Jump to content

Վլադիմիր Կորեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Կորեցկի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6 (18), 1890 կամ փետրվարի 18, 1890(1890-02-18)[1]
ԾննդավայրԴնեպր, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 25, 1984(1984-07-25)[1] (94 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼուկյանովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունդատավոր և իրավաբան
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
Զբաղեցրած պաշտոններVice President of the International Court of Justice? և Judge of the International Court of Justice?
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
ԵրեխաներՅուրի Կորեցկի
 Vladimir Koretsky Վիքիպահեստում

Վլադիմիր Միխայլովիչ Կորեցկի (ռուս.՝ Влади́мир Миха́йлович Коре́цкий, փետրվարի 6 (18), 1890 կամ փետրվարի 18, 1890(1890-02-18)[1], Դնեպր, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1984(1984-07-25)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային իրավաբան-միջազգայնագետ, մասնավոր միջազգային իրավունքի և պետական իրավունքի ընդհանուր պատմության ոլորտի մասնագետ, Ուկրաինայի ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1948)։

1949-1951 թվականներին եղել է ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ։ 1949 թվականից նա ղեկավարում էր Կիևում ձևավորված Ուկրաինայի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի բաժինը, 1969 թվականին, բաժնի ինստիտուտ վերափոխվելուց հետո, Ուկրաինական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի տնօրեն՝ մինչև 1974 թվականը։ 1946, 1947 և 1949 թվականներին խորհրդային պատվիրակության կազմում նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին ՈւԽՍՀ-ից, մասնակցել է նաև մի շարք միջազգային գիտաժողովների և ՄԱԿ-ի հանձնաժողովների աշխատանքներին։ Եղել է Միջնորդ Դատարանի մշտական պալատի անդամ (1957 թվականից), 1961-1970 թվականներին՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի անդամ (1967-1970 թվականներին՝ փոխնախագահ)։ Արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչուման (1980), պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Կորեցկին ծնվել է ծառայողի ընտանիքում։ Դեռևս մանկության տարիներին նրա մոտ ի հայտ են եկել հումանիտար գիտությունների նկատմամբ ընդունակություններ։ 1910 թվականին ոսկե մեդալով ավարտել է Եկատերինոսլավյան գիմնազիան և անմիջապես ընդունվել Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[3]։ Սակայն մեկ տարի անց որդու՝ Յուրիի ծնվելուց հետո, տեղափոխվել է Խարկով[4]՝ ուսումը շարունակելով Խարկովի կայսերական համալսարանում, որն էլ ավարտել է 1916 թվականին առաջին կարգի դիպլոմով։ Կորեցկին մնացել է Քաղաքացիական իրավունքի և դատավարության ֆակուլտետում՝ պրոֆեսորի կոչման համար նախապատրատվելու նպատակով։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1907 թվականից՝ սովորելու ընթացքում, Կորեցկին վաստակում էր մասնավոր դասեր կազմակերպելով[4]։ 1909 թվականին ամուսնացել է 16-ամյա Աննա Անանիևնա Կորեցկայայի հետ (նրա օրիորդական ազգանունը անհայտ է)։ 1916 թվականից դասավանդել է առևտրական տարրական դպրոցում, իսկ 1919 թվականից՝ հռոմեական իրավունքի պատմության մագիստրատուրայի քննությունը հանձնելուց հետո, Խարկովի համալսարանում դասավանդել պետական իրավունքի համաշխարհային պատմություն[5]։ Միևնույն ժամանակ, Կորեցկին մասնակցել է Խարկովի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ԽԺՏԻ) կազմակերպմանը, որտեղ այնուհետև զբաղեցրել է Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը։ Այստեղ նա սկսել է ուսուցանել միջազգային մասնավոր իրավունք։

