Jump to content

Ֆերդինանդ դը Սոսյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ դը Սոսյուր
Ferdinand de Saussure
Ծնվել էնոյեմբերի 26, 1857(1857-11-26)[1][2][3][…]
Ժնև, Շվեյցարիա[4]
Մահացել էփետրվարի 22, 1913(1913-02-22)[5][1][2][…] (55 տարեկան)
Վուֆլան լը Շատո, Վո, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Ժնևի համալսարան
Գործունեության ոլորտկառուցվածքային լեզվաբանություն
Ալմա մատերԺնևի համալսարան (1876), Լայպցիգի համալսարան (1880) և Կալվեն քոլեջ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5][6] և շվեյցարական գերմաներեն
Հայտնի աշակերտներԱլբեր Սեշե և Louis Duvau?[7]
Ամուսին(ներ)Marie Faesch?[8]
Երեխա(ներ)Ռայմոն դը Սոսյուր և Ժակ դը Սոսյուր
ՀայրԱնրի դը Սոսյուր
Ստորագրություն
Изображение автографа
 Ferdinand de Saussure Վիքիպահեստում

Ֆերդինանդ դը Սոսյուր (ֆր.՝ Ferdinand de Saussure, 1857, նոյեմբերի 26, Ժնև1913, փետրվարի 22, Վուֆլան դը Շատո, Վո), շվեյցարացի լեզվաբան, փիլիսոփա, տրամաբան, իմաստաբան։ Նրա գաղափարները համարվում են լեզվաբանության հիմնաքարերից։ Համարվում է 20-րդ դարի խոշորագույն լեզվաբաններից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդ Մոնգին դը Սոսյուրը ծնվել է Շվեյցարիայում, 1857 թ.։ Դեռ տասնչորս տարեկանից աչքի է ընկել խելացիությամբ և մտքի ճկունությամբ։ Կրթությունը ստացել է Ժնևի համալսարանում, ուսումնասիրել լատիներեն, հունարեն, սանսկրիտ։ Քսանմեկ տարեկան հասակում տպագրվում է նրա առաջին աշխատությունը՝ «Դիսերտացիա հնդեվրոպական լեզուների ձայնավորների մասին» (Mémoire sur le système primitif des voyelles dans les langues indo-européennes (Dissertation on the Primitive Vowel System in Indo-European Languages)։ Ապա սովորում է Բեռլինի համալսարանում, ուսումնասիրում՝ կելտերեն և սանսկրիտ։ 1880 թ. ստանում է դոկտորի կոչում։ Տեղափոխվում է Փարիզ, Փարիզի Բարձրագույն գործնական դպրոցում (1881-1891) դասավանդել է սանսկրիտ, հին գերմաներեն, գոթերեն։ 1891 թվականին տեղափոխվում է Ժնև և հետագա կյանքն անցկացնում այնտեղ։ 1911 թ.-ից դասավանդում է ընդհանուր լեզվաբանություն։ Մահացել է 1913 թ., Շվեցարիայում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոսյուրին համաշխարհային փառք է բերել «Ուսումնասիրություն հնդեվրոպական լեզուներում ձայնավորների նախնական համակարգի մասին» (1879) աշխատությունը, որտեղ նա տվել է նախալեզվի հնչույթային համակարգի վերականգնման նոր սկզբունքներ։ Սոսյուրի լեզվաբանական հայացքները, որ հրապարակվել են ուսանողական գրառումների հիման վրա նրա աշակերտներ Շ․ Բալիի և Ա․ Սեշեի կազմած «Ընդհանուր լեզվաբանության դասընթաց» (1916) գրքում, մեծ ազդեցություն են թողել 20-րդ դարի լեզվաբանության վրա։ Սոսյուրի լեզվաբանական տեսության գլխավոր դրույթների հիման վրա ձևավորվել են կառուցվածքային լեզվաբանության տարբեր ուղղություններ՝ գլոսեմատիկան (Կոպենհագենի դպրոց), գործառական լեզվաբանությունը (Պրահայի դպրոց), նկարագրական լեզվաբանությունը (ամերիկյան կառուցվածքային լեզվաբանություն)։ Լեզվաբանության մեջ առաջինը Սոսյուրն է առաջարկել լեզուն քննել որպես համակարգ (կառուցվածք)։ Նա կարծում է, որ լեզուն բազմաբնույթ է և ուսումնասիրությունը կարելի է կատարել տարբեր հայեցակետերով, որպես բազմակի առարկա։ Լեզվաբանության ուսումնասիրության առարկայի համար սահմանել է երեք հասկացություն՝ խոսողական գործունեություն, լեզու և խոսք։ Խոսողական գործունեության ամենատարբեր դրսևորումներում Սոսյուրն առանձնացրել է լեզուն որպես նշանների ներփակ համակարգ, իսկ խոսքը՝ որպես մարդու անհատական, հոգեֆիզիոլոգիական երևույթ։ Լեզվի կառուցվածքի ուսումնասիրությամբ պետք է զբաղվի ներքին լեզվաբանությունը ի տարբերություն արտաքին լեզվաբանության, որին վերաբերում է լեզվի կապը ժողովրդի պատմության, քաղաքակրթության, գրականության, աշխարհագրական տարածման, բարբառային տրոհման հետ։ Սոսյուրն առաջ է քաշել ուսումնասիրության համաժամանակայնության (սինխրոնիա) և տարաժամանակայնության (դիախրոնիա) հակադրության հարցը (լեզուն՝ համաժամանակյա կտրվածքում, իսկ խոսքը՝ տարաժամանակյա)։ Լեզվական միավորների միջև Սոսյուրը տեսնում է շարակարգային և հարացույցային հարաբերություններ։ Շարակարգային հարաբերությունները դրսևորվում են լեզվի գծային, հորիզոնական առանցքում՝ հնչյունական շղթայի հաջորդական կապի մեջ, իսկ հարացույցայինը՝ լեզվի ուղղահայաց առանցքում, ասոցիատիվ՝ նմանողական կապի միջոցով։ Սոսյուրը ձևակերպել է լեզվաբանական նշանի արժեքի հասկացությունը, սրա մեջ առանձնացնելով երկու կողմ՝ նշանակվող և նշանակիչ։ Ըստ Սոսյուրի՝ նշանը պայմանական է և բնական կապ չունի նշանակվողի հետ։ Լեզուն բնորոշելով որպես գաղափարներ արտահայտող նշանների համակարգ՝ Սոսյուրը լեզվաբանությունը համարում է նշանագիտության (սեմիոտիկա) մի մասը։ Փիլիսոփայական կողմնորոշումով Սոսյուրը հակված էր Է․ Դյուրկհեյմի, ֆրանսիական ռացիոնալիզմի կողմը։ Սոսյուրի լեզվի տեսությունը ազդել է ոչ միայն լեզվաբանության, այլև նշանաբանության, մարդաբանության, գրականագիտության և գեղագիտության մի շարք ուղղությունների վրա։

Իմաստաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոսյուրը իմաստաբանության հիմնադիրներից էր։ Նրա՝ լեզվական նշանի գաղափարը հիմք հանդիսացավ նշանագիտության համար և նոր ուղղություն հանդիսացավ լեզվաբանության համար։ Լեզվական նշանի մեջ նա առանձնացրեց նշան, նշանակյալ, նշանակիչ և իմաստ հասկացությունները։

Սոսյուրը լեզվաբանական հասկացությունները առաջարկում էր ներկայացնել երկատումների կամ հակադրությունների միջոցով։

  1. Ներքին և արտաքին։ Ըստ Սոսյուրի լեզուն պետք է ուսումնասիրվի միայն ներքին ուսումնասիրությամբ։ Այսինքն, դիտարկվի որպես կուռ ամբողջություն։ Ըստ նրա 20-րդ դարի լեզվաբանները լեզուն ուսումնասիրում էին արտաքնապես, այսնինքն՝ դրա ծագումը, զարգացումը։ Այս խնդիրները նա անվանեց արտաքին, իսկ բուն լեզվականը՝ ներքին։
  2. Լեզու և խոսք։ Սոսյուրը լեզվախոսությունը (language), բաժանում է լեզու և խոսք հասկացությունների։ Լեզվախոսություն ասելով հասկանում էր ընդհանրապես խոսելու ունակությունը՝ առանց կոնկրետ լեզվի սահմանափակումների։ Խոսքը անհատի կողմից լեզվի համակարգի ակտիվացումն է՝ կոնկրետ լեզվի կիրառությունը։ Այն պայմանավորված է անհատի սուբյեկտիվ պատկերացումներով՝ տարքով, սեռով, կրթությամբ ևն։ Լեզուն վերացական համակարգ է, որը իրականանում է խոսքի միջոցով։ Խոսքը կոնկրետ է, դրա արդյունքնում առաջանում է ֆիզիկական արտադրանք։ Լեզվական միավորները՝ ի տարբերություն խոսքայինի, սահմանափակ են։
  3. Հարացույց և շարակարգ Սոսյուրին լեզուն հետաքրքրում էր, որպես նշանային համակարգ, որի անդամերը գտնվում են որոշակի հարաբերությունների մեջ։ Սոսյուրը առանձնացնում է երկու տիպի հարաբերություն ՝ հարացույցային և շարակարգային։ Հարացույցայինները բնորոշվում են իրար հետ ընդհանրություններ ունեցող պարադիգմաներում։ Օր. սեղան, սեղանի, սեղանից ևն։ Հարացույցը միևնույն հատկանիշ ունեցող միավորների խումբ է։ Միավորները ներկայացվում են հորիզոնական առանցքով։ Շարակարգ է կոչվում լեզվի միավորների միջև հաջորդական հարաբերությունը։ Շարակարգում միավորները դասավորված են գծի տեսքով և ներկայացվում են ուղղահայաց առանցքով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆերդինանդ դը Սոսյուր, Ընդհանուր լեզվաբանության դասընթաց, Երևան, Սարգիս Խաչենց և Փրինթինֆո, 2008։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ դը Սոսյուր» հոդվածին։