Պանթեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի ազգային պանթեոն

Պանթեոնը շինություն կամ հատուկ գերեզմանատուն է, որտեղ ամփոփվում են նշանավոր անձանց աճյունները կամ աճյունասափորները։

Ծագումնաբանությունը[խմբագրել]

«Պանթեոն» (հունարեն է. նշանակում է բոլոր աստվածների սրբավայր) անունը փոխանցվել է Հռոմի աստվածներին նվիրված տաճարի անվանումից։ Այնտեղ թաղված են իտալացի նշանավոր գեղանկարիչ Ռաֆայելը, Միացյալ Իտալիայի առաջին թագավորները և ուրիշներ։ Բոլոր երկրներում կան նման առանձնացված գերեզմանատուն-պանթեոններ։

Փարիզի պանթեոնները[խմբագրել]

Եվրոպայի ամենահայտնի գերեզմանատունը Փարիզի Պեր Լաշեզն է (հիմնադրվել է 1804 թ-ին՝ Նապոլեոն Բոնապարտի նախաձեռնությամբ)։ Այստեղ են թաղված համաշխարհային ճանաչման արժանացած գրողներ Մոլիերը, Օնորե դը Բալզակը, Մարսել Պրուստը, Օսկար Ուայլդը, կոմպոզիտորներ Ժորժ Բիզեն, Ջոակինո Ռոսսինին և Ֆրեդերիկ Շոպենը, գեղանկարիչներ Էժեն Դելակրուան և Ամեդեո Մոդիլիանին, երգչուհիներ Մարիա Կալասն ու Էդիթ Պիաֆը, պարուհի Այսեդորա Դունկանը, դերասանուհի Սառա Բեռնարը և ուրիշներ։ Մինչև 2000 թ. այստեղ էր ամփոփված նաև զորավար Անդրանիկի աճյունը։ 1791 թ-ից պանթեոնի է վերածվել Փարիզի Սբ Ժենևևի տաճարը, որտեղ ամփոփված են Ֆրանսուա Վոլտերի, Վիկտոր Հյուգոյի, Ժան-Ժակ Ռուսոյի, ֆիզիկոսներ Պիեռ և Մարի Կյուրիների և ուրիշների աճյունները. այն դարձել է Ազգային մեծերի հանգստարան։

ԱՄՆ-ի պանթեոնները[խմբագրել]

ԱՄՆ-ում մեծ համարում ունի Առլինգտոնի գերեզմանատունը (հիմնադրվել է 1864 թ-ին, Վիրջինիայի նահանգում), որտեղ ամփոփված է անհայտ զինվորի աճյունը (ամեն տարի Հիշատակի և Վետերանների օրերին երկրի նախագահը պսակ է դնում անհայտ զինվորի հուշաքարին), այստեղ թաղված են պատերազմներում զոհված ու զինվորական վետերանների շուրջ 300 հզ. աճյուններ։ Թաղումները կատարվում են պետական դրոշներով ծածկված դագաղներով և հատուկ զինվորական պատիվներով։ Այն համարվում է «համաամերիկյան գերեզմանատուն»։ Հայտնի ամերիկացիներից այստեղ են թաղված նախագահներ Ջոն Քենեդին և Վիլյամ Տաֆտը, Գերագույն դատարանի նախագահներ ու անդամներ, Երկրորդ համաշխարհային (1939–45 թթ.) և Վիետնամի պատերազմների մասնակից գեներալներ, տիեզերագնացներ (1955–75 թթ.)։ Հանրահայտ է նաև Լոս Անջելեսի կինոգործիչների գերեզմանատունը՝ «Հավերժական Հոլիվուդը» (հիմնադրվել է 1899 թ-ին)։

Ռուսաստանի պանթեոնները[խմբագրել]

Ռուսաստանում սրբատեղիներ են Մոսկվայի Կրեմլի Ուսպենսկու և Արխանգելսկու տաճարները, որտեղ Իվան Կալիտա ցարի (1325–40 թթ.) ժամանակներից թաղել են մեծ իշխանների ու ցարերի։ Բոլոր կարևոր նախաձեռնություններից առաջ (պատերազմներ, թագադրություն և այլն) իշխաններն ու ցարերն այստեղ խոնարհվել են իրենց նախնիների շիրիմների առջև։ Ներկայումս Ռուսաստանում իրենց նշանակությամբ առավել պատվավոր են համարվում Մոսկվայի Կրեմլի պատի նեկրոպոլիսը, ապա՝ Նովոդևիչիե և Վագանկովյան գերեզմանատները, որտեղ թաղվում են պետական, քաղաքական, գիտության, արվեստի ու մշակույթի, զինվորական գործիչների, տիեզերագնացների աճյունները։

