Արցախի ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մռավի լեռնաշղթան

ԼՂՀ-ն գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան Եզրին՝ Փոքր Կովկասի հարավարևելյան մասում։ Տարածքում է Կուր-Արաքսի դաշտավայրի արևմտյան մասը։ Մակերևույթը հիմնականում լեռնային է՝ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ընդհանուր թեքությամբ։ Տարածքի միջին բարձրությունը ծովի մակերևույթից 1100 մ է, ամենաբարձր կետը Արիության լեռն է (3724 մ, Մռավի լեռնաշղթայում), ամենացածրը՝ Սև ջրի հովիտը (112 մ, Մարտունու շրջան)։ Բարձր լեռնագագաթներից է Մռավը (3343 մ)։ Մռավի հարավարևելյան կարճ, զառիթափ ու հողմահարված լանջերը հանրապետության տարածքում կտրտված են Թարթառ (Տրտու) գետի վտակների խոր կիրճերով ու գետահովիտներով։ Լեռնաշղթայի բարձրադիր մասերում պահպանվել են ռելիեֆի սառցադաշտային ձևեր (կառեր, կրկեսներ, տաշտակաձև հովիտներ)։ Տարածքի արևմտյան մասում հյուսիս-արևմուտքից հարավարևելյան ձգվում է Արցախի լեռնաշղթան, որի արևելյան՝ Օխտնաղբյուր, Կուսանաց, Կաչաղակաբերդ, Շմանեկ, Ծավեն, Մարխաթուն և այլ լեռնաճյուղեր բաժանված են Կարկառ, Խաչեն, Խոնաշեն և այլ գետերի ու դրանց վտակների խոր հովիտներով։ Լեռնաշղթայի առավել բարձր գագաթների (Կուսանաց, Դալիսար և այլն) հարաբերական բարձրություն 500-600 մ է։ Հարավ-արևելքում ձգվում է Մեծ Քիրս լեռնաշղթան (2724 մ), որի հյուսիսային մասում է Ճաղատսարի լեռնանցքը (2080 մ), որտեղով անցնում է Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղին։ Լեռնաշղթայի արևելյան մասում է Շուշիի սարավանդը։ Տարածքում կան ռելիեֆի կարստային ձևեր (հայտնի է Որվան-Ազոխի քարանձավը)։

Երկրաբանական կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ տարածքը գտնվում է Վիրահայոց-Ղարաբաղի տեկտոնական զոնայի հարավարևելյան մասում։ Մռավի ու Արցախի լեռնաշղթաները համապատասխանում են համանուն կամարածալքերին և կազմված են յուրայի, կավճի, պալեոգենի, նեոգենի հրաբխային ու հրաբխանստվածքային ապարներից՝ տեղ-տեղ ճեղքված ներժայթուքներով։ Ռելիեֆի ձևաբանական կառուցվածքի կարևոր գործոններ են ժամանակակից տեկտոնական շարժումները։ Կենտրոնական ու արևելյան մասերում գտնվող Ստեփանակերտի, Խաչենի, Հաթերքի և այլ միջլեռնային տեկտոնաէրոզային գոգավորություններ հարաբերական իջեցման տեղամասեր են և ունեն գոգածալքային կառուցվածքներ։ Գոգավորությունների հատակային մասերը ծածկված են չորրորդականի գետաբերուկ ու հեղեղաբերուկ նստվածքներով։ Գտնվելով Եվրասիական և Աֆրիկաարաբական ցամաքային սալերի միջև՝ ԼՂՀ տարածքը կրում է դրանց տեղաշարժերի ազդեցությունը։ Տարածքի հյուսիսային մասը 7 բալլանոց ակտիվ երկրաշարժամետ գոտում է, հարավային մասը՝ 8:

Օգտակար հանածոները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային ջրի ելք Ջերմաջրում

ԼՂՀ տարածքում կան մետաղական և ոչ մետաղական բազմազան հանքատեսակներ։ Սակայն երկրաբանական-հետախուզական առումով հանրապետության տարածքը բավարար ուսումնասիրված չէ։ Քարածխի երևակումներ հայտնաբերվել են Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Նարեշտար և Քոլատակ գյուղերի մերձակայքում։ Մարտակերտի (Մեհմանա, Դրմբոն, Գյուլաթաղ, Կուսապատ, Վանք, Մաղավուզ), Մարտունիի (Ձարդանաշեն), Հադրութի շրջանի (Ցոր), Շուշիի (Ճաղատսար) շրջաններում, (Խաչեն և Թարթառ գետերի միջակայքում, ինչպես նաև Մռավ լեռան լանջին կան բազմամետաղների, հատկապես ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, վոլֆրամի հանքավայրեր ու երևակումներ։

