Անտոնիո Վիվալդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Վիվալդի
Antonio Lucio Vivaldi
Vivaldi.jpg
երգահան
Ծնվել է մարտի 4 1678
Ծննդավայր Վենետիկ
Մահացել է հուլիսի 28 1741
Մահվան վայր Վիեննա

Անտոնիո Լուչիո Վիվալդի (իտալերեն՝ Antonio Lucio Vivaldi; 1678թ. մարտի 4, Վենետիկ - 1741թ. հուլիսի 28, Վիեննա), իտալացի կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր.

Կենսագրությունը[խմբագրել]

Ջութակ նվագել սովորել է իր հոր՝ Ջիովաննի Բատիստա Վիվալդիի մոտ, ով Սբ. Մարկոսի տաճարի ջութակահարն էր։ Երաժշտական երկերի հորինման (կոմպոզիցիա) մեջ մասնագիտացել է Ջիովաննի Լեգրենցիի և Արկանջելո Կորելլիի մոտ (Հռոմում

1703թ. սեպտեմբերի 18-ին ձեռնադրվել է հոգևորական։ Վենետիկցիներին ոչ հատուկ մազերի գույնի համար նրան սկսում են անվանել «Շեկ քահանա» (իտալ.՝ il Prete Rosso1703թ. սեպտեմբերի 1-ին ընդունվում է «Պիետա» օրիորդաց որբանոց՝ որպես ջութակի ուսուցման մանկավարժ-մաեստրո։ Որբանոցի սաների համար սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ 1706թ. կայանում է Վիվալդիի առաջին հրապարակային ելույթը ֆրանսիական դեսպանության պալատում։ 1713թ. ստանձնում է որբանոցի երաժշտական ամբողջ գործունեության պատասխանատվությունը, 1716թ. նշանակվում է համերգների մաեստրո (maestro di' concerti)։

Այդ տարիներին է Վիվալդին գրում է իր ստեղծագործությունների մեծ մասը, այդ թվում՝ օպերաներ և կոնցերտներ։ 1705թ. հրատարակվում է իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն (opus 1), 1709թ՝ 2-րդ ժողովածուն (12 սոնատ ջութակի և բասսո կոնտինուոյի համար)։ Համաշխարհային ճանաչումը գալիս է երկերի 3-րդ ժողովածուի հետ (L'estro armonico (Opus 3), հրատարակվել է Ամստերդամում 1711թ)։ Ճանաչումն ու համբավն ամրապնդվում են 1714թ. La stravaganza (Opus 4) երկերի ժողովածուի հրատարակմամբ։

1718թ. սկսվում են Վիվալդիի ճանապարհորդությունները Իտալիայի ու Եվրոպայի քաղաքներով։ Չնայած Վենետիկից իր հաճախակի բացակայություններին, «Պիետա»-ն շարունակում է նրան վարձատրել՝ ամսական երկու կոնցերտ գրելու պայմանով։ Որբանոցի արխիվի փաստաթղթերը ցույց են տալիս, որ երգահանը վարձատրվել է 1723-33թթ. թվով 140 կոնցերտ գրելու համար։

1723թ. տեղի է ունենում Վիվալդիի առաջին ուղևորությունը Հռոմ, 1724թ. նա նորից է մեկնում այնտեղ իր «Ջուստինո» օպերան բեմադրելու համար։ 1725թ. Ամստերդամում լույս է տեսնում Վիվալդիի երկերի 8-րդ ժողովածուն՝ «Հարմոնիայի և ներշնչանքի վեճը» ("Il Cimento dell’Armonia e dell’Invenzione), որի մեջ ըդգրկված է հանրահայտ «Տարվա եղանակները» կոնցերտների շարքը։ Մեծ տարածում են ստանում Վիվալդիի կոնցերտները ֆլեյտայի և նվագախմբի համար՝ «La notte» (Գիշեր), «Il cardellino» (Կարմրակատարիկ) և այլն, ինչպես նաև հոգևոր ստեղծագործությունները՝ «Gloria», «Magnificat», «Stabat Mater», «Dixit Dominus»։

