Jump to content

Տաթև (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթև
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1962
բարձրություն87 սանտիմետր
լայնություն86 սանտիմետր
խորություն46 սանտիմետր
նյութբրոնզ
գտնվելու վայրԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
հավաքածուԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
քաղաքԵրևան
սեփականատերԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

«Տաթև», հայ քանդակագործ Արա Սարգսյանի քանդակը[1], որը նա ստեղծել է 1962 թվականին[2] (գիպս[3], հետագայում ձուլվել է բրոնզից[2])։ Քանդակը ներկայացնում է Տաթևի ժայռից կոմունիստներին ձորը նետելու տեսարանից մի հատված և ինքնուրույն գործ է, սակայն «գաղափարի, ոգու, գեղարվեստական մտածելակերպի ու մարմնավորման մեծ հարազատություն ունի» հեղինակի «Հիրոսիմա» քանդակի հետ[4]։

1950-ական թվականներից Արա Սարգսյանն սկսել է աշխատել Տաթևի ժայռից կոմունիստներին ձորը նետելու սյուժեի վրա, բազմաթիվ էսքիզներ է արել իրար մոտիկ ու իրարից հեռու տարբերակումներով, իսկ 1962 թվականին ստեղծել է վերջնական տարբերակը տարբերակը, որը քանդակվել է գրեթե բնական չափերով ու ձուլվել գիպսից։ Այն առաջին անգամ ներկայացվել է հեղինակի՝ 1962 թվականին անցկացված անհատական ցուցահանդեսում[4]։ Մի քանի տարի անց ստեղծվել է քանդակի բրոնզե տարբերակը, որն ընդգրկվել է Հայաստանի պետական պատկերասրահում ներկայացված Արա Սարգսյանի աշխատանքների շարքում[4]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տաթև» քանդակը ներկայացնում է տանջանքների ենթարկված ծնկաչոք մարդու, որի ձեռքերը սեղմում են նրա մեջքի հետևում դրված տախտակը։ Ի տարբերություն նույնպես տառապող ծնկաչոք մարդու պատկերող «Հիրոսիմա» քանդակի, որտեղ մարդն ինքն է ծնկի իջել բոլոր կողմերից վրա հասած անտեսանելի հարվածի ազդեցությամբ, «Տաթևում» հերոսին տանջել են, ոլորել, գալարել, ոչ թե ստիպել, որ նա ինքը ծնկի գա, այլ ուժով, հրելով ծնկի են բերել, և մենք գրեթե շոշափելի որոշակիությամբ տեսնում ենք մարդկային այն չքանդակված բիրտ ու անագորյուն ձեռքերը, որ բռնացել են հերոսի վրա, նրան խոշտագնել, զգետնել, գամել տախտակի ծվենին, որն ասես նույնպես խոշտանգված է»[4]։

«Տաթևի» հերոսը շարունակ գտնվում է իրեն պահող աներևույթ ձեռքերի ծանրության տակ, և եթե մի պահ այդ բռնացող ձեռքերը ետ քաշվեն, նա իսկույն ոտքի կկանգնի։
Դա, ինչպես և տախտակի ծվենն ուժգին սեղմող ջլապինդ բազուկները, ակնհայտորեն ցույց են տալիս, որ այստեղ հերոսը ջարդված չէ, հոգեպես ընկճված չէ[4]։

Եթե «Հիրոսիմա» քանդակում Արա Սարգսյանը ներկայացրել է ճապոնացու ընդհանրական կերպար, ապա «Տաթև» քանդակը ներկայացնում է կոնկրետ սյուժե կոնկրետ իրադրության մեջ․ պատկերված է հայ կոմունիստ՝ Զանգեզուրում տեղի ունեցած կոտորածի զոհերից մեկը, որին ցած են նետել ժայռից։ Քանդակագործը այդ ամենը ներկայացրել է մի քանի դետալներով, որոնց թվում են տղամարդու կոմունարկան, նրա ազգային դիմագծերն ու «արձանը ժայռաձև պատվանդանի հետ կապակցող կոմպզիցիոն մի սքանչելի հնար․ հերոսի ծնկները պատվանդանի հորիզոնական հարթությունից դուրս են դրված և դա ակնարկում է նրան ձորը նետելը»[4]։

Պլաստիկական ձևերի մեջ ամփոփված մի իսկական ողբերգություն է «Տաթևը» (1962), որտեղ ստեղծագործության հիմքում, ինչպես և «Հիրոսիմայում», ընկած է տանջանքը։ Դրսևորելով սյուժետային կոնկրետություն` Սարգսյանն այս քանդակում հետապնդել և հասել է թեմատիկ մեծ ընդհանրացման` տալով մարդկության համար միշտ մաքառող և ընկնող մարտիկի անընկճելի կերպարը` հերոսական տանջանքի պաթոսով։ Կործանվում է, բայց չի ընկնում` այս էր իմ գաղափարը- ասել է քանդակագործը[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արա Սարգսյանի մասին zarkfoundation.com կայքում
  2. 1 2 «Տաթև» քանդակը Արխիվացված 2022-05-19 Wayback Machine Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի կայքում
  3. «Հայկական սովետական հանրագիտարան», խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1984, էջ 220։
  4. 1 2 3 4 5 6 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջեր 118-119։
  5. Հուշեր Արա Սարգսյանի մասին, խմբ.` Ռ. Զարյան, Երևան, 1990։
  6. Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017։