Այգեկութ (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգեկութ
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1960
բարձրություն45
լայնություն45 սանտիմետր
նյութգիպս
գտնվելու վայրՀայաստան Երևան, Հայաստան
հավաքածուԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
քաղաքԵրևան
սեփականատերԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Այգեկութ, հայ քանդակագործ Արա Սարգսյանի (1902-1969) գիպսե խորաքանդակը, որը նա ստեղծել է 1960 թվականին[1]։ Ներկայում գիպսե քանդակը (չափերը՝ 185x45) պահվում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, իսկ 1961 թվականին ստեղծված և նույն չափերն ունեցող բրոնզե տարբերակը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։ Լինելով բարձրաքանդակի ու բոլորաքանդակի սինթեզ՝ այն առանձնահատուկ է հայկական քանդակագործության մեջ[2]։

Առույգ դինամիկայով հագեցած, կանացի մարմիների ու խաղողի վազերի նրբաճաշակ, ռիթմիկ հաջորդականություններով կառուցված այս աշխատանքը պատկանում է դեկորատիվ արվեստի յուրատիպ օրինակների շարքին։ Աչքի է ընկնում կեցվածքների բնական գեղեցկությամբ, շարժումների վայելչությամբ, իրար հաջորդող դրվագների ներդաշնակ միասնությամբ[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրաքանդակ հիշեցնող «Այգեկութ» կոմպոզիցիան «իրականում բոլորաքանդակ է, որտեղ, սակայն, օգտագործված են բարձրաքանդակի որոշ առանձնահատկությունները, այն է՝ ֆրիզաձև ծավալումը երկու հորիզոնական զուգահեռների միջև, մարմինների դասավորումը մեկ պլանի վրա, բարձրաքանդակին հատուկ դեկորատիվ տարրերը և այլն»[3]։ Խորաքանդակը երկու կողմից էլ հավասարապես դիտելի է[4] և ներկայացնում է խաղող հավաքող հինգ կանանց, որոնք դասավորված են մեկ գծի վրա, իսկ նրանց միջև խաղողի թփեր են։ Քանդակում «գործող անձինք» են ոչ միայն կանայք, այլ խաղողի թփերը, որոնք բովանդակայնորեն վերին աստիճանի ակտիվացված են և այնպես են մեկնաբանված, որ ձեռք են բերել թե՛ բնապատկերի, թե՛ զարդանախշի ձևեր ու նշանակություն և, որպես այդպիսին, մարմինների մեջ եղած դատարկ պաուզաները դարձնում են նյութեղեն, անցումներ են ստեղծում մի մարմնից մյուսը, նրանց շուրջը ծավալում պեյզաժային միջավայր։ Միևնույն ժամանակ կանայք իրար հետ կապված են իրենց կեցվածքներով, շարժումների տենդենցով ու ռիթմով, որոնք, ասես պատկերում, հիանալիորոն հավաքված են ու պահված կոմպոզիցիոն մի անտեսանելի շրջանակի մեջ»[3]։

Կանացի մարմինները լայն, տեղ-տեղ ողորկ մշակում ունեն, այստեղից էլ նրանք խոշոր մակերևույթներով են լուսավովում կամ ստվերվում, այնինչ խաղողի թփերը մանր ձևեր և մանրակրկիտ մշակում ունեն և լույսն ու ստվերը նրանց վրա բեկբեկուն խաղ են ստեղծում։ Կանացի մարմինները խաղաղ են ու վայելչագիծ, այնինչ խաղողի թփերն անհանգիստ են, ծռմռված, կանացի մարմինները միակուռ են, այնինչ խաղողի թփերը ցանցկեն, և նրանց միջով լույսն է թափանցում, վերջապես կանացի մարմինները, թեպետ ոչ ծանր, բայց այնուամենայնիվ հողին կապված են, այնինչ խաղողի թփերը գալարվում են դեպի վեր։ Դեպի վեր այդ գալարումը հասցված է մինչև կանանց ուսերը, այդպիսով նրանց գլուխերը հայտնվել են թփերից ազատ մնացած «պաուզաների» մեջ, շեշտվել են, ու չունեն դիտողի ուշադրությունը շեղող հարևաններ։

«Այգեկութում» մեր առաջ ծավալվում է հայ գեղջկուհիների մի տպավորիչ շարք։ Նրանք կյանքով լի են, իրենց կենսական ճշմարտությամբ գեղեցիկ, ժամանակակից և միանգամայն ազգային, նորի օրգանական զգացումով պատկերված։

— Վահան Հարությունյան[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արա Սարգսյանը Արխիվացված 2022-03-25 Wayback Machine avproduction.am կայքում
  2. 2,0 2,1 2,2 Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017։
  3. 3,0 3,1 3,2 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջեր 120-121։
  4. «Հայկական սովետական հանրագիտարան», խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1984, էջ 220։