1720-ական թվականները Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն է։ Նա պատվերներ է ստանում Եվորպայի միապետներից և ազնվականներից։ Իր երկերի 9-րդ ժողովածուն՝ «Կիթար» (La Cetra)՝ ձոնում է Ավստրիայի կայսր Կարլոս VI-ին. 1728թ. Վիվալդիին առիթ է ընձեռնվում կայսրին անձամբ հանդիպելու։ Կարլոս VI-ն այնքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ, ասում են, այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր մինիստրների հետ երկու տարվա ընթացքում։ Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730թ.՝ բեմադրելով այնտեղ իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան։

Սակայն 1730-ական թթ. հանրային երաժշտական ճաշակի փոփոխության հետևանքով Վիվալդիի երաժշտությունն արագորեն դառնում է այլևս ոչ մոդայիկ և պահանջարկ չունեցող։ Այդ պատճառով 1730-ական թթ. վերջերին նա որոշում է նորից մեկնել Վիեննա՝ ցանկանալով հանդիպել իր օգոստոսափառ երկրպագու Կարլոս VI հետ և նրանից խնդրել արքունական երգահանի պաշտոն։ Սակայն երգահանի Վիեննա ժամանելուց քիչ անց Կարլոս VI-ը մահանում է։ Ճակատագրի այդ հարվածը թողնում է Վիվալդիին առանց հովանավորության և եկամտի աղբյուրի։ Վիվալդին մահանում է դրանից ոչ շատ ուշ՝ 1741թ. հուլիսի 27-ի լույս 28-ը։ Թաղված է Վիեննայում։

Ոճն ու ազդեցությունը[խմբագրել]

Վիվալդին 18 դ․ իտալական ջութակի արվեստի խոշորագույն ներկայացուցիչն է։ Նրա երաժշտությունը դինամիկ է և էքսպրեսիվ, աչքի է ընկնում վառ կերպարներով և ցայտուն մեղեդիական զարգացումով․ նրանում հաստատվել է կատարողական նոր՝ դրամատիզացված (այսպես կոչված՝ լոմբարդական) եղանակը։

Վիվալդին ջութակի մենանվագ կոնցերտի ժանրի հիմնադիրն է, նպաստել է ջութակի վիրտուոզային տեխնիկայի զարգացմանը։ Նանսամբլային-նվագախմբային կոնցերտի՝ «կոնչերտո գրոսսո»-յի վարպետ էր։

Ստեղծագործությունները[խմբագրել]

Վիվալդին իր նամակներից մեկում նշում է, որ գրել է 94 օպերա, սակայն ներկայումս հայտնի են դրանցից միայն 46-ի անունները, որոնցից միայն 20-ի երաժշտությունն է մասամբ կամ ամբողջությամբ պահպանվել։

