Դավիդ II (Շոտլանդիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիդ II
David II of Scotland by Sylvester Harding 1797.jpg
Ծնվել է՝մարտի 5, 1324
ԾննդավայրԴանֆերմլինի պալատ, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահացել է՝փետրվարի 22, 1371 (46 տարեկանում)
Վախճանի վայրԷդինբուրգյան դղյակ
Holyrood Abbey
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմClan Bruce?
միապետ
ՀայրՌոբերտ I
ՄայրԷլիզաբեթ դե Բուրգ
Կրոնական հավատքներքրիստոնեություն

Դավիդ II (գաել.՝ Dàibhidh II, մարտի 5, 1324, Դանֆերմլինի պալատ, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - փետրվարի 22, 1371, Էդինբուրգյան դղյակ), Շոտլանդիայի թագավոր ավելի քան 41 տարի՝ 1329 թվականից մինչ 1371 թվականին իր մահը։ Նա Բրյուսների տոհմի վերջին տղամարդն էր։ Թեև Դավիդը երկար ժամանակ է անցկացրել աքսորի կամ գերության մեջ, նա կարողացել է դիմադրել իր թագավորությունը միացնելու անգլիացիների փորձերին և թողել է միապետությունն ուժեղ վիճակում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ II-ը Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ I-ի ու նրա երկրորդ կնոջ՝ Էլիզաբեթ դե Բուրգի ավագ և միակ կենդանի մնացած որդին էր։ Նա ծնվել է 1324 թվականի մարտի 5-ին Ֆայֆում գտնվող Դանֆերմլայն վանքում։ Նրա մայրը մահացել է 1327 թվականին, երբ նա 3 տարեկան էր[1]։ Նորթհամփթոնի համաձայնագրի շրջանակներում[2] 1328 թվականի հուլիսի 17-ին, երբ Դավիդը դեռ 4 տարեկան էր, Բերվիք-ըփոն- Թվիդում նրան ամուսնացրել են յոթամյա Ջոան Թաուերցու հետ։ Վերջինս Անգլիայի թագավոր Էդվարդ II-ի ու Իզաբելլա Ֆրանսիացու դուստրն էր։ Ամուսնությունն անպտուղ էր[1]։

Թագավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդը Շոտլանդիայի թագավոր է դարձել 1329 թվականի հունիսի 7-ին իր հոր մահից հետո, երբ 5 տարեկան, 3 ամսական ու 3 օրական էր։ Նա ու իր կինը թագադրվել են Սքոնում 1331 թվականի նոյեմբերի 24-ին[3]։

Դավիդի անչափահասության ընթացքում Մորեյի 1-ին կոմս սըր Թոմաս Ռանդոլֆը 1318 թվականի Կարգավորման Ակտով նշանակվել է Շոտլանդիայի ժամանակավոր կառավարիչ։1332 թվականի հուլիսի 20-ին իր մահից հետո նրան փոխարինել է Մառի կոմս Դոնալդը, որին 1332 թվականի օգոստոսի 2-ին ընտրել է Փերթում հավաքված Շոտլանդիայի մագնատների ժողովը։ Ընդամենը տասն օր հետո Մառն ընկել է Դափլին Մուռի ճակատամարտում։ Բոթվելի սըր Էնդրյու Մյուրեյը, որն ամուսնացած էր թագավոր Ռոբերտ I-ի քրոջ՝ Քրիստինայի հետ, ընտրվել է որպես նոր ժամանակավոր կառավարիչ։ 1333 թվականի ապրիլին անգլիացիները նրան գերի են վերցրել Ռոքսբուրգում, հետևաբար Արչիբալդ Դուգլասն (Պարտվողը) է հաջորդել նրան, որն էլ հուլիսին զոհվել է Հալիդոն Հիլի ճակատամարտում[4]։

Այս ընթացքում, 1332 թվականի սեպտեմբերի 24-ին, Դափլինում շոտլանդացիների պարտությունից հետո, Անգլիայի Էդվարդ III թագավորի պաշտպանյալ ու Շոտլանդիայի գահի հավակնորդ Էդվարդ Բալիոլը անգլիացիների ու շոտլանդացի իր համախոհների կողմից թագադրվել է։ Սակայն մինչև դեկտեմբեր նրան ստիպել են փախչել Անգլիա, թեև հաջորդ տարի Անգլիայի թագավորի առաջնորդած նվաճողական ուժերի կազմում կրկին վերադարձել է[5]։

Աքսոր Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոանն ու Դավիդ II-ը Ֆրանսիայի Ֆիլիպ VI թագավորի հետ

1333 թվականի հուլիսին Հալիդոն Հիլլի ճակատամարտում անգլիացիների հաղթանակից հետո Դավիդն ու իր կինն ապահովության համար ուղարկվել են Ֆրանսիա և 1334 թվականի մայիսի 14-ին հասել Բուլոն[6]։ Թագավոր Ֆիլիպ VI-ը նրանց ճոխ ընդունելության է արժանացրել։ Ֆրանսիայում շոտլանդացի թագավորի կյանքի մասին քիչ բան է հայտնի, միայն այն, որ նրան որպես բնակավայր հատկացվել է Շատո Գայարը և որ նա ներկա գտնվել 1339 թվականի հոկտեմբերին անգլիական ու ֆրանսիական բանակների անարյուն հանդիպմանը Վիրոնֆոզում[2], որն այժմ կոչվում է Բյուիրոնֆոս ու գտնվում է Վերվենում։

