Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ
Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Երկիր | Վիրք |
Տիրույթներ | Քարթլի, ներկայիս արևելյան Վրաստան |
Ծագում | Մեծ Հայքի թագավորությունում իշխող Արտաշեսյաններ |
Տիտղոսներ | «Վրաց արքա» |
Հիմնում | մ․թ․ա․ 90 թվական |
Ավարտ | 30 թվական |
Ազգային պատկանելիություն | վրացիներ |
Դավանանք | հեթանոսություն |
Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ (վրաց.՝ არტაშესიანი დინასტია იბერიის სამეფოში), Վիրքում (Իբերիայի թագավորություն) հաստատված հայկական ծագում ունեցող Արտաշեսյանների ճյուղ, որը կառավարել է Քարթլին մ․թ․ա․ 90 թվականից մինչև մեր թվարկության 30-ական թվականները[1]։
Վիրքում Արտաշեսյանների իշխանության հաստատման նախադրյալները ստեղծվել են դեռևս Արտաշես I Բարեպաշտի արշավանքների հետևանքով, թեպետ փաստացիորեն հաստատվել միայն մ․թ․ա․ 90 թվականին՝ Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան Մեծի կողմից թագավորության հպատակեցումից հետո։ Տիգրան Մեծին հաջորդած բոլոր արքաները (Արտավազդ II Աստվածայինից սկսած) «Հայոց արքայից արքա» տիտղոսից բացի ավանդաբար կրում էին նաև «Վրաց և Աղվանից թագավոր» պատվավոր կոչումը։
Արտաշեսյանները Վիրքում շարունակաբար կառավարում են մինչև 30 թվականը՝ անգամ Մեծ Հայքում թագավորական կենտրոնական իշխանության բացակայության պայմաններում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի պատերազմը Վիրքի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքում թագավորական իշխանության բացակայությունից օգտվելով Վիրքի թագավորները կարողանում են փարատել իրենց հավակնությունները պատմական Հայաստանի անբաժանելի մաս կազմող Գուգարք նահանգի նկատմամբ՝ զավթելով նախկին Երվանդական Հայաստանի հյուսիսային սահմանները։
Ըստ «Քարթլիս ցխովրեբա»-ի (Լեոնտի Մրովելի), որը վրաց արքաների ցանկերը փոխանցում է զգալի խառնաշփոթություններով և անճշտություններով, քննարկվող ժամանակաշրջանում Իբերիայում կային միաժամանակ կառավարող երկու եղբայր-արքաներ` Արզոկն ու Արմազելը։ Սակայն ներկայումս վրացագիտության մեջ ընդունված է, որ այս ժամանակ Իբերիայում իշխել է Միհրան I-ը։
Մ.թ.ա 184-ի գարնանն Վիրքի դրդմամբ Ալանաց դուռ լեռնանցքով առաջխաղացած Բազուկի ու նրա եղբայր Անբազուկի գլխավորած Ալանաց թագավորության, ինչպես նաև Միհրան I-ի գլխավորած Իբերիայի միացյալ բանակը ասպատակում է Գուգարք և Այրարատ նահանգները, սակայն պարտություն կրում հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու այրուձիու հուժկու հարվածնքերի հետևանքով։ Այսպիսով՝ հայ-իբերական պատերազմում Արտաշես I-ի գլխավորած հայկական բանակը վճռական հաղթանակ է տանում, որից հետո Քաջբերունիների գլխավորած Մեծ Հայքի թագավորության Հյուսիսային զորավարության բանակն ու մեսխերը ներխուժում են Վիրք, սակայն պաշարողական տեխնիկայի բացակայության պատճառով չեն կարողանում գրավել հարևան երկրի պաշտպանական ամրությունները[2]։
