Հանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանգ (այլ կիրառումներ)

Հանգ, չափածո ստեղծագործության հնչյունային ձևավորման հիմնական կողմերից մեկը։ Հանգը այն երևույթն է, երբ բանաստեղծության մեջ երկու կամ ավելի տողեր ունեն նման (համահնչուն) վերջավորություն։ Օրինակ.

a Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար
b Ես երազեցի արևի մասին,
a Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար-
b Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ժողովրդական ստեղծագործության հնագույն նմուշները, անտիկ գրականությունը և միջնադարյան պոեզիայի շատ ստեղծագործություններ դեռ հանգ չունեին։ Հանգը ծագում է միջին դարերում։ Օրինակ, հայ գրականության մեջ այն տարածվում է հիմնականում 12-13-րդ դարերից՝ Ներսես Շնորհալու, Ֆրիկի և նրանց հաջորդների տաղերում և պոեմներում։

Սկզբում հանգերը միապաղաղ էին՝ ամբողջ բանաստեղծության կամ նրա մեծ հատվածների տողերը վերջանում էին միևնույն հանգով, որը վարպետության ցուցանիշ է համարվում (օրինակ՝ Ֆրիկի «Գանգատ» երկարաշունչ բանաստեղծության բոլոր տողերն անխտիր ավարտվում են ի ձայնավորով)։ Ժամանակի ընթացքում հանգերն ավելի ու ավելի բազմազան են դառնում։ Բայց հանգի առաջացումից հետո էլ գրվում են անհանգ գործեր (մանավանդ չափածո դրամատիկական երկեր), որոնք կոչվում են սպիտակ ոտանավոր։ Մասնավորապես անհանգ է գրվել չափածո դրամատիկական գործերի մեծ մասը (օրինակ՝ Շեքսպիրի և Պուշկինի պիեսները)։

Հանգի ամենակարևոր դերն այն է, որ հանդես գալով տողերի վերջում՝ այն ավելի է ընդգծում տողի՝ իբրև ոտանավորի հիմնական ռիթմական միավորի, ինքնուրույնությունը։ Հանգը կարծես մի ազդանշան է, որը հիշեցնում է տողի ավարտվելը։ Դրանով իսկ նա ուժեղացնում է ոտանավորի ռիթմը։ Բացի այդ, հանգն ավելի ներդաշնակ, երաժշտական է դարձնում բանաստեղծական խոսքը[1]։

Հանգը հաճախ նաև իմաստային զգալի դեր է խաղում։ Բանաստեղծները ձգտում են տողերի վերջում դնել և հանգավորել առավել կարևոր բառերը, որոնք կրկնվող հնչյունների շնորհիվ ավելի մեծ ուշադրություն են գրավում։

Հանգերն ըստ վերջին շեշտված վանկի տեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգերն իրենց բնույթով շատ բազմազան են։ Նախ, նրանք տարբերվում են ըստ վերջին շեշտված վանկի տեղի։ Եթե տողն ավարտվում է շեշտված վանկով, հանգը կոչվում է արական։ Օրինակ.

a Եվ հարազատ աչքի նըմա՛ն
a Քեզ կըժտա վճիտ Սևա՛ն,
b Որ լեռների շուքի հետ
b Խաղ է անում, խայտում վետ-վետ...
(Հովհաննես Թումանյան)

Քանի որ հայերենում բառերի մեծ մասը վերջահար շեշտ ունի, մեր պոեզիայում էլ գերակշռում է արական հանգը։ Հայերենում շատ ավելի քիչ են իգական հանգերը, որոնց մեջ շեշտվում է տողի նախավերջին վանկը։ Օրինակ.

a Ցուրտ հոկտեմբերն է ծեծում իմ դո՛ւռը,
b Եվ մրրկում է հողմը գիշե՛րս.
a Բոլորն անզոր է, բոլորն իզո՛ւր է
b Եվ անամոք է, որպես հուշե՛րս։
(Վահան Տերյան)

Արական և իգական հանգերը կարող են հանդես գալ կողք-կողքի, ինչպես հետևյալ քառատողում.

a Հնչում են օրերը, կանչո՛ւմ են,
b Օրերը-կարմիր ու բոսո՛ր.
a Օրերը ղողանջ ու հնչյո՛ւն են,
b Զնգում են՝ հրե ու հզո՛ր։
(Եղիշե Չարենց)

Ռուսերենում և այլ լեզուներում հանդիպում են այսպես կոչված դակտիլային հանգեր (տողի վերջից երրորդ շեշտված վանկով, օր.՝ откры՛тая-ядови՛тая) և նույնիսկ հիպերդակտիլային հանգեր (վերջից չորրորդ շեշտված վանկով), որոնք հայերենին բնորոշ չեն[2]։

