Jump to content

Հիրոսիմա (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրոսիմա
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1957
բարձրություն150[1]
լայնություն150 սանտիմետր
խորություն70 սանտիմետր
նյութբրոնզ
գտնվելու վայրՀայաստան Երևան, Հայաստան
հավաքածուԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
քաղաքԵրևան
սեփականատերԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

«Հիրոսիմա», 1957 թվականին Արա Սարգսյանի ստեղծած բրոնզե հուշարձանը[2], որը ներկայում ցուցադրվում է «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանում։ Քանդակն օժտված է լարված դրամատիզմով․ ատոմային պայթունից տանջամահ եղող մարդու՝ ջղաձգվող դեմքով ու վեր պարզած ձեռքերով ֆիգուրը բողոք է պատերազմների դեմ, որը «դուրս է գալիս զուտ ճապոնականի սահմաններից, դառնում համաշխարհային, համամարդկային»[3]։

«Հիրոսիման» մարդկային ողբերգության մի ցնցող փաստաթուղթ է, խոցված հոգու և մարմնի մի սարսափելի ճիչ, ահեղաձայն բողոք ընդդեմ ատոմային պատերազմի։ «Հիրոսիման» համընդհանուր վտանգի ահազանգ է, աչալրջության կոչ, և կարծես բնաբան ունի Յուլիուս Ֆուչիկի կտակը[4]։

«Հիրոսիմա» հուշարձանը Արա Սարգսյանն ստեղծել է 1957 թվականին որպես ոչ մեծ բրոնզե արձան[4]։ Այդ տարբերակով այն ճանաչում է գտել Խորհրդային Միությունում, ինչպես նաև Ճապոնիայում, որտեղ այն տպագրվել է «Լա րեվյու օրիենտ» ամսագրի 1958 թվականի փետրվարյան համարի շապիկին[4]։

«Հիրոսիման» նշանակալի դեր ունի քանդակագործի ստեղծագործության մեջ․ «հատկապես այս երկով է, որ նա, կարծես հավաստելով իր հասունությունը, իրեն զգալով Հայաստանից բացի նաև աշխարհի քաղաքացի, դուրս է գալիս սյուժեների ու թեմաների ավելի լայն հրապարակ, իր խոսքն ասում բովանդակ մարդկությանը հուզող հարցի շուրջը։ Հիրոսիմայի արհավիրքը սոսկ ճապոնական մի քաղաքի կամ թե ամբողջ Ճապոնիայի ողբերգությունը չէր. նա սկիզբ դրեց հանուր մարդկության գլխին կախված ատոմային սպառնալիքին, որի դեմ ծավալված պայքարը համամարդկային պայքար է հանուն խաղաղության և հումանիզմի։ Այսպիսով, «Հիրոսիմայի» թեման նույնքան հայկական է, որքան՝ ճապոնական»[4]։

1961 թվականին Արա Սարգսյանն ստեղծել է «Հիրոսիմայի»՝ բնականից փոքր-ինչ ավելի մեծ չափերով տարբերակը՝ նույնությամբ կրկնելով այն և չկատարելով որևէ փոփոխություն կամ խմբագրում, ինչը «հնարավոր է դառնում շնորհիվ այն բանի, որ մոնումենտալ գաղափարը իր լիարժեք դրսևորումն էր գտել արդեն փոքր քանդակում»[4]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հիրոսիմա» քանդակը, ստեղծված լինելով մեծ վարպետությամբ, բոլոր կողմերից դիտելի է։ Տարածության մեջ քանդակի դիրքավորումը կատարված է այնպես, որ թևերի ու ոտքերի միջև եղած ազատ տարածությունները նույնպես ներգրավվել են քանդակագործական ոլորտում և դարձել կոմպոզիցիայի գործոն բաղադրիչներ[4]։ Կոմպոզիցիան կառուցված է մեկը մյուսին խաչաձևող գծերի և հակադարձ շարժումների միասնության հիման վրա։ Մի կողմից ստացած հարվածից մարդն ընկնում է, մյուս կողմից՝ ձգտում է խոյանալ դեպի վեր, ինչն արտահայտված է նաև մարմինը խաչող ծալքավոր կտորի թեքի մեջ․ «Ձեռքերի, ոտքերի, գլխի, իրանի կատարած բոլոր բարդ շարժումներն իրենց արտահայտությունն են գտել մկանային կառուցվածքի մեջ, ըստ որում այս կառուցվածքը ևս խարսխվում է հակադարձ տենդենցների՝ ուժի և անուժության, լարվածության և թուլացման միասնության վրա»[4]։

Բազկատարած, մատները լայն բացած ու ջղաձգորեն կեռած, գլուխը հուսահատորեն ետ նետած, աջ ծնկին է ընկել մերկամարմին մարդը (ճապոնացին)։ Ձախ ոտքը մկանների ուժգին լարումով նրան դեռ պահում է բոլորովին ընկնելուց, թեպետ նրան դեռ պահող ձախ ծունկն արդեն սկսել է ծալվել։ Մարդը հարված է ստացել, բայց ոչ սովորական հարված, որ իջնում է մարմնի որևէ մասին։ Քանդակագործը կարողացել է ցույց տալ, որ հարվածը հասել է նրա ամբողջ մարմնին, ներսից ու դրսից, բոլոր կողմերից։ Այդպիսի հարված կարող է հասցնել միայն ատոմային պայթյունի վիթխարի ալիքը։ Եվ թվում է, թե մարդն իր ընկնելու հետ անեծք է կարդում երկնքին, որտեղից երկիր նետվեց անկասելի կործանումը։ Միևնույն ժամանակ, թվում է, թե նա, կուրացած դեմքը ետ թեքած ու ձգած դեպի վեր, նորից ուզում է արևը տեսնել, ուզում է նորից կանգնել, սակայն դրան նա այլևս անընդունակ է, թվում է՝ լայն տարածված բազուկներով ուզում է կյանքը գրկել, կառչել նրանից, կեռած մատները մեխել իրենից խուսափող այդ կյանքի «մարմնի» մեջ, սակայն կյանքի փոխարեն դատարկությունն գրկում, և դրանից նրա թևերի լարվածությունն արդեն սկսում է մարել, շուտով այդ թևերը կկախվեն… Գուցե այդ կյանքն օդի մե՞ջ է. նա վեր պարզած ռունգներով ու բերանով ուզում է ագահորեն օդ ներշնչել… Դրանից նրա կրծքի վանդակը սկսել է բարձրանալ, բայց Ադամի խնձորը, որ շեշտված ցցունությամբ է տրված, կարծես դեմ է առել նրա կոկորդին ու նա այլևս չի կարող շնչել… Հիմա մարդը կնվաղի, վերջնականապես կընկնի… Բայց կեռված կմնան լարվածության մեջ կարկամած մատները, կարծես հիշեցնելու համար այն անասելի տանջանքը, որ բաժին էր ընկել մարդուն։

— Վահան Հարությունյան[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հիրոսիմա» քանդակը «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի կայքում
  2. «Հայկական սովետական հանրագիտարան», խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1984, էջ 220։
  3. Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջեր 115-118։