Արցախ-Ղարաբաղը հարուստ է նաև ոչ մետաղական հանքավայրերով։ Մասնավորապես շատ են մարմարի և բազմերանգ մարմարացված կրաքարի հանքավայրերը, որոնք Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների շրջակայքում և Ասկերանի (Քարագլուխ, (սրամորթ), Մարտունիի (Նորաշեն, Ճարտար) շրջաններում են։ Կան նաև գրանիտի, բազալտի, տուֆի, կրաքարի, ավազի, կավի հանքավայրեր, ինչպես նաև ցեմենտի, գիպսի բարձրորակ հումքեր, հանք, ջրի բազմաթիվ ելքեր (Թթուջուր, Շրլան, Հաթերք, Քոլատակ և այլն)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չափավոր ու մեղմ է՝ լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ. հարթավայրերում չոր մերձարևադարձային է, նախալեռներում՝ չափավոր տաք ցամաքային, միջին բարձրության լեռներում՝ չափավոր տաք խոնավ, առավել բարձրադիր մասերում՝ բարձրլեռնային ցուրտ։ Հարթավայրերում ու միջին բարձրության լեռնային շրջաններում հունվարին օդի միջին ջերմաստիճանը 3-ից -2 °C է, բարձրլեռնային շրջաններում՝ -6-ից -10 °C (նվազագույնը՝ -28,7 °C), հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 20-25 °C և 10-15 °C: Տարեկան տեղումների միջին քանակը հարթավայրերում ու նախալեռներում 380-450 մմ է (նվազագույնը՝ 310 մմ, Ստեփանակերտ), միջին բարձրություններում՝ մինչև 700 մմ, բարձրլեռնային շրջաններում՝ մինչև 850 մմ (առավելագույնը՝ 1042 մմ, Հաթերք)։ Կայուն ձնածածկույթ գոյանում է 1400 մ-ից բարձր վայրերում։ Մռավի լեռնաշղթայում պահպանվում են ձնաբծեր։

Ներքին ջրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարսանգի ջրամբարը
Սարսանգի ջրամբարը
Հագարիի Գետահովիտը
Թարթառ գետ

Ջրագրական ցանցը խիտ է, գետերի սնումը՝ խառը, հոսքը՝ սեզոնային (վարարում են գարնանը, մասամբ՝ աշնանը)։ Գետերը պատկանում են Կուրի (75 %) և Արաքսի (25 %) ավազաններին։ Խոշոր գետերն են Արաքսը, Հագարին, Որոտանը, Թարթառը, Ողջին, Խաչենը, Կարկառը, Սև ջուրը, Վարանդան, Իշխանը և այլն։ Թարթառի վրա կառուցվել են Սարսանգի ջրամբարը (ջրատարողությունը՝ մոտ 560 միլիոն մ3) և ջրէկը (հզորությունը՝ 50 հազար կՎտ)։ Կան փոքր լճեր։

Հողերը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ հյուսիսարևելյան և հարավարևելյան ծայրամասերի հարթավայրերում տարածված են շագանակագույն, գետահովիտներում՝ ալյուվիալ, նախալեռներում՝ մուգ շագանակագույն և լեռնատափաստանային, միջին բարձրության լեռներում՝ դարչնագույն ու գորշ հողերը, առանձին զանգվածներով՝ լեռնային սևահողերը, Մռավի լեռնաշղթայի բարձրադիր մասում՝ լեռնամարգագետնային ու կմախքային հողերը։

Բուսածածկույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ բուսածածկույթն աչքի է ընկնում բուսահամակեցությունների բազմազանությամբ. աճում է ավելի քան 2000 բուսատեսակ։ Բուսումնական հիմնական տիպերի (կիսաանապատային, տափաստանային, անտառային, մարգագետնային, լեռնամարգագետնային և այլն) աշխարհագրական տեղաբաշխումը վերընթաց գոտիական է։ Ցածրադիր վայրերում չոր տափաստանային լանդշաֆտին բնորոշ են կծմախոտային, օշինդրակծմախոտային, օշինդրային և օշինդրաաղախոտային համակեցությունները։ Անտառների տարածքը 533,2 հազար հա է. 43 %-ը բոխի է, 21 %-ը՝ հաճարենի, 20,7 %-ը՝ կաղնի, աճում են նաև լորենի, թխկի, հացենի։ Կան նաև բազմաթիվ վայրի պտղատու ծառատեսակներ ու թփուտներ (տանձենի, խնձորենի, ընկուզենի, սալորենի, տխլենի, նռնենի, թզենի, զկեռենի, հոնենի, մոշենի և այլն)։ Ավելի բարձրադիր վայրերում մարգագետնաթփուտային և լեռնաչորադիմացկուն նոսրուտներ են։ Առավի լեռնաշղթայի բարձրադիր փոքրաթեք տեղամասերում և Ղարաբաղի լեռնաշղթայի գագաթնային և մերձգագաթնային մասերում լեռնամարգագետնային լանդշաֆտ է։ Ջրաճահճային և քարացրոնային բուսականություն՝ որպես արտագոտիական բուսական համակեցություններ, կան բոլոր գոտիներում։

Կենդանական աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ տարածքը Իրանական, Փոքրասիական և Պոնտոս-Կովկասյան մարզերի խաչմերուկում է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը երկրամասի կենդանական աշխարհի տեսակների վրա։ ԼՂՀ կենդանական աշխարհում գերակշռում են առաջավորասիական և միջերկրածովային տեսակները։ Դրանց հիմնական մասը հարմարված է տաք և չորային նախալեռների և միջին բարձրության լեռների՝ կիսաանապատային, չոր տափաստանային, անտառային և նոսրանտառային լանդշաֆտներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png