Վրաստանի պանթեոնները[խմբագրել]

Վրաստանում հայտնի են վրացական արվեստի ու մշակույթի գործիչների Դիդուբեի (1915–16 թթ.) և Մթածմինդայի (1929 թ.), ինչպես նաև հայկական արվեստի ու մշակույթի գործիչների՝ Խոջիվանքի պանթեոնները։

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն[խմբագրել]

Կոչվում է նաև հայ գրողների և հասարակական գործիչների Հավլաբարի պանթեոն։ Հիմնադրվել է XVII դարում՝ Վրաց Ռոստոմ թագավորի ատենադպիր, ժամանակի «ուսյալ և կրթյալ այրերից» Աշխարհբեկ Բեյբությանի՝ թագավորից իբրև նվեր ստացած գերեզմանատեղում։ Թագավորը նրան շնորհել է նաև «խոջա» (պարսկերեն է. նշանակում է տեր) պատվանունը։ Գերեզմանատեղում կառուցվել է խոջայի վանքը, որը ժամանակի ընթացքում հնչյունափոխվել է և դարձել Խոջիվանք։ Վանքի շրջակայքը ժամանակին վերածվել է հայկական գերեզմանատան, որտեղ թաղվել են 1000-ից ավելի ճանաչված հասարակական, գրական և մշակույթի գործիչներ։ 1930-ական թվականներին գերեզմանատունն ավերվել է. միայն բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանի ջանքերով է հաջողվել փրկել սակավաթիվ աճյուններ և Րաֆֆու շիրմաքարի շուրջը ձևավորել ներկայիս պանթեոնը։ Պանթեոնը ձևավորվել է ճարտարապետ Ռուբեն Աղաբաբյանի նախագծով. բացվել է 1961 թ-ին, հիմնովին նորոգվել 2002 թ-ին։

Հայաստանի պանթեոնները[խմբագրել]

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն[խմբագրել]

Հիմնադրվել է 1936 թ-ին, երբ Կոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։ Հետագայում գերեզմանատունը վերածվել է մշակույթի գործիչների և անվանի մարդկանց պանթեոնի։ Կոմիտասի անվան պանթեոնում են թաղված նաև Մարտիրոս Սարյանի (Սարյան Լուսիկ, 1893–1974 թթ.), Ավետիք Իսահակյանի (Իսահակյան Սոֆյա, 1882– 1966 թթ.), Ստեփան Զորյանի (Զորյան Սաթենիկ, 1901–1975 թթ.) կանայք։ Պանթեոնից քիչ հեռու՝ մեկուսի մի անկյունում, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի (1876–1927 թթ.) գերեզմանն է։

Եռաբլուր[խմբագրել]

Պանթեոնի բնորոշ օրինակներ են Երվանդունի արքայատան (մ. թ. ա. IV–III դարեր) պանթեոնը՝ Նեմրութ լեռան վրա, Արշակունիների տոհմական պանթեոն-հանգստարանը՝ Դարանաղյաց գավառի Անի ամրոցում (IV դարի կեսից՝ Աղցում, այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում), Մուսասիրի տաճարը՝ Վանի թագավորությունում (Ուրարտու, մ. թ. ա. IX–VIII դարեր), և այլն։ Պանթեոններ են ունեցել նաև հայ իշխանական տոհմերն ու հոգևորական նշանավոր գործիչները (Էջմիածնի Մայր տաճարում, Մշո Սբ Կարապետի և Սանահինի վանքերում, Նորավանքում և այլուր)։ Հայ արվեստի ու գրականության անվանի գործիչների պանթեոն են Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու, գիտության և մշակույթի գործիչների՝ քաղաքային կենտրոնական գերեզմանատան, ազատամարտիկների և զինծառայողների՝ Եռաբլրի պանթեոնները։ Ստեղծվել է 1992 թ-ին Երևանում՝ Եռաբլուր բարձունքում։ Այնտեղ ամփոփվել են Ղարաբաղյան պատերազմում և զինադադարից հետո զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչներ զորավար Անդրանիկի (1865–1927 թթ.), Սոսե Մայրիկի (1868–1953 թթ.), Հայաստանի Ազգային հերոսներ Ջիվան Աբրահամյանի (1961–1991 թթ.), Մոնթե Մելքոնյանի (1957–1993 թթ.), սպարապետ Վազգեն Սարգսյանի (1959–1999 թթ.) աճյունները (շուրջ 700)։ Պանթեոնում է նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի զոհված մարտիկներին նվիրված հուշակոթողը, որի տարածքում տեղադրվել են նրանց խորհրդանշական տապանաքարերը (39)։

