Հայերեն ձեռագիր ժառանգություն
Հայոց այբուբենի շնորհիվ ձևավորվել է հայերեն ինքնուրույն և թարգմանական մատենագրությունը։ Գրերի գյուտից անմիջապես հետո մեծ թափով ստեղծվել են հայերեն պատմագրական, դավանաբանական, փիլիսոփայական երկեր, հիմնականում հունարենից և ասորերենից թարգմանվեցին եկեղեցական հայրերի գործեր, որոնց մեծ մասն այսօր էլ շարունակում է հարուստ նյութ տրամադրել հետազոտողներին[1][2][3]։
Հայոց գրերի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
5-րդ դարի հայ մատենագիրների հայտնած տեղեկությունների համաձայն՝ հայոց գրերը 405 թվականին ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ ծնունդով Մեծ Հայքի Տարոն գավառի Հացեկաց գյուղից (361-440)։ Մատենագրական այդ նույն աղբյուրներից վկայում են որ Մեսրոպ Մաշտոցը եղել է ժամանակի կրթված և լուսավոր գործիչներից, որպես գրագիր ծառայել է Արշակունի հայ թագավորների արքունիքում, բացի հայերենից՝ տիրապետել է առնվազն պարսկերենին, ասորերենին և հունարենին։Հայոց արքունիքում ծառայելուց հետո դարձել է հոգևորակական։ Մաշտոցի կյանքի և գործունեության, այդ թվում՝ հայոց այբուբենի ստեղծման մասին առավել մանրամասն տեղեկություններ է հաղորդել իր աշակերտ Կորյունը, որը գրել է «Վարք Մաշտոցի» անունով երկը։ Ըստ տեղեկությունների այբուբենի ստեղծման ընթացքը եղել է պետական բարձր հովանու ներքո։ Գրերի գյուտի գործում նշանակալի ավանդ են ունեցել նաև ժամանակի հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը (348-439) և հայոց Վռամշապուհ թագավորը (մահ․ մոտ 414)։ Կորյունի երկից տեղեկանում ենք, որ տառերի ստեղծմանը կրկին պետական հովանու ներքո շատ կարճ ժամանակում հաջորդել է դպրոցների բացումն ու ուսուցումը։
Այբուբենի նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այբուբենի ստեղծումն ունեցել է շատ գործնական նշանակություն։ Այն մի կողմից լուծել է դեռևս 301 թվականին Հայաստանում պետականորեն ընդունված քրիստոնեության տարածման և ամրապնդման, իսկ մյուս կողմից հայապահպանության հարցերը։ Գրերի գյուտից անմիջապես հետո հայերեն առաջին նախադասությունը եղել է թարգմանություն Աստվածաշունչից՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակաց Ա, 2)։ Այբուբենի հայապահպան նշանակությունն առավել ցայտուն դրսևորվում է հատկապես նույն՝ 5-րդ դարի առաջին կեսին Արշակունյաց հայոց թագավորության անկումից հետո (428 թվական)։ Հայ եկեղեցին սրբացրել է Մեսրոպ Մաշտոցին և առաջին թարգմանիչներին, գրի և գրքի հետ կապված են միջնադարյան բազմաթիվ ասույթներ, ժողովրդական հանելուկներ։ Այբուբենը բոլոր ժամանակներում ներշնչել է նաև հայ ստեղծագործողներին և առիթ եղել մի շարք գրական երկերի։ Վաղագույն նման դրսևորումը մեզ հայտնի է դեռևս 7-րդ դարից և պատկանում է Կոմիտաս Աղցեցի հայոց կաթողիկոսի (մահ․ մոտ 628 թվականին) գրչին։ Վերջինս Հռիփսիմյանց սուրբ կույսերին նվիրված իր շարականը հորինել է հայոց այբուբենի տառերի հերթականությամբ։ 12-րդ դարի նշանավոր մեկ այլ եկեղեցական գործիչ և ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին (1102-1173) այբուբենի տառերով հորինել է ինչպես հանելուկներ, այնպես էլ պոեմներ։ Այս ավանդույթը շարունակվել է նաև