Վլադիմիր Վլադիմիրովիչ Կորեցկի

10 տարի անց ԽԺՏԻ-ի իրավագիտության ֆակուլտետն առանձնացավ, որպես ինքնուրույն ուսումնական հաստատություն դառնալով Խարկովի խորհրդային շինարարության և իրավունքի ինստիտուտ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ինստիտուտը երկու անգամ փոխեց իր անունը, 1933 թվականին՝ Խորհրդային շինարարության և իրավունքի համաուկրաինական կոմունիստական ինստիտուտ, 1937 թվականին՝ Խարկովի իրավաբանական ինստիտուտ (այժմ՝ Յարոսլավ Իմաստունի անվան ազգային Իրավաբանական ակադեմիա)[6]։ Այս ամբողջ ժամանակահատվածում Վլադիմիր Միխայլովիչը զբաղեցրել է պրոֆեսորի, իսկ 1937 թվականից՝ պետության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը։ Բացի այդ, նա միաժամանակ աշխատել է որպես Ուկրաինական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի իրավաբանական բաժնի վարիչ (1921-1922), այնուհետև՝ որպես Ուկոոպսյուզի իրավաբանական բաժնի վարիչ, 1922-1924 թվականներին՝ Ուկրաինական բանկի իրավաբանական բաժնի ղեկավար (1924-1930), այնուհետև՝ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդին կից Պետական արբիտրաժային դատարանի ավագ խորհրդատու (1930-1935)[4]։

1939 թվականին Կորեցկին ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան՝ պաշտպանելով ատենախոսություն նվիրված անգլո-ամերիկյան դոկտրինայի միջազգային մասնավոր իրավունքի հարցերին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկզբում նա տարհանվել է Ուզբեկստան, որտեղ դասավանդել է պետության և իրավունքի համաշխարհային պատմություն Տաշքենդի իրավաբանական ինստիտուտում։ 1941 թվականին, Կիևի ճակատամարտի ժամանակ, զոհվեց նրա միակ որդին՝ Յուրին։ 1944 թվականին Խարկով վերադառնալուց հետո Կորեցկին դարձավ Խարկովի իրավաբանական ինստիտուտում միջազգային իրավունքի դասընթացի համակարգող, իսկ 1947 թվականին՝ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ։ Մեկ տարի անց նա ընտրվեց Ուկրաինական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 1949 թվականին ստեղծեց ՈւԽՍՀ ԳԱ պետության և իրավունքի բաժինը (1969 թվականից ինստիտուտ), որի հիմնական նպատակը Ուկրաինական ԽՍՀ միջազգային իրավաբանական անձի կարգավիճակի գիտական հիմնավորման մշակումն էր։ 1949-1974 թվականներին Կորեցկին ղեկավարում էր այդ հաստատությունը։

Աշխատանքը ՄԱԿ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան շրջանից մինչև իր կյանքի վերջը Վլադիմիր Միխայլովիչը Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունից ՄԱԿ-ի նոր միջազգային կազմակերպության աշխատանքների ամենաակտիվ մասնակիցներից մեկն էր։ Այսպես, Ուկրաինական ԽՍՀ արտաքին գործերի նախարար, ակադեմիկոս Դիմիտրի Մանուիլսկու նախաձեռնությամբ, նա Ուկրաինական ԽՍՀ պատվիրակության անդամ էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի I, II և IV նստաշրջաններում (համապատասխանաբար՝ 1946, 1947 և 1949 թվականներին)[7]։ Դ. Զ. Մանուիլսկին բարձր է գնահատել Կորեցկուն՝ որպես տաղանդավոր գիտնական և միջազգային իրավունքի բարձր որակավորում ունեցող մասնագետ[8]։ 1946 թվականին գիտնականը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԽՍՀՄ ներկայացուցչի խորհրդականն էր։ 1947-1949 թվականներին եղել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ և առաջին նախագահի տեղակալ, որին այդ ժամանակ հանձնարարված էր մշակել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախագիծը, որն էլ ընդունվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականին[7]։