Կարճատև դադարից հետո Քարթլիի թագավորության բանակը վերստին ասպատակում է Գուգարքը, Տայքի արևելքն և Աշոցքը, ինչին էլ հետևում է Արտաշես Բարեպաշտի հզոր հակահարվածը։ Մ.թ.ա 184 թվականին Մեծ Հայքի թագավորության բանակը պաշարում է Վիրքի քաղաքամայր-ոստան Մցխեթը։ Ալանների և վրացիների դեմ մղվով պատերազմն ավարտվում է համալիր հաշտության պայմանագրի կնքմամբ, որն էլ ամրապնդվում է հայոց արքա Արտաշեսի և ալանաց արքայադուստր Սաթենիկի ամուսնությամբ։ Ալանները դադարում են սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, իսկ Վիրքն էլ իր հերթին ընդունում է Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը։
Վիրքի հպատակեցումը Տիգրան Մեծի կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտավազդ I-ի կառավարման տարիներին Վիրքը դուրս է գալիս հայոց գերիշխանությունից և քայլեր ձեռնարկում սուվերենիտետ ձեռք բերելու ուղղությամբ։ Սակայն մ․թ․ա․ 95 թվականին Մեծ Հայքի թագավորությունում գահ է բարձրանում Տիգրան Արտաշեսյանը, ով մ․թ․ա․ 94-ն Ծոփքի բռնակցումից երկու տարի հետո հպատակեցնում է Վիրքն ու Աղվանքը։ Այսպիսով, մ․թ․ա․ 92-ին Տիգրան Մեծի սկսում է վերստին կրել «արքա վրաց և աղվանից» տիտղոսը։
Իբերիայի թագավորությունը Արտաշեսյանների գերիշխանության ներքո գործել է որպես մասնակիորեն անկախ քաղաքական սուբյեկտ՝ օժանդակելով Մեծ Հայքին և վերջինիս դաշնակից Պոնտոսի թագավարությանը հռոմեացիների դեմ համառ պայքարում։ Հույն և հռոմեացի նշանավոր պատմիչներ Պլուտարքոսը և Գայոս Լիցինիոս Մացերը հավաստում են, որ Վիրքի զորքերը ակտիվորեն մասնակցել են հայ-հռոմեական պատերազմների մաս կազմող Արածանիի և Տիգրանակերտի ճակատամարտերին՝ համառորեն մարտնչելով Մեծ Հայք ներխուժած հռոմեացի զավթիչների դեմ։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ իբերական ուժերը՝ ի դեմս Արտաշեսյան գահաժառանգ, Վիրքի արքա Արտաշես I-ի (չշփոթե՛լ Մեծ Հայքի արքա Արտաշես Բարեպաշտի հետ) զորքերը շարունակում են դիմադրություն ցույց տալ Գնեոս Պոմպեոսին անգամ Արտաշատի պայմանագրի կնքումից հետո։
Մ․թ․ա․ 36 թվականին հռոմեական ուժերը վերստին ասպատակում են արևելյան Վրաստանը։ Այս շրջանում Վիրքում ձևավորվել էր անջատողականության ձգտող շարժումներ, որոնցից ամենանշանավորը գլխավորում էր իշխան Միհրանը։ Վերջինս դաշինք է կնքում կայսերական Հռոմի հետ և ձեռք բերում անկախություն։ Արդյունքում՝ Իբերիայի թագավորությունում վերստին հաստատվում է Փառնավազյանների ժառանգական իշխանությունը։
Արքայացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված են Վիրքի թագավորության Արտաշեսյան գահակալների ցանկը։
- Արտաշես I (մ․թ․ա․ 90-78 թվականներ)
- Արտակ I (մ․թ․ա․ 78-63 թվականներ)
- Փառնավազ II (մ․թ․ա․ 63-30 թվականներ)
- Միհրան II (մ․թ․ա․ 30-20 թվականներ)
- Արտաշես II (մ․թ․ա․ 20-մ․թ․ 1 թվականներ)
- Փարսման I (1-58 թվականներ)
- Միհրդատ I (58-106 թվականներ)
- Համազասպ I (106-116 թվականներ)
- Փարսման II Անվեհեր (116-132 թվականներ)
- Հռադամիզդ I (132-135 թվականներ)
- Փարսման III (135-185 թվականներ)
- Համազասպ II (185-189 թվականներ)
- Համազասպ III (260-265 թվականներ)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, pp. 282-284. Peeters Bvba ISBN 90-429-1318-5.
- ↑ «Военно-исторический форум • Просмотр темы - Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...». milhistory.listbb.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.