Սովորաբար իրար հետ հանգավորվում են նույնատիպ վերջավորությունները, բայց երբեմն արական հանգը կարող է կապվել իգականի հետ, օր.՝ Չարենցի տողերում,- թեթև՛-ետև՛ը, Մասի՛սը-սառցանի՛ստ։

Բաց և փակ հանգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե հանգ կազմող բառն ավարտվում է ձայնավորով, հանգը կոչվում է բաց, բաղաձայնով ավարտվելու դեպում՝ փակ։

Հանգերն ըստ կազմության[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգերը բազմազան են նաև իրենց կազմությամբ, կարող են կրկնվել տարբեր թվով հնչյուններ։ Եթե կրկնվում են միայն արական հանգի շեշտված ձայնավորն ու նրան հաջորդող հնչյունները, դա կոչվում է թույլ (կամ աղքատ), օր.՝ վրա - հեռացա, այնտեղ - ահեղ, տուն - սյուն, աստեր-աչքեր, վառ-պայծառ։ Ուժեղ (կամ հարուստ, խոր) հանգի մեջ կրկնվում են նաև շեշտված ձայնավորից առաջ եղած հնչյունները, օր.՝ բուրվառներ - խառներ, երկիր - գրկիր, օդում - կարոտում, տալիս - հեռանալիս (Վահան Տերյան), վառված-խելագարված, թափառումարում, կանչում-կարկաչում։

Լինում են նաև բարդ կամ բաղադրյալ հանգեր, որոնք կազմված են երկու կամ ավելի բառերի հնչյուններից (վար ծաթեց - արծաթեց, վարսերը նրա - վառ սերը նրա, քո մի թասը - Կոմիտասը, Թումանյանից՝ Մեծ անտառից նա զատված-Մարդու կացնից ազատված, անցավոր-անցավ օր)։ Բարդ հանգեր հատկապես շատ է ստեղծել Մայակովսկին՝ пистолет-сто лет, под дождем-подождем, убери твою-бритвою։

Հանգերի մեջ հնչյունների համընկնումը կարող է լինել լրիվ և մասնակի։ Երբ տողավերջի հնչյունները նույնությամբ կրկնվում են մի ուրիշ տողի մեջ, այդպիսի հանգը կոչվում է ճշգրիտ (ծեգին-հոգին, արյունամած-քամած, սարերի-օրերի)։ Մոտավոր հանգերի մեջ, նման հնչյունների կողքին, լինում են նաև մեծ կամ փոքր չափով իրարից շեղվող կամ ակնհայտորեն տարբեր հնչյուններ (ձայնավորներ և բաղաձայններ)։ Օրինակ, Տերյանը հանգավորում է այսպիսի բառեր՝ մանուկ-անամոք, ավար է-խավարը, տրտում, ապարդյուն, Չարենցը՝ մահ-համար-հիմա, անդին-անթիվ, հանդեպ-անդեմ, վերելք-քերենք, կրակ-գրած, փախչող-թախծոտ, այնտեղ-անթև, և այլն։ Մոտավոր հանգի մեջ կրկնվում են ոչ թե նույն, այլ իրար նման, իրար հիշեցնող հնչյուններ, կամ հանգ կազմող հնչյունների միայն մի մասը (խաղաղ-աղա, ճակատ-հագած, գլխարկը-գլխահակ, վարդը-կարդաք, անիրական-բարեկամ)։ Մոտավոր հանգերը կոչվում են նաև ասոնանսային հանգեր։

Նման վերջավորություններ կարող են ունենալ նաև միևնույն կամ հարևան տողերի ներսում եղած բառերը։ Այդպիսի կրկնությունները կոչվում են ներքին հանգ։

Հանգերն ըստ դասավորության[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգավորման տեսակները բանաստեղծական տողերի համանման վերջավորությունների՝ հանգերի դասավորման տարբեր եղանակները։ Օրինակ, քառատող տան մեջ լինում է հանգավորման երեք հիմնական տեսակ.

ա) Կից հանգավորում (հանգով կապվում են հարևան տողերը) - aabb.

Ցրտահա՜ր, հողմավա՜ր
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին...
(Վահան Տերյան)

բ) Խաչաձև հանգավորում (կենտ տողերը հանգով կապվում են իրար հետ, իսկ զույգերն՝ իրար) - abab.

Ով կհանդիպի, ով կբարևի,
Ում հոգեհամբույր խոսքը կլսեմ,
Ում ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ։
(Եղիշե Չարենց)

գ) Օղակաձև հանգավորում (հանգով կապվում են առաջին և չորրորդ տողերն իրար հետ, իսկ միջին տողերն՝ իրար) - abba

Համբյուրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։
(Միսաք Մեծարենց)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 162-163.
  2. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականության տեսություն. Երևան: «ԵՊՀ». էջ 308.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 217