճախ է հանդիպում հին դրամներում, շեշտելու համար արքաների հաղթանակները։ Նիկեն, որը հին հունական դիցաբանության մեջ հաղթանակի դիցուհին է, տիտան Պալասի և Ստիքսի դուստրը, Կրատոսի (հզորություն), Բիայի (ուժ) և Զելուսի (եռանդ) քույրը, Զևսի ուղեկիցը, մշտապես եղել է հերոսներին կողքին և արձանագրում նրանց հաղթանակները։ 

Ալեքսանդր Մակեդոնացի
Քսերքսես

Ամենաշատ հայկական դրամներ հասել են Արտաշիսյան թագավորության ժամանակներից (մ.թ.ա. 189 - մ.թ. 1 թթ.)։ Սկսած Տիգրան Ա-ից ընդհուպ մինչև Արտաշիսյան արքայատոհմի կառավարման վերջը, դրամների թողարկումը չի դադարել։ Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատում ձուլած դրամները դեռ պահպանել են հելլենիստական ավանդույթները` դրանք թողարկվել են Ատտիկյան դրամակշռային համակարգով, որի հիմքում ընկած է հունական դրահմը։ Արտաշիսյանների կառավարման շրջանում Հայաստանի դրամաշրջանառությունը սպասարկվել է թե' հայ թագավորների հատած, և թե հարևան երկրների՝ Պարթևստանի, Հռոմի, Սելևկիայի, Կապադովկիայի դրամներով։ Հայկական դրամների մի մասն էլ տարածված է եղել մոտակա երկրներում, հատկապես Տիգրան Մեծի (95-55 թթ.) թագավորության շրջանում, որի դրամները միջազգային տարադրամի դեր են ունեցել, իսկ նրանից հետո այնքան ընդունված ու օգտագործելի էին, որ շարունակում էին շրջանառվել ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում[7]։

Արտաշատում հատված դրամների պատկերատիպերը դեռևս պահպանել են հելլենիստական ավանդույթները՝ դրոշմած պատկերներն ունեցել են դիցաբանական նշանակություն՝ նվիրված մայրաքաղաքի ճակատագրի, ապահովության աստվածուհու պաշտամունքին, մակագրություններն եղել են հունարեն։ Արտաշատի քաղաքային դրամների վրա դրոշմվել են դիցաբանական պատկերներ[8][9]. այս նմուշի դրամի մի երեսին քաղաքի պահապան դիցուհի Տիխե-Անահիտի գլուխն է, աշտարակաձև թագով, մյուս երեսին` արմավենու ճյուղ և հաղթանակի թևավոր դիցուհի Նիկե-Վիկտորիան, որը դափնեպսակ է պարզել մայրաքաղաքի անվան վրա։ Արտաշիսյան ժամանակաշրջանի դրամների վրա, հաղթանակի թևավոր դիցուհուց զատ, դրոշմվել են առատության և հզորության աստված-աստվածուհիներ Անահիտի, Աթենասի, Վահագնի, նաև նույն խորհուրդները կրող արծվի, ձիու պաշտամունքային խորհրդանիշների, ինչպես և դրամը թողարկող հայ արքաների` Տիգրան Ա-ի, Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի, Արտաշես Բ-ի, Տիգրան Գ-ի, Արտավազդ Դ-ի, Տիգրան Դ-ի և Էրատոյի, Տիգրան Ե-ի պատկերները։ Հայոց արքաները հաճախ պատկերվում էին հաղթական հեծյալի տեսքով կամ մարտակառքով, ինչպես Արտավազդ Բ-ի այս դրամի դարձերեսին՝ քառաձի մարտակառքով։