հետագա դարաշրջաններում՝ հարստացնելով և զարգացնելով գրի և գրքի թեման հայ գրականության և արվեստի տարբեր ոլորտներում։ Գրի նկատմամբ ունեցած յուրահատուկ այս վերաբերմունքը 2019 թվականին ամրագրվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ «Հայոց այբուբենն ու նրա մշակութային դրսևորումները» խորագրով։ Մաշտոցյան այբուբենը պարունակել է 36 տառ և ի սկզբանե հորինված է եղել մեկ տառին մեկ հնչյուն սկզբունքով։ Իր այդ առանձնահատկությամբ այբուբենը շատ արագ յուրացվել և տարածում է գտել հայոց մեջ դեռևս ստեղծման օրվանից, և առ այսօր այն գրեթե անխաթար կերպով շարունակում է գործածվել (12-րդ դարում ևս երեք տառով հարստացվել է այբուբենը, և տառերի ընդհանուր թիվը ներկայում 39 է)։ 5-րդ դարի գրական մեծաթիվ երկերը, նույն դարի առաջին կեսով թվագրվող հայերեն սակավաթիվ պահպանված արձանագրությունները Նազարեթում և Սինայում փաստում են, որ գիրը բավական տարածված է եղել ստեղծման արդեն վաղագույն փուլում։
Հայոց գրերի զարգացման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն գրերն ունցել են զարգացման երեք հիմնական փուլ՝ երկաթագիր, բոլորգիր, և նոտրգիր[4]։ Դրանցից առաջինը կամ երկաթագիրը ամբողջությամբ մեծատառ գիր է, հիմնականում գործածվել է 5-12-րդ դարերում, իսկ հետագայում առավելապես կիրառվել է արձանագրություններում։ Հնագույն ձեռագրերում կամ նրանց պատառիկներում մինչև 12-րդ դար գրեթե առանց բացառությունների հենց այս գրատեսակն է հանդիպում, 12-րդ դարից հետո այս գրատեսակը հանդես է գալիս հիմնականում գլխագրերում։ Բոլորգիրը, չնայած գործածության ավելի վաղ օրինակների առկայությանը, առավելապես կիրառություն է ստանում՝ 12-րդ դարից սկսած և լայն տարածում է գտնում հայերեն ձեռագրերում մինչև 17-րդ դար, թեև հետագա դարերում ևս այն հաճախ է հանդիպում։ Այս գրատեսակը երկաթագրի համեմատ ոչ միայն տեղի խնայողություն էր ապահովում, այլև բավական հարմար էր գրության տեխնիկայի և ժամանակի տեսանկյունից։ Արդեն 16-րդ դարում, արագագրությամբ պայմանավորված, ձեռագրերում կիրառվում է նոտրգիրը[5]։ Այս գրատեսակը համեմատաբար մանր է, նրան բնորոշ է համառոտագրությունների մեծ քանակը։ Այս վերջինի մի տեսակ է նաև շղագիրը, որը նոտրգրի հետ գրեթե միաժամանակ գործածվում է ձեռագրերում։ Այսօր էլ այն գործածական է[6]։ Այս բոլոր գրատեսակներով մեզ հասած հայերեն ձեռագիր մատյանների ընդհանուր թիվն աշխարհի մեծ ու փոքր հավաքածուներում գերազանցում է 30.000-ը։ Ամենից մեծ հավաքածուները պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (ավելի քան 12000 հայերեն ձեռագիր, հազարավոր պատառիկներ և շուրջ 8000 ձեռագիր տարբեր լեզուներով), Մխիթարյան Միաբանության Վենետիկի և Վիեննայի մատենադարաններում (միասին ավելի քան 7000 միավոր), Երուսաղեմի հայոց պատրիարքությունում (ավելի քան 4000 միավոր), Զմմառի հայոց միաբանությունում (շուրջ 2000 միավոր)։ Հայերեն ձեռագրերի խոշոր հավաքածուներ կան նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում և այլուր[7]։
