Փինք Ֆլոյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Pink Floydից)
Փինք Ֆլոյդ

Փինք Ֆլոյդը 1968-ին։ (ձախից-աջ) Նիք Մեյսոն, Սիդ Բարրեթ, Դեյվիդ Գիլմոր, Ռոջեր Ուոթերս և Ռիչարդ Ռայթ
Հիմնական տվյալներ
Երկիր Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա
Ժանրեր Պրոգրեսիվ ռոք, փսիխոդելիկ ռոք [1]
Գործունեություն 1964–present[2][3]
(անորոշ դադար սկսած 1996) (միանգամյա վերամիավորում 2005-ին)[4][5]
Լեյբլ Harvest, Columbia ՄԹ Capitol, Tower ԱՄՆ
Կապված Sigma 6
Կայք www.pinkfloyd.co.uk
Նախկին անդամներ
Սիդ Բարրեթ
Դեյվիդ Գիլմոր
Ռոջեր Ուոթերս
Ռիք Ռայթ
Նիք Մեյսոն
Բոբ Քլոուզ


Փինք Ֆլոյդ (Pink Floyd), բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբ է։ Առանձնապես հայտնի է իր ստեղծագործություններում շոշափվող փիլիսոփայական և կոնցեպտուալ թեմաներով, ձայնային և լուսատեսողական էքսպերիմենտներով ու շքեղ համերգներով։ Հիմնադրվել է 1966 թվականին, վերջին ալբոմը՝ The Division Bell, թողարկվել է 1994 թվականին։

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

Խումբը ստեղծվել է 1966 թվականին՝ Քեմբրիջի քոլեջի շրջանավարտներ Սիդ Բարրեթի և Ռոջեր Ուոթերսի կողմից: Բարրեթն այդ ժամանակ արդեն իսկ բազմաթիվ երգերի ու բանաստեղծությունների հեղինակ էր, իսկ Ուոթերսը 1965-ից ռիթմ-էնդ-բլյուզ էր նվագում "SIGMA-6" խմբում, որի անդամներ Ռիք Ռայթն (ստեղնաշարային գործիքներ) ու Նիք Մեյսոնը (հարվածային գործիքներ) ևս ներգրավվեցին Փինք Ֆլոյդի կազմում: Նրանց ցնցեց Բարրեթի անսովոր, սյուրռեալիստական պոեզիայի միախառնումը Ուոթերսի յուրահատուկ փսիխոդելիկ էֆֆեկտների հետ: Կարճ ժամանակով նրանց միացավ կիթառահար Բոբ Քլոուզը, իսկ նախապես "The Screaming Abdabs" կոչված խումբը Բարրեթի առաջարկով վերանվանվեց "The Pink Floyd Sound" (բլյուզմեններ Փինք Անդերսոնի և Ֆլոյդ Քաունսիլի անունների համատեղումից): Խումբը ելույթներ էր ունենում լոնդոնյան ակումբներում, իսկ 1966 թ. դեկտեմբերին մենեջերներ Էնդրյու Քինգի ու Փիթեր Ջենների ղեկավարությամբ ձայնագրեց առաջին սինգլը՝ "Arnold Layne": Բրիտանական ազգային ռադիոն հրաժարվեց հեռարձակել երգը, այդուհանդերձ այն մտավ բրիտանական հիթ-շքերթ ու վերջին հաշվով նվաճեց 6-րդ հորիզոնականը: Բարրեթի պոեզիան՝ համեմված Գրեմի և Քերոլի կերպարներով, լայն ճանաչում գտավ: Այդ ընթացքում Բարրեթն ավելի ու ավելի էր տարվում թմրադեղերով (հատկապես LSD-ով) և ընկնում տեսիլքների մեջ, գնալով կտրվում շրջակա աշխարհից և ընկղմվում իր ներքին խնդիրների մեջ:

Ստեղծվեց խմբի առաջին մեծամասշտաբ շոուն - "Games for May", որը ինչ-որ չափով նշանավորեց խմբի հետագա ճանապարհը: "See Emily Play"-ը ևս մտավ հիթ-շքերթ, խումբը գրավեց մամուլի ուշադրությունը: Ինչպես հետագայում գրեցին քննադատները, երևան էր գալիս նոր՝ այսպես կոչված «Էլեկտրոնային պուլսացիայի» ոճը, որի շրջանակներում միախառնվում էին ինչպես՝ դասական և ջազ, այնպես էլ՝ հնագույն անգլիական և շոթլանդական մեղեդիները, իսկ մոտ ապագայում պետք է հայտնվեր հիփփիական պսիխոդելիկան:

1967-ին թողարկվեց խմբի առաջին ալբոմը՝ ի դեպ, ձայնագրված լեգենդար "Abbey Road" ստուդիայում և The Beatles-ի հավանական ազդեցությամբ՝ "The Piper at the Gates of Dawn" (Սրնգահարը արևածագի դարպասների մոտ), որտեղ Բարրեթի անդրաշխարհային տեքստերն ու խելագար ձայնային երանգավորումները թերևս իրենց գագաթնակետին էին: Այն մեծ հռչակ բերեց խմբին, իսկ Սիդի արվեստի որոշ սիրահարների կարծիքով` դարձավ լավագույնը խմբի ողջ պատմության ընթացքում:

1967-ին տեղի ունեցավ Փինք Ֆլոյդի առաջին Բրիտանական համերգային շրջագայությունը, որ մեծ աղմուկ առաջացրեց: Սակայն այն ունեցավ և բացասական երանգ՝ երբեմն Բարրեթը բեմի վրա դադարում էր նվագել, ու հայացքը հառած դահլիճին` ընկղմվում էր իր մեջ: Ուժեղ թմրադեղերն իրենց քայքայիչ ազդեցությունն էին թողնում Բարրեթի գիտակցության վրա: Վերջիվերջո, նրա փոխարեն խումբ հրավիրվեց Ուոթերսի ընկերը` արտակարգ կիթառահար ու նաև երգիչ Դեյվիդ Գիլմորը, որն էլ որոշ ժամանակ անց պաշտոնապես զբաղեցրեց Բարրեթի տեղը: 1968-ին հայտնվեց խմբի նոր ծրագիրը - "A Saucerful of Secrets". կրկին մեծ հաջողություն, մասամբ շնորհիվ "Corporal Clegg" երգի, որ պատմում է փայտե ոտքով ու թագուհու շնորհած մեդալով հայրենիք վերադարձած զինվորի մասին:

Սիդի հեռացումից հետո Ուոթերսի քաղաքական ձախ հայացքները ու Գիլմորի սերը կատարյալ բլյուզի և զանգվածային աննկարագրելի շոուների նկատմամբ պետք է վճռորոշեին խմբի հիմնական ոճը: Նույն 1968-ին Փինք Ֆլոյդը շրջագայեց ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ավստրալիայու՝ մեծապես խթանելով ձայնապնակների վաճառքը ու հետաքրքրությունը խմբի հանդեպ: «Մեծ, լավագույն ու համապարփակ» շոու ստեղծելու ցանկությամբ խումբը համերգ կազմակերպեց լճի վրա՝ հրավառության, պայթյունների, վեր լողացող հսկայական փչովի ութոտանու և ձկների ուղեկցությամբ, ինչը հերթական սկանդալի պատճառը դարձավ:

1969 թ. թողարկվեցին "More" ծրագիրը և "Ummagumma" կրկնակի ալբոմը՝ երկու խիստ տարբեր աշխատանքներ: Եթե առաջինը կազմված էր լիրիկական հանգիստ երգերից, ապա երկրորդը ներկայացնում էր էլեկտրոնային աղմկոտ մեդիտացիա (առաջին սկավառակին), ինչպես նաև՝ համերգային կատարումներ (երկրորդ սկավառակին):