Մինչև 1341թվականը Դավիդի ներկայացուցիչները ևս մեկ անգամ գրավել են Շոտլանդիան։ Դավիդը կարողացել է վերադառնալ իր թագավորություն 1341 թվականի հունիսի 2-ին՝ ափ իջնելով Քինքարդայնշայր կոմսության Ինվերբերվի քաղաքում։ Նա իշխանությունը վերցրել է իր ձեռքը, երբ 17 տարեկան էր[2]։

Գերություն Անգլիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի թագավոր Դավիդ II-ը ճանաչում է Անգլիայի թագավոր Էդվարդ III-ին որպես իր լորդ ֆեոդալ

1346 թվականին, Հին Դաշինքի պայմանների համաձայն, Դավիդը ներխուժել է Անգլիա, որը բխում էր ֆրանսիացիների շահերից, որոնք այդ ժամանակ Նորմանդիայում պատերազմում էին անգլիացիների հետ։ Հեքսամում սկզբնական հաջողությունից հետո Դավիդը վիրավորվել է ու նրա բանակը 1346 թվականի հոկտեմբերի 17-ին Նեվիլի խաչի ճակատամարտում լուրջ պարտություն է կրել[7]։ Սըր Ջոն դե Քուփլենդը գերի է վերցրել Դավիդին ու բանտարկել նրան Լոնդոնի Թաուերում։ Երբ Էդվարդ III-ը վերադարձել է Ֆրանսիայից, Դավիդին տեղափոխել են Բերքշայրի Վինձոր ամրոցը։ Էդվարդ III-ի Իշխանությունը պիեսում Դավիդի՝ թագավորին ներկայացվելու հատվածը կեղծ է[8]։ Հետագայում Դավիդն ու իր ընտանիքը տեղափոխվել են Հեմփշայրի Օդիհամ ամրոց։ Դավիդի բանտարկությունը դաժան չէր, սակայն նա Անգլիայում մնացել է տասնմեկ տարի[2]։

1357 թվականի հոկտեմբերի 3-ին, շոտլանդական թագավորական խորհրդի հետ մի քանի ձգձգված բանակցություններից հետո, Բերվիք-ըփոն-Թվիդում համաձայնագիր է ստորագրվել, որով շոտլանդական ազնվականությունը համաձայնվում էր թագավորի համար փրկագին վճարել 100 000 մարկ, յուրաքանչյուր տարվա կտրվածքով 10 000 մարկ։ Համաձայնագիրը վավերացվել է շոտլանդական պառլամենտի կողմից Սքոնում, 1357 թվականի նոյեմբերի 6-ին։

Վերադարձ Շոտլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից՝ Դավիդ II, աջից՝ Էդվարդ III

Դավիդն անմիջապես վերադարձել է Շոտլանդիա։ Սակայն վեց տարի անց, ելնելով թագավորության աղքատությունից, 1363 թվականի փրկագնի գումարը հավաքելն անհնար է դարձել։ Այդ ժամանակ Դավիդն ուղևորվել է Լոնդոն և պարտքից ազատվելու ուղիներ փնտրելիս առաջարկել Շոտլանդիան կտակել Էդվարդ III-ին կամ նրա որդիներից որևէ մեկին՝ փրկագնի չեղարկման դիմաց։ Դավիդը սրան գնում էր լիովին ըմբռնելով, որ շոտլանդացիները երբեք չեն ընդունի այս պայմանավորվածությունը։ 1364 թվականին շոտլանդական պառլամենտը վրդովմունքով մերժել է Քլերենսի դուքս Լայոնելին հաջորդ թագավոր կարգելու առաջարկը։ Հաջորդող մի քանի տարիների ընթացքում Դավիդը գաղտնի բանակցություններ էր վարում Էդվարդ III-ի հետ[2], որոնք, ըստ երևույթի, մեղմացրել են լարվածությունը։

Նրա կինը՝ թագուհի Ջոանը, մահացել է 1362 թվականի սեպտեմբերի 7-ին (41 տարեկան հասակում) Հերթֆորդշայրի Հերթֆորդ ամրոցում և ամենայն հավանականությամբ դարձել է Սև ցավի զոհերից մեկը։ 1364 թվականի փետրվարի 20-ին Դավիդն ամուսնացել է Մարգարեթ Դրումոնդի հետ, որը սըր Ջոն Լոգիի այրին էր ու սըր Մալքոլմ Դրումոնդի դուստրը։ Ամուսնալուծվել է 1370 թվականի մարտի 20-ին։ Զավակներ չեն ունեցել[1][9]։ Սակայն Մարգարեթը ճանապարհվել է դեպի Ավինյոն և խնդրանքով դիմել Ուրբանոս V պապին, որպեսզի չեղյալ համարվի Շոտլանդիայում իր դեմ կայացված ամուսնալուծության որոշումը, որն էլ պապը բավարարել է։ Դավիդի մահից չորս տարի անց, 1375 թվականի հունվարին Մարգարեթը դեռևս կենդանի էր[10]։