Միջազգային իրավաբանական հանրությունը ճանաչեց Կորեցու տաղանդը, որն արտահայտվեց 1947 թվականի հունվարի 31-ին ՄԱԿ-ի միջազգային իրավունքի առաջադիմական հանձնաժողովի անդամ ընտրվելու ժամանակ[9]։ Այսպիսով, Վլադիմիր Միխայլովիչը պատմության մեջ ընկավ, որպես Հանձնաժողովի առաջին անդամ հայրենական միջազգայնագետ իրավաբանների շրջանում[7]։ Հանձնաժողովի առաջին նիստը կայացավ 1949 թվականի ապրիլի 12-ից 9-ը ընկած ժամանակահատվածում, որտեղ Կորեցկին զբաղեցնում էր առաջին փոխնախագահի պաշտոնը[10]։

Սակայն, գիտնականի կարիերայի ամենամեծ ձեռքբերումը 1960 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XV նստաշրջանում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանում նրա ընտրվելն էր Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի անդամ 9 տարի ժամկետով՝ 1961 թվականից մինչև 1970 թվականը։ 1968-1970 թվականներին ընտրվել է Արդարադատության միջազգային դատարանի փոխնախագահ[7]։

Մասնակցությունը նշանակալի կոնֆերանսներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Կորեցկու պրոֆեսիոնալիզմը շատ անհրաժեշտ էր ՈւԽՍՀ երիտասարդ հանրապետության համար, որը պատերազմից հետո ստացավ միջազգային իրավաբանական անձի հատուկ կարգավիճակ։ Բարձր մակարդակի մասնագետները բավարար չէին և իհարկե, միջազգային իրավագիտության այդպիսի մակարդակի անձնավորությունը օգնեց ՈւԽՍՀ-ին պատշաճ կերպով ներկայացված լինել տարբեր միջազգային գիտաժողովներում և միջազգային կազմակերպություններում[11]։ 1953 թվականին, որպես ՈւԽՍՀ պատվիրակության խորհրդական, նա մասնակցեց Ժնևի միջազգային խորհրդաժողովին՝ ստրկության և ստրկավաճառության վերացման լրացուցիչ միջոցառումների մշակման վերաբերյալ։ 1957 թվականին նրան ուղարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խաղաղ համակեցության համաժողովին Մյունխենում, իսկ 1958 և 1960 թվականներին նա ղեկավարեց ՈւԽՍՀ պատվիրակությունը ՄԱԿ-ի ծովային իրավունքի վերաբերյալ խորհրդաժողովում[7]։

Կորեցկին մասնակցեց նաև Նյու Յորքի Միջազգային իրավաբանական ասոցիացիայի 48-րդ նստաշրջանին (1958) և ՄԱԿ-ի Աջակցության համաշխարհային ֆեդերացիայի (1959) Համագումարի XIV նստաշրջանին՝ որպես խորհրդային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ։ 1957 թվականից ի վեր գիտնականը Հաագայում մշտական արբիտրաժային դատարանի խորհրդային խմբի անդամ էր[7]։ Չնայած պատկառելի տարիքին, Կորեցկին շարունակում էր աշխատել մինչև իր կյանքի վերջին օրերը։ Գիտնականը մահացել է 1984 թվականի հուլիսի 25-ին, թաղված է Կիևի Լուկյանովսկու գերեզմանատանը։

Գիտական հայացքներ և աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վ. Մ. Կորեցկի։ Ընտիր գործեր » գրքի գրախոսականում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Յու. Յաս Բասկինը Կորեցկուն համարում է «խորհրդային ամենաառաջատար գիտնական իրավաբաններից մեկը»[12], որը զարգացրեց երիտասարդ միջազգային իրավագիտությունը խորհրդային պետության գրեթե ամբողջ պատմության ընթացքում[13]։ Գիտնականի ամենաակտիվ գործունեությունը համընկնում է 20-ական թվականներին։ Նրա գիտական ժառանգությունը ընդգրկում է իրավագիտության տարբեր բնագավառներում հետազոտություններ, ինչպիսիք են արևմտյան երկրների պետության և իրավունքի պատմությունը, Ուկրաինայի քաղաքացիական իրավունքը, միջազգային մասնավոր և հանրային իրավունքը։

