Հելլենիստական դարաշրջանի հայկական մշակույթի բնույթն ու զարգացման փուլերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական մշակույթը հելլենիստական դարաշրջանում: Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը:

Մերձավոր Արևելքի երկրների համար մ. թ. ա. 4-րդ դարի վերջերից սկսվում է նոր դարաշրջան ոչ միայն հասարակական-քաղաքական, այլև մշակութային բնագավառում։ Հայաստանը ևս հաղորդակից դարձավ այս նոր զարգացմանը[1]։

Հայ մշակույթի զարգացման նոր դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին արևելյան երկրների մշակույթը խաչավորվեց հելլեն մշակույթի հետ՝ ծնունդ տալով մի նոր յուրահատուկ բնույթի մշակույթի, որը ստացավ հելլենիստական կերպարանք։ Տարբեր երկրներ հաղորդակից եղան հելլենիստական մշակույթին տարբեր չափով, ուստի ոչ միայն ինքնատիպ և տարբեր է եղել այդ մշակույթի կերտման գործում յուրաքանչյուր ժողովրդի մասնակցությունն ու խաղացած դերը,այլև ինքը՝ մշակույթը, տարբեր դրսևորումներ է ունեցել, ինքնատիպ եղել ամեն մի երկրում։ Հայաստանն ապրում էր տնտեսական վերելք, ստրկատիրական հարաբերությունները խորացել էին, ձևավորվել էին մեծ թվով քաղաքներ, որոնք հելլենիստական բնույթի էին։ Այս ամենը հայ ժողովրդի դարավոր մշակութային ավանդույթների հետ միասին հիմք հանդիսացան Հայաստնաի ստրկատիրական ժամանակաշրջանի մշակույթի ձևավորմանը։ Այս մշակույթի զարգացմանը նպաստեց միավորված հայ պետականության առաջացումն ու զարգացումը մ. թ. ա. 2-1-ին դարերում և երկրի անկախության պահպանումը 1-3-րդ դարերում։ Հին հայ մշակույթի մեջ ձևավոևվում է երկու ուղղություն։ Առաջինն ավանդական ժողովրդական ուղղությունն էր, իսկ մյուսը՝ հելլենիստական ուղղությունն էր։ Երկրորդ ուղղության զարգացմանը խոշոր չափերով նպաստում էին Հայաստանի ընդարձակվող կապերը հելլենիստական աշխարհի մի շարք երկրների հետ[2]։

Հայ հին մշակույթի զարգացման փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ հին մշակույթի զարգացման փուլերը երկուսն են։ Առաջինը բուն հելլենիստական ժամանակաշրջանն է, որն ընդգրկում է մ. թ. ա. 3-1-ին դարերը, իսկ երկրորդն ընդգրկում է սոցիալական կյանքում տեղի ունեցող ստրկատիրական հասարակարգի ճգնաժամի և ֆեոդալական հարաբերությունների սկզբնավորման ժամանակը՝ մ. թ. 1-3-րդ դարեր։

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փուլը բնորոշվում է հելլենիստական հասարակական հարաբերությունների և մշակույթի ձևավորմամբ ու նշանակալից զարգացմամբ, որը տեղի էր ունենում բուն քաղաքաշինության, բավականաչափ զորեղ ու անկախ պետականության և հելլենիստական երկրների հետ սերտ կապերի առկայության պայմաններում։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ փուլի հիմքում ընկած են ստրկատիրական հարաբերությունները, բայց նրանց ընդերքում արդեն սկսվում է նոր ֆեոդալական հարաբերությունների առաջացումը. գոյանում են նախարարություններ,նախկին թափը կորցնում է քաղաքաշինությունը, տիպիկ հելլենիստական բնույթի հայ պետությունը թուլանում է։ Այս ամենի հետևանքով թուլանում են հելլենիստական ավանդույթները, սրան հակառակ աճում է ժողովրդական ավանդական ուղղության նշանակությունը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի մշակութային վերելքն արտահայտվում է ճարտարապետական-կառուցողական արվեստում։

Քաղաքաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ճարտարչրապետական մտքի գոյացման ու դրսևորման հիմնական օջախներն եղան Հայաստանի բազմաթիվ վայրերում կառուցված քաղաքները։ Քաղաքաշինության արմատները հին Հայաստանում մեզ տանում են նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջան։

Արմավիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտու վարչական կենտրոնի՝ Արգիշտիխինիլիի վրա աճած Արմավիրը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է դառնում, այլև շարունակում է լինել կրոնական կենտրոն։ Արմավիրի քաղաքային տարածքը ընդգրկել է այժմյան համանուն գյուղից դեպի արևմուտք գտնվող բլուրի և նրա շրջապատի զգալի տարածությունը։ Միջնաբերդը ներսում ունեցել է հասարակական ու տնտեսական բազմաթիվ շենքեր։ Արմավիրը դառնում է երկրի ճարտարապետական արվեստի խոշորագույն օջախներից մեկը, կարևորագույն դեր կատարելով հայական ճարտարապետության կազմավորման գործում[3]։ Այստեղ շինարարական գործընթացը տևել է գրեթե մեկ ամբողջ հազարամյակ։

Արտաշատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհի կենտրոնում ՝ ուր Մեծամոր գետը միանում էր Արաքսին, Արտաշես 2-ը կառուցում է մի քաղաք, որը հետագայում կոչում է հենց իր անունով՝ Արտաշատ։ Ըստ մատենագրությունների, Արտաշատը կառուցվում է բլուրի վրա[4], «... գետածոցում, որը նման է թերակղզու, և նրա շուրջը բացի պարանոցի մասից, գետի առջև ձգվում է պարիսպը, իսկ պարանոցը փակվում է խրամով և պատվարով»[5]։ Հարկ է նշել այն փաստը, որ տեղանքի ընտրությունը և պաշտպանության կառուցումը կատարվել է ըստ նախօրոք մշակված նախագծային մտահաղցման։ Արտաշատը բացի հզոր բերդ լինելուց, եղել է նաև երկրի մշակութային ու տնտեսական կյանքի կենտրոնը։ Ժամանակակիցները այն կոչում են «գեղեցիկ շինված... թագավորանիստ քաղաք», «Մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք»,«Հայաստանի Կարթագեն»[6]։ Քաղաքն ուներ շքեղ ապարանք, ամֆիթատրոն, պաշտամունքի և հասարակական տարբեր նշանակության բազմաթիվ կառուցվածքներ։

Տիգրանակերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի Աղձնիք նահանգում մ. թ. ա. 80-ական թվականներին հիմնադրվում է մի նոր մայրաքաղաք Տիգրանակերտը, որը անվանվեց Տիգրան Բ թագավորի պատվին։ Նոր մայրաքաղաքը ուներ մինչև 50 կանգուն բարձրություն և չափազանց մեծ լայնություն պարսպապատերով ստեղծված պաշտպանական մի հզոր համակարգ։ Քաղաքի ներսում վեր էր բարձրանում միջնաբերդը, որի շուրջը միահյուսված էին իշխանավորների ու ազնվականների դղյակները, բնակելի, պաշտամունքային, մշակութային և հասարակական այլ շինություններ։

Վաղարշապատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմյան Էջմիածինը հիմնադրվել է Վարդգեսավանի տեղում մ. թ. 163-ին հռչակվել է աթոռանիստ քաղաք։ Քաղաքն ունեցել է հասարակական, արտադրական, պաշտամունքի և աթոռանիստ քաղաքին արժանի այլ կառուցվածքներ, որոնց մանրամասներից մի քանի բեկորներ բացահայտվեցին Էջմիածնի Մայր տաճարի պեղումների ընթացքում։

Ամրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հայաստանի համար հատկանշական էր բազմաթիվ անառիկ ամրոցների գոյությունը։

Գառնիի ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիի տաճարը գտնվում է Աբովյանի շրջանի Գառնի գյուղի հարավային ծայրամասում։ Ամրոցը գոյություն է ունեցել մ. թ. 2-3 դարերում[7], և հանդիսացել է հայկական արքունիքի ամառանոցային նստավայրերից մեկը։ Ամրոցը լինելով բարձր հրվանդանի վրա, նրա եռանկյունաձև տարածքը՝ հարավային, հարավ-արևմտյան և կիսով չափ արևելյան կողմերից շրջափակված է բնական անմատչելի ժայռերով։ Այն հատվածներում, որտեղ տեղանքի պատճառով թշնամին դժվարությամբ կարող էր մոտենալ պարսպապատերին, աշտարակները կառուցված են պակաս թվով, այսինքն՝ ունեն միմյանցից մեծ հեռավորություն, իսկ այն մասերում, որտեղ թշնամին կարող էր համեմատաբար անարգել մոտենալ պարսպապատերին, աշտարակները կառուցված են մեծ թվով, այսինքն՝ միմյանց ավելի մոտ։