Արտավազդ Երկրորդ

Հայկական դրամները, միջազգային շրջանառություն ունենալով Տիգրան Մեծի գահակալության տարիներին, հատվել են ինչպես Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ), այնպես էլ Սիրիայի քաղաքներում (Անտիոք, Դամասկոս)։ Հայտնի են նրա արծաթե չորեքդրահմները և պղնձե քաղկոսները[10][11]։ Ուշագրավ են այն դրամները, որոնցում Տիգրան Բ-ն պատկերված է թագով, որի նմանը չի եղել իր ժամանակվա և ոչ մի վեհապետի գլխին, ոչ Արևելքում և ոչ Արևմուտքում։ Թագը վերևում ավարտվում է աշտարակաձև ելուստներով, իսկ կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով` երկու արծիվների միջև աստղով[12]։ Տիգրան Մեծի պատկերը դրամի վրա եղել է բուսական նախշերից կամ ուլունքներից հյուսված շրջանակի մեջ է։ Դարձերեսին դրոշմվել են պաշտամունքային իմաստով խորհրդանշաններ, առավելապես երկրի մայր դիցուհու՝ Տիխե-Անահիտի կերպարը, ժայռաբեկորին բազմած, ձեռքին արմավենու ճյուղ, բրգաձև թագը գլխին, ոտքերի տակ` երբեմն ջրային աստվածություն՝ լողացող մերկամարմին մարդու տեսքով։

Տիգրան Երկրորդ
Տիգրան Դ, Էրատո
Տիգրան Մեծ

Միջազգային ճանաչում գտնելով, այս դրամները աչքի էին ընկնում դիցաբանական թեմաների առատությամբ, երկրի հզորության և արքայի հաղթանակների առասպելական պատկերներով, ընդգծելով արքայական իշխանության աստվածային շնորհ լինելը։ Տիգրան Գ-ի որոշ դրամներում Հաղթանակի թևավոր դիցուհին երբեմն փոխարինվում է Վահագնի կամ փղի պատկերով` առաջինը որպես քաջության ու հաղթանակի աստված, երկրորդը` հզորության խորհրդանիշ։ Փղի պատկերը բացառիկ է եղել Հայաստանի համար, քանի որ այդ կենդանին երբևէ չի ապրել Հայաստանում։

Տիգրան Դ, փիղ

Տիգրան Դ-ի դրամներից հայտնի է արքայի և Էրատո թագուհու դրամը, որը բացառիկ է արքայազույգի պատկերմամբ։

Տիգրան Ե-ին վերագրվող դրամների դարձերեսին Մասիսների այն տեսքն է, ինչպես երևում են Արտաշատից։ Սարերի ստորոտում զույգ ծառեր են, որոնք նույնպես կյանքի ընձյուղումն ու հավերժությունն են խորհրդանշում։

Մարկ Աուրել և Լուկիոս Վերոս

Մետաղադրամների շրջանառությունն այդ շրջանում ապահովվում էր հիմնականում Պարթևական թագավորության ու Հռոմեական կայսրության, ինչպես նաև հարևան երկրների մետաղադրամներով։

