Արոր (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արոր
Տեսակհանդես
Հիմնադրվել է1910 թվական
ՀիմնադիրՀամբարձում Առաքելյան
ՀրատարակիչՀամբարձում Առաքելյան
Հրատարակման վայրԹիֆլիս

«Արոր», գրական, հասարակական-քաղաքական, գիտական միամսյա հանդես։ Լույս է տեսել 1910-1913 թվականներին Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Համբարձում Առաքելյան։ Ծանոթացրել է ազգային գրականությանը, հայագիտական ուսումնասիրություններին, համաշխարհային գրականության լավագույն երկերին, նպաստել երիտասարդ ու շնորհալի գրական և գիտական ուժերի հրապարակ գալուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արորում» տպագրվել են Արփիար Արփիարյանի, Ալեքսանդր Աբելյանի, Լևոն Մանվելյանի, Համբարձում Առաքելյանի (Շահրիար), Գևորգ Բաշինջաղյանի, Հովակիմ Սոլովյանի, Հարություն Թիրյաքյանի, Ռուբեն Խանազատի գրական գործերից, Գևորգ Դոդոխյանի, Պետրոս Ադամյանի բանաստեղծություններից, թարգմանություններ՝ Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Լև Տոլստոյի, Տարաս Շևչենկոյի, Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Ռոբերտ Բըրնսի, Հայնրիխ Հայնեի, Էմիլ Զոլայի ստեղծագործություններից։

1910-1911 թվականներին առանձին թերթոնով հրատարակվել է Վիկտոր Հյուգոյի «Իննսուներեքը» վեպը։ Բանասիրական, լեզվաբանական, պատմագիտական նյութեր են տպագրել Ստեփան Մալխասյանը, Դ. Անանունը, Հարություն Սուրխաթյանը, Պ. Թումանյանը, գիտնականներից՝ Նիկողայոս Մառը, Յուրի Վեսելովսկին և ուրիշներ։

Արժեքավոր են Ալեքսանդր Սարուխանի «Օսմանեան հայերի ազգային Սահմանադրութիւնը» (28 առանձին և միացյալ համարներում) աշխատությունը, Միքայել Նաթանյանի «Արփիար Արփիարեան», Խաչիկ Սամուելյանի «Եկեղեցական-պետական յարաբերութիւնները հին Հայաստանում» ուսումնասիրությունները։

Տպագրվել են Կառլ Ֆրիդրիխ Լեհման-Հաուպտի «Հայաստանն առաջ և հիմա» աշխատությունը, Իլյա Մեչնիկովի, Հերման Հելմհոլցի գիտական հոդվածները։

«Հայկական կյանք» բաժնում «Արորը» հետևողականորեն լուսաբանել է արևելահայ ու արևմտահայ հասարակական կյանքը, անդրադարձել Ռուսաստանում և աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։