Մեղեդի ծննդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղեդի ծննդյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՏաղ
ՀեղինակԳրիգոր Նարեկացի
Բնագիր լեզուգրաբար

Մեղեդի ծննդյան, տաղ, հայ միջնադարյան միստիկ բանաստեղծ, աստվածաբան Գրիգոր Նարեկացու (951-1003) լավագույն ստեղծագործություններից մեկը։ Նվիրված է Մարիամ Աստվածածնին՝ ի տարբերություն հեղինակի այլ ստեղծագործությունների, որոնցում Աստվածածինը գովերգվում է որպես բարեխոս իր Որդու առջև։ Այստեղ հեղինակը Թորոս Ռոսլինի, Դա Վինչիի վրձնին բնորոշ գեղանկարչական նրբանկատությամբ նկարագրում և քնքշորեն գովերգում է Աստվածամոր «մարգարտափայլ գեղեցկությունը», որը երկնային լույս, գեղեցկություն և մաքրություն է ճառագում, միաժամանակ՝ իրական, չքնաղ ու ցանկալի կին է։ Նկարագրելով անգամ հանդերձանքի մանրամասները՝ Նարեկացին տաղն ավարտում է Նորածին մանկանը փառք տալով՝ որպես Աստվածամոր անզուգականությունը ընդգծող մեծ զարդ։

Մեղեդի ծննդյանը միջնադարյան «աշխարհիկ» քնարերգության հիմնադիր տաղերից մեկն է[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկացին տաղում նկարագրել է Աստվածամորը՝ իր ողջ շքեղությամբ և փայլով, և ավարտել Փրկչի գալուստով, որն էլ ամբողջական է դարձնում Աստվածամոր գեղեցկությունը։ Նկարագրել է Աստվածամոր ծով աչքերը, որոնք նման են արեգակների և ծավալվել են ծիծաղախիտ ծովի վրա այնպես, ինչպես առավոտի շողն է իջնում, այտերը նռնենու նման են, ողորկ թևերը ներդաշնակ երգ են հիշեցնում, որ հանդարտիկ շարժվելիս միմյանց են հյուսում ելևէջները, բերանից վարդ է կաթում, իսկ լեզուն համեմատել է «քաղցրանվագ տավիղի» հետ, ծամերը գինեգույն են, իսկ հյուսքերը զարդարված են ծաղիկներով, լուսափայլ ծոցը լցված է կարմիր վարդով, իսկ դաստակներին մանուշակների փնջեր են, հնչում է նրա քաղցրանվագ ձայնը, ոսկեշող գույներով փայլում է պատմուճանը, որով զարդարված է, արծաթափայլ գոտին։ Նրա գեղեցկությունը մարգարտափայլ է, քայլելիս շող է կաթկթում։ Նրան անզուգական դարձնող ամենամեծ զարդը նորածին մանուկն է՝ Փրկիչը։ Վերջում բանաստեղծը փառք է տալիս Փրկիչին, որն աշխարհ է գալիս որպես երկնային հավիտենական թագավոր[2]։

Գեղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղեդի ծննդյան տաղը ստեղծված է ճոխ ու շքեղ բառապաշարով, տաղում Նարեկացին առատորեն կիրառել է բառաբարդումներ, տաղն աչքի է ընկնում նաև մակդիրների և փոխաբերությունների առատությամբ, այդպիսիք են` խիտասաղարթ, ծիծաղախիտ, փայլակնաձև, սարդիատունկ, գեղաշիտակ, թիկնեթեկին, երկթերթի, քաղցրերգանայր, եռահյուսակ, քաղցրանվագ։ Սրանց կողքին կան նաև ժողովրդական, բարբառային բառեր ու արտահայտություններ, օրինակ՝ ոլորք առած։

Պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկացին տաղում ցուցաբերել է գեղանկարչի ունակություններ։ Նրա գրչով պատկերված Տիրամայրը համեմատվել է Թորոս Ռոսլինի Քրիստոսի ծնունդն ավետող մանրանկարի հետ, Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչներ Ռաֆայելի և Լեոնարդո դա Վինչիի Մադոննաների հետ։

«Մեղեդի ծննդյան» տաղն առանձնակի երանգավորում է ստացել բանաստեղծական հնչյունաբանության շնորհիվ։ Տաղում կիրառված է առձայնույթ և բաղաձայնույթ, հատկապես ծ և ա հնչյուններով[Ն 1]:

Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ
ծաւալանայր յառաւօտուն...
... Ծոցն լուսափայլ, կարմիր վարդով լցեալ,
ծղիքն ծիրանի մանուշակի հոյլք։

Ռիթմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Նարեկացին գրել է առանց հանգերի, սակայն ռիթմական ու տաղաչափական այս ձևերը տաղին երաժաշտականություն են հաղորդել[3]։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային ամբողջ արվեստը և հատկապես պոեզիան, գեղանկարչությունը և քանդակագործությունը լի են Տիրամոր և նորածին Քրիստոսի պատկերներով։ Նարեկացու այս մեղեդին այդ շարքում լավագույններից է՝ առանձնահատուկ ու եզակի մի գլուխգործոց։

Գրիգոր Նարեկացին բարձր կատարելության է հասցրել բանաստեղծության ձևը, սիրով մշակելով հնչունագրությունը շատ ավելի առաջ, քան դա ծաղկեց պարսկական և արաբական քնարերգության մեջ։ Այս տեսակետից Գրիգոր Նարեկացու տաղերը ազդարարումն են միջնադարյան «աշխարհիկ» պոեզիայի։ Իսկ ժամանակակիցների վրա Գրիգոր Նարեկացին խիստ ուժեղ ազդեցություն է գործել։

Հետևորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկացու ավանդույթները հետագայում յուրացրել ու շարունակել են Ներսես Շնորհալին և միջնադարի գրեթե բոլոր բանաստեղծները, նոր ժամանակներում` Միսաք Մեծարենցը, Ատոմ Յարճանյանը (Սիամանթո), Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը և ուրիշներ[4]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաղաձայնույթը (ալիտերացիա) բաղաձայն հնչյունների ներդաշնակ կուտակումն է, որով բանաստեղծն ստեղծում է որոշակի տրամադրություն։ Իսկ առձայնույթը (ասոնանս) ստեղծվում է ձայնավոր հնչյունների կուտակումով։ Այս երկուսը միասին կոչվում են բանաստեղծական հնչյունաբանություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մեղեդի ծննդյան
  1. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան (2005). Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին. Երևան. էջեր 5–6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Բախչինյան, Հենրիկ. Հայ միջնադարյան գրականություն. ISBN 99930-4-586-1.
  3. «Գրիգոր Նարեկացի - Էջ 2». www.akumb.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Թամրազյան, Հրանտ (1985 թվական). Հայ քննադատություն գիրք Բ. Երևան: Սովետական գրող. ISBN 4503010200. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)