Դրանք են՝

  • Օտոնը ամառանոցում (իտալ.՝ Ottone in villa, 1713, Վիչենցա)
  • Խելագարված Օրլանդոն (իտալ.՝ Orlando finto pazzo, 1714, Վենետիկ),
  • Սիրո կողմից հաղթանակվող խաբեությունը (իտալ.՝ L’inganno trionfante in amore, 1716, Վենետիկ),
  • Արսիլդա, Պոնտոսի թագուհին (Arsilda, regina di Ponto, 1716, Վենետիկ)
  • Դարիոսի թագադրությունը (L’incoronazione di Daria, 1716, Վենետիկ)
  • Արտաբան, Պարթևաստանի արքա (Artabano, re dei Parti, 1718, Վենետիկ)
  • Սկանդերբեգ (Scanderbeg, 1718, Ֆլորենցիա)
  • Տեուցոնե (Teuzzone, 1718, Մանտուա)
  • Տիտոս Մանլիոս (Tito Manlio, 1719, Մանտուա)
  • Ճշմարտությունը փորձության մեջ (La verità in cimento, 1720, Վենետիկ)
  • Սիլվիա (La Silvia, 1721, Միլան)
  • Հերակլեսը Թերմոդոնտում (Ercole su'l Termodonte, 1723, Հռոմ)
  • Տիգրան (La virtù trionfante dell’amore, e dell’odio, overo Il Tigrane, 1724, Հռոմ), սյուժեն վերցված է Հայոց Տիգրան Մեծ արքայի պատմությունից, Վիվալդիին է պատկանում օպերայի միայն երկրորդ գործողության երաժշտությունը
  • Դորիլան Տեմպեում (Dorilla in Tempe, 1726, Վենետիկ)
  • Ֆարնաչե (Farnace, 1727, Վենետիկ)
  • Մոլեգին Օրլանդոն (Orlando furioso, 1727, Վենետիկ)
  • Աթենայիդե (L'Atenaide, 1728, Ֆլորենցիա)
  • Արգիպո (Argippo, 1730, Պրահա)
  • Հավատարիմ հավերժահարսը (La fida ninfa, 1732, Վենետիկ)
  • Դորիկլեա (Doriclea, 1732, Պրահա)
  • Մոնթեսումա (Motezuma, 1733, Վենետիկ)
  • Օլիմպիադե (L'Olimpiade, 1734, Վենետիկ)
  • Թամերլան (Il Tamerlano/ Il Bajazet, 1735, Վենետիկ)
  • Գրիզելդա (Griselda, 1735, Վենետիկ)
  • Կատոնը Ուտիկայում (Catone in Utica, 1737, Վերոնա)
  • Հավատարիմ Ռոզմիրան (Rosmira fedele, 1738, Վենետիկ)

Վիվալդին հեղինակ է 4 օրատորիայի, որոնցից մեզ է հասել միայն մեկը՝ Հաղթանակած Հուդիթը (լատ.՝ Juditha Triumphans devicta Holofernis barbarie, 1716)

Գրել է նաև 500-ից ավել գործիքային կոնցերտներ, այդ թվում՝

  • 44 կոնցերտ լարային նվագախմբի և բասսո կոնտինուոյի համար
  • 49 կոնչերտո գրոսսո
  • 352 կոնցերտ մեկ գործիքի և ուղեկցող լարային նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի համար (այդ թվում՝ 253-ը ջութակի, 26-ը՝ թավջութակի, 6-ը՝ վիոլա դ՜ամուրի, 13-ը լայնակի և 3-ը երկայնակի ֆլեյտաների համար, 12-ը՝ հոբոյի, 38-ը՝ ֆագոտի, 1-ը՝ մանդոլինի);
  • 38 կոնցերտ նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ 2 գործիքի համար
  • 32 կոնցերտ նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ 3 և ավելի գործիքների համար։

Հեղինակել է ավելի քան 100 սոնատ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ տարբեր գործիքների համար, բազմաթիվ աշխարհիկ կանտատներ, սերենադներ, սիմֆոնիաներ, Stabat Mater և այլ եկեղեցական ստեղծագործություններ։

Ամենահայտնի ստեղծագործությունն է Ջութակի 4 կոնցերտներից բաղկացած «Տարվա եղանակներ» շարքը, որը համարվում է ծրագրային երաժշտության վաղ օրինակներից մեկը։ Նշանակալից է Վիվալդիի ներդրումը գործիքավորման զարգացման բնագավառում՝ նա առաջինն է օգտագործել հոբոյը, գալարափողը, ֆագոտը և այլ փողային գործիքները որպես ինքնուրույն, այլ ոչ թե մեղեդին/երաժշտությունը երկրորդող գործիքներ։

Վիվալդիի անունով[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]