Աղասի Խանջյանի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աղասի Խանջյանը մահացել է հուլիսի 9-ին Թբիլիսի քաղաքում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Խանջյանը ինքնասպան է եղել։ Մահվան լուրի հրապարակումից ի վեր լայն տարածում է ստացել վարկածը, որ Խանջյանին սպանել են։

Մեկնումը Թբիլիսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանջյանը մեկնել է Թբիլիսի 1936 թվականի հուլիսի 8-ին։ Կնոջը՝ Ռոզա Գինզբերգին նա ասել է, որ Թբիլիսում նա կտրուկ կերպով դնելու է իր հրաժարականի հարցը՝ այդ օրերին ՀԿ(բ)Կ Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի կողմից ճնշումների պատճառով։ Բացասական պատասխան ստանալու դեպքում նա պատրաստվում էր հասնել Մոսկվա ու վերցրել էր իր հետ բոլոր անհրաժեշտ իրերը երկար ճանապարհորդության համար։ Ըստ կնոջ ցուցմունքների Խանջյանը իր հետ էր վերցրել նաև իրեն պատկանող Լիգնոզե ատրճանակը։ Ինքնասպանության մասին մտքերը կինը բացառել է։

Հաջորդ օրը՝ հուլիսի 9-ին նա ժամանել է Համամիութենական կոմունիստական կուսակցության Անդրկովկասի մարզկոմի շենք, որտեղ հանդիպել է Բերիայի հետ վերջինիս աշխատասենյակում։

Պաշտոնական վարկած[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պաշտոնական վարկածի, որը հրապարակել է Անդրկովկասյան տարածքային կոմիտեն հուլիսի 11-ին՝ Խանջյանը ինքնասպանություն է գործել Թբիլիսի գործուղման ժամանակ սեփական քաղաքական սխալների հետ կապված։ Խանջյանի մարմինը տեղափոխվել է Երևան ու թաղվել Հայաստանում։

Պաշտոնական մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանջյանին հայտնաբերել է իր անվտանգության աշխատակից Սանոյանը՝ իր սենյակում անկողնու վրա պառկած՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով՝ հուլիսի 9-ի երեկոյան 7-ից 8-ի շրջանում։ Ժամը 9։25-ին զանգ է ստացվել շտապօգնության ու ժամը 10։25 Խանջյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկների խորհրդակցությունից հետո արդեն հուլիսի 10-ի գիշերվա 1։30 Խանջյանը վիրահատվել է, ինչից հետո մահացել։ Այս մասին կա նշում վիրահատական մատյանում։ Դիահերձման գրառման մեջ մահվան ամսաթիվը հուլիսի 9-ն է։

Շտապօգնության հիվանդանոցում, որտեղ տեղափոխել էին Խանջյանին, գտնվում էր Բերիան, Ագրբան, Վրաստանի առողջապահության ժողկոմիսար Մամալաձեն, գլխավոր դատախազ Վարձիելին ու հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կիրշենբլատը։ Ագրբան, Մամալաձեն ու Վարձիելին 1937-1938 թվականներին դատապարտվել ու գնդակահարվել են։ Գլխավոր բժիշկ Կիրշենբլատը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, բայց գնդակահարվել է 1938 թվականին՝ առանց որևէ հիմնավորման։ Խանջյանի անվտանգության աշխատակիցներ Սանոյանն ու Մկրտչյանը ձերբակալվել են մահվանից հետո, բայց ազատ են արձակվել 1,5 ամիս անց։

1955 թվականի քննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին Խանջյանի մոր դիմում ի պատասխան՝ վերաբացելու Խանջյանի գործը, անցկացվել է հետաքննություն, որը բացահայտել է, որ 1936 թվականի պաշտոնական վարկածը հիմնված է կեղծիքների վրա։

Պարվել է, որ 1936 թվականին լիարժեք քննություն չի անցկացվել։ Զենքը, որից վրա է հասել Խանջյանի մահը, չի հայտնաբերվել։ Խանջյանի բնժշկական քարտը հիվանդանոցում չի հայտնաբերվել։

Լիգնոզե ատրճանակ

Պարզվել է նաև, որ հերձումը կատարվել է ոչ թե դատական բժիշկի, այլ պաթոլոգոանատոմի կողմից։ Եզրակացությունը ստուգել է այդ օրերին ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության գլխավոր դատաբժիշկ Ավդեևը, ով պարզվել է, որ նշված վիրավորումը չէր կարող իրականացվեր Խանջյանին պատկանող Լիգնոզե 6,35մմ կալիբրի ատրճանակից, այլ կատարվել է ավելի խոշոր թմբուկային ատրճանակից ոչ պակաս քան 7,5մմ։

Այս փաստերը 1955 թվականին անցկացված հետաքննության ժամանակ ստիպել են եզրակացնել, որ հիվանդանոցում կատարվել է կեղծ վիրահատություն արդեն մահացած դիակի վրա։