Հայտնի է Հայաստանին նվիրված հռոմեական մետաղադրամների մի մեծ խումբ։ Պահպանվել է Մարկոս Ավրելիոսի և Լուցիոս Վերոսի (մոտ 160 թ.) մի արծաթե մետաղադրամ։ Մետաղադրամի վրա Հայաստանը պատկերված է նստած կնոջ վեհաշուք կերպարանքով, որի ներքևում լատինատառ գրություն է՝ «Արմեն», այսինքն՝ «Հայաստան»[13][14]։ Շրջանառվող հռոմեական մետաղադրամները հատվել են ոսկուց, արծաթից ու պղնձից։ Հռոմեական կայսրությունում ոսկե մետաղադրամը կոչվել է «աուրեուս», դրա շրջանառությունը եղել է սահմանափակ։ Դրամները, որոնք լայն շրջանառություն են ունեցել նաև հայկական շուկաներում, եղել են արծաթե դենարիուսն ու կվինարիուսն, ինչպես նաև տարբեր արժենիշերի պղնձե մետաղադրամները` սեստերցի, դուպոնդիուս, աս, սեմիս, կվադրանս։ Այս շրջանի հռոմեական շքադրամներին Ազատության դիցուհու կերպարը երբեմն փոխարինված է Արիության աստվածուհու՝ Վիրտուսի պատկերով։ Պարթևական մետաղադրամները եղել են արծաթե դրահմաներ և տետրադրահմաներ, ինչպես նաև՝ պղնձե քաղկոսներ։ Պարթևական մետաղադրամները եղել են հելլենիստական ոճով են՝ դիմերեսին պատկերված է թագավորի կիսադեմը, դարձերեսին՝ նստած մարդու պատկեր, և նշված է հունարեն մակագրություն թագավորի տիտողի վերաբերյալ։ Այն հանգամանքը, որ դրամին գրված չէ տիրակալի անունը, բնորոշ չէ հելլենիստական շրջանի մետաղադրամներին։ Այդ պատճառով էլ մինչ օրս պարթևական մետաղադրամների որոշ տիպեր մասնագետների և հետազոտողների կողմից վերագրվում են տարբեր գահակալների։

Պարթևական

Արշակունյաց հարստության (66-428 թթ.) սկզբնական շրջանում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հարևան երկրների՝ հիմնականում Հռոմեական կայսրության և Պարթևական թագավորության դրամներով, հետագայում շրջանառության մեջ են դրվել նաև Սասանյան հարստության և Բյուզանդական կայսրության դրամները[15]։ Արշակունիների ժամանակաշրջանի (I–V դարեր) դրամներին դիցաբանական նույն պատկերներին ավելանում են հռոմեական աստվածներ Յուպիտերի, Նեպտունի, դիցուհիներ Ռոմայի, Վիկտորիայի, Ֆորտունայի, հունական Դեմետրեի և այլոց պատկերները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հերոդոտոս (1946-1960). Historiarum (libri 9). Լոնդոն.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Մուշեղյան, Խ (1971). Դրամական շրջանառությունը հին Հայաստանում․– Հայ ժողովրդի պատմություն. Երևան. էջեր 689–692.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Մուշեղյան, Խ․. Հայաստանի դրամական գանձերը. Երևան.
  4. Առաքելյան, Բ (1976). Ակնարկներ հին Հայաստանի արվեստի պատմության. Երևան. էջեր 20–24.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Тирацян, Г.А (1988). Культура Древней Армении (VI в. до н.э. – III в.н.э.). էջեր 109–112.
  6. Xenophontis (1878). Anabasis (Expedition Cyrus). Lipsiae.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Պտուկյան, Զ (1969). Արտաշիսյան հարստության դրամները. Վիեննա.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Մուշեղյան, Խ (1973). Հայաստանի դրամական գանձերը. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Ատրպետ (1913). Հայ թագավորների և քաղաքների դրամները. Ազգագրական Հանդէս. էջեր 83-89:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  10. Саркисян, Г (1966). Обожествление и культ царей и царских предков в древней Армении.- Вестник древней истории. էջեր 3–26.
  11. Bedoukian, Paul (1991). А Hoard of Copper Coins of Tigranes the Great and a Hoard of Artaxiad Coins // Special publication № 7. Amazon.
  12. Тирацян, Г (1982). Армянская тиара: опыт культурно-исторической интерпретаци.- Вопросы древней истории. էջեր 90–95.
  13. Պտուկյան, Զ (1971). Հայաստանի վերաբերյալ հռոմեական դրամներ և մեդալիոններ. Վիեննա.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Մուշեղյան, Խ. Դրամական շրջանառությունը Հայաստանում I-II դարերում և հռոմեական շքադրամներ.- ՀԺՊ. էջեր 813–822.
  15. Վարդումյան, Գոհար (2017). Դիցաբանության արտացոլումը հին հայկական դրամներում. ISBN 18290345. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)