Փինք Ֆլոյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փինք Ֆլոյդ (Pink Floyd)

Pink Floyd-ը 1968-ին։ (ձախից-աջ) Նիք Մեյսոն, Սիդ Բարրեթ, Դեյվիդ Գիլմոր, Ռոջեր Ուոթերս և Ռիչարդ Ռայթ
Հիմնական տվյալներ
Երկիր Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա
Ժանրեր Պրոգրեսիվ ռոք, փսիխոդելիկ ռոք [1]
Գործունեություն 1964–present[2][3]
(անորոշ դադար սկսած 1996) (միանգամյա վերամիավորում 2005-ին)[4][5]
Լեյբլ Harvest, Columbia ՄԹ Capitol, Tower ԱՄՆ
Կապված Sigma 6
Կայք www.pinkfloyd.co.uk
Նախկին անդամներ
Սիդ Բարրեթ
Դեյվիդ Գիլմոր
Ռոջեր Ուոթերս
Ռիք Ռայթ
Նիք Մեյսոն
Բոբ Քլոուզ


Pink Floyd-ը (հայերեն տառադարձությամբ՝ Փինք Ֆլոյդ) բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբ է։ Առանձնապես հայտնի է իր ստեղծագործություններում շոշափվող փիլիսոփայական և կոնցեպտուալ թեմաներով, լսատեսողական էքսպերիմենտներով ու շքեղ համերգներով։ Հիմնադրվել է 1966 թվականին, վերջին ալբոմը՝ The Division Bell, թողարկվել է 1994 թվականին։

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Խումբը ստեղծվել է 1966 թվականին Քեմբրիջի քոլեջի շրջանավարտներ Սիդ Բարրեթի և Ռոջեր Ուոթերսի կողմից: Բարրեթն այդ ժամանակ արդեն իսկ բազմաթիվ երգերի ու բանաստեղծությունների հեղինակ էր, իսկ Ուոթերսը 1965-ից ռիթմ-էնդ-բլյուզ էր նվագում "SIGMA-6" խմբում, որի անդամներ Ռիք Ռայթն (ստեղնաշարային գործիքներ) ու Նիք Մեյսոնը (հարվածային գործիքներ) ևս ներգրավվեցին Փինք Ֆլոյդի կազմում: Նրանց ցնցեց Բարրեթի անսովոր, սյուրռեալիստական պոեզիայի միախառնումը Ուոթերսի յուրահատուկ փսիխոդելիկ էֆֆեկտների հետ: Կարճ ժամանակով նրանց միացավ կիթառահար Բոբ Քլոուզը, իսկ նախապես "The Screaming Abdabs" կոչված խումբը Բարրեթի առաջարկով վերանվանվեց "The Pink Floyd Sound" (բլյուզմեններ Փինք Անդերսոնի և Ֆլոյդ Քաունսիլի անունների համատեղումից): Խումբը ելույթներ էր ունենում լոնդոնյան ակումբներում, իսկ 1966 թ. դեկտեմբերին մենեջերներ Էնդրյու Քինգի ու Փիթեր Ջենների ղեկավարությամբ ձայնագրեց առաջին սինգլը՝ "Arnold Layne": Բրիտանական ազգային ռադիոն հրաժարվեց հեռարձակել երգը, այդուհանդերձ այն մտավ բրիտանական հիթ-շքերթ ու վերջին հաշվով նվաճեց 6-րդ հորիզոնականը: Բարրեթի պոեզիան՝ համեմված Գրեմի և Քերոլի կերպարներով, լայն ճանաչում գտավ: Այդ ընթացքում Բարրեթն ավելի ու ավելի էր տարվում թմրադեղերով (հատկապես LSD-ով) և ընկնում տեսիլքների մեջ, գնալով կտրվում շրջակա աշխարհից և ընկղմվում իր ներքին խնդիրների մեջ:

