Արամ Տեր-Հովհաննիսյան (դիրիժոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Տեր-Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Արամ Տեր-Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1886 հունվարի 25 Թիֆլիս |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1970 Երևան | (տարիքը 84)
Մասնագիտություն | դիրիժոր և խմբավար |
Աշխատավայր | Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Արամ Արտեմի Տեր-Հովհաննիսյան (հունվարի 25, 1886 - դեկտեմբերի 20, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դիրիժոր և խմբավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, յուրացրել ազգային երաժշտության այնտեղ կայունացած ավանդույթները։ Երաժշտական սկզբնական պատրաստությունը ձեռք է բերել նաև Քրիստափոր Կարա Մուրզայից ու Ազատ Մանուկյանից, որոնց խմբերում երգել է պատանի հասակում։
1905-1907 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, աշակերտել Ն․ Նիկոլաևին (ստեղծագործություն), Զ․ Փալիաշվիլուն (երաժշտության տեսության և երգչախմբային դասարան), Հ․ Տեր-Դավթյանին (դաշնամուր), նաև՝ մշակել ձայնը։
1913-1918 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի տեսության բաժնում (ուսուցիչներ՝ Վ․ Կալաֆատի, Ն․ Չերեպնին, Յա․ Վիտոլ, Մ․ Շտեյնբերգ), հեղինակել է դաշնամուրային սոնատ և այլ գործեր (արժանացել է Ա․ Գլազունովի ջերմ հավանությանը), կատարելագործվել դիրիժորական արվեստում։ 1910 թվականից երգել է տեղի հայկական եկեղեցու երգչախմբում, 1914-1918 թվականներին ղեկավարել այն (փոխարինելով Ռ․ Մելիքյանին), հանդես եկել հայկական խմբերգային համերգներով։
1918-1937 թվականներին աշխատել է Լենինգրադի Փոքր թատրոնում որպես ստուդիայի ղեկավար (մինչև 1928 թվականը) և դիրիժոր, վարել Պ․ Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա», Ա․ Բորոդինի «Իշխան Իգոր», Ն․ Ռիմսկի-Կորսակովի «Մոցարտ և Սալիերի», Ջ․ Վերդիի «Աիդա» և այլ օպերաներ։
1929 թվականին մասնակցել է Զանգեզուրում Քրիստափոր Քուշնարյանի երգ հավաքող գիտական արշավախմբին։ 1931 թվականին, 1936 թվականին և 1937 թվականին Հայարտան հրավերով և նրա երգչախմբով Թիֆլիսում տվել է կոմիտասյան ծրագրով համերգներ։
1940-1941 թվականներին՝ Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար։ Հայկական դասական և ժամանակակից խմբերգային երաժշտության ծրագրերից բացի, իրականացրել է Մոցարտի «Ռեքվիեմ»-ի, Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիա»-ի և այլ գլուխգործոցների առաջին կատարումը Հայաստանում, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում պատրաստել ու ղեկավարել է արևմտաեվրոպական ու հայկական դասական օպերետների ներկայացումներ (դրանց թվում՝ Տիգրան Չուխաճյանի «Կարինե»-ն)։ Արամ Տեր-Հովհաննիսյանը 1942 թվականին հրավիրվել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն և դարձել թատրոնի առաջին գլխավոր դիրիժորն ու խմբավարը։ Նրա ղեկավարության տարիներին (1942-1946 թվականներ) բեմադրվել են 10-ից ավելի օպերետներ և երաժշտական ներկայացումներ։ Պատրաստել և ղեկավարել է արևմտաեվրոպական և հայկական դասական օպերետների ներկայացումներ, այդ թվում` «Բայադերա», «Հրո քրմուհին», «Ատամնաբույժն արևելյան», «Սիլվա» (հայերեն և ռուսերեն), «Լեբլեբիջի», «Մարիցա», «Խեղճ Իոնաֆան», «Ուշ լինի, նուշ լինի», «Թագավորը զվարճանում է», «Սերենադա», «Մարիցա», «Ռոզ Մարի»[1]։
Որոշ ընդմիջումից հետո, 1954-1961 թվականներին նորից ստանձնել է Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարությունը, 1956 թվականին մեծ հաջողությամբ հանդես եկել Մոսկվայում՝ Հայ արվեստի երկրորդ տասնօրյակին։
1969 թվականից Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախմբի (ներկայումս՝ Տեր-Հովհաննիսյանի անվան) գեղարվեստական խորհրդատու, իրականացրել է հայ հնագույն շարականների պատրաստումը (ցուցադրվել են Արևելյան Եվրոպայի հնագույն երաժշտության փառատոնին, Լեհաստան, 1969) և Կոմիտասի «Հայր մեր» ստեղծագործության (Կոմիտասի 100-ամյա հոբելյանին) առաջին կատարումը։ Վարել է նաև մանկավարժական աշխատանք (Լենինգրադում և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում)։ 1945-1947 թվականներին եղել է Ֆրունզեի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, նպաստել կիրգիզական խորհրդային օպերայի զարգացմանը։
Տեր-Հովհաննիսյանը բազմահմուտ երաժիշտ էր, ցայտուն տաղանդի տեր խմբավար։ Խորհրդահայ երգչախմբային արվեստում սկզբնավորել է կատարողական-ոճական նոր ուղղություն, որի էությունն էր՝ երգի առավել երգային, խոսքի առավել խոսքային և, ընդհանրապես, երաժշտության առավելապես կենդանի, արտահայտիչ, բարձր արվեստի չափանիշներով գնահատվող ու խիստ տրամաբանված մեկնաբանումը։ Նրան հատուկ էին գեղարվեստական նուրբ ճաշակն ու պահանջկոտությունը, կատարման դասական ավանդույթների պահպանումն ու, միաժամանակ, համարձակ նորարարությունը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ». www.comedytheater.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեր-Հովհաննիսյան, Արամ | Հայ երաժշտություն, Բրուտյան, Ցիցիլիա Գևորգի; Պարտիզունի, Վաչե Զոհրաբի։ Հայաստանի երգչախմբային ընկերություն, Երևան։ Հայպետհրատ, 1962[1]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արամ Տեր-Հովհաննիսյան Արխիվացված 2022-08-02 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 672)։ |
|
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հունվարի 25 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Դեկտեմբերի 20 մահեր
- 1970 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ դիրիժորներ
- Թիֆլիս քաղաքում ծնվածներ