Միջազգային իրավագիտության մեջ նրա ծանրակշիռ ավանդը կարելի է համարել միջազգային տնտեսական և հանրային իրավունքը համատեղելու և միջազգային տնտեսական իրավունքի հատուկ ճյուղ ստեղծելու անհրաժեշտության գիտական հիմնավորումը, որը հիմնված լիներ համաշխարհային տնտեսական գործընթացների տնտեսական գործունեությունը կարգավորող միջազգային և մասնավոր իրավական մեթոդների համադրության վրա։ Այս ներդրումը բարձր գնահատեց Վ. Մ. Կորեցկու ուսանողներից մեկը՝ Իգոր Իվանովիչ Լուկաշուկը (1995-2001 թվականներին Միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ[14]), ով բազմիցս գրել էր, որ ինքը երախտագիտությամբ է հիշում Կորեցկուն, որպես իր գիտական ղեկավար[15]։

Վլադիմիր Կորեցկու «Պետությունների իրավունքների և պարտավորությունների հռչակագիր» մենագրության տիտղոսաթերթը

Իր «Ակնարկներ միջազգային տնտեսական իրավունքի վերաբերյալ» աշխատության մեջ, որը լույս է տեսել 1928 թվականին, գիտնականն առաջին անգամ[4] միջազգային իրավաբանական գրականության մեջ ապացուցեց, որ իրավունքի զարգացման օրինաչափության հիմքը համարվում է դրա համապատասխանությունը հասարակության տնտեսական կյանքի էությանը, այսինքն՝ ժամանակակից տերմինաբանությամբ օբյեկտիվորեն գոյություն ունեցող պայմաններին և քաղաքացիական հասարակության զարգացման օրենքներին[16]։ Նա, կարծես, կանխատեսում էր նման ուսումնասիրության անհրաժեշտությունը։ Նրա գաղափարները նորարար էին, հատկապես միջազգային տնտեսական իրավունքի զարգացման համար։ Ինչպես նշում է Կորեցկու մեկ այլ ուսանող՝ պրոֆեսոր Վ. Ն. Դենիսովը, ժամանակը ապացուցեց դրանց կարևոր նշանակության բարձր մակարդակը միջազգային իրավունքի զարգացման համար[4]։ Նման գաղափարները հետագայում մշակվել են 20-րդ դարի երկրորդ կեսին այնպիսի գիտնականների անդրազգային օրենքին նվիրված աշխատություններում, ինչպիսիք են Ֆ. Ջեսափը[17], Ջ. Կունցը[18], Չ. Չակոն[19], Պ. Կլայվը[20] և ուրիշներ։ Միջազգային մասնավոր իրավունքի բնագավառում նշանակալի աշխատանք էր համարվում «Ակնարկներ անգլո-ամերիկյան դոկտրինայի և մասնավոր միջազգային իրավունքի պրակտիկայի վերաբերյալ» մենագրությունը[21] (1948)։ 1950 թվականին այս աշխատանքը Չինաստանում հրատարակվեց չինարեն լեզվով։ Վ. Մ. Կորեցկու գիտական աշխատություններում կենտրոնական տեղ են զբաղեցնում նրա «Անկախություն» (1963) և «Ուկրաինական ԽՍՀ միջազգային իրավաբանական անձ» աշխատությունները[22] (1965), որոնցում նա ներկայացնում է իրավական հիմքեր և գիտական փաստարկներ ՈւԽՍՀ-ի մասնակցությունը՝ որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ։ Գիտնականը նաև զարգացրեց միջազգային իրավունքի այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են մայրցամաքային ծանծաղուտը, միջազգային իրավունքի կոդավորումը, միջազգային իրավունքի պատմությունը և այլն։ Այս գործերի մեծ մասը տպագրվել են 20-րդ դարի երկրորդ կեսին, և նրա մահից հետո հավաքվել են «Ընտիր գործեր» երկհատորյակում[22]։

