Ֆրիզ (ճարտարապետություն)

Ֆրիզ (ֆր.՝ frise), ճարտարապետական օրդերի հատված, անտաբլեմենտի միջին հատված, որ գտնվում է արխիտրավի և քիվի միջև: Ավելի լայն նշանակությամբ գեղազադրային կոմպոզիցիա է՝ հորիզոնական ժապավենի տեսքով, որ պսակում է ճարտարապետական կառույցի այս կամ այն մասը:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվան ստուգաբանությունը միանշանակ չէ: Վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է ֆրանսերեն բառից, որ նշանակում է զարդարուն, խավոտ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ճարտարապետական ֆրիզն ամենից առաջ զարդարվել է ռելիեֆային կամ նկարված պատկերներով: Անուղղակիորեն անվան այս տարբերակն է հաստատում ֆրիզի անվանումը, որն ընդունված է եղել անտիկ ժամանակաշրջանում՝ զոֆոր (հուն․՝ ζῴφόρος, ζῴοφόρος, բառացի՝ կենդանիների պատկերներ կրող): Անվան մյուս վարկածի համաձայն՝ այն առաջացել է գերմանական ֆրիզ (լատ.՝ frisii) ցեղախմբի անունից, որը մեր թվարկության սկզբին հաստատվել էր Հռենոս գետի ստորին հոսանքում և հույներին հայտնի էր բարբարոսական որակներով, մորուքներով և երկար, գանգուր մազերով: Այդ պատճառով էլ ավանդաբար ֆրիզ կամ ֆրիզային կտոր են անվանել երկար մազիկներով բրդյա կտորները[1]:
Դասական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին էտրուսկների ճարտարապետության մեջ Իտալիայում տաճարների ծածկի փայտե կոնստրուկցիաները, այդ թվում՝ արխիտրավը, ֆրիզն ու քիվը ծածկել են թրծակավե սալիկներով, որոնք նկարազարդել են հանքային ծագման սպիտակ, կապույտ և կարմիր ներկերով: Սակայն ֆրիզի դասական ձևի նշանակությունը՝ որպես օրդերի մի հատվածի, ձևավորվել է Հին Հունաստանի շինարակական մշակույթում: Դորիական օրդերում ֆրիզը, որը գտնվել է հարթ արխիտրավի և հղկված քիվի միջև, ձևավորվել է տրիգլիֆների և մետոպաների հերթագայությամբ: Ընդ որում, եթե սյուների ու արխիտրավի միջին հատվածը, որպես կանոն, չեն ներկել, ֆրիզն ու քիվը ներկել են վառ գույներով. տրիգլիֆները ներկել են կապույտ կամ կանաչ, մետոպի ֆոնը՝ վառ կարմիր: Քառակուսու տեսքով մետոպները զարդարել են ռելիեֆով, հազվադեպ՝ նկարներով:
Հատուկ նշանակություն է ունեցել մետոպների պատկերների ուղղվածությունը. կերպարների տեսողական շարժումը ուղղված է եղել գլխավոր ճակատամասի կենտրոնին կամ դրա հակառակ ուղղությանը, առաջնային ճակատամասի միջին գծից՝ շինության ճակատի հետնամասին, որտեղ ռելիֆները հանդիպում են «դեմ առ դեմ»: Հոնիական, կորինֆյան և կոմպոզիտյան օրդերներում տրիգլիֆներն ու մետոպները բացակայում են: Տոսկանյան օրդերի հռոմեական տարբերակում, Վիտրուվիոսի տեսության համաձայն, ֆրիզը հարթ չէ: Հունական հոնիական, հռոմեական հոնիական, կորինֆյան և կոմպոզիտյան օրդերներում ֆրիզը ծածկել են ռելիեֆի մասամբ ոսկեզօծ զոֆորի ժապավենով, որը ներկել են վառ գույներով:
Հելլենիզմի դարաշրջանի քանդակագործական արվեստի նշանավոր հուշարձան է Պերգամոնում Զևսի խորանը (մ. թ. ա. 164-156): Այն ոչ սովորական տեղադրում ունի. տեղադրված է П-աձև հարթակին, ոչ թե սյունաշարի անտաբլեմենտում: Հարթաքանդակային ֆրիզը բաղկացած է մարմարյա առանձին սալերից՝ 2.3 մ բարձրությամբ և 120 մ ընդհանուր երկարությամբ: Խորանի վերին հատվածում՝ պերիստիլում, կա քանդակային փոքր ֆրիզ՝ որպես ինքնուրույն կոմպոզիցիա:
Միջնադարյան և նոր ժամանակների ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
17-19-րդ դարերի կլասիցիզմի, նեոկլասիցիզմի և բարոկկոյի, ինչպես նաև 20-21-րդ դարերի նոր կլասիցիզմի ճարտարապետության մեջ ֆրիզային կոմպոզիցիաների կիրառումը եղել է ազատ և չի ենթարկվել խիստ կանոնակարգերի: Այսպես, 18-րդ դարի երկրորդ կեսի եկատերինյան կլասիցիզմի ճարտարապետ Ջակոմո Կվարենգին Սանկտ Պետերբուրգում գտնվող Անիչկովի պալատի աշխատասենյակում (1803-1805), խախտելով կանոնները, հոնիական կապիտելը համադրել է դորիական անտաբլեմենտին:
Դասական ճարտարապետության խիստ շրջանակներում ֆրիզ է է կոչվում ժապավենի տեսք ունեցող կոմպոզիցիոն տարրը, գեղազարդված կամ մակագրություն ունեցող ռելիեֆը:
Ֆրիզի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անֆիմիոն: Ֆրիզի տարատեսակ՝ կորնթարդ զարդանախշով, որ ամենից հաճախ հանդիպում է հոնիական սյունաշարով[2]:
Ճարտարապետական ֆրիզի անունով է կոչվում յուրօրինակ կոմպոզիցիան, որ ոչ միշտ է կապվում ճարտարապետության հետ. դա գեղանկարչության մեջ կերպարների ֆրիզային դասավորվածությունն է, դեկորատիվ նկարչությունը, խճանկարները: Կիրառական արվեստում երկարացված կաղապարով ցանկացած տարր անվանում են ֆրիզ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Фасмер М. Этимологический словарь русского языка: В 4-х томах.— М.: Прогресс. — Т. 4, 1987. — С. 207
- ↑ «Анфимион»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Фриз, в архитектуре»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրիզ (ճարտարապետություն) կատեգորիայում։ |
|