Հայերեն ձեռագրերի բազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհով մեկ սփռված հայերեն ձեռագրերն ունեն բովանդակային հարուստ բազմազանություն։ Առավել մեծ թիվ են կազմում Ավետարանները, Աստվածաշունչը և նրա տարբեր գրքերը, ծիսական տարբեր մատյանները (Մաշտոց, Ժամագիրք, Պատարագամատույց, Շարակնոց և այլն), պատմական, գրական, լեզվաբանական, աստվածաբանական, փիլիսոփայական մեծաթիվ երկերը։ Քիչ չեն նաև բժշկագիտությանը, աշխարհագրությանը, երկրաչափությանն ու թվաբանությանը վերաբերող ձեռագրերը։ Այս ամենը ստեղծվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող հայկական հազարավոր գրչօջախներում, որոնք փաստագրված են դեռևս վաղ միջնադարից[8]։ Տարբեր ժամանակատվածներում հայերեն ձեռագրեր են գրչագրվել Հարավային Ամերիկայից մինչև Հեռավոր Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքից մինչև Արևելյան և Արևմտյան Եվրոպայի մեծ ու փոքր քաղաքներում։ Հայերեն գրերը տարբեր ժամանակներում և երկրներում գործած գրիչներին միաժամանակ հնարավորություն են տվել անհրաժեշտության դեպքում նաև տառադարձել այլ լեզուներ և հայատառ շարադրել օտարալեզու երկերը։ Այդպիսի վաղագույն օրինակը 7-րդ դարով թվագրվող նշանավոր պապիրուսն է՝ հայատառ հունարեն գրությամբ, որը ներկայում պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում։ Կան նաև հայատառ լատիներեն, ղփչաղերեն, լեհերեն, պարսկերեն, գերմաներեն, իտալերեն, սլավոներեն և այլ լեզուներով հայատառ գրություններ։ Այս շարքում առանձնահատուկ պետք է ընդգծել հայատառ օսմաներեն կամ թուրքերեն հարուստ ժառանգությունը, որը վերաբերում է ոչ միայն ձեռագիր, այլև տպագիր ժառանգությանը։ Հայատառ այլալեզու գրությունների այս երևույթը առավելապես պայմանավորված է տվյալ լեզվակիր միջավայրում հայկական համայնքների գոյությամբ և այդ միջավայրին ինտեգրվելու ցանկությամբ։ Հայատառ պարսկերեն և թուրքերեն գրավոր ժառանգությունը խորքում ունեցել է նաև հայապահպան գործոն[9][10]։
Մանրանկարներ՝ հայերեն ձեռագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն ձեռագրերում պահպանված վաղագույն մանրանկարները 7-րդ դարով թվագրվող զույգ պատառիկներ են, որոնց մասին տեղեկությունները հասել են ուշ՝ 989 թվականին ընդօրինակված Ավետարանում ներմուծված լինելու շնորհիվ:Մանրանկարներ են հասել Արցախի և Անիի գրչության կենտրոններից, սակայն հայ մանրանկարչական արվեստն իր զարգացման բարձրակետին է հասնել Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում (1198-1375)։ Կիլիկյան ձեռագրերին և հատկապես մանրանկարներին խիստ բնորոշ են հայկական և եվրոպական մանրանկարչության ավանդույթների, դրանց առանձին տարրերի միախառնումները, որոնց շնորհիվ այս ժամանակաշրջանի մանրանկարներն առանձնանում են իրենց ուրույն ոճով, գունային և թեմատիկ հարուստ պատկերներով։ Իսկ թագավորական կամ ազնվական ընտանիքների ներկայացուցիչների պատվերներով ընդօրինակված և ծաղկված մատյաններն աչքի են ընկնում ոսկու հարուստ կիրառությամբ, մագաղաթի գործածությամբ, որն արդեն 11-12-րդ դարերում հիմնականում իր տեղը զիջում է թղթին։ Թղթի վրա գրված հայերեն հնագույն մատյանը մեզ է հասել 981 թվականից։ Հետագա դարերում թեև դեռ կարելի է հանդիպել մագաղաթե ձեռագրերի, սակայն նյութի թանկությունը հիմնականում հանգեցնում է թղթի առավել հաճախակի գործածությանը։ 12-րդ դարից հետո մագաղաթի կիրառությունն ինչ-որ առումով ընդգծում է արդեն պատվիրատուի ֆինանսական հնարավորությունները:Հայերեն ձեռագրերի ընդհանուր թիվն աշխարհում գերազանցում է 30.000-ը[11][12][13][14][15][16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Աբրահամյան, Ա. Գ (1978). Հայկական ծածկագրություն. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Աբրահամյան, Ա. Գ (1959). Հայ գրի և գրչության պատմություն. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Աբրահամյան, Ա. Գ. (1973). այոց գիր և գրչություն. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Տաշեան, Յ. (1898). Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ. ուսումնասիրութիւն հայոց գրչութեան արուեստին, 10 լուսանկարով. Վիեննա.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Cuendet, G. (1937). Un papyrus grec en caractères arméniens, Annuaire de l’Institut de philology et d’histoire orientales et slaves, vol. 5, (Mélange Émil Boisacq). էջ 219-226.
- ↑ Cuendet, G. (1938). À propos d’un papyrus grec en caractères arméniens, «ՀԱ». էջ 57-67.
- ↑ Kouymjian, D. (1996). A Unique Armenian Papyrus, in D. Sakayan (ed.), Acts of the 5th International Conference on Armenian Lingustics. Delmar, NY. էջ 381-386.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Maksoudian, K. (2006). The Origins of the Armenian Alphabet and Literature, ed. by A. Arkun. New York: St. Vartan Press.
- ↑ Russel, J. (1994). On the Origins and Invention of the Armenian Script, in “Le Muséon”. էջ 317-333.
- ↑ Orengo, Al. (2016). L’invenzione dell’alfabeto armeno: fatti e problemi, in Rhesis (International Journal of Linguistics, Philology and Literature), Linguistics and Philology 7.1. Cagliari. էջ 9-27.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Yuzbašyan, K. (2011). L’invention de l’alphabet arménien: de la langue parlée à la langue écrite, in “Revue des Etudes Arméniennes”. էջ 67-129.
- ↑ Stone M. E., Kouymjian D., Lehmann H. (2002). Album of Armenian Paleography. Aarhus: Aarhus University Press.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Stone, M. E. (1995). The Album of Armenian Paleography with Some Pickings from Armenian Colophons, in “Gazette du livre médiéval”. էջ 8-17.
- ↑ Khachik, Harutyunyan (2022). HISTORICAL AND CULTURAL HERITAGE OF ARMENIA. Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia; “Scientific Research Center of Historical and Cultural Heritage” SNCO. էջեր 74–81. ISBN 978-9939-9087-1-7.
- ↑ Stone, M. E. (1982). The Armenian Inscriptions from the Sinai. With Appendixes on the Georgian and Latin Inscriptions by M. van Esbroeck and W. Adler (Armenian Tests and Studies 6). Cambridge: Harvard University Press.
- ↑ Harutyunyan, Khachik (2022). HISTORICAL AND CULTURAL HERITAGE OF ARMENIA. Yerevan: Ministry of Education, Science, Culture, and Sports of the Republic of Armenia Scientific Research Center of Historical and Cultural Heritage. էջ 74-82. ISBN 978-9939-9087-1-7.