1364 թվականից Դավիդը եռանդով էր կառավարում, հստակ պայքարելով անհնազանդ ազնվականների ու բարոնյան ապստամբության դեմ։ Նա շարունակում էր Անգլիայի հետ վերջնական խաղաղության հասնելու գործընթացը։ Դավիդի մահվան ժամանակ շոտլանդական միապետությունն ավելի ուժեղ էր, թագավորությունն ու թագավորական ֆինանսներն ավելի բարգավաճ, քան կարող էին ենթադրվել։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ II-ը մահացել է անսպասելիորեն, իր իշխանության ծաղկման շրջանում, 1371 թվականի փետրվարի 22-ին, Էդինբուրգյան դղյակում։ Թաղվել է Հոլիռուդյան վանքում[1][9]։ Հուղարկավորությունը վերահսկվել է վանահայր Թոմասի կողմից[11]։

Մահվանից առաջ թագավորը պատրաստվում էր ամուսնանալ իր սիրուհու՝ Ագնես Դանբարի հետ, որն Ագնես Ռանդոլֆի զարմուհին էր ու հայտնի որպես «Դանբարի սև Ագնես»։ Զավակներ չի ունեցել․ գահին նրան հաջորդել է իր խորթ քույր Մարջորի Բրյուսի որդի Ռոբերտ II-ը[2]։ Դավիդ II-ը Բրյուսների արքայատոհմի վերջին տղամարդն էր։

Պատկերումներ գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ II-ը պատկերվել է պատմավեպերում։ Դրանցից են՝[12]

  • Ջոն Ջորջ Էդգարի (1834–1864) Սև Ասպետի Մանկլավիկի Պատմությունը (1865) վեպը[12][13]։ Այն նկարագրում է 1344 -1370 թվականների իրադարձությունները, 1376 թվականի վերջաբանով։ Նկարագրված իրադարձություններն անդրադառնում են Հարյուրամյա պատերազմին ու շոտլանդական անկախության երկրորդ պատերազմին՝ առանցքում ունենալով Նեվիլի խաչի ճակատամարտը (1346)։ Դավիդ II-ը Անգլիայի թագավոր Էդվարդ III-ի, Հեյնոլթի Ֆիլիպայի ու Սև արքայազն Էդվարդի հետ գլխավոր հերոսներից է[12]։
  • Նայջել Թրանթերի Ասպետության ծաղիկները (1988) նկարագրում է 1332 -1339 թվականների շոտլանդական անկախության երկրորդ պատերազմի իրադարձությունները։ Դավիդ II-ը երկրորդական կերպար է․ գլխավոր հերոսներն են Դալհաուսիի Ալեքսանդր Ռամզեյն ու Լիդզդեյլի լորդ Ուիլյամ Դուգլասը[14]։
  • Բերնարդ Քորնվելի Թափառաշրջիկը (2002)։

Դավիդ II-ը նաև էլիզաբեթյան դարաշրջանի Էդվարդ III պիեսի հերոսներից է։

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Richardson, Douglas, Plantagenet Ancestry, Baltimore, Md., 2004, p. 23, 0-8063-1750-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «David II. (king of Scotland)»։ Encyclopædia Britannica 7 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 860  Endnotes:
    • Andrew of Wyntoun, The orygynale cronykil of Scotland, edited by D. Laing (Edinburgh, 1872–1879)
    • John of Fordun, Chronica gentis Scotorum, edited by W. F. Skene (Edinburgh, 1871–1872)
    • J. H. Burton, History of Scotland, vol. ii. (Edinburgh, 1905)
    • A. Lang, History of Scotland, vol. i. (Edinburgh, 1900).
  3. Dunbar, Sir Archibald H., Scottish Kings — A Revised Chronology of Scottish History 1005–1625, Edinburgh, 1899, pp. 146–7
  4. Dunbar (1899) pp. 147–9
  5. Dunbar (1899) pp. 148–9
  6. Dunbar (1899) p. 150
  7. Dunbar (1899) p. 152
  8. http://www.britroyals.com/scots.asp?id=david2)
  9. 9,0 9,1 Dunbar (1899) p. 154
  10. Dunbar (1899) p. 156.
  11. Grants Old and New Edinburgh
  12. 12,0 12,1 12,2 Nield (1968), p. 42
  13. Shattock (2000), p. 1785-1786
  14. "Nigel Tranter Historical Novels",timeline of events depicted

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michael Brown. (2004). The Wars of Scotland, 1214–1371. The New Edinburgh History of Scotland, volume 4. Edinburgh: Edinburgh University Press.
  • Ranald Nicholson. (1975)., Scotland. The Later Middle Ages. Edinburgh: Mercat Press.
  • Michael Penman. (2003). David II, 1329–71: The Bruce Dynasty in Scotland. East Linton: Tuckwell Press.