Գիտնականը նաև չի անտեսել միջազգային իրավունքի հիմնարար հարցերը, որոնք արտացոլվել են նրա այնպիսի գործերում, ինչպիսիք են՝ «Իրավունքի ընդհանուր սկզբունքները միջազգային իրավունքում» (1957)[23], «Պետությունների հիմնարար իրավունքների և պարտականությունների խնդիրը» միջազգային իրավունքում» (1959 )[22], «Պետությունների իրավունքների և պարտավորությունների հռչակագիր» (1962)[24]։ Կորեցկին նշանակալի ներդրում է ունեցել պետության և իրավունքի պատմության գիտության մեջ։ Նրա հայտնի գործերից է 1464 թվականին խաղաղության և անվտանգության կազմակերպման վերաբերյալ Չեխիայի թագավոր Իրժի Պոդեբրադի նախագծի ուսումնասիրությունը, որը կոչվեց «Իրժի Պոդեբրադի նախագիծ Խաղաղության և արդիականության կազմակերպման վերաբերյալ» (1966)։ Վաղ ֆեոդալական պետության և անգլո-սաքսոնացիների մասին օրենքի մանրամասն ուսումնասիրությունը պարունակում է գիտնականի այնպիսի գործերում, ինչպիսիք են «Սաքսոնական հայելի» (1985)[25], «Դատարանը և դատավարությունը Ֆրանկյան պետությունում» (1944), «Անձեռնմխելիությունը Ֆրանկյան պետությունում» (1944) «Ֆեմական Դատարանը» (1944), «Ֆրանկյան պետության ռազմական համակարգը» (1947), «Անգլո-սաքսոնական ճշմարտություններ» (1947) և այլն[22]։

Միջազգային ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաինայի ԳԱԱ Վլադիմիր Կորեցկու անվան պետության և իրավունքի ինստիտուտ
Կորեցկու գերեզմանը Կիևի Լուկյանովսկու գերեզմանատանը

Կորեցկու անունն եղել և շարունակում է մնալ արտասահմանյան երկրներում լայնորեն հայտնի իրավաբանական գիտական հասարակությանը։ Այսպիսով, նա ընտրվեց Հնդկաստանի միջազգային իրավունքի ընկերության պատվավոր անդամ (1960), թղթակից-անդամ (1965), գործող անդամ (1977), և վերջապես (1983) Միջազգային իրավունքի ինստիտուտի պատվավոր անդամ, Մեքսիկայի միջազգային իրավունքի ակադեմիայի ակադեմիկոս (1968), Արգենտինայի միջազգային իրավունքի ասոցիացիայի թղթակից-անդամ (1971)։ Հայտնի լեհ միջազգային իրավաբան Մանֆրեդ Լյախսը միջազգային իրավունքի պատմության վերաբերյալ իր գրքում Կորեցկուն դասում է աշխարհում այս գիտության ամենահայտնի ուսուցիչների շարքում[26]։

Վլադիմիր Միխայլովիչը նախկին ԽՍՀՄ միակ փաստաբանն է, ով ստացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում (1980 թվականի փետրվարի 15)[27]։

1990 թվականի փետրվարի 15-ին ՈւԽՍՀ Նախարարների խորհուրդն իր թիվ 36 որոշմամբ Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտը կոչեց Կորեցկու անունով[8]։

