Պատարագամատույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատարագամատույց, պատարագի արարողության ծիսական կարգ-ձեռնարկ։ Բովանդակում է աղոթքներ, հոգևոր երգեր, մաղթանքներ, քարոզներ ու հատվածներ Աստվածաշնչից և այլն։ Սկզբնական Պատարագամատույցը վերագրվել է առաքյալներին, մասնավորապես՝ Հակոբ Տյառն եղբայր առաքյալին։ Առաջին անգամ գրավոր խմբագրել է Բարսեղ Կեսարացին։ Հայտնի են Պատարագամատույցի բազմաթիվ խմբագրություններ ու տարբերակներ, որոնք ժամանակի ընթացքում ենթարկվել են բնագրային ու կառուցվածքային փուիոխությունների։ Հայերեն Պատարագամատույցը նույնպես ունեցել է մի քանի տարբերակ։ Հիմնականը Բարսեղ Կեսարացունն է, որի համառոտ թարգմանությունը (5-րդ դարի) հայ եկեղեցում կիրառվել է 5-6-րդ դարերի, մինչ այդ օգտագործվել են դրա սկզբնագիր հունարեն, և բանավոր ավանդական հունարեն, ու ասորերեն այլ տարբերակներ։ Ընդարձակ Պատարագամատույց թարգմանվել է 11-րդ դարում։ 5 դարի վերջին քառորդին են թարգմանվել (հավանաբար Հովհաննես Ա Մանդակունու կողմից) Աթանաս Աղեքսանդրացուն, Կյուրեդ Աղեքսանդրացուն, Գրիգոր Լուսավորչին, Սահակ Պարթևին ավանդաբար վերագրված Պատարագամատույցները, որոնք (ենթադրաբար համարվում են Գրիգոր Նազիանզացունը) օգտագործվել են 5-11-րդ դարերում։ Այդ ընթացքում հայերեն թարգմանվել և հազվադեպ օգտագործվել է «Երախայից» Պատարագամատույցը։ 12-13-րդ դարերում թարգմանվել են նաև Հակոբ Տյառն եղբայր առաքյալին, Իգնատիոս Աստվածազգեաց Անտիոքացուն վերագրված Պատարագամատույցները։ 12-րդ դարի վերջերին Ներսես Լամբրոնացին հայերեն է թարգմանել կաթոլիկ եկեղեցու Պատարագամատույցի մեկ կարևոր տարբերակ։ Հայերեն Պատարագամատույցի կազմավորման գործում որոշակի մասնակցություն են ունեցել Գրիգոր Լուսավորիչը, Սահակ Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին, Խաչատուր Տարոնացին։ Հայ եկեղեցու պաշտոնական Պատարագամատույցը, որ հայտնի է նաև խորհրդատետր, պատարագատետր անուններով, վերջնականապես ձևավորվել է մինչև 17-րդ դարը։ Հայերեն քանիցս մեկնաբանվել է։ Հիշա¬ տակելի են, հատկապես, Խոսրով Անձևա- ցու, Ներսես Լամբրոնացու, Հովհաննես Արճիշեցու (Օսպնակեր) մեկնությունները։ Մեծ է հայերեն Պատարագամատույցի բնագրագիտական, լեզվաբանական, թարգմանական, պատմաբանասիրական նշանակությունը ոչ միայն հայ, այլև ընդհանուր միջնադարյան քրիստոնեական մատենագրության ուսումնասիրման համար։ Այն գրական, լեզվական և մշակութային կարևոր հուշարձան է։ Հայերեն Պատարագամատույցը առաջին անգամ հրատարակել է Հակոբ Մեղապարտը 1513 թվականին, Վենետիկում։ Պատարագամատույցի քննական համապարփակ բնագիրը ընդարձակ ուսումնասիրությամբ և համակողմանի ծանոթագրություններով ու բացատրություններով հրատարակել են Վիեննայի Մխիթարյանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 147