Աշտարակների ձևը ուղղանկյուն է։ Նման կառուցվածքի աշտարակներ գոյություն ունեն նաև հելլենիստական ճարտարապետության այլ կենտրոններում՝ Փոքր Ասիա, Սիրիա։ Ամրոցի պատերը շարված են տեղական կապտավուն որձաքարի սրբատաշ խոշոր զանգվածներով, չոր, առանց շաղախի։ Որմնաքարերը ուղղաձիգ միացումներ չունեն։ Պալատական շինությունը բաղկացած է եղել մի քանի շենքերից։ Տաճարն ունեցել է նաև բաղնիք։ Բաղնիքի շենքը կառուցված է նույն տեխնիկայով ու նյութերով, ինչ որ և պալատական մյուս շինությունները։

Քրիստոնեության ընդունումից հետո տաճարի շենքը օգտագործվել է աշխարհիկ նպատակների համար։ Ըստ երևույթին, Գառնիի տաճարը նվիրված է եղել հին հայկական արևի աստված Միհրի պաշտամունքին[8]։ Ճիշտ է, հելլենիստական մշակույթի հանդես գալուց դեռ շատ դարեր առաջ Հայկական լեռնաշխարհն ուներ ուղղանկյուն հատակագծով, սյունաշարքով կառույցներ, սակայն Գառնիի տաճարի հորինվածքն իհարկե նման է հունահռոմեական նույնատիպ հուշարձաններին, բայց զուրկ չէ նաև տեղական արվեստի առանձնահատկություններից։

Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ արվեստի այս հին բնագավառը կարելի է բաժանել երկու ճյուղի՝ արձանագործություն և գեղարվեստական քանդակ քարի կամ փայտի վրա։ Հին Հայաստանում արձանագործությունը կապված էր պաշտամունքի հետ, իսկ գեղարվեստական քանդակը հիմնականում ծառայել է ճարտարապետական հուշարձանների հարդարման նպատակին։ Ըստ Մովսես Խորենացու, Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրում, Վաղարշակ թագավորը մեհյան շինելով, արձաններ է կառուցում Արեգակին, Լուսնին և իր նախնիներին։ Հայկական պանթեոնի աստվածների համադրումը հունականների հետ հնարավոր է դարձնում բերել համապատասխան արձաններ դրսից՝ հելլենիստական երկրներից և կանգնեցնել հայկական մեհյաններում։ Ըստ Խորենացու, Հունաստանից Հայաստան են բերվում Զևսի, Արտեմիդեի, Աթենասի, Հեփեստոսի և Ափրոդիտեի արձանները, որոնք կանգնեցնում են նրանց տաճարներում։

Քարե արձանների գլուխներ գտնվել են Դվինի, Երևանի մերձակայքում, Սյունիքում և այլուր։ Դրանք տուֆից են, բոլորի դեմքերն էլ խորաքանդակ են՝ փոս ընկած, քիթը և ճակատը, ընդհակառակը, դուրս ընկած են[9]։ Արձանների գլուխներն իրենց ձևով, ոճով, արվեստով, կատարման տեխնիկայով ներկայացնում են Հին Հայաստանի արձանագործության ուղղություններից մեկը՝ ժողովրդական-ավանդական ուղղությունը։

Արձանագործության երկրորդ ուղղությունը հելլենիստականն էր։ Այս արվեստի նշանավոր հուշարձաններից է այսպես կոչված «Անահիտի» արձանի գլուխը, որը գտնվել է Արևմտյան Հայաստանում և պահվում է Լոնդոնում՝ Բրիտանական թանգարանում։ Գառնիում գտնվել են մարմարից պատրաստաված արձանների բեկորներ, որոնք ավելի ուշ ժամանակների հելլենիստական քանդակների մնացորդներ են։ Հին Հայաստանում եղել են նաև կաղապարի օգնությամբ կավից թափված և թրծված արձանիկներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԵԼԼԵՆԻԶՄԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  2. «Հայ Ժողովրդի Պատմություն».
  3. Սահինյան, Ալեքսանդր. «Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը».
  4. «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» նոր մատենագիտություն».
  5. «Հ. Մանանդյան. Քննական Տեսություն Հայ Ժողովրդի Պատմության, Հ. Ա».
  6. «ՀՈՒՅՆ ԱՇԽԱՐՀԱԳԻՐ ՍՏՐԱԲՈՆԻ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  7. «Հ. Մանանդյան. Գառնիի հունարեն արձանագրությունը և Գառնիի հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը».
  8. «Очерки по истории культуры древней Армении: (II в. до н. э. — IV в. н. э.)».
  9. Բ. Ն. Առաքելյան. «Քանդակագործությունը հին Հայաստանում (VI դ. մ. թ. ա.-III դ. մ. թ.)».