Համբարձումյանների պանթեոն[խմբագրել]

Ստեղծվել է 1965 թ-ին՝ Բյուրական գյուղի գերեզմանատան հարևանությամբ՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այնտեղ ամփոփված են նրա հոր՝ թարգմանիչ և գրականագետ Համազասպ Համբարձումյանի (1880–1965 թթ.), քրոջ՝ մաթեմատիկոս Գոհար Համբարձումյանի (1907–1979 թթ.), հետագայում նաև իր՝ Վիկտոր Համբարձումյանի (1908–1996 թթ.) և նրանց գերդաստանի մյուս անդամների աճյունները։

Դամբարան[խմբագրել]

Դամբարանը հանգուցյալների ամփոփատեղի է։ Քարի դարի դամբարաններից են հողածածկ արհեստական բլուրները, դոլմենները, կրոմլեխները, բրոնզի դարում թաղումները կատարվել են քարարկղերի, մ. թ. ա. I հազարամյակում՝ կավե դագաղների մեջ։ Յուրօրինակ դամբարաններ են Եգիպտական բուրգերը։ Լուքսոր քաղաքից ոչ հեռու նույնպես հայտնաբերվել է ննջեցյալների քաղաք՝ 64 դամբարանով, որոնց թվում է նաև Թութանհամոնի հայտնի դամբարանը։ Մոնումենտալ դամբարանները կոչվում են մավսոլեոն՝ Կարիայի արքա Մավսոլեսի անունով, որի դամբարանը Հալիկառնասում (մ. թ. ա. 353 թ.) աշխարհի 7 հրաշալիքներից է։ 1924 թ-ին՝ Մոսկվայում, հետագայում տարբեր մայրաքաղաքներում կառուցվել են դամբարաններ՝ իրենց հանգուցյալ առաջնորդների զմռսված մարմինները պահելու համար։ Հայաստանում հայտնաբերվել են բրոնզի դարի (մ. թ. ա. IV–III հազարամյակներ) դամբարաններ ու դամբարանադաշտեր։ Հայտնի են Սիսիանի իշխանական դամբարանը (մ. թ. ա. II–I դարեր), Անիի ստորերկրյա վիմափորները (IV դար), Ամարասում՝ Գրիգորիսի դամբարանը (489 թ.), Մեսրոպ Մաշտոցինը՝ Օշականում (V դար)։ Դամբարանային ճարտարապետության բնորոշ օրինակներ են Եղվարդի (1301 թ.), Նորավանքի (1339 թ.), Կապուտանի (1349 թ.) դամբարան-եկեղեցիները, Գեղարդում՝ Պապաքի և Ռուզուքանի դամբարանը (1288 թ.), Անիում՝ Տիգրան Հոնենցի դամբարանը (XIII դար)։ Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնի պատկերը տես Թբիլիսի հոդվածում։

Նեկրոպոլիս[խմբագրել]

Նեկրոպոլիսը («ննջեցյալների քաղաք») մեծ գերեզմանոց է։ Հանրահայտ են Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկու Մայրավանքի և Մոսկվայի Կրեմլի պատի նեկրոպոլիսները։ Ալեքսանդր Նևսկու Մայրավանքի նեկրոպոլիսը հիմնադրել է Պետրոս I-ը 1710 թ-ին։ Այնտեղ թաղված են Միխայիլ Լոմոնոսովը, Ալեքսանդր Սուվորովը, Իվան Կռիլովը, Միխայիլ Գլինկան, Պյոտր Չայկովսկին, Նիկոլայ Կարամզինը և ուրիշներ։ Մոսկվայի Կրեմլի պատի նեկրոպոլիսը հիմնվել է 1917 թ-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության զոհերի խմբային թաղումներով։ Հետագայում թաղումներն արվել են 2 ձևով՝ Կրեմլի պատի տակ՝ առանձին գերեզմաններով, և պատի մեջ՝ աճյունասափորների տեղադրումով։ Կրեմլի նեկրոպոլիսի կենտրոնում Լենինի դամբարանն է։