2007 թվականի դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի արդարադատության նախարարությանը կից Ուկրաինայի երիտասարդ իրավաբանների համակարգող խորհուրդը որոշեց կազմակերպել Կորեցկու անվան միջազգային իրավունքի մրցույթ՝ միջազգային իրավունքի բնագավառում[28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. Денисов В. Н. Владимир Михайлович Корецкий, 1890—1984 // Правоведение. —М., 1986. — № 5. — С. 42.
  3. Среди выпускников Екатеринославского коммерческого училища 1908 года значился Владимир Корецкий, который продолжил обучение в Московском университете.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Антологія української юридичної думки. Том 8.Міжнародне право. — К.: «Юридична книга», 2004. — С. 509.
  5. «Биография В. М. Корецкого». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «История Национальной юридической академии им. Ярослава Мудрого». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Денисов В. Н. Корецький Володимир Михайлович // Юридична енциклопедія. —К., 2001. — Т. 3.
  8. 8,0 8,1 «История создания Института государства и права им. В.М. Корецкого НАН Украины». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
  9. 1 ноября 1947 года Комитет был переименован в Комиссию международного права
  10. «Сайт Комиссии международного права». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին.
  11. Юридическая наука и правовые учреждения в союзных республиках // Советское государство и право. —М., 1962. — № 12. — С. 96 - 101. Архивировано из первоисточника 23 Սեպտեմբերի 2017.
  12. Ю. Я. Баскин. «Рецензия на книгу : В. М. Корецкий. Избранные труды». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  13. Шестаков Л.Н. «Лекция, прочитанная на юридическом факультете МГУ 2 сентября 1997 года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  14. «Резолюция ГА ООН О назначении членов КМП». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
  15. Лукашук И. И. Международное право. Особенная часть. — М., 3002. — С. 198.
  16. Корецкий, В. М. Очерки международного хозяйственного права. — Харьков, 1928. — С. 133.
  17. Jessup Ph. C. Transnational Law. — New Haven, 1956. — С. 113.
  18. Kunz Josef L. The Changing Law of Nations. Essays on International Law. — Washington, 1968. — С. 172.
  19. Chako C. J. The Possible Expansion of the Advisory jurisdiction of the International Court of Justice. — Leyden, 1976. — С. 236.
  20. Parry Clive. The Function of Law in the international Community. — N-Y., 1968. — С. 52.
  21. Корецкий, В. М. Очерки англо-американской доктрины и практики международного частного права. — М.: Юридиздат, 1948. — С. 396.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Корецкий, В. М. Избранные труды. — Киев: Наукова думка, 1989. — С. 416. — ISBN 5-120-01145-4
  23. Корецкий, В. М. Общие принципы права¨ в международном праве. — Киев: Изд-во АН УССР, 1957. — С. 52.
  24. Корецкий, В. М. Декларации прав и обязанностей государств. — Киев: Изд-во АН Украинской ССР, 1962. — С. 153.
  25. Корецкий, В. М. Саксонское зерцало: Памятник, комментарии, исследования. — Киев: Изд-во АН СССР, 1985. — С. 271.
  26. Юбилей профессора В. М. Корецкого // Правоведение. —М., 1980. — № 1. — С. 103 - 104. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  27. Манфред Ляхс The Teacher in International Law. — Dordrecht, 1987. — С. 48.
  28. «Координационный совет молодых юристов Украины». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Владимир Михайлович Корецкий. К 70-летию со дня рождения. — М., 1960. — С. 7.
  • Владимир Михайлович Корецкий (К 80-летию со дня рождения) // Советское государство и право. —М., 1970. — № 5. — С. 150.
  • Владимир Михайлович Корецкий (К 90-летию со дня рождения) // Советское государство и право. —М., 1980. — № 2. — С. 139-141.
  • Перетерский И. С. Рец. На кн.: В. М. Корецкий. Очерки международного хозяйственного права // Советское право. —М., 1929. — № 12. — С. 35.
  • Денисов В. Н. Владимир Михайлович Корецкий (1890-1984) // Известия вузов. Правоведение. —М., 1986. — № 5. — С. 74.
  • Денисов В. Н. Корецький Володимир Михайлович // Юридична енциклопедія. —К., 2001. — Т. 3.
  • Денисов В. Н. Наукова спадщина академіка В. М. Корецького та сучасний розвиток науки міжнародного права // Держава і право: збірник наукових праць. Юридичні і політичні науки. Спецвипуск. —К.-Днепропетровськ, 2003.
  • Владимир Михайлович Корецкий. — Киев, 1984. — С. 47.
  • Манфред Ляхс The Teacher in International Law. — Dordrecht, 1987.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կորեցկի» հոդվածին։