Վերին Կարմիաղբյուրը գյուղ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում: Գտնվում է 2 կմ արևելքում Բերդից քաղաքից, մոտակայքում գտնվում են Նորաշեն, Չորաթան և Այգեպար գյուղերը: [2]
«Վերին Կարմիրաղբյուր» անվանումը գյուղը կրել է դեռ 400-500 տարի առաջ: Նախկին գյուղատեղը, որին ժողովուրդը կոչում է Հինշեն, նույն կերպ է անվանվել, սակայն թուրքերեն հնչմամբ` Ղըզըլբուլաղ: Այդ անունը, հավանաբար, գյուղը ստացել է կարմրագույն ավազոտ քարից դուրս եկող աղբյուրի շնորհիվ: Բնակչությունը բաղկացած է եղել ինչպես բնիկներից, այնպես էլ եկվորներից, որոնք այստեղ են տեղափոխվել Լոռուց, Ղարաբաղից, Գանձակից և Երևանից:
Այսօրվա Վերին Կարմիր Աղբյուրը հիմնադրվել է 1860 թվականին: Հետաքրքիր են գյուղի մասին XIX-րդ դարի վերջին հրատարակված «Արցախ» (Բաքու, 1895 թ) գրքում տրված տեղեկությունները. «Կարնիր Աղբյուր» (Ղըզըլբուլաղ), բնիկ, հողն արքունի, տեղական բերքերը` ցորեն, գարի, կորեկ, գարնանի, ոչխար, տավար, գոմեշ, խոզ, տանձ, խնձոր, պատվական օդը, կլիման և ջուրը: Ուշագրավ տեսարան: 88-90 տարի երկար կյանք: Սուրբ Հովհաննես եկեղեցին, ծածկն փայտաշեն, մի քահանա: Ծուխը 105, արական 602, իգական 694: Գյուղը շինված է մի սարահարթի վրա, Նորաշենի արևմտյան կողմում է:
Հետագա տարիների ընթացքում գյուղը շատ է փոխվել: Եղել են բազմաթիվ հաջողություններ, վերելքներ, և ինչու չէ` անկումներ: Գյուղը էլեկտրիֆիկացվել է, գազիֆիկացվել, կառուցվել են ճանապարհներ, բարձրացել է գյուղացու կենսամակարդակը:
Վերջերս լրացավ Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցի 100 ամյակը: XIX-րդ դարի վերջում - XX-րդ դարի սկզբում, ինչպես Հայաստանի շատ գավառներում, այստեղ նույնպես գործում էր ծխական դպրոց, որի միակ դասարանում սովորում էին 7-15 տարեկան տղաները: Ուսուցիչները գյուղի հոգևորականներն էին` քահանա, տիրացու և այլն: Մինչև 1906 թ դպրոցը մի քանի անգամ բացվում ու փակվում է: 1906 թ Արշակ Մելյանը, ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, վերադառնում է գյուղ և բացում մի դպրոց, որտեղ սովորում էին Վերին Կարմիր Աղբյուրի և Նորաշենի 60 մանուկներ` ինչպես տղաներ, այպես էլ աղջիկներ: Այժմ դպրոցը ունի 614 աշակերտ: Իր հարյուրամյա գոյության ընթացքում դպրոցը տվել է 19 մեդալակիր, իսկ 300 շրջանավարտ ստացել են բարձրագույն կրթություն:
[խմբագրել] Ծանոթագրություններ