Jump to content

Գևորգ Չմշկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գ. Չմշկյանից)
Գևորգ Չմշկյան
Ծնվել է1837 մարտի 7
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էհունվարի 10, 1916(1916-01-10) (տարիքը 78)
Մահվան վայրՊետրոգրադ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, թատերական ռեժիսոր և դրամատուրգ
Ամուսին(ներ)Սաթենիկ Չմշկյան

Գևորգ Չմշկյան (մարտի 7, 1837(1837-03-07), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 10, 1915(1915-01-10), Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1]), հայ դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ։ Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։ Չմշկյանը պայքարել է գեղարվեստական բարձրարժեք խաղացանկի, ռեալիստական ուղղության և բեմը արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար, համագործակցել Գաբրիել Սունդուկյանի հետ, դարձել նրա պիեսների առաջին բեմադրողն ու գլխավոր դերակատարը։ Առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև, թատերական գործունեություն ծավալել արևելահայ գավառներում[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Թիֆլիսի Ռուսական երկրաչափական ուսումնարանը։ Թատերական գործունեությունն սկսել է 1863 թվականին։ 1864 թվականին ստեղծել է հայ առաջին՝ Անկախ դերասանական ընկերությունը, «Մշակ» թերթի (1872) և Թիֆլիսի թատերական ընկերության (1879 թվականին քարտուղարն էր և դերասանախմբի ռեժիսորը հիմնադիրներից է, Հայոց դրամատիկական ընկերության պատվավոր անդամ (1908 թ.)։ Չմշկյանը հետևել է ռուսական ռեալիստական թատրոնին, 1863-1877 թվականներին պայքարել գեղարվեստական բարձրարժեք խաղացանկ ստեղծելու և բեմն արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար։ 1864–1890 թթ. իր շուրջն է համախմբել հայ թատրոնի լավագույն ուժերին՝ Պետրոս Ադամյանին, Սիրանույշին և ուրիշների։ Չմշկյանն առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև։ Նրա ստեղծագործական գաղափարական կողմնորոշմանը նպաստել են ռուսական ռեալիստական թատրոնը և, հատկապես, Վիսարիոն Բելինսկու թատերական հոդվածները։ Չմշկյանը պայքարել է կլասիցիստական ուղղության դեմ։ Իր ստեղծագործության մեջ նա զուգակցել է ռոմանտիկական պաթոսը և իրականության ճշմարտացի պատկերումը, բեմում հաստատել Շեքսպիրի, Մոլիերի, Գոգոլի, Օստրովսկու, Սունդուկյանի դրամատուրգիան։ Չժխտելով պատմահայրենասիրական պիեսների դերը ժողովրդի դաստիարակության գործում՝ առավելությունը տվել է ժամանակակից կյանքն արտացոլող ռեալիստական դրամատուրգիային։ 1864 թվականին Չմշկյանն առաջինն է հայ թատրոնում բեմադրել Ալեքսանդր Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր» («Ով քու բաբը չէ, նրա հիդ մի ձգվե» վերնագրով) և Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսները. խաղացել է Վիխորևի ու Կրեչինսկու դերերը։ Չմշկյանը թարգմանել է մոտ 20 պիես, գրել է «Իմ հիշատակարանը» (Երևան, 1953 թ.[3]։), պիեսներ («Վարժուհի» (1890 թ.), «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում» և այլն), թատերական և հրապարակախոսական հոդվածներ[4]։ Մարիա Չմշկյանի պապն է[5]։

Թատերական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չմշկյանը պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել 1863 թվականին (Վարդան Մամիկոնյան, Միքայել Պատկանյանի «Շուշանիկ»)։ 1864-1890-ական թթ․ եղել է թիֆլիսահայ թատրոնի առանցքը, որի շուրջ համախմբվել են հայ թատրոնի կարող ուժերը։ Մեծ դեր է ունեցել Անդրկովկասի ժողովուրդների, հատկապես հայ-վրացական թատերական կապերի ամրապնդման գործում։ Դերասանական տարբեր խմբերով կազմակերպել է հյուրախաղեր Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում (1865), Գորիում (1873), Բաքվում (1885, 1889) և այլուր։ 1879 թվականին մեկնել է Կ․ Պոլիս՝ Պետրոս Ադամյանին և Սիրանույշին հրավիրելու իր թատերախումբը, որով մեծապես նպաստել է հայ դերասանական արվեստի զարգացմանը։ Չմշկյանի և Գաբրիել Մունդուկյանի ստեղծագործական համագործակցությունը ոչ միայն ազգային բեմարվեստը հարստացրել է լավագույն բեմադրություններով («Խաթաբալա», «էլի մեկ զոհ», «Պեպո» են), այլև նպաստել ռեալիստական խաղացանկի և խաղաոճի հաստատմանը հայ բեմում։ Չմշկյանը ազգային (1871) և Թիֆլիսի վրաց (1875) թատրոնում եղել է Պեպոյի (Սունդուկյանի «Պեպո») առաջին դերակատարը։ Չմշկյանն առաջինն է հայ թատրոնում բեմադրել Ալեքսանդր Օսարովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր» («Ով քոլ բաբը չէ, նրա հիդ մի ձգվե» վերնագրով, 1864) և Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (1865) պիեսները՝ անձնավորելով Վիխորևի և Կրեչինսկու կերպարները։ 1874 թվականին ստանալով հեղինակի համաձայնությունը՝ բեմադրության է պատրաստել Միրզա Ախունդով ի «Լենքորանի խանության վեզիրը» պիեսը, որը սակայն չի իրագործվել։ Չմշկյանը ռուսերենից և ֆրանսերենից թարգմանել է մոտ 20 պիես, այդ թվում՝ Շեքսպիրի «Թիմոն Աթենացին» (1863), «Վենետիկի վաճառականը» (բեմ․ 1865), «Օթելլո» (բեմ․ 1867), Վիկտոր Հյուգոյի «Անջելոն» (բեմ․ 1869), Մոլիերի «Կանանց կրթարանը» (բեմ․ 1874) են՝ միաժամանակ կատարելով Շայլոկի Օթելլոյի (առաջին դերակատարը հայ բեմում, 1867), Անջելոյի, ինչպես և Պետրուչչոյի (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»), Կարլ Մոորի (Շիլլերի «Ավազակներ»), Դոն ժուանի (Մոլիերի «Դոն ժուան») և այլ դերեր, որոնց թիվն անցնում է 100-ից։ Չմշկյանի աշակերտները դարձել են 1860-70-ական թթ․ հայ թատրոնի նշանավոր գործիչներից։ Հեղինակ է յոթ պիեսի («Վարժուհի», «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում» են), մի շարք թատերախոսականների, հրապարակախոսական նյութերի[6]։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իմ հիշատակարանը (տեքստը պատրաստել և ծանոթագրել է Ս. Մելիքսեթյանը), Ե., 1953[8]:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հարությունյան Ս․, Գևորգ Չմշկյան, Ե․, 1960։ Ռ․ Փաշայան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գևորգ Չմշկյանը «Մեծ Սովետական Բառարանում»(ռուս.)
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 291։
  3. Գևորգ Չմշկյանը Թատերական հանրադիտարանում Արխիվացված 2013-10-27 Wayback Machine(ռուս.)
  4. Հարությունյան Ս., Գևորգ Չմշկյան, Երևան, 1960
  5. Хачатрян А. Зарэ Мурадян: Артист и его окружение(ռուս.)
  6. Չմշկյան, Գևորգ Հարությունի; Խաչիկյան, Յակով Իվանի (2008). Հոդվածների և թատերախոսությունների ժողովածու =: Сборник статей и театральных рецензий. Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինտսիտուտ ՀՀ ԳԱԱ. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ. ISBN 9785808007338.
  7. «Գևորգ Չմշկյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  8. Չմշկյան, Գևորգ Հարությունի; Մելիքսեթյան, Սարգիս Ալեքսանդրի; Ստեփանյան, Գ; Հովհաննիսյան, Ե (1953). Իմ հիշատակարանը. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ. տպ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 56