Կատակոմբ[խմբագրել]

Կատակոմբը ստորգետնյա դամբարան է. կազմված է նեղ սրահներից, միջանցքներից, խցերից, որտեղ քրիստոնյաները թաղում էին ննջեցյալներին շրջափակումների և պաշարումների ժամանակ։ Սկզբնապես կատակոմբ են անվանել Հռոմի Սբ Սեբաստիանոս եկեղեցու ստորգետնյա թաղման սրահները, որից և տարածվել է այդ անունը։ Առավել հայտնի են Հռոմի (Ապպինյան ճանապարհի երկարությամբ), Փարիզի, Նեապոլի, Ալեքսանդրիայի, Պալերմոյի, Մալթայի, Վարձիայի (Վրաստանում), Անիի, Լոռու, Սյունիքի և այլ կատակոմբներ։ Հին եգիպտացիների համար կատակոմբը մումիաների պահպանման վայր էր։ Հայաստանում մ. թ. ա. II հազարամյակի կատակոմբային դամբարաններ կան Արթիկում, Հառիճում, Քեթիում, Նորաբացում և այլուր։ Տես նաև Աշխարհի յոթ հրաշալիքները։

Խոջիվանքի պանթեոնում ամփոփված են[խմբագրել]

1.Ախվերդյան Գևորգ 1818–1861 թթ. բանասեր, բժիշկ

2.Աղաբաբ Հակոբ 1875–1926 թթ. մանկավարժ, գրող

3.Աղայան Ղազարոս 1840–1911 թթ. գրող, մանկավարժ

4.Այվազյան Բագրատ 1862–1934 թթ.գրող

5.Ավչյան Սուրեն 1904–1985 թթ. գրող, թարգմանիչ

6.Արծրունի Գրիգոր 1845–1892 թթ. հրապարակախոս, խմբագիր

7.Եկմալյան Մակար 1856–1905 թթ. խմբավար

8.Երիցյան Ալեքսանդր 1841–1902 թթ. պատմաբան

9.Թումանյան Հովհաննես 1869–1923 թթ. բանաստեղծ

10. Թումանով Գեորգի 1854–1920 թթ.թատերագետ

11.Թումանով Միքայել 1818–1875 թթ. հրապարակախոս

12.Լազո (Հակոբ Ղազարյան) 1869–1926 թթ. քրդագետ

13.Լուսինյան Արտեմ 1910–1963 թթ. դերասան

14.Խոջաբեկյան Վանո 1875–1922 թթ. նկարիչ

15.Ծատուրյան Ալեքսանդր 1865–1917 թթ. բանաստեղծ

16.Ծերենց 1822–1888 թթ. գրող

17.Հազիր 1845–1922 թթ. աշուղ

18.Հակոբյան Հակոբ 1866–1937 թթ. բանաստեղծ

19.Հովնաթանյան Մկրտում 1779–1846 թթ. դիմանկարիչ

20.Ղորղանյան Գենարիոս 1858–1890 թթ. կոմպոզիտոր, դաշնակահար

21.Մայսուրյան Օլգա 1871–1931 թթ. դերասանուհի

22.Մանդինյան Ամիրան 1848–1913 թթ. դերասան, մանկավարժ, թարգմանիչ

23.Մուրացան 1854–1908 թթ. գրող

24.Նար-Դոս 1867–1933 թթ. գրող

25.Ներսիսյան Ստեփանոս 1807–1884 թթ. նկարիչ

26.Շամշինյան Հարություն 1856–1914 թթ. նկարիչ

27.Պռոշյան Պերճ 1837–1907 թթ. գրող

28.Ջիվանի 1846–1909 թթ. աշուղ

29.Սեյրանյան Բենիկ 1913–2003 թթ. գրող

30.Սունդուկյան Գաբրիել 1825–1912 թթ. դրամատուրգ

31.Վրույր Արամ 1863–1924 թթ. դերասան, ռեժիսոր

32.Րաֆֆի 1835–1888 թթ. գրող

33.Փիրումյան Գևորգ 1880–1954 թթ. դերասան

34.Օգանեզաշվիլի Սաշա 1869–1932 թթ. քամանչահար

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ամփոփված են[խմբագրել]

