Ջիմի Հենդրիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jimi Hendrix 1967.png

Ջիմի Հենդրիքս (անգլ.՝ Jimi Hendrix, ամբողջական անունը Ջեյմս Մարշալլ Հենդրիքս, անգլ.՝ James Marshall Hendrix, ծննդյան անունը Ջոննի Ալլեն Հենդրիքս, անգլ.՝ Johnny Allen Hendrix, 27 նոյեմբերի 1942 թվական, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - սեպտեմբերի 18 1970 թվական,Լոնդոն, Մեծ Բրիտանիա), ամերիկացի կիթառահար-վիրտուոզ, երգիչ և կոմպոզիտոր։ 2009 թվականին Time ամսագիրը նրան անվանեց բոլոր ժամանակների լավագույն կիթառահարը։ Հայտնի է որպես ամենահամարձակ ու ամենահնարամիտ վիրտուոզներից մեկը ռոքի պատմության մեջ։ Հենդրիքսին դեռ կենդանության օրոք անվանում էին ֆենոմեն և հանճար։ Նա էլեկտրոկիթառի հնչողության նոր եղանակներ հայտնագործեց։ Հենդրիքսի նորամուծությունների մասին խոսելիս քննադատները նշում են, որ նա ընդլայնեց էլեկտրոկիթառի դիապազոնն ու բառարանը և փոխեց ռոք երաժշտության դեմքը։ Հենդրիքսի երաժշտությամբ հիացել ու հիանում են. Րիչի Բլեկմոր, Ինգվի Մալմստին, Ստիվ Վայ, Ջո Սատրիանի, Սթիվի Ռեյ Վոն, Դեյվիդ Գիլմոր, Մայլզ Դեվիս, Ֆրեդի Մերկուրի, Ուլրիխ Ռոտ, Մատտիաս Յաբս, Մարկ Նոպֆլեր, Էրիկ Կլեպտոն, Ջոն Մեյեր, Սիդ Բարրեթ, Ջոն Ֆրուշանտե, Փիթ Տաունսենդ, Էնթոնի Կիդիս, Լեննի Կրավից, Փոլ Մաքքարթնի, Բրայան Ինո, Բրայան Մեյ, Զակ Վայլդ, Կիրկ Հեմմետ, Կուրտ Քոբեյն , Ֆլի, Մեթյու Բելամի։