Տռոյկայի անդամ Իվանովայի ցուցմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցական վերահսկողության խորհրդի անդամ Իվանովան ցուցմունքներում նշել է, որ Խանջյանի մահվան պահին Անդրկովկասի մարզկոմի շենքում էին գտնվում Կուսակցական վերահսկողության խորհրդի տռոյկայի անդամներ Ի․ Կորոտկովը, Սինայսկի-Միխայլովը ու ինքը՝ Իվանովան։ Հանկարծ Բերիայի աշխատասենյակում երկու կրակոց է լսվել։ Կորոտկովը վազել է աշխատասենյակ ու երկար ժամանակ դուրս չի եկել։ Չսպասելով Կորոտկովին մնացած երկուսը գնացել են հյուրանոց, որտեղ այնուհետև ժամանել է նաև Կորոտկովը։ Հարցերին ի պատասխան նա ասել է․ «Կատարվել է ահավոր մի բան», ինչի մասին մյուս օրը հայտնի կդառնա։ Մյուս օրը թերթերը հրապարակեցին Խանջյանի ինքնասպանության լուրը, ու Կորոտկովը այդ ժամանակ ասել է․ «Ճիզվիտ Բերիան սպանեց Խանջյանին»։ Իվանովայի հորդորին ի պատասխան՝ տեղեկացնելու Մոսկվայում տեղի ունեցածի մասին, Կորոտկովը նրան նույնպես արգելեց անել դա՝ ասելով, որ պատմությունը ցույց կտա ամեն ինչ։

Շինարար Գասպարյանի ցուցմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանջյանի սենյակի դիմացի շենքում աշխատանք իրականացնող ներկարար Գասպարյանը իր ցուցմունքում ասել է, որ 1936 թվականի հուլիսի 9-ի երեկոյան կրակոցի ձայն է լսել, դուրս եկել պատժգամփ ու տեսել է Բերիայի մեքենան, որ հեռանում էր շենքի մոտից։

Հայ բժիշկների եզրակացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Միրզա-Ավագյան

Հայկական ու վրացական կինոարտադրության հիմնադիրներից մեկը՝ Դանիել Դզնունին, ով ձերբակալվել էր 1937 թվականին, դատախազությանը հայտնել է, որ իր հետ նույն խցում գտնվում էր պրոֆեսոր-վիրաբույժ, Հայաստանի վիրաբուժության հիմնադիրներից մեկը՝ Հարություն Միրզա-Ավագյանը։ Վերջինս հայտնել է իր ձերբակալության իրական պատճառի մասին։ Ըստ նրա՝ Խանջյանի մարմինը Երևան տեղափոխելուց հետո իրեն կանչել են մարմինը զննելու։ Միրզա-Ավագյանը արձանագրել է վնասվածք՝ գլխի ձախ կողմում՝ քունքից վերև։ Նա արձանագրել է, որ կրակոցը իրականացվել է հեռու տարածությունից ու եզրակացրել, որ մահը չէր կարող լինել ինքնասպանության արդյունքում։ Նա, ինչպես նաև Հայաստանի հակատուբերկուլյոզային ծառայության հիմնադիր Գրիգոր Սաղյանը հրաժարվել են ստորագրել Խանջյանի ինքնասպանության մասին արձանագրությունը՝ պնդելով, որ նա առնվազն պետք է ունենար երկումետրանոց ձեռք ու չլինելով ձախլիկ՝ կրակեր ձախ կողմից։[1]

Միրզա-Ավագյանը մահացել է բանտում 1938 թվականին սուր երիկամային անբավարարվածությունից ու մի շարք այլ հիվանդությունների արդյունքում։[2] Գրիգոր Սաղյանը նույնպես 1937 թվականին ձերբակալվել է ու նույն թվականի դեկտեմբերին գնդակահարվել։

Եզրակացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննության եզրակացությունը եղել է, որ Խանջյանը սպանվել է Բերիայի աշխատասենյակում, հետո վերջինիս մեքենայով տեղափոխել Խանջյանի բնակարան, ու եղածը որպես ինքնասպանություն ներկայացնելու նպատակով կատարվել է կրակոց։ Այնուհետև Բերիան զանգահարել է Խանջյանին, ու ներս մտած անվտանգության աշխատակից Սանոյանը մտել է ներս ու հայտնաբերել անկողնու վրա Խանջյանին։ Հայտնի է նաև, որ սենյակը ունեցել է նաև մուտք հետևից՝ առանց անվտանգության սենյակ մուտք գործելու։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мелконян М. (1989-02-08)։ «Подписать отказались…»։ Медицинская газета 
  2. «Видные ученые-медики - Арутюн Мирза-Авакян»։ Медицинская наука Армении НАН РА т. LVIII № 4։ 2018 
  3. «Записка П.Т. Комарова в ЦК КПСС об обстоятельствах смерти А.Г. Ханджяна. 8 февраля 1956 г. | Проект «Исторические Материалы»»։ istmat.info։ Վերցված է 2020-02-08