Ստեղծվեց խմբի առաջին մեծամասշտաբ շոուն - "Games for May", որ ինչ-որ չափով նշանավորեց խմբի հետագա ճանապարհը: "See Emily Play"-ը ևս մտավ հիթ-շքերթ, խումբը գրավեց մամուլի ուշադրությունը: Ինչպես հետագայում գրեցին քննադատները, երևան էր գալիս նոր - այսպես կոչված "Էլեկտրոնային պուլսացիայի" ոճը, որի շրջանակներում միախառնվում էին ինչպես դասական և ջազ, այնպես էլ հնագույն անգլիական և շոթլանդական մեղեդիները, իսկ մոտ ապագայում պիտի հայտնվեր հիփփիական պսիխոդելիկան:

1967-ին թողարկվեց խմբի առաջին ալբոմը, ի դեպ, ձայնագրված լեգենդար "Abbey Road" ստուդիայում և The Beatles-ի հավանական ազդեցությամբ - "The piper at the gates of dawn" /Սրնգահարը արևածագի դարպասների մոտ/, որտեղ Բարրեթի անդրաշխարհային տեքստերն ու խելագար ձայնային երանգավորումները թերևս իրենց գագաթնակետին էին: Այն մեծ հռչակ բերեց խմբին, իսկ Սիդի արվեստի որոշ սիրահարների կարծիքով, դարձավ լավագույնը խմբի ողջ պատմության ընթացքում:

1967-ին տեղի ունեցավ Pink Floyd-ի առաջին Բրիտանական համերգային շրջագայությունը, որ մեծ աղմուկ առաջացրեց: Սակայն այն ունեցավ և բացասական երանգ՝ երբեմն Բարրեթը բեմի վրա դադարում էր նվագել, ու հայացքը հառած դահլիճին ընկղմվում էր իր մեջ: Ուժեղ թմրադեղերն իրենց քայքայիչ ազդեցությունն էին թողնում Բարրեթի գիտակցության վրա: Վերջիվերջո, նրա փոխարեն խումբ հրավիրվեց Ուոթերսի ընկերը - արտակարգ կիթառահար ու նաև երգիչ Դեյվիդ Գիլմորը, որն էլ որոշ ժամանակ անց պաշտոնապես զբաղեցրեց Բարրեթի տեղը /"քսաներկուամյա հանճար" Բարրեթն առանձնացավ իր տանը, ու տասնամյակներ շարունակ կտրված աշխարհից ու հիվանդ, 2006 թ. նաև մարմնապես լքեց այս աշխարհը/:

1968-ին հայտնվեց խմբի նոր ծրագիրը - "A saucerful of secrets". կրկին մեծ հաջողություն, մասամբ շնորհիվ "Corporal Clegg" երգի, որ պատմում է փայտե ոտքով ու թագուհու շնորհած մեդալով հայրենիք վերադարձած զինվորի մասին:

Սիդի հեռացումից հետո, Ուոթերսի քաղաքական ձախ հայացքները ու Գիլմորի սերը կատարյալ բլյուզի և զանգվածային աննկարագրելի շոուների նկատմամբ պիտի վճռորոշեին խմբի հիմնական ոճը: Նույն 1968-ին Pink Floyd-ը շրջագայեց ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ավստրալիայում, մեծապես խթանելով ձայնապնակների վաճառքը ու հետաքրքրությունը խմբի հանդեպ: "Մեծ, լավագույն ու համապարփակ" շոու ստեղծելու ցանկությամբ խումբը համերգ կազմակերպեց լճի վրա, հրավառության, պայթյունների, վեր լողացող հսկայական փչովի ութոտանու և ձկների ուղեկցությամբ, ինչը հերթական սկանդալի պատճառը դարձավ:

1969 թ. թողարկվեցին "More" ծրագիրը և "Ummagumma" կրկնակի ալբոմը- երկու խիստ տարբեր աշխատանքներ: Եթե առաջինը կազմված էր լիրիկական հանգիստ երգերից, ապա երկրորդը ներկայացնում էր էլեկտրոնային աղմկոտ մեդիտացիա, համերգային կատարումներ:

Հաջորդ ալբոմը - "Atom heart mother" (1970), մեծ հաջողություն ունեցավ: Ալբոմի "If" երգում զգացվում է չիրականացած հույսերի և մենակության ցավը, անելանելության ճիչը:

Նույն թվին խումբը համերգներ է տալիս տարբեր երկրներում, ներկայացնելով հին երգերը ("Relics") և նոր ծրագիրը - "Meddle", որ նկարահանվեց Պոմպեոսի ամֆիթատրոնում: Միքելանջելո Անտոնիոնիի "Zabriskie Point" կինոնկարի համար խմբի գրած երաժշտությունը մրցանակի արժանացավ:

Հայտնի հնչյունային ռեժիսոր Ալան Պարսոնսի, սաքսոֆոնահար Դիկ Փերրիի և վոկալ խմբի մասնակցությամբ 1972 թ. հունիսին սկսվեց յոթամսյա աշխատանքը "The dark side of the moon" (Լուսնի հակառակ կողմը) ալբոմի վրա, որ ռեկորդային նվաճումներ ունեցավ և անվանվեց բոլոր ժամանակների լավագույն ռոք-ալբոմներից մեկը: Տասնյոթ տարվա ընթացքում այն մշտապես ԱՄՆ լավագույն ալբոմների ցանկում էր (1995-ի տվյալներով վաճառվել էր ալբոմի 28 մլն օրինակ): Քննադատներն այն կոչեցին "ձայնագրության մասին պատկերացումների հեղաշրջում": Այստեղ Ուոթերսի տեքստերը բարձրացնում են այնպիսի կարևոր պրոբլեմներ, ինչպես հիասթափությունը կյանքից, մահվան վախը, կյանքը բարեփոխելու ձգտումները, երիտասարդության անտաղանդ վատնումը ("Time"), հակառակումը անձնասիրությանը և բռնությանը ("Money", "Us and them"), անհատի հիվանդագին օտարումը իրականությունից ("Brain damage"):

1974-75 թթ. ձայնագրված "Wish you were here" ալբոմը նվիրում էր Բարրեթի տաղանդի վաղաժամ շիջմանը: Ալբոմի երգերից հատկապես հիշարժան է "Shine on you crazy diamond" ("Շողա այ խելագար ադամանդ"), որ այսօր բլյուզի ստանդարտներից է:

Հաջորդ ալբոմը ("Animals") վերադարձ էր դեպի դաժան իրականություն, դրամի և իշխանության անասնական տիրակալություն, որ խստորեն ծաղրվում էր Ուոթերսի պոեզիայում: Նույնանուն շոուում սոցիումը հանդիսատեսի առջև հառնում է որպես ոչխարներով, խոզ-տիրակալներով, շուն-հսկիչներով բնակեցված աշխարհ: "Pigs on the wing"-ը հիթ է դառնում, իսկ թռչող հսկա փչովի խոզերը, որ ի վերջո պայթում են, - խմբի համերգների մշտական ուղեկից:

1979 թ. հայտնվում է "The wall"-ը:

“The Wall”-ը կրկնակի ձայնասկավառակն էր: Այն իրենից էպիկական ռոք օպերա էր ներկայացնում` գրված մի շնչով: Ինչպես և նախորդ ձայնասկավառակը, “The Wall”-ը մի ամբողջականություն էր և ստեղծագործությունները իրար հաջորդում էին առանց միջերգային դադարների: Այս ձայնասկավառակը դառնում է Փինկ Ֆլոյդի լավագույն աշխատանքներից մեկը, շատերի կարծիքով լավագույնը, գերազանցելով “The Dark Side of the Moon”-ին: Թողարկումից հետո խումբը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների:

1980թ. Ռոջեր Ուոթերսը առաջարկում է ռեժիսոր Ալան Փարկերին նկարահանել ֆիլմ` “The Wall” ձայնասկավառակի երգերի և իր` Ուոթերսի գրած սցենարով:

Կարծում եմ կարիք չկա երկար խոսել այս կինոհամերգ ֆիլմի մասին, միայն նշենք, որ գլխավոր դերում նկարահանվել է Բոբ Գելդոֆը` “Boomtown Rats” խմբից, բայց մեզ ավելի հայտնի որպես “Live Aid” և “Live 8” բարեգործական համերգ-նախագծերի հեղինակ և կազմա կեր պիչ:

Ֆիլմը տպավորիչ էր և դրա արդյունքում “The Wall” ձայնասկավառակը էլ ավելի ճանաչում ձեռք բերեց խմբին:

Սիդ Բարրեթի հեռանալուց հետո միանձնյա առաջատարի դերը ստանձնել էր վերցրել Ռոջեր Ուոթերսը, այդ հանգամանքը խմբի մյուս անդամներին դուր չէր գալիս: “The Wall” ձայնասկավառակից հետո այդ խնդիրները ավելի են սրվում և ի վերջո Ռիչարդ Ռայթը թողնում է խումբը:

1983թ. Փինկ Ֆլոյդը թողարկում է հերթական ձայնասկավառակը “The Final Cut” անվանմամբ, բայց արդեն առանց Ռայթի: Այս հանգամանքը նկատելի էր: Չնայած Ռայթին փոխարինող գտնվել էր ի դեմս Մայքլ Կամենի և Էնդի Բոուի, այնուամենայնիվ նրանք չկարողացան լիովին փոխարինել նրան:

Ձայնասկավառակի բոլոր ստեղծագործությունների հեղինակը Ռոջեր Ուոթերսն էր, այլ կերպ ասած, ձայնասկավառակը կարելի էր համարել Ուոթերսի անհատական նախա գիծը կատարված Փինկ Ֆլոյդի մյուս երկու անդամների հետ:

Ձայնասկավառակը ընդգծված հակապատերազմական բնույթ էր կրում: Թերևս Ուոթերսը չափից դուրս քաղա- քականացրել էր այն և ոչ պատշաճ ուշադրություն դարձրել երաժշտությանը: Չնայած ձայնասկավառակի մի քանի երգեր “հիթ շքերթ”-ում տեղեր զբաղեցրին, այնուամենայնիվ “The Final Cut” Փինկ Ֆլոյդի վերջին տարիների թողարկած ամենաթույլ ձայնասկավառակը ստացվեց:

Սովորաբար ձայնասկավառակ թողարկելուց հետո խումբը մեկնում էր շրջագայությունների, այս անգամ խախտվեց այդ ավանդույթը, ավելին`ձայնասկավառակի թողարկումից հետո Ուոթերսը հայտարարում է խմբից հեռանալու մասին, այդպիսով վերջ դնելով Փինկ Ֆլոյդի գոյությանը:

Չորս տարի անց` 1987թ. Գիլմորը և Մեյսոնը որոշում են վերածնել Փինկ Ֆլոյդը, բայց առանց Ուոթերսի:

Սկսվում են ձայնագրություններ նոր` “A Momentary Lapse of Reason” անվանմամբ ձայնասկավառակի համար: Ձայնագրություններին մասնակցում էր նաև խմբի երրորդ անդամը` Ռիչարդ Ռայթը, բայց որպես հրավիրված երաժիշտ:

Ձայնասկավառակը ջերմորեն ընդունվեց Փինկ Ֆլոյդի սիրահարների կողմից, այն պատրաստված էր դասական փինկ ֆլոյդյան ոճով: Այսպիսով խմբի անդամները ապացուցեցին, որ առանց Ուոթերսի էլ, որը Փինկ Ֆլոյդի երգերից շատերի հեղինակն էր, խումբը կարող է արդյունքի հասնել:

Ձայնասկավառակի թողարկումը անհետևանք չմնաց: Թողարկումից հետո, Ուոթերսը Գիլմորին և Մեյսոնին դատի է տալիս “Փինկ Ֆլոյդ” անունը օգտագործելու համար: Երկարատև քաշքշուկներից հետո այնուամենայնիվ Գիլմորին և Մեյսոնին հաջողվում է պահպանել “Փինկ Ֆլոյդ” անունը օգտագործելու իրավունքը:

Հանգիստ շունչ քաշելով Փինկ Ֆլոյդը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների, որը տևում է գրեթե երկու տարի: Այս շրջագայությունները խմբի պատմության մեջ ամենաերկարատևն ու ամենահամերգաշատն էր: Խումբը տվեց շուրջ 100 համերգ, որից 45-ը` Եվրոպայում: Համերգները աչքի ընկան նաև հարուստ դեկորացիաներով` բեմային մեծ էկրանով, 300 ավելի թարթող լուսերով, լազերային էֆեկտներով և այլն: Այս ամենը տեղից տեղ տանելու համար 45 բեռնատար մեքենաներ են պահանջվում:

Շրջագայությունների ընթացքում թողարկվում է “Delicate Sound of Thunder” ձայնասկավառակը, որի կեսից ավելին այս շրջագայությունների համերգային ձայնագրություններն էր, մի մասն էլ խմբի ավելի վաղ շրջանի դասական ստեղծագործությունները:

Երկամյա շրջագայություններից հետո տիրում է երկարատև դադար: Հաջորդ ձայնասկավառակը թողարկվում է 1994թ. անվանվելով` “The Division Bell”: Այս ձայնասկավառակում Ռայթը հանդես եկավ արդեն խմբի որպես լիիրավ անդամ:

“The Division Bell”-ը բավականին հաջողություն ունեցավ, և շատ հիթ շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզոնականները: Ձայնասկավառակի թողարկումից հետո, սովորության համաձայն, խումբը նորից մեկնում է շրջագայությունների:

1995թ. թողարկվում է կրկնակի ձայնասկավառակ “P*U*L*S*E” անվանմամբ: Այստեղ տեղ էին գտել խմբի հին և նոր համերգային ձայնագրությունները:

2005թ. հուլիսի 2-ին, մի կողմ դնելով բոլոր վիրավորանքներն ու անհամաձայնությունները, Փինկ Ֆլոյդը հավաքվում է իր դասական կազմով` Ռոջեր Ուոթերս, Դեյվիդ Գիլմոր, Նիկ Մեյսոն, Ռիչարդ Ռայթ, և շատ ուրիշ հանրահայտ խմբերի հետ մասնակցում Բոբ Գելդոֆի կազմակերպած “Live 8” բարեգործական համերգ նախագծին: Սակայն այս վերամիավորումը միայն մեկ համերգի համար էր: Դրանից հետո Ուոթերսի հետ հետագա համագործակցություն չեղավ:

“The Division Bell”-ից հետո, խումբը նոր ստուդիային ձայնասկավառակներ չի թողարկել և կարծես չի էլ նախատեսում, բայց ով գիտե գուցե մի օր ամեն ինչ հարթվի և խումբը նորից մեզ ուրախացնի իր հրաշք ստեղծագործություններով, թեկուզ և առանց Ուոթերսի:

2008 թվականի սեպտեմբերի 15-ին 65 տարեկան հասակում քաղցկեղից մահանում է Ռիչարդ Ռայթը, ի չիք դարձնելով Pink Floyd-ի լիարժեք վերամիաորմանը հույսերը:

[խմբագրել] Սկավառակագրություն

[խմբագրել] Ալբոմներ

  • The Piper at the Gates of Dawn (1967)
  • A Saucerful of Secrets (1968)
  • Soundtrack from the Film More (1969)
  • Ummagumma (1969)
  • Atom Heart Mother (1970)
  • Meddle (1971)
  • Obscured by Clouds (1972)
  • The Dark Side of the Moon (1973)
  • Wish You Were Here (1975)
  • Animals (1977)
  • The Wall (1979)
  • The Final Cut (album)|The Final Cut (1983)
  • A Momentary Lapse of Reason (1987)
  • The Division Bell (1994)

[խմբագրել] DVD և տեսանյութեր

  • London '66-'67 (1967)
  • Live at Pompeii (1972)
  • The Wall (1982)
  • Delicate Sound of Thunder (1988)
  • La Carrera Panamericana (1991)
  • Pulse (1995)

[խմբագրել] Հղումներ Աղբյուրներին

[խմբագրել] Արտաքին Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով