Jump to content

Սուրեն Սպանդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Սպանդարյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3 (15), 1882[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 24, 1916(1916-09-24) (33 տարեկան) կամ սեպտեմբերի 11 (24), 1916[2] (33 տարեկան)
Մահվան վայրԿրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԵրրորդության գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա (1902)[1], Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1903)[1] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1]
Մասնագիտությունհրապարակախոս, լրագրող, խմբագիր, հասարակական գործիչ, հեղափոխական և գրական քննադատ
ԱմուսինՕլգա Սպանդարյան
Ծնողներհայր՝ Սպանդար Սպանդարյան[1]
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
ԵրեխաներՍտեփան Սպանդարյան
 Suren Spandarjan Վիքիպահեստում
Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհի հրապարակում

Սուրեն Սպանդարի Սպանդարյան (դեկտեմբերի 3 (15), 1882[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 24, 1916(1916-09-24) կամ սեպտեմբերի 11 (24), 1916[2], Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ ՌՍԴԲԿ անդամ 1901 թվականից։

Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-1903), ապա՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906 թվականի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։

Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել է բազմաթիվ հոդվածներ։

1907 թվականի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։ Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909 թվականի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ 1910 թվականի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ 1912 թվականի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI (Պրահայի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։

1912 թվականին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ 1912 թվականի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ 1913 թվականի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի՝ Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է[3]։

Սուրեն Սպանդարյանի պատվին է անվանվել Արարատի մարզի Սուրենավան գյուղը։ Գյուղի կենտրոնում գտնվում է նրա կիսանդրին։

Սուրեն Սպանդարյանի պատվին է անվանվել նաև Շիրակի մարզի Սպանդարյան գյուղը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. ЛаминНовосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ 487.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Սպանդարյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Սպանդարյան» հոդվածին։