Հաղարջենի
Հաղարջենի (լատ.՝ Ribes), կոկռոշազգիների ընտանիքի բույսերի ցեղ։
Նկարագիր [խմբագրել]
1,5-2,5մ բարձրությամբ թփեր։ Տերևները պարզ են, 3-5 բլթականի, ատամնաեզր: Ծաղկաբույլը` ողկույզ է, ծաղիկները՝ մանր, հաճախ երկսեռ, հազվադեպ բաժանասեռ և երկտուն։ Պտուղը հատապտուղ է՝ սև, կարմիր և այլ գույնի, թթվաշ։ Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Պտուղները բուրավետ են, պարունակում են շաքարներ, թթուներ, վիտամիններ, պեկտինային նյութեր, ներկանյութեր, օգտագործվում է ինչպես թարմ այնպես էլ վերամշակված վիճակում։[1] Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով:
Տարածում [խմբագրել]
Հայտնի է 150 տեսակ, որոնցից 57 կուլտուրական։ Մոտ 50 տեսակ աճում են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում հաղարջենին վայրի վիճակում աճում է Եղեգնաձորի, Ախուրյանի, Արթիկի, Սևանի ավազանի, Զանգեզուրի, Լոռու, Շիրակի տարածքներում։ ՀՀ-ում հանդիպում է 6 տեսակ՝ արևելյան, ալպիական, Բիբերշտեյնի, հայկական, Ախուրյանի, սովորական: Տարածված է անտառներում, նոսրանտառներում, թփուտներում, ժայռաճեղքերում, կիրճերում և այլուր: Սովորական հաղարջենին աճեցվում է գրեթե բոլոր մարզերում: Մշակության մեջ տարածված են նաև սև ու կարմիր հաղարջենիների ներմուծված տեսակները: Հաղարջենու Ախուրյանի և հայկական տեսակները բնաշխարհիկներ են. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:[2]