Հաջորդ ալբոմը - "Atom Heart Mother" (1970), մեծ հաջողություն ունեցավ: Ալբոմի "If" երգում զգացվում է չիրականացած հույսերի և մենակության ցավը, անելանելության ճիչը:

Նույն թվին խումբը համերգներ է տալիս տարբեր երկրներում, ներկայացնելով հին երգերը ("Relics") և նոր ծրագիրը ` "Meddle", որ նկարահանվեց Պոմպեոսի ամֆիթատրոնում: Միքելանջելո Անտոնիոնիի "Zabriskie Point" կինոնկարի համար խմբի գրած երաժշտությունը մրցանակի արժանացավ:

Հայտնի հնչյունային ռեժիսոր Ալան Պարսոնսի, սաքսոֆոնահար Դիկ Փերրիի և վոկալ խմբի մասնակցությամբ 1972 թ. հունիսին սկսվեց յոթամսյա աշխատանքը "The Dark Side of the Moon" (Լուսնի մութ կողմը) ալբոմի վրա, որը ռեկորդային նվաճումներ ունեցավ և անվանվեց բոլոր ժամանակների լավագույն ռոք-ալբոմներից մեկը: Տասնյոթ տարվա ընթացքում այն մշտապես ԱՄՆ լավագույն ալբոմների ցանկում էր (1995-ի տվյալներով վաճառվել էր ալբոմի 28 մլն օրինակ): Քննադատներն այն կոչեցին «ձայնագրության մասին պատկերացումների հեղաշրջում»: Այստեղ Ուոթերսի տեքստերը բարձրացնում են այնպիսի կարևոր պրոբլեմներ, ինչպես՝ հիասթափությունը կյանքից, մահվան վախը, կյանքը բարեփոխելու ձգտումները, երիտասարդության անտաղանդ վատնումը ("Time"), հակառակումը անձնասիրությանը և բռնությանը ("Money", "Us and them"), անհատի հիվանդագին օտարումը իրականությունից ("Brain damage"):

1974-75 թթ. ձայնագրված "Wish You Were Here" ալբոմը նվիված էր Բարրեթի տաղանդի վաղաժամ շիջմանը: Ալբոմի երգերից հատկապես հիշարժան է "Shine on You Crazy Diamond" (Շողա այ խելագար ադամանդ):

Հաջորդ ալբոմը ("Animals") վերադարձ էր դեպի դաժան իրականություն, դրամի և իշխանության անասնական տիրակալություն, որ խստորեն ծաղրվում էր Ուոթերսի պոեզիայում: Նույնանուն շոուում սոցիումը հանդիսատեսի առջև հառնում է որպես ոչխարներով, խոզ-տիրակալներով, շուն-հսկիչներով բնակեցված աշխարհ: "Pigs on the Wing"-ը հիթ է դառնում, իսկ թռչող հսկա փչովի խոզերը, որ ի վերջո պայթում են` խմբի համերգների մշտական ուղեկից:

1979 թ. հայտնվում է "The Wall"-ը:

“The Wall”-ը կրկնակի ձայնասկավառակն էր: Այն իրենից էպիկական ռոք օպերա էր ներկայացնում` գրված մի շնչով: Ինչպես և նախորդ ձայնասկավառակը, “The Wall”-ը մի ամբողջականություն էր և ստեղծագործությունները իրար հաջորդում էին առանց միջերգային դադարների: Այս ձայնասկավառակը դառնում է Փինք Ֆլոյդի լավագույն աշխատանքներից մեկը, շատերի կարծիքով լավագույնը, գերազանցելով “The Dark Side of the Moon”-ին: Թողարկումից հետո խումբը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների:

1980թ. Ռոջեր Ուոթերսը առաջարկում է ռեժիսոր Ալան Փարկերին նկարահանել ֆիլմ` “The Wall” ձայնասկավառակի երգերի և իր` Ուոթերսի գրած սցենարով: Գլխավոր դերում նկարահանվել է Բոբ Գելդոֆը` “Boomtown Rats” խմբից, ավելի հայտնի որպես “Live Aid” և “Live 8” բարեգործական համերգ-նախագծերի հեղինակ և կազմակերպիչ:

Ֆիլմը տպավորիչ էր և դրա արդյունքում “The Wall” ձայնասկավառակը է՛լ ավելի ճանաչում ձեռք բերեց խմբին:

Սիդ Բարրեթի հեռանալուց հետո միանձնյա առաջատարի դերը ստանձնել էր վերցնել Ռոջեր Ուոթերսը.այդ հանգամանքը խմբի մյուս անդամներին դուր չէր գալիս: “The Wall” ձայնասկավառակից հետո այդ խնդիրները ավելի են սրվում և ի վերջո Ռիչարդ Ռայթը թողնում է խումբը:

1983 թ. Փինք Ֆլոյդը թողարկում է հերթական ձայնասկավառակը “The Final Cut” անվանմամբ, բայց արդեն առանց Ռայթի: Այս հանգամանքը նկատելի էր: Չնայած Ռայթին փոխարինող գտնվել էր ի դեմս Մայքլ Կամենի և Էնդի Բոուի, այնուամենայնիվ նրանք չկարողացան լիովին փոխարինել նրան:

Ձայնասկավառակի բոլոր ստեղծագործությունների հեղինակը Ռոջեր Ուոթերսն էր, այլ կերպ ասած, ձայնասկավառակը կարելի էր համարել Ուոթերսի անհատական նախագիծը՝ կատարված Փինք Ֆլոյդի մյուս երկու անդամների հետ: Ձայնասկավառակը ընդգծված հակապատերազմական բնույթ էր կրում: Շատերի կարծիքով Ուոթերսը չափից դուրս քաղաքականացրել էր այն և ոչ պատշաճ ուշադրություն դարձրել երաժշտությանը: Չնայած ձայնասկավառակի մի քանի երգեր «հիթ շքերթ»-ում տեղեր զբաղեցրին՝ այնուամենայնիվ “The Final Cut” Փինք Ֆլոյդի վերջին տարիների թողարկած ամենաթույլ ձայնասկավառակը ստացվեց:

Սովորաբար ձայնասկավառակ թողարկելուց հետո խումբը մեկնում էր շրջագայությունների, այս անգամ խախտվեց այդ ավանդույթը, ավելին`ձայնասկավառակի թողարկումից հետո Ուոթերսը հայտարարում է խմբից հեռանալու մասին, այդպիսով վերջ դնելով Փինք Ֆլոյդի գոյությանը:

Չորս տարի անց` 1987թ. Գիլմորը և Մեյսոնը որոշում են վերածնել Փինք Ֆլոյդը, բայց առանց Ուոթերսի:

Սկսվում են ձայնագրություններ նոր` “A Momentary Lapse of Reason” անվանմամբ ձայնասկավառակի համար: Ձայնագրություններին մասնակցում էր նաև խմբի երրորդ անդամը` Ռիչարդ Ռայթը, բայց որպես հրավիրված երաժիշտ:

Ձայնասկավառակը ջերմորեն ընդունվեց Փինք Ֆլոյդի սիրահարների կողմից, այն պատրաստված էր դասական Փինք Ֆլոյդյան ոճով: Այսպիսով խմբի անդամները ապացուցեցին, որ առանց Ուոթերսի էլ, որը Pink Floyd-ի երգերից շատերի հեղինակն էր, խումբը կարող է արդյունքի հասնել:

Ձայնասկավառակի թողարկումը անհետևանք չմնաց: Թողարկումից հետո, Ուոթերսը Գիլմորին և Մեյսոնին դատի է տալիս "Pink Floyd" անունը օգտագործելու համար: Երկարատև քաշքշուկներից հետո այնուամենայնիվ Գիլմորին և Մեյսոնին հաջողվում է պահպանել "Pink Floyd" անունը օգտագործելու իրավունքը:

Այնուհետև Փինք Ֆլոյդը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների, որը տևում է գրեթե երկու տարի: Այս շրջագայությունները խմբի պատմության մեջ ամենաերկարատևն ու ամենահամերգաշատն էր: Խումբը տվեց շուրջ 100 համերգ, որից 45-ը` Եվրոպայում: Համերգները աչքի ընկան նաև հարուստ դեկորացիաներով` բեմային մեծ էկրանով, 300 ավելի թարթող լուսերով, լազերային էֆեկտներով և այլն: Այս ամենը տեղից տեղ տանելու համար 45 բեռնատար մեքենաներ են պահանջվում:

Շրջագայությունների ընթացքում թողարկվում է “Delicate Sound of Thunder” ձայնասկավառակը, որի կեսից ավելին այս շրջագայությունների համերգային ձայնագրություններն էր, մի մասն էլ խմբի ավելի վաղ շրջանի դասական ստեղծագործությունները:

Երկամյա շրջագայություններից հետո տիրում է երկարատև դադար: Հաջորդ ձայնասկավառակը թողարկվում է 1994թ. անվանվելով` “The Division Bell”: Այս ձայնասկավառակում Ռայթը հանդես եկավ արդեն խմբի որպես լիիրավ անդամ:

“The Division Bell”-ը բավականին մեծ հաջողություն ունեցավ և շատ հիթ շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզոնականները: Ձայնասկավառակի թողարկումից հետո, սովորության համաձայն, խումբը նորից մեկնում է շրջագայությունների:

1995թ. թողարկվում է կրկնակի ձայնասկավառակ “P*U*L*S*E” անվանմամբ: Այստեղ տեղ էին գտել խմբի հին և նոր համերգային ձայնագրությունները:

2005թ. հուլիսի 2-ին, մի կողմ դնելով բոլոր վիրավորանքներն ու անհամաձայնությունները, Փինք Ֆլոյդը հավաքվում է իր դասական կազմով` Ռոջեր Ուոթերս, Դեյվիդ Գիլմոր, Նիկ Մեյսոն, Ռիչարդ Ռայթ, և շատ ուրիշ հանրահայտ խմբերի հետ մասնակցում Բոբ Գելդոֆի կազմակերպած “Live 8” բարեգործական համերգ նախագծին: Սակայն այս վերամիավորումը միայն մեկ համերգի համար էր: Դրանից հետո Ուոթերսի հետ հետագա համագործակցություն չեղավ:

“The Division Bell”-ից հետո, խումբը նոր ստուդիային ձայնասկավառակներ չի թողարկելձ:

2008 թվականի սեպտեմբերի 15-ին 65 տարեկան հասակում քաղցկեղից մահանում է Ռիչարդ Ռայթը՝ ի չիք դարձնելով Փինք Ֆլոյդի լիարժեք վերամիաորման հույսերը:

Սկավառակագրություն [խմբագրել]

Ալբոմներ [խմբագրել]

  • The Piper at the Gates of Dawn (1967)
  • A Saucerful of Secrets (1968)
  • Soundtrack from the Film More (1969)
  • Ummagumma (1969)
  • Atom Heart Mother (1970)
  • Meddle (1971)
  • Obscured by Clouds (1972)
  • The Dark Side of the Moon (1973)
  • Wish You Were Here (1975)
  • Animals (1977)
  • The Wall (1979)
  • The Final Cut (album)|The Final Cut (1983)
  • A Momentary Lapse of Reason (1987)
  • The Division Bell (1994)

DVD և տեսանյութեր [խմբագրել]

  • London '66-'67 (1967)
  • Live at Pompeii (1972)
  • The Wall (1982)
  • Delicate Sound of Thunder (1988)
  • La Carrera Panamericana (1991)
  • Pulse (1995)

Հղումներ Աղբյուրներին [խմբագրել]

Արտաքին Հղումներ [խմբագրել]