1.Աբելյան Հովհաննես 1865–1936 թթ. դերասան

2.Աբրահամյան Խորեն 1930–2004 թթ. դերասան, ռեժիսոր

3.Ախիկյան Վրթանես 1873–1936 թթ.նկարիչ

4.Աճեմյան Վարդան 1905–1977 թթ.ռեժիսոր

5.Ասրյան Արուս 1904–1987 թթ.դերասանուհի

6.Ասլամազյան Մարիամ 1907–1997 թթ. նկարչուհի

7.Արզումանյան Գրիգոր 1919–1976 թթ. պետական գործիչ

8.Գասպարյան Գոհար 1924–2007 թթ. երգչուհի

9.Դավթյան Վահագն 1922–1996 թթ. բանաստեղծ, թարգմանիչ

10.Դեմիրճյան Կարեն 1932–1999 թթ. պետական և կուսակցական գործիչ

11.Դեմուրյան Ստեփան 1872–1934 թթ. երգիչ, խմբավար

12.Զորյան Ստեփան 1889–1967 թթ. գրող

13.Թադևոսյան Եղիշե 1870–1936 թթ. նկարիչ

14.Թամանյան Ալեքսանդր 1878–1936 թթ. ճարտարապետ

15.Թորամանյան Թորոս 1864–1934 թթ. ճարտարապետ

16.Իսաբեկյան Էդուարդ 1914–2007 թթ. նկարիչ

17.Իսահակյան Ավետիք 1875–1957 թթ. բանաստեղծ

18.Լալայան Երվանդ1864–1931 թթ. ազգագրագետ

19.Լեո 1860–1932 թթ. պատմաբան

20.Լիսիցյան Սահակ 1864–1934 թթ. շինարար, ճարտարապետ

21.Խանզադյան Ցոլակ 1886–1935 թթ. գրականագետ

22.Խանզադյան Սերո 1915–1998 թթ. գրող

23.Խաչատրյան Արամ 1903–1978 թթ. կոմպոզիտոր

24.Խնկո Ապեր 1870–1935 թթ. մանկագիր

25.Կապուտիկյան Սիլվա 1919–2006 թթ. բանաստեղծուհի

26.Կոմիտաս 1869–1935 թթ. կոմպոզիտոր

27.Հովհաննիսյան Հովհաննես 1864–1929 թթ. բանաստեղծ

28.Ղափլանյան Հրաչյա 1923–1988 թթ. ռեժիսոր

29.Ղորղանյան Վասիլ 1865–1934 թթ. երաժշտագետ

30.Մաթևոսյան Հրանտ 1935–2002 թթ. գրող

31.Մանանդյան Հակոբ 1873–1952 թթ. պատմաբան

32.Մանուկյան Ստեփան 1901–1930 թթ. լուսավորության ոլորտի աշխատող

33.Մարգարյան Անդրանիկ 1951–2007 թթ. քաղաքական և պետական գործիչ

34.Մելիքյան Ռոմանոս 1883–1935 թթ. կոմպոզիտոր

35.Մելիքյան Սպիրիդոն 1880–1933 թթ. կոմպոզիտոր

36.Մկրտչյան Մհեր 1930–1993 թթ. դերասան

37.Մուշեղյան Տիգրան 1886–1935 թթ. ֆիզիոլոգ

38.Ներսիսյան Հրաչյա 1895–1961 թթ. դերասան

39.Շիրազ Հովհաննես 1914–1984 թթ. բանաստեղծ

40. Շիրվանզադե Ալեքսանդր 1858–1935 թթ. գրող

41.Սահյան Համո 1914–1993 թթ. բանաստեղծ

42.Սարյան Մարտիրոս 1880–1972 թթ. նկարիչ

43.Սարոյան Վիլյամ 1908–1981 թթ. գրող

44.Տերյան Վահան 1885–1920 թթ. բանաստեղծ

45.Փարաջանով Սերգեյ 1924–1990 թթ. կինոոռեժիսոր

46.Փափազյան Վահրամ 1888–1968 թթ. դերասան

47.Փափազյան Վրթանես 1864–1920 թթ. գրող

Արտաքին հղումներ[խմբագրել]