Գյուղատնտեսական կենդանիների գենետիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական կենդանիների գենետիկա, գյուղատնտեսական կենդանիների գենետիկայի ուսումնասիրության գիտական հիմքերը դրել է Չ. Դարվինը՝ ժամանակակից ցեղերը համեմատելով ավելի հների և համանման վայրի ձևերի հետ (ըստ մարմնակազմվածքի, ներքին օրգանների կառուցվածքի, կենսաձևի և այլն)։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երևան են եկել ռուս գիտնականների (Ալեքսանդր Ֆ. Միդենդորֆ, Ե. Ալեքսանդր Բոգդանով, Ա. Ա. Բրաուներ, Պ. Ն. Կուլեշով, Մ. Ֆ. Իվանով, Վ. Ի. Գրոմովա, Ս. Ն. Բոգոլյուբսկի և այլն) ուսումնասիրությունները։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր ընտանի կենդանիները ծագել են վայրի նախնիներից, որոնց մի մասն անհետացել է։ Չնայած մարդու բազմադարյա աշխատանքի արդյունքում ընտանի կենդանիները կրել են զգալի փոփոխություններ (տես Կենդանիների ընտանեցում)՝ դրանց ազգակցությունը վայրի տեսակների հետ դիտվում է ոչ մի այն արտաքին տեսքի և ներքին կառուցվածքի, այլև զուգավորման ժամանակ պտղատու սերունդ տալու ունակության մեջ։ Ընտանի կենդանիների նախնիների և դրանց ընտելացման հաջորդականության ոչ բոլոր հարցերն են դեռևս բացահայտված։ Ըստ երևույթին, հնագույն գյուղատնտեսական կենդանիները ոչխարներն ու այծերն են։

Ոչխարի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչխարների նախահայր համարվում են արխարներն ու մուֆլոնները, այծերինը՝ բեզոարյան թրաեղջյուր և պտուտակաեղջյուր այծերը (որոշ հետազոտողներ նշում են եվրոպական «նախնադարյան այծի» գոյությունը, որն ապրել է Բալկաններում

Խոշոր եղջերավոր կենդանիների ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառային բիզոն
Տափաստանային բիզոն
Արու զուբրերի մենամարտ

Ընտանի խոշոր եղջերավոր կենդանիների նախահայրերը համարվում են (անսապատ և սապատավոր) եվրոպական և ասիական տուրերը։ Խոշոր եղջերավոր կենդանիների մերձավոր (անուղղակի) ցեղակիցներն են ամերիկյան բիզոնը և նրա մերձավոր եվրոպական զուբրը, ինչպես նաև յակը, գաուրը, բանտենգը, զեբուն։ Զուբրը և բիզոնը հայտնի են միայն վայրի կենսակերպով, սակայն ընտանի խոշոր եղջերավոր կենդանիների հետ տրամախաչումից ստացվում է հիբրիդ։ Յակը, գաուրը, բանտենգն ունեն ընտելացված սերունդներ, սակայն հայտնի են նաև վայրի վիճակում։ Ընտանի խոշոր եղջերավոր կենդանիների հետ յակի, գաուրի, բանտենգի, գայալի (գաուրի ընտելացած տեսակ) հիբրիդական սերունդներում պտղատու են միայն էգերը։ Հնդկաստանում ընտելացված գոմեշն ընտանի խոշոր եղջերավոր կենդանիների հետ զուգավորելիս սերունդ չի տալիս, իսկ սապատավոր զեբուն տալիս է պտղատու սերունդ, Միջին Ասիայում ստեղծվել և բուծվում են զեբուանման խոշոր եղջերավոր կենդանիներ։

Խոզերի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի խոզերը ծագել են հիմնականում Հրավ-արևելյան Ասիայի, Միջերկրածովայքի, Կենտրոոնական Եվրոպայի և Հյոսիսային Ասիայի վայրի խոզերից։ Խոզերի ժամանակակից ցեղերը վայրի խոզերի հետ տալիս են պտղատու սերունդ։

Ձիերի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիերի ցեղը ձևավորվել է վերին պլիոցենի ժամանակաշրջանում (երրորդային շրջանի վերջին փուլ) Հյուսիսային Ամերիկայում, որտեղից այդ կենդանին տարածվել է Ասիա, Եվրոպա և Աֆրիկա։ Հայտնվելով նոր պայմաններում՝ դրանք սկիզբ են դրել էշերի, կիսաէշերի (օնագրը, կուլանը, կիանգը ընտելացված չեն եղել), վագրաձիերի (դժվար են ընտելացվում) և բուն ձիերի (Պրժևալսկու ձի) ցեղերին։ Մինչև 20-րդ դարի սկիզբը Եվրոպայում գոյություն ունեին կիսավայրի տարպանները։ Դրանցից վերջինը սատկել է 1918 թվականին՝ անազատության մեջ։

Ուղտերի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի ուղտերը (միասապատ՝ դրոմեդար, և երկսապատ՝ բակտրիան) ծագել են վայրի ուղտերից, որոնք ապրել են Արևմտյան Չինաստանում, Մոնղոլիայում, Բուրյաթիայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և կալմիկական տափաստաններում (բակտրիաններ), Հյուսիսային Աֆրիկայում, Արաբիայում, Իրանում, Թուրքմենստանում (դրոմեդարներ)։

Ճագարների ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի ճագարների նախահայրը վայրի ճագարն է, որը ներկայում ապրում է Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Եվրոպայում (նաև Ուկրաինայի հարավում)։

Թռչունների ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի հավերը ծագել են վայրի բանկիվյան հավերից, սագերը՝ վայրի մոխրագույն սագերից, որոնք ներկայում տարածված են ողջ Եվրոպայում (չինականները՝ չորակտուցից), բադերը՝ վայրի բադից։ Ամերիկայում ընտելացվել են տեղական մշկաբադերը և հնդկահավերը, Աֆրիկայում՝ խայտահավերը։ Գյուղատնտեսական կենդանիների գենետիկայի ուսումնասիրությունը նպաստում է զանազան օրգանական ձևերի զարգացման օրինաչափությունների ճանաչմանը, որը հնարավորոթյուն է տալիս նպատակադիր փոփոխել կենդանիներին, կառավարել նրանց էվոլյուցիան և տեսակների սահմաններում ստեղծել արտաքին ձևով ու մթերատվությամբ բազմազան գյուղատնտեսական կենդանիների ցեղեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։